«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՀՊԱՐՏԱՆԱԼ»

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՀՊԱՐՏԱՆԱԼ»
23.09.2011 | 00:00

Անկախության 20-ամյակը լավ առիթ է անցյալը գնահատելու և վերարժևորելու: Այսօր կարող ենք խոսել մեր անկախության հետ ծնունդ առած երիտասարդ սերնդի մասին, որին ընդունված է «անկախության սերունդ» կոչել: «Այսօր ունենք մի սերունդ, որն իրավամբ կրում է անկախության արժեքները, ու հենց նրան է բաժին ընկել մեր պետականության զարգացման, պահպանման ողջ ծանրությունը»,- մեզ հետ զրույցում ասաց սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԸ` հընթացս նկատելով, որ կրելով այս տարիների դժվարությունները, անկախության սերունդը տոկունություն հանդես բերեց, ու այսօր կարելի է հպարտանալ նրանով: «Մեր երիտասարդությունը պետականության առաջխաղացման հիմնական կրող ուժն է»,- ընդգծեց փոխնախարարը` տեղեկացնելով երիտասարդներին պետական աջակցություն ցուցաբերելու ծրագրերի մասին:
Առանձնացնելով երիտասարդության առաջ ծառացած խնդիրները երեք ուղղությամբ` որակյալ կրթություն, զբաղվածություն և սոցիալական հիմնախնդիրներ, Քարամյանը շեշտեց, որ պետությունն այս խնդիրները լուծելու համար ոչ թե հատվածական մոտեցում է ցուցաբերում, այլ համակարգային: Եթե կրթության ոլորտում առաջնային խնդիր է կոռուպցիայի վերացումը, ապա աշխատաշուկայի, զբաղվածության ներկայիս վիճակը շատ հեռու է բավարար համարվելուց, ինչը բազմաթիվ բաղադրիչներով է պայմանավորված: Երիտասարդների սոցիալական հարցերը լուծելիս, ըստ փոխնախարարի, պետությունը փորձում է նախ և առաջ բնակարանային խնդիրը կարգավորել: Արսեն Քարամյանի կարծիքով` այս խնդրին երիտասարդներն այդքան չեն բախվի, եթե վերոհիշյալ երկու գործոններն ապահովված լինեն, իսկ քանի դեռ այդպես չէ, պետությունն իր ուսերին է վերցրել նաև այս հարցի լուծումը: 2008-2009-ի առաջին եռամսյակում նախարարությունն ուսումնասիրել է երիտասարդ մարդկանց բնակարանով ապահովելու հարցը: Հպանցիկ ուսումնասիրությունը պարզել է, որ 6000 ընտանիք բնակարանային լուրջ խնդիր ունի: Այսինքն, նրանց շուրջ 50 տոկոսը գլխին տանիք չունի, ապրում է ծնողների հետ կամ վարձով, մյուսներն ունեն բնակարանի բարելավման խնդիր:
Քարամյանի դիտարկմամբ` ունենալով այս տվյալները և հետևելով նախագահի նախընտրական ծրագրի համապատասխան դրույթներին, 2010-ի հունվարին կյանքի կոչվեց «Մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագիրը, որի շրջանակներում մինչ այս պահը մատչելի հիպոթեքի ֆինանսական գործիքից օգտվել է 550 շահառու: Բավարար համարելով այս ցուցանիշը` ոլորտը համակարգող պաշտոնյան տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի 700-ի:
Արդարության սկզբունքը խախտելու մասին, Արսեն Քարամյանի հավաստմամբ, խոսք լինել չի կարող, քանի որ եթե կարիքավոր եք ու կարող եք հիպոթեքով բնակարան գնել, ոչ մեկը չի կարող խոչընդոտել: Այս առնչությամբ նախարարությունը ոչ մի բողոք չի ստացել, հիմնականում տեղեկատվության պակասի համար են դիմում ոլորտի պատասխանատուներին:
Վերջերս շահագործման հանձնվեցին ԵՊՀ դասախոսների համար կառուցված բնակարանները, մեկնարկել է նաև երիտասարդ գիտնականներին, բժիշկներին, լրագրողներին բնակարաններով ապահովելու ծրագիրը: Սոցիալական շինարարության ծրագրի շրջանակներում 315 երիտասարդ դասախոս ապահովվել է բնակարանով, ընթացքի մեջ է դասախոսների համար կառուցվող շենքը: Զեյթուն համայնքում սկսվել է երիտասարդ գիտնականների համար կառուցվող շենքի շինարարությունը, առաջիկայում կսկսվի նաև երիտասարդ մանկավարժների, լրագրողների, բժիշկների, սպորտի ներկայացուցիչների համար շենքի կառուցումը: 2013-ի փետրվարին շահագործման կհանձնվի 1300 բնակարան` տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդների համար:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1341

Մեկնաբանություններ