ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ. Հանգիստ թողեք հանգուցյալներին

Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ. Հանգիստ թողեք հանգուցյալներին
07.07.2013 | 22:30

Համացանցում այսօր հանդիպեցի ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գնահատականին. «Մի՞թե պոռնկություն չէ գնալ մի քանի տարի առաջ զոհված զինվորի ծնողին հարցնել, թե ինչպե՞ս կնշեր ձեր որդին Վարդավառը, եթե կենդանի լիներ»:
Տեղյակ չեմ, թե ում կողմից է դա կատարվել և ինչ կերպ, ուստի, ինչպես ընդունված է մեզանում՝ գնահատական տալ գնահատականին, չեմ պատրաստվում: Բայց հարցն իրոք մտահոգիչ է, և ուզում եմ նշել, որ նման դատապարտելի գործելաոճը մեր հանրային կյանք լրագրողները չէ որ ներմուծել են, այլ, որքան էլ տարօրինակ է, հենց անվանի զոհվածների մտերիմներ ու հարազատեր, իսկ հետագայում էլ շարունակեցին որոշ հանրային գործիչներ: Մասնավորապես, երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի հարազատներից մեկն իր ամեն ելույթը «ծաղկացնելու» նպատակով, ասում էր, թե Վազգենը որ կենդանի լիներ ու այստեղ գտնվեր, այսպես կասեր, այնպես կասեր: Եվ մտքին եկածն ասում էր ու դա վերագրում Սպարապետին: Դա այնքան հաճախ էր արվում, որ մի անգամ ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ Վազգեն Սարգսյանն իր կենդանության օրոք ավելի քիչ է ելույթ ունեցել, քան մահանալուց հետո: Մի՞թե կարելի է սեփական խոսքին՝ լսարանի առաջ լրջություն հաղորդելու համար, մեր հանգուցյալ Սպարապետին դարձնել հետմահու զավզակ:
Հազիվ էր այս թեման մարել, մեկ էլ վերջերս մի հրապարակային գործիչ նկատեց. «Անդրանիկ Մարգարյանը հավանություն չէր տա որդու ստախոսությանը»: Լավ, քննադատեք Տարոն Մարգարյանին որքան ուզում եք, բայց կարելի՞ է արդյոք այնքան կասկածել սեփական խոսքի համոզիչ լինելու մեջ, որ դիմես այդպիսի էժանագին հնարքի ու մարդու արարքը քննադատես իր հանգուցյալ հոր դիտանկյունից:
Այնպես որ, այս արատավոր երևույթին պետք է վերջ տալ բոլոր մակարդակներում ու հանգիստ թողնել մեր հանգուցյալներին և նրանց ողբացող հարազատներին:

Դիտվել է՝ 2204

Մեկնաբանություններ