ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այսօր բազմաշնորհ հայուհի Աննա Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր բազմաշնորհ հայուհի Աննա Պետրոսյանի ծննդյան օրն է
10.03.2024 | 20:28

Ասում էր. « Մի այցելիր ինձ, չեմ ուզում ինձ անկողնում տեսնես»:

Գիտեր՝ իմ մտապատկերում ինքը թագուհի է, Հայոց թագուհի և չէր ուզում, որ իրեն թույլ ու հիվանդ տեսնեմ: Հոգիս տանջվում էր, ինձ մեղավոր էի զգում, մի օր գնացի, շքամուտքում երկար կանգնեցի ու չհամարձակվեցի վեր բարձրանալ:

Աշխատում էի « Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում: Աննան հրատապ թեմաներով հրապարակախոսական նյութեր էր գրում մեզ հանար: Դրանցից մեկը Հայաստանում պատմական հուշարձանների հանդեպ անհոգի, կասեի՝ թշնամական վերաբերմունքի մասին էր: Գլխավոր խմբագիրը համարձակվեց տպագրել ՀԿԿ կենտկոմի թույլտվությունն ստանալուց հետո միայն: Մի առիթով Աննա Պետրոսյանն իր մասին գրել է.

«Ծնվել եմ, մեծացել եմ, սովորել եմ, աշխատել: Գրել եմ ողբերգություններ, որոնցից բեմադրվել են 16-ը, հրատարակել եմ 13 գիրք»:

Շարունակեմ՝ ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Երևանի դրամատիկական թատրոնում խաղացել է Մեդեա, շեքսպիրյան կերպարներ, խաղացել է իր իսկ գրած պիեսներում ու ողբերգություններում:Բայց մինչև թատրոն գալը հասցրել էր աշխատել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես հաղորդավար:

Բնությունն Աննային շռայլորեն էր օժտել շնորհներով: Սկզբում գրում էր ժամանակակից կյանքի թեմաներով. պիեսներից երեքը բեմադրվեցին հեռուստատեսությամբ, հրատարակեց երկու վեպ, մեկը՝ «Արևը քայլում է ինձ հետ»՝ առանձին գրքով, այնուհետև գրեց պատմական թեմաներով՝ «Աբգար դպիր Թոխատեցի», «Եկա, որ մնամ», «Շիդհարայի քրքիջը», «Երկար վերադարձ», «Ամազոններ» ողբերգությունները, ի դեպ, վերջինս բեմադրվեց Երևանի դրամատիկական թատրոնում, որտեղ Աննան խաղում էր գլխավոր դերը: Մյուս գործերը բեմադրվեցին հեռուստատեսությամբ:

Նրան հրապուրում էին հայոց անցյալի հիշողությունները: Անցյալի հանդեպ ինչ-որ տեղ կարոտախտի հասնող զգացողությունը նրան ստիպեց հեռանալ Հայոց պատմության խորքերը, գրել պատմական թեմաներով: Ծնվեցին նրա «Եկա, որ մնամ» պիեսների ժողովածուն և «Կումարի մեծ տիկնոջ պատմությունները» վեպ-ասքերգությունը, որն Արարատյան թագավորության 400- ամյա պատմության մասին է:

Վեպեր, պիեսներ գրելուն զուգընթաց, թերթերում, ամսագրերում տպագրվում էին նրա ակնարկներն ու հրապարակախոսական հոդվածները: Արվեստաբանական թեմաներով ակնարկներից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգների Շերման բնակավայրում 1948 թ. հուլիսի 21-ին 44 տարեկանում ինքնասպան եղած նկարիչ Ոստանիկ Ադոյան-Արշիլ Գորկու մասին էր:

Հետագայում « Զանգակ-97» հրատարակչության միջոցներով տպագրվեց Արշիլ Գորկու մասին «Կարոտների իր աշխարհը» գիրքը՝ Գորկու նկարներով:

Աննա Պետրոսյան արվեստագետն իր կյանքի կարևոր նպատակն էր համարում մեր հնագույն հայրենիքի մասին հայ մանուկներին ու երիտասարդներին պատմելը: 1984 թ. Լենինականում հիմնադրեց իր գեղագիտական խնդիրներով նախօրինակը չունեցող «Առասպելի դպրաթատրոնը», որի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր մինչև 1992 թ.:

...Օրեր, ամիսներ, տարիներ շարունակ գրապահոցներում հակված հնօրյա գրքերին՝ համադրելով, վերլուծաբար վեր էր հանում հայոց պատմության ժամանակի մշուշով պատված էջերը, ապա այդ թեմաներով գրում պատմավեպեր, դրամատիկական գործեր:

2001թ. փետրվարից «Վասն հայության» համացանցային շաբաթաթերթի համարներում շարունակաբար տպագվեց Աննա Պետրոսյանի «Բոլոր ժամանակների Հայաստանը» մեծածավալ աշխատությունը:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2002 թ. հրատարակեցին նրա «Եռապատում» փաստագրությունը, որը Հայոց մեծ ողբերգության և Հայոց հառնումի մասին է՝ հասցեագրված մոլորակի բոլոր ծայրերում ապրող հայ պատանիներին: Վերջին տարիներին Աննա Պետրոսյանի լույս ընծայած գործերից են «Մոզ քաղաքի կործանումը» ժամանակակից վեպը՝ 8-րդ դարի մասին, և «Սերն աշխարհեն խռովել՝ կերթա» վեպը, որի հերոսը՝ Նահապետ Քուչակ բանաստեղծը, օտարների լծի տակ բզկտված Հայրենիքի ճանապարհներով թափառելով, ձգտում է հասնել սիրո հետևից:

2009 թվականից «Դար» հիմնադրամն սկսեց լույս ընծայել Աննա Պետրոսյանի «Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթհատորյա վկայագիրքը:

Մի զրույցի ժամանակ հարցրեցի. «Ի՞նչ է քեզ համար ապրիլի 24-ը»: Պատասխանեց. « Միասության օր: Այդ օրը հայերը որտեղ էլ լինեն՝ հայրենիքում, թե Սփյուռքում, պետք է անխտիր միավորված լինեն մի կամքով ու գաղափարով»:

Մի կամքով ու գաղափարով՝ այն ինչ պակասում է այսօր:

Աննա Պետրոսյանն ապրում էր բոլոր ժամանակների Հայաստանի հանդեպ անմնացորդ սիրով, որի վառ ու խոսուն վկայություններն են նրա պատմավեպերը, բեմադրությունները, խաղացած դերերը: Նա ապրեց գեղեցիկ ու խոսուն մի կյանք, ապրեց Հայոց թագուհու երևույթով ու նկարագրով , և իր ստեղծագործությանն ու հայուհու կերպարին ժամանակն անդրադառնալու է:

...Աշխատելով ՀԿԿ կենտկոմի ամսագրում՝ հնարավորինս աջակցում էի Աննային շրջաններ մեկնելու, այնտեղ նկարահանումներ կատարելու աշխատանքներում: Մարտունու շրջանում հին բնակավայր պիտի այցելեր: Մեզ հյուրնկալեց ինձ հարազատ Մանուկյանների գերդաստանը: Տանտերը՝ հայրենասեր, բարի ու կամեցող մի մարդ՝ Ծատուր Մանուկյանը, մեզ հյուրասենյակ առաջնորդելիս պատրաստակամ առաջարկեց. «Տիկին Աննա, ճանապարհ եք եկել, գուցե լողանա՞ք...»: Մի պահ լռություն իջավ, ապա հնչեց Աննայի՝ գյումրվա հնչերանգով կարճ ու ծիծաղկուն պատասխանը. «Չէ՛, Ծատուր ջան, լողցե՝ եկել եմ...»:

Այդ օրից տարիներ են անցել, սակայն երբ այցելում եմ Մանուկյաններին, երեկոյան ընթրիքի սեղանի շուրջ տանեցիներից մեկն անպայման հիշում է Աննայի՝ «լողցե՝ եկել եմ» խոսքը, ու հնչում է կարոտալի ծիծաղը...

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 3055

Մեկնաբանություններ