«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը ակնհայտ քաղհալածանքի օրինակ է: Բավական չէ, որ մարդուն ենթարկեցին հոգեբուժական փորձաքննության, որի եզրակացությունը մինչև հիմա չի հրապարակվել, արգելվել են նաև հարազատների հետ տեսակցությունները: Սրան գումարած` 17 օր հացադուլի մեջ գտնվող մարդուն ուշաթափ վիճակում տեղավորել են դատապարտյալների հիվանդանոցի չջեռուցվող սենյակում: Դժվար է հավատալ, որ ողջ հիվանդանոցը չի ջեռուցվում: Շանթ Հարությունյանին, ամենայն հավանականությամբ, հատուկ են տեղավորել ցուրտ սենյակում ու սա էլ բավական չէ, նրան ձու են տվել հացադուլից դուրս գալու համար: Հացադուլից դուրս գալու դասական մեկնաբանության մեջ ասվում է, որ երկար ժամանակ սով պահելուց հետո օրգանիզմը հյուծվում է, թուլանում, ստամոքսաղիքային համակարգը հետ է վարժվում սնունդ ընդունելուն ընդհանրապես և օրգանիզմը նորմալ կյանքին վերադարձնելու համար պետք է սկսել բուսական և կաթնային թեթև սննդատեսակներից` բացառելով աղը, սպիտակուցային մթերքը` միս, ձու, սունկ, հատիկավորներ: Միամիտ պետք է լինել կարծելու համար, որ դատապարտյալների հիվանդանոցի աշխատակազմը այս մասին չգիտե: Նույնիսկ բժշկությունից հեռու մարդը կարող է տրամաբանել, որ հացադուլից հետո ծանր սնունդ չի կարելի ընդունել, իսկ ձուն համարվում է դժվարամարս սննդամթերք:
Հարկ է նկատել, որ իշխանության` Շանթ Հարությունյանին ճնշելու միջոցով բողոքի պոռթկումները խեղդելու փորձը չի կարող արդյունք տալ, քանի որ մեր երկրում քաղաքական պայքարի նախադեպային պատմությունը հակառակն է ապացուցում: Գործող իշխանությունը դրանում բազմիցս համոզվել է: Համոզվել է, բայց համառում է, սակայն պայքարի ոգին, որպես կանոն, համառելու հարցում մրցակից չունի:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ