Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Սեփական տունը քանդելու ամենակարճ ճանապարհը ամեն ինչ տգետների ձեռքը տալն է

Սեփական տունը քանդելու ամենակարճ ճանապարհը ամեն ինչ տգետների ձեռքը տալն է
11.09.2023 | 07:38

Շատ վառ երևակայություն է պետք, որպեսզի պատկերացնենք այն կոնցեպտուալ աբսուրդի չափը, որով մեր իշխանությունները 90-ականների սկզբին իբր թե կառավարում էին, ավելի ճիշտ, կործանում էին մեր՝ դրանից մի քիչ առաջ ծաղկուն երկիրը։

Եվ այն ծաղկուն էր ոչ միայն այսօրվա հետ համեմատած, այլ համեմատած իր ժամանակի բարգավաճ միլիարդի սահմաններից դուրս, ցանկացածի հետ։

Իսկ մեր երկիրը քանդող պրոպագանդան միտումնավոր կերպով մեզ միշտ համեմատում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլոց հետ։

Պատկերացնու՞մ եք, թե ինչքան թանձրամիտ պետք է լինի երկրի կառավարմանը մասնակցող որևէ տնտեսագետ, որը հավատա, որ տնտեսությունը կարող է լինել ինքնակառավարվող, այսինքն, շուկան այնպիսի իդեալական մի բան է, որը, առանց պետական մակարդակի միջամտության, կկառավարի տնտեսությունը։

Հազիվ թե այդ պետականաքանդ կոնցեպտին հավատում էին դրա ամենամեծ ջատագովներ Գայդարն ու Չուբայսը, պարզապես այդ կոնցեպտը ամենահզոր միջոցն էր աշխարհի երկրորդ տնտեսություն ՍՍՀՄ-ը և կոմունիստական ամեն ինչը հիմնահատակ կործանելու համար։

Կոմունիստական գաղափարախոսությունը, ինչքան էլ սուր քննադատության ենթարկվի, անհարին է հերքել այն փաստը, որ երկու տասնամյակի ընթացքում այն աղքատ ու հետամնաց Ռուսական կայսրության փոխարեն ունեցավ ժամանակակից արդյունաբերության տեր երկիր, որը կարողացավ հաղթել ամենաառաջադեմ էկոնոմիկա ունեցող Գերմանիային։

Ցավալիորեն խորհրդային գաղափարախոսները այնքան ճկուն չգտնվեցին, որ հասկանան, որ առանց տնտեսական հարաբերությունները փոխելու և գոնե մասնակիորեն մասնավոր սեփականության հարցը լուծելու, նույնիսկ խրուշչովյան մասնակի ազատականացումը իրենից մեծ վտանգ է ներկայացնում երկրի կայունության տեսանկյունից։

Վաղուց էր հայտնի, որ և՛ կապիտալիզմը, և՛ խորհրդային տեսակի սոցիալիզմն ունեին և՛ դրական, և՛ բացասական կողմեր և, առնվազն տեսականորեն, նրանց արանքում պետք է լինի մի կոմպրոմիսային հասարակարգ, որն իր որակով կարող է լինել ավելի գերադասելի, քան գոյություն ունեցող երկու հասարակարգերը։

Այդ տեսանկյունից ներկայիս Չինաստանը կարելի է համարել այդ գաղափարի իրականացման կենսունակ տարբերակ, բայց որը, հնարավոր է, միակը չէ։

Համաշխարհային փոփոխությունների ներկա ժամանակաշրջանում , երբ և՛ քաղաքական, և՛ տնտեսական կյանքը շարունակում են մնալ անկայուն ու քաոսային, պետք է հուսալ, որ մեր գիտակցությանը կհասնի այն պարզ ճշմարտությունը, որ պետությունը կառուցում են գիտակ ու պրոֆեսիոնալ մարդիկ, և սեփական տունը քանդելու ամենակարճ ճանապարհը ամեն ինչ տգետների ձեռքը տալն է։

Դժբախտաբար, մենք ոչ միայն տգետ ենք, այլև տգիտությունը հպարտորեն դարձրել ենք մեզ համար դրոշ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5206

Մեկնաբանություններ