ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Մարտեր` առանց կանոնների (Փակ շուկա, բաց դռներ)

Մարտեր`  առանց կանոնների (Փակ շուկա, բաց դռներ)
08.06.2012 | 01:20

«Միայն մի մայրուղի են քաղաքացիները պարզապես մայրուղի կոչում, մնացյալները, ինչպես կարգն է, նաև անուն ունեն: Դրա սկզբում` քաղաքի հենց կենտրոնում ԾԱԾԿԱԾ ՇՈՒԿԱՆ է: Սա սոսկ շուկա չէ, այլ կյանքի իմաստության, հնարամտության, հոգեբանական արտասովոր դիպվածների, մտահղացումների ու հնարքների, ձևերի ու բույրերի, կայունացած սովորույթների մի ամբողջ հանրագիտարան….
Այստեղ ծնունդ են առնում մարդկային փոխհարաբերությունների այնպիսի համադրություններ, որ դժվար է հասկանալ` խոսքը շուկայի՞, թե՞ դիվանագիտական ընդունելության մասին է, ուր պիտի ձեռք բերվեն կարևոր համաձայնագրեր։
…Մեղրն այստեղ միշտ թարմ է, բուրավետ ու բուժիչ: Շարքերի խաչմերուկներում նստած են կանաչի ծախող խալաթավոր կանայք: Մաղադանոս, ռեհան, սամիթ, թարխուն, համեմ, բոլորը քոնն են` վերցրու»:
Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ, «Ծածկած շուկա»

ՊԱՏՄԱԿԱՆ ՀՊԱՆՑԻԿ ՇՐՋԱՅՑ
(սառը թեյ ենք ըմպում ու հեռու մնում սերիալներից)
Ծածկած կամ Փակ շուկան կառուցվել է 1952-ին, այսինքն` 60 տարի առաջ: Ճարտարապետն է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գրիգոր Աղաբաբյանը, ով նաև իրականացրել է Հրազդանի մեծ կամրջի («Կիևյան» կամուրջ) ճարտարապետական մշակումը, ստեղծել է Երևանի ավտոկայանի նախագիծը և այլն: Ծածկած ¥թերևս կոչենք այսօր ընդունված անունով` Փակ) շուկան կառուցվել է Երևանի` 1951-ի գլխավոր հատակագծի տրամաբանության շրջանակում: Սա հայ ճարտարապետության և քաղաքաշինության նոր վերելքի շրջանն էր: Փակ շուկային զուգահեռ ավարտվեց Հանրապետության հրապարակի շինարարությունը, վեր հառնեցին մայրաքաղաքի նկարագիրն ամբողջացնող այնպիսի գեղաշեն կառույցներ, ինչպիսիք են Երևանի կոնյակի գործարանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքը, երկաթուղային կայարանի շենքը, Բյուրականի աստղադիտարանը, Հաղթանակի հուշարձանը, Մատենադարանը և այլ սքանչելիքներ:
Խորհրդային նշանավոր գրող և հրապարակախոս Լեոնիդ Վոլինսկին, ով, անկասկած, աշխարհ տեսած պատվական մի այր էր, իր «Անդրկովկասի գույները» նշանավոր աշխատությունում, ի թիվս Երևանի այլ հոյակապ շենքերի, անդրադառնում է նաև Փակ շուկային, հիացմունքով նշելով, որ ճակատի հավ ու ճիվի հրաշալի ձուլածո քանդակազարդումները խամրում են շուկայի ներսում, գունա-բուրմունքային խրախճանքի համեմատության մեջ: Ի դեպ, մինչ Փակ շուկան Վոլինսկին հասցրել էր ըմբոշխնել Սասունցի Դավթի արձանը կայարանամերձ հրապարակում (նա գրում է, թե դա Սովետմիությունում տեղադրված լավագույն ձիարձանն է վերջին հարյուր տարում, գուցե և ավելի), Հանրապետության (այն օրերի Լենինի) հրապարակը, Թամանյան փողոցը, օպերային թատրոնի շենքը և առհասարակ թամանյանական ժառանգությունը: Այսինքն, տիար Վոլինսկու աչքը բավականաչափ ընտելացել էր թամանյանական և հետթամանյանական Երևանի կոթողներին: ՈՒ, այսուհանդերձ, նա արժևորում էր նաև Փակ շուկան:

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՂՁԱՎԱՆՋԸ
(պաղ թեյին փոխարինում է սառցասառն գարեջուրը)
Այսպիսով, շուկայական հարաբերությունների բուռն փթթման շրջափուլում փլուզվում է Փակ շուկան: (Շնալողը որոշ շուկայատերերի ամենասիրած մարզաձևն է, սակայն սա ի միջի այլոց):
Այսպիսով, տրամաբանությունը, որ թրծվել է վերջին տարիներին մայրաքաղաքի, առհասարակ, հանրապետության դիմագծի ու կերպի, ավանդույթի և սովորույթի խորտակման, տրոհման կամ, նվազագույնը, խմբագրման խաչմերուկներում, ուղղակիորեն հուշում է` Երևանի էլիտար կենտրոնը միակ աշխարհագրական վայրն է, ուր վեր չի հառնում տիար Ալեքսանյան Սամվել Լիմինդրովիչի հոգեզավակներից գեթ մեկը: Եվ, իսկապես էլ, էլիտար կենտրոնում չենք հանդիպի իր առանձնության մեջ եգիպտական բուրգի նման անսասան ու անհանդուրժող «Երևան սիթի», «Կայզեր» և այլ շուկայական զիկուրատների: Սա վիրավորա՞նք էր շաքարաձեթային մենաշնորհատերի արժանապատվությանը: Անկասկած: Վիրավորանքն էլ մեր մենաշնորհատերերը վաղուց արդեն արյամբ չեն լվանում: Դա սիցիլիական մաֆիայի թափթփուկների մենաշնորհն է: Եթե այսօր հայ օլիգոպոլիկի առջև խոչընդոտներ են ծառանում, նա շրջանցում է դրանք և շատ ավելի մեծ շուքով հայտարարում յուր հաղթարշավի մասին: Ընդ որում, բացառապես օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Չէ՞ որ երեկ էլ, այսօր էլ մեր խորհրդարանում կան բազմագետ ինկիտատուսներ, որ պատրաստ են ցանկացած զանգվածային հակաօրինականություն ծնող օրենքներ թխելու և կապելու հանրության պարանոցին: Միայն թե օրենքը ծառայի մենաշնորհատերերի մենաշնորհային շահերին, ապահովի նրանց գերշահույթների հերթական հեղեղը և այլն: Ի դեպ, Ինկիտատուսը Կալիգուլայի սենատոր կարգված նժույգն էր:
Այսպիսով, նախ հստակեցնենք Սամվել Ալեքսանյանի (նաև շատ շատերի) մեղքի չափը, փորձենք նրան որակում տալ: Եվ, վստահ եղեք, գոնե մի փոքր հստակություն կմտնի խնդրո առարկայի մեջ: Պահանջել, որ հայկական շուկայական խառնափնթոր ջունգլիների բանականի ու բարոյականի զուգահեռում մի խղճուկ հրաձգարանի կոպեկանոց վաստակ ունեցող տառաճանաչ ջահելը (որը մեկ-երկու տարում միլիոնների շահույթ է ունենում զուտ այն բանի շնորհիվ, որ 3-րդ հանրապետության տնտեսաքաղաքական միտքը հանրապետության փրկությունը տեսնում էր տնաբույս միլիոնատերերի ձևավորման մեջ), ով այսօր արդեն միլիարդների կապիտալ է տնօրինում, հավատարմություն հանդես բերի հանդեպ ազգային և հասարակական արժեքների, առնվազն պարզամտություն է: Չէ որ տնտեսական բացահայտ ամենաթողությունից ուղղակիորեն դիվահարվելով, արդի հայ տնտեսական վերնակույտն անսքող ատելությամբ է տոգորված ամենայն հանրայինի, պետականի, ազգայինի հանդեպ: Քանզի վերոնշյալ սահմանումները, ըստ իրենց, ուղղակի վտանգ են իրենց կարողությանը: Գուցե նաև կյանքին: Այս ամենը, ներող եղեք, սակայն դասագրքային ճշմարտություն է, հանրահայտ դեռ «էն գլխեն»:
Եվ ահա գլխավոր, հայեցակարգային հարցը. Փակ շուկան նախ սեփականաշնորհման ցանկում հայտավորողները, ապա դրա ապագայի վերաբերմամբ բավականաչափ խստակյաց ու պահանջկոտ պայմանագրային սահմանափակումներ չիրականացնողներն ավելի խոշոր չափի մեղավորներ (եթե ոչ հանցագործներ) չե՞ն: Ըստ իս, այո, հենց նրանց, պետական առանձին ատյանների հոգուն է ծանրանալու (եթե արդեն չի ծանրացել) Փակ շուկայի շուրջ իրականացվող այս վայրենաբարո գործընթացը: ՈՒ սա անկախ այն բանից, թե ինչ ավարտ կունենա այս զարհուրելի պատմությունը: Այո, այո, հենց զարհուրելի, զարմանահրաշ, զարզանդելի, քանզի, սիրելիներս, ամեն բան կախված է մեկ բանից, թե այս փուլում որքան է նպատակահարմար հանրապետությունով մեկ աղմուկ-աղաղակ բարձրացնելը:
Էնպես որ, սահուն սահանկումով անցնենք պաղաշունչ թեյին: Ալեքսանյանը և այլք վստահաբար կիրականացնեն ցանկացած մտահղացում, քանի դեռ հայոց նորաթուխ պետությունը հանդես է գալիս միայն որպես մարտավկա, հաճախ նաև որպես մարզիչ այն խելացնոր խաղում, որ կոչվում է շուկայական հարաբերություն` 3-րդ հանրապետության պատկերով ու նմանությամբ:

Նաև եկեք չմոռանանք ակնհայտ փաստերը. 1991-1997 թվերին Հայաստանից արտագաղթեց շուրջ 800 հազար ՀՀ քաղաքացի: Գրեթե նույնքան մարդ էլ հայտնվեց աղքատության ճիրաններում: Այդ տարիներին էր, որ արմատավորվեցին և ահարկու չափեր ընդունեցին շուկայական կոչված հարաբերությունները, որոնք իրենց բնույթով պարզապես տնտեսական բռնախեղումներ են, գնալով ավելի ու ավելի համակարգված և (ինչպես արդեն նշեցինք) օրենքով ու օրինականությամբ օրհնված: Կարծում ենք, սա ինչ-որ բան պետք է մեզ հուշի։

Մեկ տարի առաջ էր կարծես, երբ անթաքույց, գրեթե պետական մակարդակներով շշնջում, այնուհետև շեփորում էին, թե գործարար պատգամավորները (անշուշտ, նկատի էին առնվում մենաշնորհատերերը) գալիք խորհրդարանում անելիք չունեն: Սա տագնապալի հույսեր ներշնչեց շատերիս: Տագնապալի, քանզի նախ դժվար էր պատկերացնել, որ օլիգարխիան հեշտությամբ, ընդամենը բարի ցանկության համատեքստում կզիջի գերպինդ դիրքերը: Այնուհետև, ոչինչ չէր ասվում այն մասին, թե հանրային որ շերտի պատվիրակները կհամալրեն նոր որակի խորհրդարանը:
Մասնավորապես տողերիս հեղինակի համար պարզորոշվեց էական, հանգուցային մեկ բան, երբ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը լրջախոհ և ազնվասիրտ հայտարարեց, թե օլիգարխիայից միանգամից ազատվելը հղի է երկրի տնտեսության լուծարմամբ, քանզի հենց նրանց տնօրինման ներքո է հանրապետության տնտեսության առյուծի բաժինը: Եվ ենթադրելի էր, որ ներկա խորհրդարանը գոնե կձերբազատվի խոշոր բիզնեսից: Անշուշտ, ձերբազատվել է, սակայն ձևականորեն: Այսօր դժվար է ասել, թե զուտ ֆինանսական և գույքային ազդեցությունների և ամենաթողության հաշվարկով ներկա խորհրդարանն արդյոք զիջո՞ւմ է նախորդին։ Ըստ իս` ո՛չ, ու ահա թե ինչու: (Կապեք ամրագոտիները, առջևում մարտեր են` առանց կանոնների):

ՕՇԱՐԱԿ` ԻՇԽԱՆԱՎՈՐԱՑ ՀԱՄԱՐ
(վերջաբանի հոխորտանք)
Օշարակ, այսինքն` «շարբաթ»: Կամ նվազագույնը` մեղրաջուր: Զի հայտնի է, որ օշարակը թարմացնում է հիշողությունը: Իր հերթին շատ օգտակար են (լիարյուն և անկողմնակալ հիշողության վերականգնման համար) առավոտյան մարմնամարզությունը, չափավոր սնունդը, չափավոր սուտը և խոստումների գոնե մի մասի պարբերական կատարումը:
Այնպես որ, Փակ շուկան կա՛մ ազգայնացվում է, կա՛մ սպասենք Ալեքսանյանի ու այլոց նորանոր ոտնձգություններին:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. -Ամենևին պետք չէ ազգայնացում տերմինից բարոյահոգևոր ինքնախարազանման մեջ հայտնվել։ Ազգայնացումը սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացին զուգահեռ գործընթաց է, որ ընթանում է կապիտալիստական բոլոր երկրներում։ Ի դեպ, գերշուկայական ԱՄՆ-ում պետական է ընդհանուր տնտեսության շուրջ 40 %-ը։

Դիտվել է՝ 5776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ