Ես խիստ դժվարանում եմ որևէ դեպք հիշել, որ շարքային քաղաքացին շահի դատը, եթե հակառակ կողմում խոշոր սեփականատերն է։ Լավագույն դեպքում նա կարող է ինչ-ինչ մասնակի ֆինանսական փոխհատուցում ստանալ։ Եվ բավարարվել դրանով, ուրիշ ոչինչ։ Այս դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին։ Այստեղ ևս մերժվել է բաժնետեր-քաղաքացու հայցն ընդդեմ սեփականատեր-բաժնետերի։ Ավելի ստույգ` վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ է թողել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2014-ի փետրվարի 18-ի վճիռը։ Այս պատմության մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր թերթում հրապարակված նյութում («Բաժնետոմսերի ջունգլիներում», 28.03.2014 թ.)։ Այժմ հիշատակենք այս զարմանալի «դատաստանի» հեղինակներին. նախագահող դատավոր` Ա. Թումանյան, դատավոր` Լ. Գրիգորյան, դատավոր` Գ. Մատինյան։ Յուրաքանչյուրի ազգանունը վավերացված է կնիքով, հաստատված է նրանց ստորագրությամբ։ (Հետաքրքիր է, ինչո՞ւ են թաքցվում հարգարժան դատավորների անունները)։
Այստեղ հոդվածը փորձենք կառուցել շատ ավելի փաստական հիմքի վրա, ներկայացնելով վերաքննիչ դատարանի որոշման 3-րդ կետի հիմնական հատվածը, ուր «հիմնավորվում է», որ Գևորգ Մուրադյանն է մեղավոր և նշվում է հայեցողական մի դրվագ, որը, ըստ դատարանի, լիուլի բավարար է նոր Հայաստանի ազատական տնտեսության մեջ իր լուման ներդրած հանգուցյալ հայցվորի ընտանիքին մերժելու համար։
«3. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԷԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
1. Սովորական անվանական բաժնետոմսերի առաջին թողարկման հավաստագրի համաձայն` Գևորգ Մուրադյանը հանդիսանում է «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ի բաժնետեր, և 19.09.1995 թվականի դրությամբ ունի 66 հատ սովորական անվանական բաժնետոմս։
2. ՔԿԱԳ գործակալության տարածքային բաժնի կողմից 30.09.2004 թ. տրված թիվ 001459 մահվան վկայականի համաձայն Գևորգ Մուրադյանը մահացել է 29.09.2004 թվականին։
3. 24.01.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` հանգուցյալ Գևորգ Մուրադյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում կինը` Գոհար Սարգսյանը, և դուստրը` Մանե Մուրադյանը։
4. «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի» տնօրեն Վ. Ստեփանյանի 29.11.2012 թ. թիվ ՀԿԴ-4-1470 գրությամբ` ուղղված ՀՀ «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Է. Շաբոյանին, հայտնվել է, որ 28.11.2012 թ. դրությամբ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում Գևորգ Մուրադյան անվամբ բաժնետեր գրանցված չէ։
5. Ի պատասխան դատարանի կողմից կատարված հարցմանը` «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի» տնօրեն Վ. Ստեփանյանը 27.09.2013 թ. թիվ ՀԿԴ-4-1516 գրությամբ պատասխանել է, որ Գևորգ Մուրադյանը չի հանդիսացել «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից թողարկված բաժնետոմսերի սեփականատեր։
6. Ի պատասխան դատարանի կողմից կատարված հարցմանը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի» տնօրեն Վ. Ստեփանյանը 28.11.2013 թ. թիվ ՀԿԴ-4-1744 գրությամբ պատասխանել է, որ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ն հանդիսանում է «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ի իրավահաջորդը։
7.«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի կողմից 07.05.2013 թ. տրված «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի համաձայն, 06.05.2013 թ. դրությամբ ընկերության արժեթղթերի տեսակն է` հասարակ անվանական, քանակն է 15 648 հատ, որոնց 100 տոկոսի սեփականատերն է հանդիսանում Միխայիլ Գեորգիի Սամոդելկինը։
4. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Տվյալ դեպքում հայցվորը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲ ընկերության, երրորդ անձ` Գոհար Սարգսյանի` Գևորգ Մուրադյանին պատկանող 66 հատ բաժնետոմսերը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա գրանցման ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, պատճառաբանելով, որ Գևորգ Մուրադյանը «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲ ընկերությունից գնել է 66 հատ 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով բաժնետոմսեր։ Գևորգ Մուրադյանը մահացել է 29.09.2004 թվականին։ Ինքը հանդիսանում է Գևորգ Մուրադյանի ժառանգը, որը հաստատվում է ՀՀ Կենտրոնական նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից 24.01.2006 թվականին տրված ժառանգության վկայագրով։ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲ ընկերությունը բաժնետոմսերը գրանցման չենթարկելով խախտել է իր սեփականության իրավունքը։
Իր պահանջը հիմնավորելու համար հայցվորը պարտավոր էր դատարանում համապատասխան թույլատրելի և վերաբերելի ապացույցներով հիմնավորել, որ`
- Գևորգ Մուրադյանը 29.09.2004 թ. դրությամբ հանդիսացել է «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲ ընկերության 66 անվանական հասարակ բաժնետոմսերի սեփականատեր և այդ իսկ հիմքով դրանք մտել են ժառանգության զանգվածի մեջ։
- Գևորգ Մուրադյանն ունեցել է բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունք, որը խախտվել է «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲ ընկերության կողմից այդ իրավունքը Կենտրոնական դեպոզիտարիայում կամ այլ պահառուի մոտ չգրանցելու արդյունքում։
Մինչդեռ այդ, քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները հայցվորի կողմից չեն հիմնավորվել։
Ավելին` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 31.05.2013 թ. թիվ 3-2/0932-13 գրության համաձայն` 31.01.2000 թվականին «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ն վերակազմավորվել է «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ի, որը 23.06.2000 թվականին վերանվանվել է «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲ ընկերություն։
«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի կողմից 07.05.2013 թ. տրված «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի համաձայն` 06.05.2013 թ. դրությամբ ընկերության արժեթղթերի տեսակն է հասարակ անվանական, քանակն է` 15 648 հատ, որոնց 100 տոկոսի սեփականատերն է հանդիսանում Միխայիլ Գեորգիի Սամոդելկինը։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տեղեկանքի համաձայն «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ` կանոնադրական կապիտալն է 15480000 ՀՀ դրամ 31.01.2000 թ. կատարվել է մասնակիցների փոփոխություն, կանոնադրական կապիտալի փոփոխություն, կազմաիրավական տեսակի փոփոխություն, սեփականության ձևի փոփոխություն։
Այսինքն` 31.01.2000 թ. կատարվել է նաև մասնակիցների փոփոխություն և այդ փոփոխության արդյունքում Գևորգ Մուրադյանի «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ սեփականատեր մնալու հանգամանքի ապացուցման բեռը կրում է հայցվորը, որն այդ իր պարտականությունը չի կատարել և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով կրում է դրա բացասական հետևանքները։
Հետևաբար հայցվորը չի ապացուցել, որ 66 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը մտել են ժառանգության զանգվածի մեջ և դրանք Կենտրոնական դեպոզիտարիայում չգրանցելով խախտել է իր սեփականության իրավունքը»։
Ինչ խոսք, «զորավոր» փաստարկներ են։
Ահա նաև որոշման 2-րդ կետի համառոտագրումը, որը հիմնավորում է դատական նշյալ հետաքննության ակնհայտ շինծու լինելը։
«2. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԻ ՀԻՄՔԵՐԸ, ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋԸ
Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 51-54-րդ, 130-րդ, 132-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ, ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները։
Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքը, նախապատվությունը տվել է պատասխանող կողմին, գործում առկա ապացույցներին տվել է սխալ գնահատական։
Գործով ձեռք բերված ապացույցների վերլուծությունից ակնհայտորեն հիմնավորվում է այն փաստը, որ հայցվորի իրավանախորդը եղել է «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ի կողմից 19.09.1995-ից թողարկված թվով 66 հատ սովորական բաժնետոմսերի սեփականատեր, որպիսի հանգամանքը հիմնավորվում է նաև դատարանի կողմից վճռում հիշատակված «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ի կանոնադրության 5.2 կետով, առ այն, որ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 15648 հատ սովորական անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10000 ՀՀ դրամ, և բոլոր 15648 բաժնետոմսերը տեղաբաշխված են նրանց կողմից։ Այսինքն, համադրելով ապացույցները, ակնհայտորեն պարզ է դառնում, որ 19.09.1995-ից մինչև 31.01.2000 թ. «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ում եղել են մի շարք սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերեր, յուրաքանչյուրն ըստ իր ունեցած բաժնետոմսերի որոշակի քանակի, այդ թվում նաև հայցվորի իրավանախորդն իր 66 հատ բաժնետոմսով։
Բողոքաբերի պնդմամբ դատարանը մերժել է իր միջնորդությունը գլխավոր հաշվապահին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ։
Դատարանը որպես ապացույց չի ճանաչել հայցվորի կողմից ներկայացված ընկերության հաշվապահությունից ստացված վանդակավոր տետրի փոքր թղթի վրա կատարված գրառումը։
Դատարանը հղում է կատարել միայն ընկերության կանոնադրության 5.2 կետին և չի անդրադարձել դրան հաջորդող այլ կետերի, մասնավորապես 6.3 և 6.4 կետերին, որոնց վերլուծությունից հետևում է, որ հայցվորի կողմից ժառանգություն ստացած բաժնետոմսերն ամբողջությամբ համապատասխանում են օրենսդրության և կանոնադրության պահանջներին, այն հանձնված է եղել ընկերության ռեեստրին, այլապես չէր տրամադրվի, սակայն ընկերությունն իր հերթին այն չի ներկայացրել Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա, նպատակ ունենալով հետագայում այն ընկերության սովորական անվանական բաժնետոմսերի բաժնետերերի հաշվառման գրանցամատյանները վերացնել և թողնել մեկ բաժնետեր։
Ըստ բողոքաբերի` բողոքարկվող դատական ակտը օրինական և հիմնավորված չէ։
Այդ կապակցությամբ բողոքաբերը վկայակոչել է Վճռաբեկ դատարանի թիվ 2504(ՏԴ) և 12.12.2007-ի թիվ 3-1843(ՎԴ) որոշումը։
Քննարկվող պարագայում, գործում եղած փաստերի համաձայն, պատասխանողն ըստ էության հիմնավորող որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել, իսկ ներկայացվածներն էլ, խնդրո առարկայի հետ, ըստ էության, որևէ պատճառահետևանքային կապ չունեն, ընդամենը ենթադրություններ են։
Հայցվոր կողմից ներկայացված ապացույցներով միանշանակ հերքվում են պատասխանողի կողմից ներկայացված ապացույցները և դրանց հիման վրա կառուցված առարկությունները։
Դատարանը վիճարկվող դատական ակտում հայցվորի ներկայացրած ապացույցների առումով գնահատման չի արժանացրել և չի նշել դրանք մերժելու փաստարկները, ինչի արդյունքում սխալ է մեկնաբանվել նյութական օրենքը, որն էլ ազդել է գործի ելքի վրա և հանգեցրել սխալ դատական ակտի կայացմանը։
Վերոգրյալի հիման վրա պահանջել է ամբողջովին բեկանել դատարանի վճիռը և փոփոխել այն` հայցապահանջը բավարարել։
Անհնարինության դեպքում ամբողջովին բեկանել դատական ակտը, բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննություն սահմանելով նոր քննության ծավալը»։
Այսպիսով ակնհայտ է, որ հայկական դատական համակարգի վճռորոշ օղակներից մեկը ևս անկախ չէ, ակնհայտորեն պաշտպանում է վերոնշյալ գործարանի նախկին սեփականատեր (այժմ ՀՀ վարչապետ) Հովիկ Արգամի Աբրահամյանի և ներկա սեփականատեր Միխայիլ Գեորգիի Սամոդելկինի շահերը. ընդ որում, թե՛ նախորդ, և թե՛ ներկա վճիռներում դատարանները կարծես անսքող բավականություն են ստանում հատկանշելով, որ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի 15648 հատ բաժնետոմսերի 100 տոկոս գրանցված սեփականատերն է հանդիսանում Մ. Գ. Սամոդելկինը։ Նա այլոց սեփականությունը հանդիսացող 66 բաժնետոմսի տերն է և հանգիստ խղճով վայելում է վերջիններիս սեփականության պտուղները։ Մի բան, որ այնքա՜ն սովորական է մեր հանրապետությունում, որի գլխավոր օրենքը հռչակում է, որ երկրում իշխանության տերը ժողովուրդն է։ Ո՛չ, իրականում սեփականատերն է իշխանության տերը։ Այս դեպքում` Սոմոդելկինը և դատական ատյանները։
Ի դեպ, ժամանակը չէ՞, որ նման դատական գործընթացներից առաջ հոտնկայս և քիչ էլ հուզված դատարաններում հայտարարեն ոչ թե «Հանուն Հայաստանի Հանրապետության», այլ այսպես. «Ոտքի՛, դատարանն է գալիս, վասն սեփականատեր ֆլանի և ֆստանի»։
Ի դեպ, ճշմարտությանը դեմ չգնալու համար հիշեցնենք, որ բարեբախտաբար մեր հեղհեղուկ իրականությունում ոչ բոլոր խոշոր սեփականատերերն են խիղճը իսպառ կորցրել։ Հանգուցյալ Գևորգ Մուրադյանը Երևանի «Հայհրուշակ» գործարանում ուներ ընդամենը 20 հատ անվանական բաժնետոմս։ Նրա մահից հետո կինը և դուստրը առանց այլևայլության ստանում են 740 հազար դրամ։ Հիշեցնենք, որ վերոնշյալ գործարանի սեփականատերն է Վարդանյանների ընտանիքը, հանգուցյալ Հրանտ Վարդանյանի գլխավորությամբ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման 2-րդ կետով Մանե Մուրադյանից բռնագանձվում է 10 հազար դրամ` որպես օրենքով նախատեսված և վերաքննիչ դատարանի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար։
Իսկ 3-րդ կետը տեղեկացնում է, որ որոշման հրապարակումից մեկ ամիս անց այն կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան։ Անշուշտ, կբողոքարկվի։ Մինչ այդ հուսանք, որ ՀՀ արդարադատության նախարարը անձնական հսկողության տակ կառնի նշյալ գործը։ Այստեղ, նյութականից զատ, քաղաքացիների հավատն է դառնում ոտան կոխան։