ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Կարեն Կարապետյանը բացեց Մեղրիի ազատ տնտեսական գոտին

Կարեն Կարապետյանը բացեց Մեղրիի ազատ տնտեսական գոտին
16.12.2017 | 13:25

Վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել է Սյունիքի մարզ և ներկա է գտնվել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացմանը: Նա շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին և նախատեսվող աշխատանքներին: Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության ստեղծած «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, և դեկտեմբերի 15-ին տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության պաշտոնական մեկնարկը։ ԱՏԳ-ն նախատեսված է կառուցապատել 2 փուլով: Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար:


Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Վերոնշյալ տարածքներից 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային և այլ ծառայությունների համար։ Լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարապետյանը նշել է, որ ԱՏԳ-ի հետ կապված կառավարության մտադրությունները լուրջ են: «Մեր մտադրությունները բավական լուրջ են, որովհետև վստահ ենք, որ այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում և այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ի, Եվրամիության, մեր հարևան Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առևտուրը, զբոսաշրջությունը, ակնկալվում է, որ իրանցի գործընկերները կտեղակայվեն այստեղ, որ դուրս գան և ԵՄ, և ԵԱՏՄ շուկաներ: «Ակնկալում ենք նաև, որ մեր գործընկերները կտեղակայվեն այստեղ, որ Իրանում աշխատելու հնարավորություն ունենան: Վստահ եմ, որ ազատ տնտեսական գոտին ունի շատ լավ հեռանկարներ: ՈՒրախ ենք, որ այսօր հայտարարվում է ազատ տնտեսական գոտու ռեժիմը բացելու մասին, սակայն իսկական աշատանքը հիմա է սկսվում»,- ընդգծել է նա:


Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները։
Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ։


Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։ Բացի այդ, Մեղրու ազատ տնտեսական գոտին կնպաստի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլև Հայաստան օտարերկրյա կապիտալի ներհոսքին, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:
Վարչապետ Կարապետյանի ներկայությամբ ստորագրվել են ազատ տնտեսական գոտու գործունեության առաջին փաստաթղթերը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր` ստորագրել են նախարար Սուրեն Կարայանը և Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը:


Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի միջև: Փաստաթուղթը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը և «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արգամ Ջուլհակյանը: Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի միջև: Հուշագիրը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը և «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մուրադյանը: Համագործակցության հուշագիր է կնքվել նաև «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության միջև, որը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը և առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։ Մեղրիում Ազատ տնտեսական գոտու բացումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել է Արցախ։ Արցախում նախատեսված են Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության հանդիպումներն Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ, այցելություններ տարբեր արտադրամասեր։

Դիտվել է՝ 4170

Մեկնաբանություններ