«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Հայ տիկնայք` Աբու Դաբիում

Հայ տիկնայք` Աբու Դաբիում
26.03.2013 | 13:07

Համայնքային կյանքն Աբու Դաբիում կազմակերպում են համայնքային կառույցները: Դրանց մի մասը ձևավորվել է վերջին տարիներին կամ պարզապես վերակազմավորվել: Այդպիսի կառույցներից է Աբու Դաբիի Հայ տիկնանց հանձնախումբը, որը 2011-ի կեսերից ղեկավարում է երկար տարիներ Աբու Դաբիում բնակվող, մասնագիտությամբ ճարտարապետ ԳՅՈՒԼԻԶԱՐ ՋՈՆՅԱՆԸ: Յոթհոգանոց այս հանձնախումբը ղեկավարելուց բացի, նա բազմաթիվ այլ կառույցներում է գործունեություն ծավալում: Այս կինն առաջին իսկ հայացքից հիացնում է իր անսահման եռանդով, սեփական աշխատանքի հանդեպ ունեցած հավատով և ոգևորությամբ: Ես նրան հանդիպեցի Աբու Դաբիի սրճարաններից մեկում, որտեղ մեր զրույցից անմիջապես հետո պետք է տեղի ունենար տիկնանց հանձնախմբի անդամների հերթական հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու էին նույն կառույցի կողմից կազմակերպվելիք «Միջինքին» նվիրված ցերեկույթի մանրամասները: Մեկ գավաթ սուրճից հետո մենք սկսեցինք զրույցը, որով փորձեցի հասկանալ կառույցի խոհանոցի մանրամասները:
Նախ փորձեցի ճշտել, թե նրա ղեկավարած հանձնախումբն իր կարճատև գործունեության ընթացքում ինչ աշխատանքներ է հասցրել կատարել:
«Աբու Դաբիում Տիկնանց հանձնախումբ գործել է նաև տարիներ առաջ, որի կազմակերպած ձեռնարկներում համայնքի կանանց տնայնագործական աշխատանքներն են հիմնականում ներկայացվել,- մանրամասնեց տիկին Ջոնյանը։- Սակայն երբ Ազգային վարչությունն առաջարկեց վերսկսել կանանց հանձնախմբի գործունեությունը և ինձ առաջարկվեց ղեկավարել այն, ցանկացա որ այդ կառույցն այս անգամ մի քիչ այլ բնույթ ունենա»:
Տիկին Գյուլիզարն այլ բնույթ ասելով նկատի ունի մշակութային ուղղվածությունը, նաև որ կազմակերպվելիք միջոցառումները պետք է ազգային տարրեր կրեն, ճանաչողական նշանակություն ունենան հրավիրվող օտարազգի հյուրերի համար: Շարունակելով մեր զրույցը` նա ավելացրեց. «Առաջին ձեռնարկը «Հայ Թի»-ն էր: Ասել է` հայկական թեյախմություն (անգլերեն արտահայտության «հայեցի» փոփոխված տարբերակով): Շատերին սկզբում թվում էր, թե սխալ ուղղագրությամբ ենք գրել անվանումը: Պահպանել էինք ավանդական թեյախմության ավանդույթը, բայց մի քանի հայկական ելևէջներ էինք ավելացրել: Այսպես ենք վարվել նաև դրան հաջորդած թեյախմությունների և այլ միջոցառումների ժամանակ: Իմ ընկերական շրջապատը տարբեր ազգերի խառնուրդ է: ՈՒնեցած կապերս օգտագործելով` փորձում եմ տիկնանց հանձնախմբի ձեռնարկներն ավելի շատ մարդկանց հասանելի դարձնել»:
Քանի որ միշտ առաջին ձեռնարկը շատ վառ է տպավորվում, տիկին Գյուլիզարը մանրամասնորեն հիշում էր ծրագիրը` հայկական ստեղծագործություններից կազմված երաժշտական ծրագիր է ներկայացվել, սեղանի խաղեր են եղել. «Իսկ վերջում հայկական երաժշտություն հնչեց, և բոլորին հրավիրեցինք շուրջպարի»:
Վեց ձեռնարկ է իրականացրել տիկնանց հանձնախումբը` երեք «Հայ թի», «Բարի գալուստ -2012» ¥ամանորյա երեկույթ¤, «Գեղեցիկ և վարդագույն» կանանց միջոցառում` նվիրված կրծքագեղձի քաղցկեղի միջազգային օրվան, երկու «Սուրբ ծննդյան տոնավաճառ», որոնցից վերջինի մասին Ձեզ պատմել եմ, սիրելի ընթերցողներ: Տիկնանց հանձնախմբի վերջին ձեռնարկն առայժմ Միջինքն է .«Տիպիկ հայկական տոն է: Հյուրերին, որոնց թվում, ինչպես միշտ, նաև օտարազգիներ կան, ներկայացվում է տոնի խորհուրդը: Հյուրանոցին խնդրեցինք, որ պահքի շրջանին համապատասխան կերակուրներ պատրաստվեն: Իսկ հանձնախմբի անդամներից ոմանք, հյուրանոցի թույլտվությամբ, պետք է մի քանի հայկական ավանդական կերակուրներ պատրաստեն: Հայկական երգ ու պար էլ է լինելու»: Այս ամենից բացի, ինձ հետաքրքրում էր նաև, թե ինչպես են հաշվարկվում նրանց կազմակերպած միջոցառումների ծախսերը, ով է դրանց համար վճարում: Տիկին Գյուլիզարը հանգամանալից բացատրեց աշխատանքի սկզբունքը. «Տիկնանց հանձնախումբը ձևավորվել է ազգային վարչության նախաձեռնությամբ: Ամեն միջոցառումից առաջ մենք ծախսերի ցուցակը ներկայացնում ենք վարչությանը: Մեր միջոցառումների համար տոմսեր ենք վաճառում, ընթացքում վիճակախաղ անցկացնում, բնականաբար, որոշակի գումար է հավաքվում, որը նույնպես հանձնվում է Ազգային վարչությանը: Սովորաբար հաշվարկում ենք, թե քանի հոգի պետք է գա, որքան ծախս է արվելու և դրան համապատասխան որոշվում է տոմսի գինը: Եթե ձեռնարկի համար տպվում է 100 տոմս և վաճառում ենք 50 կամ 60 տոմս, կարող ենք համարել, որ մեր ծախսերը փակել ենք: Ի միջի այլոց, միշտ փորձում ենք մեր ծախսերը փակել և նույնիսկ փոքր չափով շահույթ ունենալ»: Նրանց ձեռնարկներին համայնքի ներկայացուցիչների մասնակցության ակտիվությանը վերաբերող իմ հարցին նա կեսկատակ պատասխանեց. «Ձեռնարկներից մեկի տոմսերն ավելի էժան վաճառեցինք մյուս ձեռնարկների համեմատությամբ: Քանի որ մարդկանց երբեմն տոմսի գինը բարձր է թվում, այսինքն` 100 դիրհամի փոխարեն 60 դիրհամով, բայց առանձնապես տարբերութուն չզգացինք: Նույն մարդիկ էին ներկա: Մինչև վերջին օրը օտարներին տոմս չէինք վաճառում, որ մեր համայնքի ներկայացուցիչներին հասնի: Սակայն վերջում օտարներն օգտվեցին այդ էժան տոմսերից: Հետո հասկացանք, որ տոմսի գինը 100-ով նորմալ է ¥այցելուների թիվը դրա հետ կապ չունի¤, հաշվի առեք հյուրասիրությունը, նվերները, խաղերը: Մենք փորձում ենք մեր ունեցած գումարի սահմաններում լավագույնս անել»:
Տիկին Ջոնյանը նաև նշեց, որ առանձնապես ակտիվ համագործակցություն չկա ԱՄԷ-ի մյուս քաղաքներում գործող հանձնախմբերի հետ. «Հազվադեպ ենք միմյանց միջոցառումների մասնակցում: Բոլորը համատեղ մասնակցում են հիմնականում պաշտոնական միջոցառումներին: Գուցե բոլորս ենք այս հարցում թերանում»: Համագործակցության իրականացման համար գուցե երկար և հետևողական աշխատանք է պետք, որի շնորհիվ տիկնանց հանձնախումբը վերջապես կհասնի ցանկալի արդյունքի: Իսկ տիկնայք իրենց նվիրված աշխատանքի համար, նրա կարծիքով, լավ կլիներ, որ ժամանակ առ ժամանակ քաջալերվեին: Իսկ վերջում, քանի որ նա անմիջական շփում ունի Աբու Դաբիի հայ տիկնանց հետ, նրանցից շատերին է անձամբ ծանոթ և երկար տարիներ է ապրում այստեղ, խնդրեցի ընդհանուր գծերով բնութագրել համայնքի հին և նոր սերնդի կանանց։ «Ընդհանուր մի բան կա գաղութի բոլոր ժամանակների հայ կանանց մեջ` առաջին հերթին նրանք պետք է լինեն լավ տանտիկին: Շատ կարևոր է, թե այդ կանայք որ երկրից են եկել, ինչ մտածելակերպ ունեն: Շատերը թե՛ տարիներ առաջ, թե՛ այսօր դուրս չեն գալիս իրենց հայ ընկերուհիների միջավայրից, գուցե լեզվի խնդիր կա, և այդ պատճառով դժվարանում են շփվել օտարների հետ: Որոշ տիկիններ գոհ են իրենց ունեցածով, իսկ ոմանք նոր բաներ սովորելու կարիք և ցանկություն ունեն: Այսօր ոմանք փորձում են ընտանեկան հոգսերի հետ նաև մասնագիտություն ստանալ, մասնագիտությամբ աշխատել, որոշ համայնքային գործեր անել: Բայց կարծում եմ, որ պետք է ավելի ինքնակատարելագործվեն: Այս երկրում շատ հնարավորություններ կան, մարդկանց ֆինանսական վիճակն այստեղ համեմատաբար լավ է, պետք օտար լեզուներ սովորեն, տարբեր ոլորտների մեջ մտնեն, տարբեր խմբերի, տարբեր մարդկանց հետ ծանոթանան»: Այսքանով սահմանափակելով մեր զրույցը` հրաժեշտ տվեցի տիկին Գյուլիզարին, քանի որ տիկնանց հանձնախմբի անդամները նրան էին սպասում: Իսկ ես դեռ առիթ կունենամ անդրադառնալու Աբու Դաբիում ապրող հայ կանանց վերաբերող տարբեր հարցերի:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ