Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Խորհրդարանն ալեկոծ էր, բայց նոր ոչինչ չիմացանք

Խորհրդարանն ալեկոծ էր, բայց նոր ոչինչ չիմացանք
22.01.2015 | 23:59

Գյումրու ոճրագործությունը, անկախ մոտիվներից, այն հանցագործություններից է, որոնք չեն կարող չհանգեցնել քաղաքական հետևանքների: Ի վերջո, ոճիրը կատարելու մեջ մեղադրվում է մեր երկրում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինվորը, բացի այդ՝ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների արձագանքն այնքան ոչ ադեկվատ էր, որ հասարակական ցավին գումարվեց նաև ընդվզման ալիքը: Կույր պետք է լինել՝ չնկատելու համար, որ այդ ողբերգությունն անհրաժեշտ է դարձրել հայ-ռուսական հարաբերությունների քննարկումը նորովի, նոր հանգամանքների լույսի ներքո: Գուցե մեր քաղաքական համակարգը դրան պատրաստ չէ, սակայն վերանայվել են հասարակական տրամադրություններն ու ի վերջո՝ երկու երկրների հարաբերություններում նկատելի են ճգնաժամային դրսևորումներ, որոնք արտահայտվում են տարբեր հարթակներում ու կարոտ են հրատապ քննարկման, առաջին հերթին՝ լուրջ ցնցումներից խուսափելու, իրական գործընկերության ոգին պահպանելու համար: Իհարկե, հասկանալի է, որ մեր քաղաքական համակարգի համար դժվար, եթե չասեմ՝ գրեթե անհնար է հաղթահարել հայ-ռուսական այսօրվա հարաբերությունների կաղապարները, բարդույթները: Մեր իշխանության ներկայացուցիչները խուսափում էին Գյումրու հրեշագործությանը գնահատականներ տալուց, մինչև տեղի չունեցավ Սարգսյան-Պուտին հայտնի հեռախոսազրույցը: Ակամայից հիշեցի խորհրդային տարիները, երբ միութենական հանրապետությունների կուսակցական նոմենկլատուրան թաքցնում էր որևէ իրադարձության, հանցագործության, աղետի մասին տեղեկատվությունը՝ մինչև ստանար Մոսկվայի ցուցումը: Առանձնապես ադեկվատ չէր նաև ոչիշխանական ուժերի արձագանքը: Բացի «Ժառանգություն» կուսակցությունից, խորհրդարանական որևէ այլ ուժ հստակ պահանջ չդրեց, որ Պերմյակովը հանձնվի Հայաստանի իրավազորությանը: Այս ամենը հաշվի առնելով՝ առանձնապես մեծ սպասելիքներ չունեի «Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումներից, որոնց ընթացքում լսեցինք գլխավոր դատախազի իրավական հայտնի փաստարկները, պատգամավորների հուզական հարցադրումները՝ առանց քաղաքական հստակ բաղկացուցչի: Այս լսումները՝ առանց ավելի գլոբալ քաղաքական համատեքստի, չէին կարող արդյունավետ լինել առնվազն մի քանի պատճառով: Նախ, անհրաժեշտ է պահպանել նախաքննության գաղտնիությունը, երկրորդ՝ Հայաստանի իրավապահ մարմինները քննության գործընթացում, ըստ էության, ունեն դիտորդի կարգավիճակ: Խորհրդարանական լսումներն անցան բուռն մթնոլորտում, սակայն այդպես էլ լույս չսփռեցին հանցագործության մոտիվների վրա, բաց է մնում նաև այն հարցը, թե արդյո՞ք Պերմյակովը կհանձնվի հայկական կողմին: «Ես խոստացել եմ, որ պետք է դիմեմ, և դա իմ պարտականությունն է, ես պարտավոր եմ դիմել գլխավոր դատախազին նման պահանջով և դա կատարելու եմ, բայց դիմումներն ինքնանպատակ չեն, իրականացվում են համապատասխան փուլում, և դա կատարելու եմ այն փուլում ու այն հիմքերի դեպքում, որ բավարար հիմք կտան, որ ստանանք մեզ համար արդյունքը: Երբ ունենամ անհրաժեշտ բոլոր հիմքերը, դիմելու եմ»,- այսօր դարձյալ ասել է Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ակնհայտ է, որ այս հարցը գտնվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթությունում: Ռուսական կողմն այս պահին մտադիր չէ Պերմյակովին հանձնել Հայաստանի համապատասխան մարմիններին, ու դա ասվել է ամենաբարձր մակարդակով՝ Պուտինի խոսնակի շուրթերով: Ըստ այդմ, մեր դատախազի դիմումն արդյունավետ կարող է լինել միայն այն պարագայում, եթե ռուս-հայկական ավելի բարձր մակարդակով կայացվի Պերմյակովին հանձնելու քաղաքական որոշում: Անկեղծ ասած, նման հեռանկարի ես չեմ հավատում: Ընդ որում, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները չեն էլ թաքցնում, որ ռուսական կողմը ոչ թե իրավական, այլ քաղաքական մոտեցում է ցուցաբերում: «Այո,՛ սահմանապահը, որը պարտավոր էր ՀՀ իրավապահներին հանձնել, թույլ է տվել հանցագործություն, սա ևս միջազգային պայմանագրի առարկա է և, բնականաբար, սրան ևս գնահատական պետք է տրվի: Հարցը քրեական գործի քննություն է համարվում»,- այսօր ասել է Կոստանյանը: Այսինքն, եթե ռուսական կողմը գործեր իրավական հարթության մեջ ու առաջնորդվեր 1992-ի պայմանագրով, ապա սահմանը հատելու փորձ անողը պիտի հանձնվեր հայ իրավապահ մարմիններին: Այդպիսի բան չի արվել, ոճրագործին նույնիսկ մեղադրանք չի առաջադրվել սահմանն ապօրինաբար հատելու փորձ անելու համար: Ըստ այդմ, ռուսական կողմի շարժառիթները քաղաքական են, ոչ թե իրավական: Այս ամենը պարզ էր առանց խորհրդարանական լսումների: Դրանք անհրաժեշտություն են, սակայն քննարկելու համար այն իրավաքաղաքական փոփոխված համատեքստը, որն առաջացել է Գյումրու ոճրագործությունից հետո: Բայց մեր իշխանությունները, նաև խորհրդարանը, քաղաքական լուծումներ չունեն: Մեզ մնում է բավարարվել իրավական ձևակերպումներ ու հուզակական ելույթներ լսելով:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 20766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ