«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Չորրորդ հանրապետության մատույցներում

Չորրորդ հանրապետության մատույցներում
15.02.2013 | 12:33

Չորս քայլ վեր սահման է,
Չորս քայլ վար... սահման։
Աստված իմ,
այսքան էլ փոքրիկ հայրենիք,
այսքան էլ փոքրիկ
Հայաստան,
Նորածնի բարուր է իսկական։
«Աղոթք», Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՓՐԿԱՐԱՐ ՄՏՔԵՐ
(ֆելիետոն-նախաճաշիկ)
Վերջին օրերին ավելի ու ավելի եմ հակվում մի փրկարար մտքի. անհրաժեշտ է ճանապարհներ հարթել դեպի 4-րդ հանրապետություն։ Զի երրորդը քանի գնում ավելի է նմանվում հոգեթերապիայի սեանս անցկացնող հռչակավոր այն մասնագետին, ով լրջագույն հոգեկան խնդիրներ ունի, տիտղոսակիր ակադեմիկոս է, հոգու խորքում, սակայն, չկայացած ֆելդշեր, ասել է` բուժակ։ (Նման բուժակներն էին լուսապայծառ մեր անկախության գուշակները)։ Երրորդ հանրապետությունը սկսվեց, զորօրինակ, մոմի լույսի ներքո` ժամկետանց կատվակերի հարիսայով, ավարտվում է բիո-արտաքնոցներով։
Չորրորդ հանրապետության ազդականչը հնչեց հենց Ազատիչի կողմից, ով խրոխտ վստահեցրեց, որ Երևանի մետրոպոլիտենի շինարարության շարունակությունը յոթ սարի հետևում չէ և, ահավասիկ, երրորդ (պետք է հասկանալ` չորրորդ) հանրապետության հանրությունը կարժանանա «Գարեգին Նժդեհ» կայարանից «Զորավար Նազարբեկյան» կայարան հասնելու բախտին։ (Երթուղագծատեր-պատգամավոր Z-ը, անշուշտ, կթքի փայտիկին)։ Նմանապես հույսեր տածենք, որ չորրորդ հանրապետությունը կլքեն մենաշնորհները (ցանկալի է դեպի Թուրքիա), կուսակցապետերը (անվերապահորեն Իրանի Իսլամական Հանրապետության ուղղությամբ), վարչաչինովնիկական բորենիները (վստահաբար միայն դեպի Խոր վիրապ, ապաշխարության) և այսպես շարունակ։ Բայց դադար տանք, Աջափնյակի ձախափնյա աղբանոցների տիրակալ Թոխլիկը թմբկահարում է աջակողմյան պատուհանս և պահանջում չշեղվել։ Թոխլիկը (թոշակի է անցել, երբ Սևանա լճի ջուրը կարելի էր խմել ու երեք ումպից հագենալ, երբ 1 շիշ երեքաստղանի կոնյակով հնարավոր էր իրագործել անհնարը, երբ մայիսի 1-ին մեր քաղաքներն ու շեները ծածկվում էին խելքամաղ անող մշուշով, յուրաքանչյուր սովետահայ օջախ պատիվ էր համարում գառան թարմ մսով խորոված պատրաստել ընտանեկան մանղալի վրա) պատկառելի տարիքի ղառղառ է։ Թոխլիկը պահանջում է չշեղվել և քննարկել բիո-արտաքնոցների գերխնդիրը` թլպատված բյուջեի համատեքստում։ Ի դեպ, Թոխլիկը խիստ մտերիմ է Լեհաստանի դեսպանի հետ։ Եվ նրան շատ է դուր գալիս Սադոյանի միկրոֆոնը։ (Ձայն տուր, ո՜վ Արշակ, ինչու լռում ես)։ Կարծում եմ` գլխի ընկաք, որ Թոխլիկը սևաթույր ագռավ է։ Եվ ահավասիկ, ներկա ու վաղվա փրկությամբ` ճանապարհն է դեպի չորրորդ հանրապետություն։ Եվ ընդունելի են բոլոր միջոցները` սերիալադուլը, գոմշամսադուլն ու կուսակցադուլը։

ԲԻՈ-ԱՐՏԱՔՆՈՑՆԵՐԸ` ՄԵԶ ՓԱՐՈՍ
(պամֆլետ-ընդմիջում)
Շատերը գլխի չեն ընկնում, թե ինչ մտավոր սխրանք գործեց էկոնոմիկայի փոխնախարար Արան։ Այո՜, այո՜, զբոսաշրջության Մեքքա Հայաստանն աշխարհին է ներկայացնում որպես հակադրությունների հանգրվան։ Ինչո՞ւ։ Մի՞թե հասկանալի չէ։ Չէ՞ որ զբոսաշրջիկը կամենում է լարել հույզերը, մարել կրքերը, ամենուր և ամեն պահի գրգռիչ սնունդ ու տպավորություն կլանել։ Զորօրինակ, զբոսաշրջային ուղեցույցներում փառաբանում ենք մեր «փառապանծ և տառապած» հայրենիքը։ Եվ գայթակղում ենք ալամ-աշխարհին, զի այն, իսկապես էլ նորածնի բարուր է իսկական, մաքրամաքուր և անպաշտպան։ Զի մայրաքաղաքի գլխավոր հանգույցներից մեկի արտաքնոցը փակվեց, երբ հնչեց շեփորը։ Մտովի զբոսաշրջենք Մեսրոպ Մաշտոցի պողոտայի դարպասների շուրջը։ Երևանի կոնյակի գործարան, Հաղթանակի կամուրջ, «Ձորագյուղ» ազգագրական թաղամաս, Փարաջանովի թանգարան, գինու-կոնյակի-օղու կոմբինատ, «Կապույտ» մզկիթ, Սուրբ Սարգիս եկեղեցի, հանրության և օլիգարխի պայքարի կիզակետ Փակ շուկա և ստորգետնյա բազմանիստ անցումը` յուր ստոր բույրերով։ Գայթակղի՞չ է, անշո՛ւշտ։ Կգրգռի՞ զբոսաշրջիկների նյարդն ու մկանը, բնականաբար։ Այս ամենը լիասիրտ վայելելով զբոսաշրջիկներն ընթանում են դեպի Փարաջանովի թանգարան, օ՜, ինչպիսի՜ հրաշապատում առասպելների կարելի է հանդիպել, հանճարը Սովետմիության բանտերում գլուխգործոցներ կերտեց, երբ կիսաքաղց էր, մոռացության մատնված։ Կերտեց ու կտակեց հայրենիքին։ Ե՛վ ահա հակադրությունը (գրգիռն ու երանությունը զբոսաշրջիկային). ելնում ես դուրս հրաշապատում-թանգարանից, աչքիդ առջև հառնում է հրեշապատում-իրականությունը. բետոնակուռ երկու շինություն բռնազավթել են ձորը, փակել թանգարանի դուռն ու պատուհանը։ Հակադրությունն այս պարագայում ո՞րն է, զայրալից հարցնում է բոսորամիտ ընթերցողս։ Պատասխանում եմ բարեհամբույր, գոյության վերջին օրերին Սովետմիությունը կերտեց հրաշապատում-թանգարան ի պատիվ յուր հակառակորդ կինո-ճարտարապետների։ Հայոց պետությունը փակում է թանգարանից բացվող տեսարանը դեպի լյառն Մասիս, դեպի Սիս ու Մշո դաշտ։ Բա՜։ Բացի սրանից, բազում են հակադրություններն այլևայլ, որոնք դյութում են ու կանչում արարատյան հովիտներ ու զանգեզուրյան ձորեր, ապարանյան լեռնակղզիներ ու Լոռվա անտառներ։ Եվ ամենուր խիստ զգալի է բիո-արտաքնոցի պակասը։ Սակայն այդ ինչո՞ւ հենց բիո-արտաքնոցի, մի՞թե դու, պատվելի Վրեժ Առաքելյան, միացել ես պետբյուջեն բռնազավթելու մեր որոշ կառավարիչներին, հարցնում են ընթերցողներս պատվարժան, զորօրինակ, հացադուլակիր-ասպետ տիար Անդրիասի վստահված անձ Խիար Վոլոդիկը կամ Հայրիկյանի վստահագույն միանձնուհի (այսինքն` վստահված անձ-ուհի) Մայրանուշ տատիկը։ Ո՛չ, բնա՛վ, ամենևին։ Ամենուր զգալի է թե՛ բիո-արտաքնոցների, և թե՛ գյուղական փայտաշեն զուգարանների պակասը։ Եվ, ահավասիկ, խնդրի լուծման լավագույն միջոցը, որ հա՛մ շուկայական մրցակցությունն ապահովենք, հա՛մ էլ բյուջեն լցնենք պռնկեպռունկ։ Ի վերջո, վաղուց է հանրահայտ, փողից հոտ չի գալիս, և կարևոր չէ, բյուջեն լցոնվում է Լա Սկալայի երգչախմբի ելույթի եկամուտներից, թե արտաքնոցա-զուգարանային բիզնեսից։ Սակայն անզուգական պոետ Հովհաննեսը Գրիգորյան նաև եզակի երգիծաբան էր և հրաշալի գիտեր արտաքնոցի նշանակությունը հայոց կյանքում։ Ահավասիկ մի դրվագ նրա «Քաջ Նազարի զրույցները Մաեստրոյի հետ» երգիծագրքույկից. «Մեր հանրապետության ուղիղ կենտրոնում գտնվող լեռը դեռևս գտնվում է քարեդարի մակարդակին` ամենուրեք քար, քար, քար... Եվ ամենակարևորը` արդեն մտել ենք 21-րդ դար, իսկ այնտեղ, նորից եմ կրկնում, չկան տարրական հարմարություններ և պայմաններ տեղի բնակչության համար, հասարակ լիֆտն ի՞նչ է, այդ էլ չկա, մարդիկ ստիպված ոտքով են բարձրանում լեռան գագաթ, պատկերացնո՞ւմ եք` ինչ է նշանակում 4,5 կմ ոտքով վեր ելնելը, ի՞նչ ելնել, մագլցելը։ Իսկ եթե շուկայի՞ց ես գալիս և ձեռքերդ ծանրաբեռնված են... գոնե աստիճաններ սարքեին։ Չգիտեմ խոսեմ, թե չխոսեմ զուգարանների մասին։ Մինչև գագաթ հասնելը 3-4 ժամ է տևում, քրտնամխած ելնում ես վեր, մարդ ես, հասկանալի է, այդքան ժամ չարչարվելուց հետո բնական պահանջներ են առաջանում, նայում ես չորս կողմդ` ոչ մի համապատասխան շինություն, ինչ անել. ստիպված բնական մեծ և փոքր պահանջմունքներդ բավարարում ես բաց օդին, սառնամանիքին և քամուն, հարազատ գագաթի վրա։ Այս երևույթն ընդամենը մի առավելություն ունի` մարդկային այդ պարզ գործողությունների հետևանքով (խոսքս հատկապես մեծ բնական պահանջմունքի բավարարման մասին է) լեռան գագաթը հետզհետե բարձրանում է։ Եվ եթե առաջիկա տասնամյակում այնտեղ զուգարան չկառուցվի, ապա խիստ հավանական է, որ Արագածն առաջիկայում դառնա աշխարհի ամենաբարձր լեռը...»։ Այո՜։

Այսպիսով, թող կառավարական մարմինները բիո-արտաքնոցներ տեղադրեն հանրապետության նշանավոր վայրերում։ Զորօրինակ, Սևանի ափին (հասկանալի է` «Հարսնաքար»-ի հարևանությամբ), կամ Թեղենիսի գագաթին, գուցե նաև Կարապի լճի հատակին, Հանրապետության հրապարակի խոտհարքին, հանրահավաքների հարթակին և այլն։ Փողփողում է մրցակցության աստղաբույլ դրոշը և ասպարեզ կանչում։ Ինչ ենք մենք անելու։ Փայտաշեն զուգարաններ են կերտելու յուրաքանչյուր մարզում, շենում և ավանում, բոլոր միջպետական ճանապարհների խաչմերուկներում և այլն։ Ընդ որում, դրանք խիստ կապակցված են մայր բնաշխարհի հետ։ Այսպես, ճքճքան ցրտին Հրո երկրի բնիկները մեծ կարիքն են բավարարում, դիցուք, նախալեռնային զուգարաններից մեկում, շուրջդ ձնաբուքն է կաղկանձում, ուր որ է քամին կփլուզի փայտաշեն կացարանդ, սակայն դու դիմակայում ես (դու, այսինքն` հրոերկրային) և գործդ ավարտելով, մի կերպ հասնում զբոսաշրջության ավտոբուսին։ Զգացմունքների ինչպիսի՜ հեղեղ, հիշողությունների ի՜նչ սքանչելի գամմա։ Անշուշտ, փայտաշեն զուգարաններից օգտվելու համար սուր զգացողությունների սիրահարները կսուրան Հայաստան։ Եվ անշուշտ, դրանցից օգտվելու գինը բավականին մատչելի կլինի, զորօրինակ, 40 դրամ (լորի ձվի չափ ժամկետանց հավկիթի գինը) և, անկասկած, զուգարանային գրոհի արդյունքում բյուջեն կտասնապատկվի։ Այո՜։ Այնպես որ, բիո-արտաքնոցները մեր տնտեսական զարգացման (զբոսաշրջային ինքնորոշման) փարոսներն են ու լուսատտիկները։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ