Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Նախկին ու ներկա թշնամիները չեն հասկանում մեր անբացատրելի վարքը

Նախկին ու ներկա թշնամիները չեն հասկանում մեր անբացատրելի վարքը
23.07.2023 | 19:22

Ելնելով այն ակնհայտ դրույթից, որ բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև մեր, գերագույն նպատակը բարգավաճ գոյության պահպանումն է ապագայում, և որի ուղղությամբ անիրատեսական, քաղցր-մեղցր ծրագրերի ու ամպագոռգոռ կոնցեպտների պակաս մեզանում չկա, մենք պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել առկա իրականությունը տեսնելու առանց դեմագոգիկ վարդագույն ակնոցների ու փորձել հաշվի նստելու դրա հետ։

Հին աշխարհում գիտեին, որ Արաքսը կամուրջներ չի սիրում՝ դրա տակ հասկանալով հայերի անհնազանդ և հանդուգն պահվածքը (այն ժամանակ մեր վարքով մենք դեռ բավականին նման էինք ուրիշ ժողովուրդներին)։

Շահ Աբասը դաժան ձևերով ամայացնում էր Հայաստանը ստրատեգիական նկատառումներով, բայց և հարգում էր մեզ որպես առևտրական ազգ ու հարստության աղբյուր իր երկրի համար։ Մայրաքաղաք Սպահանում նա շատ հաճախ էր հյուր լինում հայ խոջաների տներում։

Եթե գանք նոր ժամանակներին, ապա ցարիզմը մեզ հետ հաշվի էր նստում որպես առևտրական ու առաջադեմ ազգ, բայց և միաժամանակ հետապնդում որպես հեղափոխականներ և խառնակիչներ։

Օսմանյան կայսրությունը և հետագայում երիտթուրքերը, լավ գիտակցելով հայերի դերը տնտեսական, բանկային ու կուլտուրական ֆրոնտներում, միաժամանակ, մանավանդ բալկանյան կորուստներից հետո, մեզ համարում էին գոյաբանական վտանգ իրենց համար։

Եթե ուշադիր նայենք «բարգավաճ գոյություն պահպանել» բառակապակցությանը, ապա կտեսնենք, որ այն բաղկացած է իրարից որակապես տարբերվող երկու հնարավոր կյանքերից, որից մեզ համարյա մշտապես, մանավանդ վերջին հազարամյակում, բաժին է հասել գոյության պահպանումը։

Ինչ վերաբերում է բարգավաճ գոյությանը, ապա դրա նման ինչ-որ բան նոր ժամանակներում ունեցել ենք խորհրդային իշխանության պայմաններում՝ անցյալ դարի 60-70-80 ական թվականներին, երբ մենք ապրում էինք, ներկայում այնքան բաղձալի, բացարձակ անվտանգության պայմաններում, ունեինք լուրջ կուլտուրական մաքառում, գիտական կյանք, կրթական բավականին լավ համակարգ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, աճող բնակչություն և այլն։

Այս ֆոնի վրա մեր ներկա անկապ գոյությունը իր մեջ մեծ վտանգներ է պարունակում և, առաջին հերթին, գոյաբանական վտանգ, մանավանդ որ, և՛ մեր նախկին ու ներկա թշնամիները, և՛ բարեկամները, նույնիսկ տարրական տրամաբանության սահմաններում, չեն հասկանում մեր անբացատրելի, հետևաբար, կասկածելի վարքը, որը, լավագույն դեպքում, մեզ տանում է դեպի մեր սովորական գոյություն քարշ տալու ռեժիմը։

Մենք չունենք գլոբալ նպատակ և, ըստ այդմ, նույնիսկ պատկերացում չունենք այն բալանսի մասին, որը պետք է լինի մեր ցանկությունների ու պոտենցիալ հնարավորությունների միջև։

Նման բալանսի մասին պատկերացումները այն հիմքն են, որոնք թույլ են տալիս տեսնելու գոնե մոտալուտ ապագան, էլ չենք խոսում ապագայի հնարավոր ստրատեգիական պատկերը տեսնելու մասին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2678

Մեկնաբանություններ