Աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումները մեզանից անկախ են տեղի ունենում, այդ ամենը շատ հաճախ ուղիղ մեզ է առնչվում, բայց որոշողը մենք չենք։ Շատ ուշագրավ իրավիճակում հայտնվեցինք, երբ օրերս ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունեց։ Այն այնքան անակնկալ էր հայ քաղաքական մտքի համար, որ շատերը չգիտեին անգամ ինչպես արձագանքել, մեկնաբանել։ Հայտնի ֆիլմի հանգույն «մեզ համար նստած հանգիստ սոխ ու հաց կուտեինք, մեկ էլ՝ շրխկ»։
Բոլորն էլ հասկանում են, որ բանաձևի ընդունումը ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված քայլ էր, այսինքն, կոպիտ ասած, Հայկական հարցը կրկին մանրադրամի վերածվեց գերտերությունների ձեռքում։ Թուրք-ամերիկյան հարաբերություններում հայկական հարցը միշտ էլ եղել է ԱՄՆ-ի ձեռքում «դագանակ», որը պատեհ առիթով միշտ գործադրվել է։ Փորձագետները ևս վստահեցնում են, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում` Սենատում, Ցեղասպանության բանաձևի անցկացումն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է լինելու, քանի որ սենատորներից յուրաքանչյուրը կարող է «վետո» դնել հարցի քննարկման վրա։ Եվ եթե մինչ այդ թուրքական հայտնի դիվանագիտությունը չհասնի իր նպատակին, Սենատը ևս կընդունի բանաձևը։ Ենթադրենք, Սենատն էլ ընդունեց, ի՞նչ է լինելու հետո։ Մենք ինքներս մեզ համար պարզե՞լ ենք, թե որն է լինելու մեր հաջորդ հանգրվանը, հայկական սփյուռքը, որ այսքան տարի անխոնջ աշխատել է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչո՞վ է զբաղվելու։
Հայաստանը, որպես պետություն, ի՞նչ օրակարգ է թելադրելու մեծ ներուժ ունեցող իր սփյուռքին։ Իսկ որ Հայաստանի համար սփյուռքը շատ հզոր ուժ է, որը կարող է և զարգացնել հայրենիքը, և տարբեր աշխարհաքաղաքական որոշումների վրա էական ազդեցություն ունենալ, կասկածից վեր է։ Այսքան տարի «սփյուռք» ասելով հասկացել ենք՝ ամենամյա հանգանակություն, Ցեղասպանության ճանաչման լոբբինգ։ Վերջ։ Դժվար է ասել, թե քանի իշխանություն պետք է գա ու աչքը պահի դրսի հանգանակության վրա, բայց պե՞տք է մի օր այդ յուրահատուկ «մուրացկանությունը» դադարի, պե՞տք է մի օր հասկանալ, որ ներսում ֆինանսների ճիշտ կառավարմամբ, ոչ թե սփյուռքի հանգանակությամբ կարող ենք ճանապարհ ու դպրոց կառուցել։ Ի վերջո, պե՞տք է մի օր հասկանալ՝ եթե Հայաստանում լավ պայմաններ լինեն, սփյուռքի մեր հայրենակիցները ոչ թե հանգանակություն կանեն, այլ իրենց գումարներով այստեղ բիզնես կսկսեն, ինչն ավելի մեծ արդյունք կտա։ Իհարկե, բարդ է հասնել դրան, բայց անհնար չէ, եթե կա նման նպատակ։
Շատերն այս օրերին այնքան ոգևորվեցին, որ արդեն 100 տարի կորցրած մեր հողերի համար պահանջատիրության մեծ ծրագրեր մշակեցին, բայց որ ամեն օր մեր քթի տակ նույն թուրքը նոր ոճրագործություն է մտմտում ու հայկական տարածքները յուրացնելու հստակ ծրագրեր մշակում, կարծես ոչ մեկին չի անհանգստացնում։ Մենք անընդհատ հետև ենք նայում՝ ներկան մոռանալով։ Իսկ ներկան արցախյան հակամարտությունն է, թուրք-ադրբեջանական հայտարարությունները, թե Զանգեզուրը և անգամ Երևանը ադրբեջանական պատմական հողեր են, իրողությունը, որ Հայաստանը «սեպ» է դարձել թուրքական աշխարհի միավորման ճանապարհին։ Հենց այս հարցերից պիտի բխի նաև այն օրակարգը, որը պետք է սահմանվի, մշակվի ու ներկայացվի հայկական սփյուռքին։ Այս հարցերն են այսօր որոշելու ընդհանրապես հայի ու Հայաստանի ապագան։ Պատմական արդարությունը վերականգնելը շատ լավ բան է, բայց անարդարության կրկնությունից խուսափելն առավել կարևոր է։ Սփյուռքի ցանցային աշխատանքի, հստակ սահմանված ուղերձների առկայությամբ մեծ արդյունքների կարելի է հասնել։
Իսկ այս ամենից առաջ նախ հարկավոր է մեր նեղ անձնական շահերից, աթոռակռվից վեր կանգնել, հասկանալ, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ. դուք էլ եք գնալու, իսկ ի՞նչ է մնալու պետությունից։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ