ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ` «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ»

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ` «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ»
28.01.2011 | 00:00

Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող հայաստանաբնակ երեխաները հատուկ կրթահամալիրներն ավարտելուց հետո կանգնում են լուրջ փաստի առաջ` ո՞ւր գնալ, քանզի շատ հաճախ ոչ միայն ընտանիք չունեն, այլև միայնակ են և անօգնական:
Երեխաների չափահաս դառնալուց հետո կրթահամալիրներում նրանց ֆինանսավորումը դադարեցվում է, վերջիններիս մասին շարունակում են հոգ տանել այդ հաստատությունների տնօրենները, սակայն դա արվում է սեփական միջոցների հաշվին, լավագույն դեպքում, բարերարների օգնությամբ: Նրանց հոգսը փորձում է փոքրիշատե թեթևացնել Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող «Ջերմիկ անկյուն» խմբային տունը` իր հովանավորության տակ առնելով օգնության կարոտ 13 անօթևան երեխայի։ ««Ջերմիկ անկյուն» ծրագիրը ներկայացնում է առաջին երկարաժամկետ խմբային տունը Հայաստանում, որի նպատակն է տան բնակիչներին ապահովել ամբողջական և անհատական խնամքով, առաջ քաշել հաշմանդամ անհատների իրավունքների խնդիրը»,- ասում է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի տնօրեն ԵԼԵՆԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: «Ջերմիկ անկյունում» ապաստան է գտել 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներն ավարտած կարիքավոր 13 երիտասարդ (4 տղա և 9 աղջիկ): Նրանք տեղափոխվել են Կապանի թիվ 3 և Փարաքարի թիվ 2 կրթահամալիրներից:
«Ջերմիկ անկյան» հսկողության տակ է նաև մի երիտասարդ, որը հոգեկան լուրջ խնդիրների պատճառով գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում (նրա նկատմամբ նույնպես տարվում են համապատասխան աշխատանքներ): Հաշմանդամ և ծնողազուրկ երեխաների մասին հոգ է տանում 15-հոգանոց մասնագիտացված խումբը, որի մեջ մտնում են խնամակալներ, հոգեբան-էրգոթերապևտ, բուժաշխատողներ, ուսուցիչներ: Խմբում ընդգրկված են նաև կամավորներ, ովքեր նպաստում են ծրագրի զարգացմանը: Խմբային տան բնակիչներն զբաղվում են ասեղնագործությամբ, գոբելենագործությամբ, գորգագործությամբ, նկարչությամբ, մաքրամեով, երբեմն-երբեմն կազմակերպվում է նաև ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվում են հաշմանդամ երեխաների աշխատանքները:
«Ջերմիկ անկյուն» խմբային տունը ստեղծվել է 2005 թվականի դեկտեմբերին, հիմնադիրն է «Խաղաղության կորպուս» միջազգային կազմակերպության նախկին կամավոր ՆԱԹԱԼԻ ՌԻԶԻԵՐԻՆ: Մինչ այդ նա երկու տարի կամավորական սկզբունքով աշխատել է Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում: Ծանոթանալով Հայաստանում բնակվող մտավոր ու ֆիզիկական սահմանափակումներ ունեցող միայնակ, չափահաս անձանց հիմնախնդիրներին և գիտակցելով այն տխուր իրավիճակը, որում հայտնվում են հատուկ կրթահամալիրներն ավարտած սաները, ամեն կերպ ուղիներ է փնտրում` նրանց խնդիրները լուծելու: «Նման տուն ստեղծելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ իմացա, որ այս երիտասարդներին, բնակվելու տեղ չունենալու պատճառով, պետք է տեղափոխեն հոգեբուժարան: Դա ինձ ցնցեց, չէ՞որ նրանք գիժ չեն: Կար երկու տարբերակ` փողոց կամ հոգեբուժարան, որտեղ նրանք կկործանվեին: Ես չափազանց շատ եմ սիրում նրանց, որ դա թույլ տայի: Մեկ այլ հաստատություն, ուր կարող էին տեղափոխել արդեն չափահաս դարձած ծնողազուրկ հաշմանդամներին, չկար»,- ասել է Ռիզիերին:
Վերադառնալով ԱՄՆ, նա բավականաչափ ինֆորմացիա է հավաքում նմանատիպ խմբային տների մասին և, մի քանի անքուն գիշերներ անցկացնելուց հետո, սկսում է անթիվ նամակներ գրել իր բոլոր ընկերներին, խաղաղության կորպուսի կամավորներին, նույնատիպ ծրագրեր իրականացնող կազմակերպություններին: Մի քանի ամսվա ջանքերից հետո նրան վերջապես հաջողվում է հավաքել 100 հազար ԱՄՆ դոլար, այնուհետև մշակվում է մոդել, որը ներդրվում է Հայաստանում: ԱՄՆ-ի կառավարության և «Խաղաղության կորպուս» միջազգային կազմակերպության օգնությամբ գնվում է եռահարկ առանձնատուն Հայաստանում, որը դառնում է առաջին խմբային տունը: 2008-ին ստեղծվում է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամը և շարունակում խմբային տան գործունեությունը:
«Իր արատավոր քաղաքացիներով մտահոգ յուրաքանչյուր հասարակություն պետք է կարևորի նաև հաշմանդամության խնդիրը,- նշում է հիմնադրամի տնօրենը:- Մեր նպատակն է ստեղծել համայնքային երկարաժամկետ խնամքի տներ, որտեղ միայնակ, չափահաս հաշմանդամները կապրեն ընտանեկան միջավայրում, կստանան անհատական բուժօգնություն, առտնին կյանքի կարևոր հմտություններ ձեռք կբերեն»:
Ծրագրի ֆինանսավորումն իրականացնում է ԱՄՆ-ում գործող «Ջերմիկ անկյուն» ինկորպորացիան, որը գումարներ է հայթայթում նվիրատվությունների, տարբեր կազմակերպությունների կամ անհատների տրամադրած օգնությունների հաշվին: Հիմնադրամի տնօրեն Ելենա Կիրակոսյանը մտահոգություն հայտնեց, որ 2011-ի հուլիսին ինկորպորացիայի ֆինանսավորման ժամկետը լրանում է, և հիմնադրամը ֆինանսավորման նոր աղբյուրներ պետք է որոնի։
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2374

Մեկնաբանություններ