«Յոթի գործով» քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքը դատարանում պաշտպանող հայտնի դատախազ Կորյուն Փիլոյանն ազատվել է Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների վարչության պետի պաշտոնից:
2008թ. ՀՀ նախագահին հաջորդած հետընտրական զարգացումների ժամանակ Կորյուն Փիլոյանը ջանադիր կերպով լծվել էր քաղբանտարկյալներին մեղավոր ճանաչելու և նրանց ապօրինի առաջադրված մեղադրանքները պաշտպանելու գործին: Նույնիսկ ամեն օր հասարակության կողմից դատարանում նրա երեսին շպրտված թուք ու մուրը Կորյուն Փիլոյանին հետ չկանգնեցրեց իր գործից և դույզն-ինչ չսթափեցրեց:
Լուսաբանում էի Արցախյան պատերազմի ազատամարտիկ Սասուն Միքայելյանի դատավարությունը: Կորյուն Փիլոյանը, Սասուն Միքայելյանի՝ դատարան մտնելուն պես, հասցրեց նրան ասել. «Դուք հերոս եք, Ձեզ փառաբանում են, իսկ մեզ ամեն օր թուք ու մուր տալիս»: Մարդը ներքուստ ընդունում էր, թե ով է ինքը, և ով՝ Սասուն Միքայելյանը, որին ամեն անգամ դատարան էին բերում որպես մեղադրյալ:
Հիմա սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ինչպես է դատավոր Եվա Դարբինյանը, առանց ամոթի զգացման, ազատազրկման դատապարտում քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին: Եվա Դարբինյանը նույն կերպ է վարվել նաև այլ քաղբանտարկյալների հետ՝ հլու-հնազանդ ծառայելով իշխանություններին և դատական վճիռը կարդալուց հետո «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո դուրս փախչելով դահլիճից:
Եվա Դարբինյանին էլ հերթ կհասնի: Իշխանությունները, փորձելով սրբսգրել իրենց նախկին գործունեությունը, առաջին հերթին ազատվում են Փիլոյանի ու Դարբինյանի տեսակից:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ