«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

«Ինձ և շատերի համար պատիվ է ազգին ծառայելը»

«Ինձ և շատերի համար  պատիվ է ազգին ծառայելը»
29.03.2013 | 12:54

ԱՄԷ-ի հայ համայնքը մեծ չէ` մոտավորապես 5-6 հազար մարդ, ովքեր հիմնականում բնակվում են Հյուսիսային էմիրություններում` Շարժայում, Դուբայում և մայրաքաղաք Աբու Դաբիում: Համայնքային կյանքը կազմակերպվում է ազգային վարչությունների, հանձնախմբերի, դպրոցի, եկեղեցու ջանքերով: Յուրաքանչյուր կառույց գործում է ընդունված կարգի համաձայն: Վերջերս հայ համայնքի համար կարևոր թեմական ժողով տեղի ունեցավ, որտեղ սովորաբար քննարկվում են համայնքին վերաբերող խնդիրները, վարչությունների, հանձնախմբերի գործունեությունը, տարեկան ծրագրերը: Այս անգամ նաև Աբու Դաբիի Ազգային վարչության նոր ատենապետ նշանակվեց Սեդրակ Մելքոնյանը: Հետագա հրապարակումներից մեկում անպայման կներկայացնեմ նոր ատենապետի ծրագրերը, ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, իսկ այս անգամ հանդիպել եմ Աբու Դաբիի Ազգային վարչության նախկին ատենապետ ՎԱՐԴԳԵՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ: Նրա գործունեության երկու տարում Աբու Դաբիի Ազգային վարչությունը, համայնքի ներկայացուցիչների կարծիքով, ակտիվ էր: Կազմակերպված միջոցառումները բավական հետաքրքիր են դարձրել Աբու Դաբիի հայերի զբաղված առօրյան:
Վարդգես Արզումանյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է: ՈՒրախալի է, որ դոկտոր Արզումանյանին հաջողվում է աշխատանքը համատեղել «ազգային գործունեության հետ: «Ինձ և շատերի համար պատիվ է ազգին ծառայելը: Ես ապրել եմ Լիբանանում, հետո Կանադայում, Ամերիկայում, տեղափոխվել այստեղ և գալիս եմ այն շրջանակից, որտեղ ազգին ծառայելը փառք ու պատիվ է: Գիտեմ նաև, որ այն շատ ժամանակ է խլում, բայց այս ամենը նկատի առնելով` ասում եմ, որ ես և իմ ընկերները մեր հնարավորության սահմաններում ամեն բան կանենք մեր ազգի համար»: Գաղտնիք չէ, որ սփյուռքի ազգային կառույցներում գործունեություն ծավալող մեր հայրենակիցները կամավորներ են: Կամավոր աշխատանքից բացի, նրանք ունեն տարբեր մասնագիտություններ, աշխատանք, որը նույնպես մեծ ժամանակ է պահանջում: Այս մասին խոսելով` դոկտոր Արզումանյանը նշեց. «Իմ ատենապետության շրջանում որոշ ծրագրեր չհասցրինք իրականացնել: Գուցե ինչ-որ չափով աշխատանքային զբաղվածությունն էր պատճառը: Բայց չմոռանանք, որ մենք ընտանիքներ ունենք։ Այս գաղութ բոլորը եկել են աշխատելու: Ինչևէ, համենայն դեպս երբեք չծուլացանք: Նույնիսկ երբեմն չափից ավելի ծրագրեր արեցինք, որոնց համար նույնիսկ բարեկամաբար քննադատվեցինք»:
Նախկին ատենապետի հետ իմ զրույցը գուցե որոշ հարցեր առաջացնի, սիրելի՛ ընթերցողներ, եթե չպատկերացնեք Աբու Դաբիի Ազգային վարչության կառուցվածքը, գործառույթները: Ազգային վարչությունը համայնքային կառույց է: Մինչև այժմ թեմական ժողովում է նշանակվել ԱՄԷ-ի ազգային վարչությունների կազմը: (Այսուհետ երեսփոխանական ժողով է լինելու): ԱՄԷ-ում Ազգային վարչության կազմը ձևավորվում է երկու տարին մեկ անգամ: Հյուսիսային էմիրություններում` Շարժայում, Դուբայում, գործում է 7 կամ 9 անձից բաղկացած առանձին Ազգային վարչություն, Աբու Դաբին էլ ունի 7 անձից բաղկացած առանձին վարչություն: Յուրաքանչյուրն ունի նաև իր ատենապետը, ով, ըստ իր հայեցողության, ընտրում է վարչության անդամներին, այդ թվում` փոխատենապետին, խորհրդականներին, գանձապահին: Եվ գործունեության երկու տարում աշխատում է ձևավորված հանձնախմբերի հետ համատեղ: Հանձնախմբերն էլ վարչության կազմում ունեն մեկ ներկայացուցիչ: Աբու Դաբիի Ազգային վարչության կազմում է Հայ տիկնանց հանձնախումբը, Երիտասարդաց հանձնախումբը, դպրոցի խորհուրդը, թաղականությունը (զբաղվում է եկեղեցական խնդիրներով): Բոլոր հանձնախմբերն անկախ են իրենց նախաձեռնություններում, մտահղացումներում, սակայն խոշոր ծրագրերն իրականացվում են, բնականաբար, Ազգային վարչության գիտությամբ և հովանավորությամբ: Հյուսիսային էմիրությունների և Աբու Դաբիի ազգային վարչությունները տարվա ընթացքում անկախ են գործում, անհրաժեշտության դեպքում հանդես են գալիս նաև համատեղ ձեռնարկներով: Վերադառնալով մեր զրույցին ավելացնեմ, որ ինձ հետաքրքիր էր, թե դոկտոր Արզումանյանն անձամբ ինչպես է գնահատում իր ղեկավարած Աբու Դաբիի Ազգային վարչության անցած երկու տարվա աշխատանքը: Նա սիրով պատասխանեց իմ հարցին. «Գեղեցիկ չէ, երբ մարդ խոսում է իր կատարած աշխատանքի մասին: Սակայն պետք է ճշգրիտ գնահատական տալ կատարվածին: Մենք ձեռնարկներ ունեցանք, որոնք կարևոր նշանակություն ունեին ոչ միայն Աբու Դաբիի հայության, այլև ողջ սփյուռքահայության համար: Առաջինը վեհափառ Արամ Ա-ի այցելությունն էր Աբու Դաբի, և նրա ձեռամբ Աբու Դաբիում կառուցվելիք Սբ. Նահատակաց հայկական եկեղեցու հիմքի օծումը: Սրանից քսան տարի առաջ հայկական եկեղեցի ունենալը երազ էր: Վեհափառ հայրապետի շքեղ կազմով ներկայությունը և այս արարողության կազմակերպումը մեզ համար մեծ հաջողություն էին: Մեծ շուքով ենք անդրադարձել նաև Եղեռնի զոհերի հիշատակի օրվան: Առաջին անգամ Սփյուռքի իմաստով Հայ դատի գրասենյակների չորս ատենապետերը Աբու Դաբիում հանդես եկան համատեղ: Տեղի ունեցածը ոչ թե դասախոսություն էր, այլ զրույց, քննարկում, հարց ու պատասխան: Սա ինքնին մեծ բան էր: Բավական մարդիկ էին ներկա այդ հանդիպմանը: Մամուլում այն մեծ արձագանք գտավ»:
Նա կարևորեց նաև Աբու Դաբիում սիրիահայերի օգնության համար կազմակերպված դրամահավաք-ընթրիքը, որին ներկա էին Շարժայի, Դուբայի, Աբու Դաբիի հայերը, նրանց թվում նաև` Սիրիայից աշխատելու համար էմիրություններ եկած երիտասարդներ: Այս դրամահավաքի ժամանակ հավաքվել է 33000 դոլար, ինչին թեկուզ փոքրիկ, բայց ակտիվ մասնակցություն են ունեցել նաև համայնքի երիտասարդ ներկայացուցիչները: Ընթրիքին հայրենասիրական շունչ է հաղորդել սփյուռքահայ երգիչ Գառնիկ Սարգսյանը, որի նվագախմբի անդամները սիրիական քաղաքացիություն ունենալու պատճառով վիզաների հարցում մեծ դժվարությունների էին հանդիպել:
Դոկտոր Արզումանյանը պատմեց նաև մայիսյան եռատոնի առիթով դրամահավաքի մասին, որից գոյացած գումարը Աբու Դաբիում ՀՀ դեսպանության միջոցով ուղարկվել է Հայոց բանակին. «Մեր հայրենիքը, մեր անկախ հայրենիքի բանակը դրամի պետքություն ունի: Այս հարցը պետք է արծարծենք, որպեսզի ուրիշ գաղութներն էլ նկատի ունենան»: Բացի կազմակերպած միջոցառումներից, նա անդրադարձավ նաև Աբու Դաբիում ՀՀ դեսպանության հետ համագործակցությանը: Նրանց ձեռնարկներին դեսպանությունը միշտ ներկա է. «Դեսպանության և Ազգային վարչության դերերը տարբեր են: Դեսպանությունը պաշտոնապես ներկայացնում է մեր հայրենիքն այս երկրում, անշուշտ, դիվանագիտական առումով մեծ է նրա դերը: Բայց մենք որպես Ազգային վարչություն գաղութի հոգին ու սիրտն ենք, գաղութի առօրյա կյանքն ենք գունավորում: Մեզնից լավ ոչ ոք չի կարող թափանցել գաղութի ներկայացուցիչների սրտերը: Սակայն դեսպանությունն էլ ունի գործառույթներ, որոնք մեզ համար են անհասանելի. նա կարող է իրականացնել պաշտոնական հանդիպումներ, դիվանագիտական խնդիրներ լուծել: Այս ոլորտ Ազգային վարչությունը չի կարող թափանցել»:
Հրաժեշտից առաջ ցանկացա իմանալ, թե նա հետագայում ինչպես է շարունակելու իր ազգային գործունեությունը: Պատասխանեց, որ դեռ ազգային երեսփոխան է:
Ի դեպ, ազգային երեսփոխան է ընտրվել ժողովրդի ձայներով: Քուվեյթի թեմը ներկայացնող երեսփոխաններն Աբու Դաբիից չորսն են: Իսկ Շարժայից ընտրվել է հինգը, ևս հինգը` Քուվեյթից, Քաթարից` երեքը:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ