Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Թուրքիայի հնարավոր մուտքը Եվրոպական ընկերակցություն անհանգստացնում է Թեհրանին

Թուրքիայի հնարավոր մուտքը Եվրոպական  ընկերակցություն  անհանգստացնում է Թեհրանին
12.09.2013 | 23:50

Տարածաշրջանային քաղաքականությունը Իրանի արտաքին քաղաքականության հիմքն է, և դրա հետ են կապված մյուս բոլոր արտքաղաքական ուղղությունները` Ռուսաստան, Արևմուտք, Չինաստան, ԱՄՆ։ Տարածաշրջանային քաղաքականության հետ են կապված նաև երկրի ազգային անվտանգությունը, աշխարհատնտեսական և աշխարհառազմավարական նախագծերի հաջող իրականացումը, տնտեսական բարօրությունը։ Տարածաշրջանային քաղաքականության իրականացմանն են նպատակամղվում արտքաղաքական գործունեության վրա ծախսվող հիմնական միջոցներն ու ջանքերը։ Եթե ամերիկյան ու եվրոպական ուղղություններում ծախսերը տարածվում են հետախուզական և դիվանագիտական ոլորտների վրա, ապա տարածաշրջաններում խոշոր ծախսերը կատարվում են կառավարությունների, քաղաքական և կրոնաքաղաքական խմբավորումների ու շարժումների քաղաքական հովանավորության վրա։
Տարածաշրջանային քաղաքականության ասպարեզում Իրանն իրականացնում է քաղաքական և քայքայիչ բնույթի միանգամայն անսքող երկարաժամկետ միջոցառումներ։ Ըստ էության, Իրանի այդ քաղաքականության հիմքը մշտատև, ընդգրկուն քաղաքական դիվերսիան է։ Այդ գերադաս մոտեցման պատճառն այն է, որ Իրանը բավարար ու անհրաժեշտ ֆինանսական, ներդրումային, տեխնիկական ու տեխնոլոգիական ռեսուրսներ չունի իր քաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար։ Իրանի ներքին և արտաքին գաղափարախոսության առանձնահատկությունները, մի կողմից, սահմանափակում են նրա գործունեությունը արևմտամետ ասպարեզներում, ուր ներգրավված են տարածաշրջանների երկրները, մյուս կողմից` այդ նույն բանը հնարավորություն է ընձեռում այլ մոտեցումների կիրառման համար` կապված ուղղակի և անուղղակի ներդրման, տարբեր արմատական և գաղափարականացված մոտեցումների հետ։ Ըստ էության, այդ տարածաշրջաններում նույնպիսի խնդիրների բախվել է նաև Թուրքիան։ Սակայն նա ենթադրում էր այստեղ հանդես գալ Գերմանիայի հետ դաշն կնքած, ինչն անհնար եղավ, իսկ Իրանը միշտ հույսը դրել է սեփական հնարավորությունների վրա։ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի հետ ազդեցության բաժանման առաջարկությունները 1996-98 թթ. տարակուսանք և դժգոհություն առաջացրին ինչպես ռուսական, այնպես էլ իրանական ղեկավարության շրջանում, ինչն արգելակեց հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի և Իրանի միջև։
Հարավային Կովկասի առնչությամբ Իրանի քաղաքականությունը չի կարող դիտարկվել իրանա-թուրքական հարաբերությունների ոլորտից դուրս։ Ներկայումս Իրանն ու Թուրքիան առաջվանից ավելի համառորեն են Հարավային Կովկասում դիրքերի ամրապնդման քաղաքականություն վարում, ինչը հանգեցրել է մրցակցության ուժեղացմանը։
Ն. Էրբականի իսլամիստական կառավարության հետ ավելի վստահալից հարաբերություններ կառուցելու Իրանի փորձերի ձախողումից հետո Իրանը վերջնականորեն ընդունեց Թուրքիայի դեմ ակտիվ պայքարի դոկտրինը։ Իրադարձությունների հետագա ընթացքը Իրանին ցույց տվեց, որ Թուրքիան չի ուզում Իրանի հետ «պարտավորեցնող կապ» ստեղծել։ Իրանական հանրությունը, ընդհանուր առմամբ, խիստ բացասաբար է վերաբերվում Թուրքիային և միաժամանակ զգուշանում է նրա հետ ռազմական լուրջ ընդհարումից։ Ոչ ոք Իրանին չի կարող համոզել, թե թուրքական հատուկ ծառայությունները, ադրբեջանական ծառայությունների հետ, նպատակ չեն հետապնդում կործանելու իրենց երկիրը։ Իրանը միշտ էլ Թուրքիան համարել է ժամանակավոր պետություն։ Իրանի պանիրանիստական ուժերի մտադրությունը` ճանաչելու 1915 թ. ցեղասպանությունը, հակաթուրք քաղաքական դիվերսիաների շարքին է պատկանում` Թուրքիայում ծավալված քրդական շարժումների և շիադավանների պաշտպանության հետ մեկտեղ։ Թուրքիայում «չափավոր իսլամականների» իշխանության գալը, որոնք արմատական իսլամական «Ռեֆահ» կուսակցության` Արևմուտքի համար ավելի ընդունելի «թողարկումն» են, նկատելիորեն մտահոգեցին Իրանին և բարդ խնդիրներ առաջադրեցին նրան։ Էրդողանի թիմն ավելի ընդունելի դուրս եկավ ինչպես եվրոպացիների, այնպես էլ եվրասիական պետությունների համար, հատկապես Ռուսաստանի։ Ռուս-թուրքական մերձեցումը, նախ և առաջ ռազմատեխնիկական և էներգամատակարարման առումով, ամենևին ձեռնտու չէ Իրանին։ Հնարավոր է, որ դա առավել լուրջ խնդիր է Իրանի համար` նրա տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Թուրքիայի հնարավոր մուտքը Եվրոպական ընկերակցություն նույնպես անհանգստացնում է Թեհրանին, քանի որ դա կհանգեցնի Թուրքիայի տնտեսական զարգացմանն ու արտքաղաքական նոր դիրքերի ձեռքբերմանը, կմեծացնի նրա դերը Մերձավոր Արևելքում ու Եվրասիայում։ Դրա հետ մեկտեղ, Իրանն ուղղակի «սրընթաց» արձագանքեց թուրք-ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատացմանը, Թուրքիային առաջարկելով ավելի սերտ փոխհամագործակցություն հետախուզության և անվտանգության ասպարեզում։ Որոշակիորեն հակաամերիկյան տրամադրություններն են ընկած եղել քրդական հարցում Իրանի, Թուրքիայի և Սիրիայի համագործակցության նոր բովանդակության հիմքում։ Սակայն 2000-ականների երկրորդ կեսը համոզիչ կերպով ցույց տվեց, որ հակաամերիկյան հիմքերը բացահայտորեն բավարար չեն իրանա-թուրքական սկզբունքային մերձեցման համար։ Թուրքիան մնում է Իրանի հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդներից մեկի կարգավիճակում։ Իրանը շարունակում է Թուրքիայի հանդեպ իրագործել մի շարք քայքայիչ ծրագրեր։ Նա հակաթուրքական գործունեություն է իրականացնում Հյուսիսային Իրաքում, Թուրքմենստանում, Նախիջևանում, որոշակիորեն` Թաթարստանում, Բաշկորտոստանում։ Ավելի վաղ հակաթուրքական քարոզչություն էր ծավալում Ալբանական Կոսովոյում և Բոսնիայում։ Նույնիսկ Թուրքիայի հարաբերությունների զարգացումը արաբական պետությունների հետ, այդ թվում` հարաբերությունների կարգավորումը Սիրիայի հետ, երկյուղներ է առաջացնում Իրանում։ Իրանական քաղաքական խավը համոզված է, որ գոյություն ունի Իրանի մասնատման թուրքական ծրագիր։
Հարավային Կովկասի առնչությամբ Իրանը մշակել է շատ թե քիչ ամբողջական քաղաքականություն, որը նպատակամիտված է առավելագույն աշխարհատնտեսական շահ քաղելուն և իր անվտանգությունն ապահովելուն։
Հայաստանի հանդեպ Իրանը վարում է բավական բարեմիտ քաղաքականություն, ինչը նաև ներքին միջամտության ուժեղացման հնարավորություն է ենթադրում։ Ըստ էության, Հայաստանում ստեղծված է «իրանական ընկերակցություն», որը զբաղվում է մի շարք քաղաքական կուսակցությունների հետ համագործակցության, խորհրդարանում խմբակցության առկայության, այս կամ այն խմբավորմանը լուրջ օգնության ցուցաբերման հարցերով։ Իրանն աշխատում է ԼՂՀ-ում իր ունեցած դիրքերն օգտագործել Հայաստանի կառավարության ու նախագահի վրա ճնշում գործադրելու համար։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի հետ հարցերի մեծ մասը լուծված է։ Խնդիրն այն է, որ Իրանը չի կարող հասնել Իրանից Հայաստանի ավելի մեծ կախման և չի հասկանում, թե ինչու չի հաջողվում դրան հասնել։ Իրանցիների առջև խնդիր է ծառացել Հայաստանն ավելի մեծ չափով օգտագործելու իրենց շահերի համար։ Թեհրանը վարում է ԼՂՀ-ին աջակցելու քաղաքականություն, հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման դեմ, հակամարտության գծի վրա առկա դիրքերի պահպանման օգտին։ Հայաստանի հանդեպ Իրանի քաղաքականությունը չի կարող գնահատվել իբրև ակտիվ` ընթացիկ առումով։ Իրանի ռազմավարական դոկտրինում Հայաստանին հասկանալի տեղ է վերապահվել, և այդ դիրքորոշման շրջանակներում իրականացվում է ընթացիկ քաղաքականությունը, որն անակնկալներով ու անկանխատեսելիությամբ աչքի չի ընկնում։
Վրաստանի առնչությամբ Իրանը չունի համագործակցության հասնելու բավականաչափ մշակված սխեմա։ Իրանը Վրաստանի ներկա վարչակազմը համարում է թշնամական, ամերիկամետ և Իսրայելի հետ համագործակցող։ Նա առայժմ բավարարվում է հաղորդուղիների համատեղ նախագծերի հարցում Վրաստանի համաձայնողականությամբ։ Մ. Սաակաշվիլու վարչակազմի օրոք Վրաստանը ձգտել է ակտիվացնել համագործակցությունը Իրանի հետ, քանի որ տարանցիկ տնտեսության նախկին սխեմաներն արդեն հաջող զարգացման հնարավորություն չէին տալիս։ Վրաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից և Բ. Իվանիշվիլու թիմի իշխանության գալուց հետո Իրանը, ամենայն հավանականությամբ, քաղաքական քայլեր կձեռնարկի Վրաստանի հետ ավելի սերտ համագործակցության ուղղությամբ։
Ադրբեջանը դիտարկվում է որպես սկզբունքորեն թշնամական պետություն։ Իրանը փորձում է Ադրբեջանում իսլամական ընդդիմություն ստեղծելու փորձերը ներկայացնել որպես այդ երկրում իր ազդեցությունն ամրապնդելու, համագործակցության պայմաններ ստեղծելու մեթոդ։ Իրականում Իրանը Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման հնարավորության պատրանքներ չի փայփայում, իսկ իսլամական, իրանամետ ընդդիմության ստեղծումը նպատակ ունի խարխլելու իրադրությունը Ադրբեջանում, առաջադրելու քաղաքական պահանջներ (շատ դեպքում` անհամարժեք)։ Իրանի մյուս նպատակն էլ իր ազդեցության տարածումն է Նախիջևանում ու Թալիշստանում։ Իրանը Ալիևի և նրա կլանի վարչակազմը իր համար ամենաընդունելին է համարում, իսկ ադրբեջանական ընդդիմությունը դիտում է իբրև ագրեսիվ-թշնամական իր հանդեպ և միանգամայն թուրքամետ։ Իրանը երկյուղում է Ադրբեջանի հետևյալ պահանջներից. անվիզա անցակարգ, սահմանամերձ լայն առևտրի հնարավորություն, Թավրիզում հյուպատոսարանի բացում, ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններին համապատասխան Կասպից ծովի հարցի լուծում (հետաքրքրություն է ներկայացնում ժամանակին Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոուհանիի արտահայտած միտքը. «Իրանը դժվարին կացության մեջ կհայտնվեր, եթե Ադրբեջանում Իսլամական հեղափոխություն տեղի ունենար և իսլամական հանրապետություն ստեղծվեր, այդ դեպքում Իրանը հարկադրված կլիներ փոխելու իր քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ, որը վաղ թե ուշ նորից դառնալու էր թշնամական երկիր»)։ Իրանը ձգտում է առավելագույնս գրավել ադրբեջանական ներքին շուկան ու միաժամանակ թույլ չտալ Ադրբեջանի և Իրանի հյուսիսարևմտյան շրջանների բնակչության զանգվածային և անսահմանափակ շփումներ։ Ադրբեջանի հետ սկզբունքային հարաբերությունները Իրանի համար պարզ են։ Անհասկանալի են ընթացիկ խնդիրները` կապված հարաբերությունների կարգավորման որոշ մտադրությունների հետ։ Իրանը շատ սթափ է հասկանում Ի. Ալիևի շահերը և չի կարող ներկա վարչակազմի հետ երկարաժամկետ հարաբերություններ կառուցել։ Իրանը կցանկանար, որ Ադրբեջանում հաստատվեին արտքաղաքական չեզոքության ավանդույթներ, և Ադրբեջանը վերածվեր ոչ պահանջախնդիր, քիչ հավակնոտ երկրի, զբաղվեր իր ներքին հարցերով և չձգտեր ներգրավվել տարածաշրջանային դաշնախմբերի մեջ։ 2000-ականների ընթացքում Իրանը բավականաչափ ջանքեր է գործադրել թույլ չտալու, որ Ադրբեջանում ստեղծվեն ամերիկյան ռազմաբազաներ, սակայն դրանք դրական արդյունք չեն տվել։ Ներկայումս Իրանը Ադրբեջանի նկատմամբ իմաստալից քաղաքականության ծրագիր չունի, այլ սպասողական դիրք է բռնել։ Միաժամանակ, Ռուսաստանի հետ մշտական խորհրդակցություններ են անցկացվում` Ադրբեջանում ԱՄՆ-ի տեղորոշման կայաններ ստեղծելու և ամերիկացիների կողմից այդ երկրի օդանավակայաններն օգտագործելու հարցերի շուրջ։
Հարկ է նշել, որ կասպյան ավազանում բախվելով այս իրողությանը, Ռուսաստանն ու Իրանը գիտակցել են, որ չունեն խորհրդակցությունների անցկացման և համատեղ կամ համաձայնեցված որոշումների ընդունման համար անհրաժեշտ որևէ պայմանավորվածություն։ Դա հետևանք է ռուսական ղեկավարության որոշակի շրջանակների գործունեության, որոնք Իրանի հետ հարաբերությունների իբր զարգացման պատրվակով իրականում սահմանել են այդ հարաբերությունների շրջանակներ կամ սահմաններ, փաստորեն, դրանք սկզբունքորեն նեղացնելով։ Այդուամենայնիվ, այն կանխատեսումները, թե Իրանը չի գնա Ադրբեջանի տարածքով տարանցիկ հաղորդուղիների կառուցմանը, սնանկ դուրս եկան։ Այսինքն, առավելագույնս օգտագործելով աշխարհատնտեսական առավելությունները, Իրանը ձգտում է հարևան պետությունները կապել իր հետ։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ