ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սև, մութ ամպեր, հեռացե՛ք

Սև, մութ ամպեր, հեռացե՛ք
25.08.2009 | 00:00

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ
Հուլիս ամիսը Գեղարքունիքի մարզի երկրագործների համար ավարտվեց տհաճ անակնկալներով: ՈՒժեղ քամիները, տեղատարափ անձրևները, կարկտահարությունը և եղանակի կամակորությունները ոչ միայն վնաս հասցրին գյուղատնտեսությանը, այլև խաթարեցին անասնակերի կուտակման աշխատանքների բնականոն ընթացքը, որը մարզում սկսվել էր դեռևս հուլիսի առաջին տասնօրյակում:
Հողի ձեռքը կրակն ընկած գյուղացուն թվում էր, թե օգոստոսին վերջապես բախտն իրեն կժպտա, սակայն ավա՜ղ: Եթե չհաշվենք օգոստոսյան հատուկենտ օրերը, երբ դիտվեց առանց տեղումների եղանակ, ապա կարելի է փաստել, որ նույն տասնօրյակի վերջում շարունակեցին գերակշռել ամպամած ու մռայլ եղանակը, առատ տեղումները, տեղ-տեղ` ցրտահարությունները: Տասնյակ հազարավոր գյուղացիներ հույս ունեին, որ վերջապես կհեռանան սև ու մութ ամպերը, և իրենք հնարավորություն կունենան հավաքելու հնձած, բայց դաշտերում մնացած անասնակերը: Շատերն էլ վաղուց պատրաստվել են խոտհունձը սկսելուն, բայց դրա համար նպաստավոր եղանակն առայժմ չի գալիս ու չի գալիս: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության կատարած ուսումնասիրություների համաձայն` խոտհնձի և անասնակերի կուտակման աշխատանքների բնականոն ընթացքն ուշացել է առնվազն տասը օրով: Առատ բերք է սպասվում ինչպես ցանովի կերահանդակներում, այնպես էլ բնական խոտհարքներում: Եղած տեխնիկական միջոցները բավարար են անասնակերի կուտակման աշխատանքներն ավարտելու համար, բայց առայժմ, ինչպես ասում են, երկու երնեկ մի տեղ չի լինում: Չափից ավելի տեղումների պատճառով կարտոֆիլի ցանքերին և բանջարաբոստանային մյուս մշակաբույսերին սկսել են սպառնալ սնկային հիվանդությունները: Հացահատիկային մշակաբույսերին առայժմ վտանգ չի սպառնում: Չընդմիջվող անձրևները և ամպամած եղանակը մեծ վնաս են պատճառում նաև մարզի մեղվաբուծական տնտեսություններին: Մեղվաբույծները տրտունջով նշում են, որ այս ծաղկառատ տարում մեղուները դեռ տուն չեն բերել առաջին բերքը։
Այդուհանդերձ, ինչպես տեղեկացանք, օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում, Գեղարքունիքի մարզի տնտեսությունների խոտհնձի և հավաքի աշխատանքներն ավարտվել են մոտ հինգ հազար հեկտար տարածքում: Մոտավոր հաշվարկներով` ցանովի կերահանդակների մեկ հեկտարից հավաքվել է 25, բնական խոտհարքների մեկ հեկտարից` 15 ցենտներ բերք: Ցանկության դեպքում, ինչպես նշեց մարզի գյուղատնտեսության աջակցության կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանը, տնտեսությունները կարող են երկու և ավելի տարվա անասնակերի պաշար կուտակել: Միայն մտահոգողն այն է, որ տարեցտարի պակասում է աշխատուժը: Տարիքն առած, հին երկրագործներն ի վիճակի չեն ներգրավվելու խոտհնձի և հավաքի աշխատանքներում, իսկ երիտասարդներն ավելի շահեկան աշխատանք են փնտրում արտերկրներում: Այնուամենայնիվ, Վ. Մելքոնյանի հավաստմամբ, «բոլոր նախադրյալները» կան ասելու, որ մարզի երկրագործներն այս տարի կկուտակեն ավելի քան 350 հազար տոննա անասնակեր:
ԿԱՐԿՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՐԱԽԸ
Կարկտահարությունը Գեղարքունիքի մարզում այս ամառ սովորական երևույթ էր: Հերթական թիրախը մարզի Կարմիր կոչվող փոքրիկ գյուղն էր: Չնայած ողջ համայնքն է վնաս կրել, բայց առավելագույնս տուժել է Գավառին հարող տարածքի թաղամասը: Բոլորովին վերջերս մոտ կես ժամ տևած կարկուտը վնաս է հասցրել թաղամասի հողատարածքներին: Ամբողջովին շարքից դուրս են եկել կարտոֆիլի, բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերի ցանքատարածությունները, ջրով են լցվել մոտ 30 բնակարան և օժանդակ շինություններ: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչության աշխատակազմի տվյալներով, համայնքում վնասվել են մոտ 70 հեկտար հացահատիկի, 110 հեկտար կարտոֆիլի ցանքատարածություններ: Կարկտահարությունից 12 ժամ անց վնասված հատվածներում առատ կարկուտը դեռևս պահպանվել էր: Կարկտի պատճառած վնասի չափերի մասին տեղեկությունն արդեն ուղարկվել է ՀՀ կառավարություն:
ՊՏՏԱՀՈՂՄ` ԱԽՊՐԱՁՈՐՈՒՄ
Վարդենիսի տարածքի Ախպրաձոր համայնքում վերջերս գրանցվել է մեծ ուժգնության պտտահողմ: Համայնքի բնակիչների հավաստմամբ, այն տևել է մոտ 10 րոպե, որի պատճառով հիմնականում տուժել է համայնքի շուրջ ինը տնտեսություն: Վնասվել են տանիքներ, պատուհաններ, օժանդակ շինություններ, հացահատիկի, կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածություններ: Նույն պտտահողմի պատճառով համայնքի բնակչուհի Գրետա Մուրադյանը ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել Վարդենիսի հիվանդանոց:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՃԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ
2009 թվականի առաջին կիսամյակում Գեղարքունիքի մարզում գրանցվել է հանցագործության 325 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 174-ի դիմաց: Այս տարի գրանցված դեպքերից բացահայտվել է 223-ը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` հանցատեսակների պատկերը հետևյալն է.
1. մարդու դեմ ուղղված հանցագործություններ, ինչը 2009 թվականի առաջին կիսամյակի տվյալներով կազմել է 92 դեպք` նախորդ տարվա 26-ի դիմաց:
2. հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջությանն ուղղված հանցագործություններ, որոնց թիվը 67 է` նախորդ տարվա 37-ի դիմաց,
3. սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, որոնց թիվը հասնում է 87-ի` նախորդ տարվա 55-ի դիմաց: Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունը կազմել է 11 դեպք` նախորդ տարվա 6-ի դիմաց: Այլ բնույթի հանցագործությունը կազմել է 55 դեպք` նախորդ տարվա առաջին կիսամյակի 45-ի դիմաց: Այս տարի թմրամիջոցներ իրացնող անձանց հայտնաբերելու, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ դատախազության իրականացրած աշխատանքներն ավելի արդյունավետ են եղել: Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում արձանագրվել է 25 դեպք` 2008-ի նույն ժամանակահատվածի 6 դեպքի դիմաց: Նույն աղբյուրի համաձայն` դեպքերի նման աճը պայմանավորված է նրանով, որ այս տարի հաշվառման են վերցվել բոլոր մասնավոր գանգատների դեպքերը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այս տարի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազել է և, սոցիալական պայմաններից ելնելով, մարդիկ երբեմն դիմում են հանցավոր արարքների:
Այս տարի Գավառ քաղաքում գրանցվել է թմրամոլությամբ զբաղվելու երկու դեպք, որից մեկը կապված է հոգեմետ դեղերի տարածման հետ: Ընդհանուր հաշվով Գավառի ոստիկանության բաժնում հաշվառված է հոգեմետ դեղեր օգտագործող, պահող և տարածող 13 անձ: Հաշվառվածների մեջ անչափահասներ չկան: Անչափահասների շրջանում օգտագործման ազդեցության և թմրադեղերի հնարավոր հետևանքներից խուսափելու համար ոստիկանության Գավառի բաժինը հանրակրթական դպրոցներում կազմակերպում է տարբեր թեմաներով հակաքարոզչական միջոցառումներ: Այս տարվա թեման եղել է «Թմրամոլությունը և անչափահասը»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ.

Դիտվել է՝ 2434

Մեկնաբանություններ