Վերջին օրերի հայաստանյան արտքաղաքական խճանկարն անչափ բուռն ստացվեց. Ռուսաստանը մեզանում հերթապահություն էր նշանակել, այն էլ անչափ բարձր «դասի»` Պատրուշև, Բորդյուժա: Սնոուդենին իր տարածքում մշակելով-վերամշակելով (չէ, չենք ասում ՖՍԲ-ացնելով), Ռուսաստանը նաև շատ արագ սոցհարցում արեց, գելափորեն «արդարաբար» պարզեց, որ հայերի 61 տոկոսը գիշերները չի քնում, քնելիս էլ երազում տեսնում է, որ անդամակցել ենք Մաքսային միությանը, որովհետև այն այնքան առատ շուկա է` ըստ նույն Բորդյուժայի ու Պատրուշևի, ուր հոսում են կաթ ու մեղր, պարզապես ոչ թե մեր, այլ Ադրբեջանի համար, ու Բորդյուժայենց շուկայից մեկ միլիարդով Ադրբեջանը ոչ միայն գնում է այդ «մեղր»-զենքը` հայերի վրա կրակելու համար, այլև ցուցադրում դրանք զորահանդեսում, որ Լեհաստանում գտնվող, ասուլիս տվող Սերժ Սարգսյանն ուժեղ վախենա:
Սա հերիք չէ, Հայաստանում գտնվող ռուս էմիսարների բարոյականությունը թույլ է տալիս մեզանում նաև հայտարարել, որ իրենք պահպանում են հավասարակշռությունը: Տարածաշրջանում: Ադրբեջանին մեկ միլիարդանոց զենքի մատակարարմամբ: Ռուսական ցինիզմը մեկ անգամ չէ, որ «հիացրել» է մեզ` «ֆորպոստից» մինչև «էքսկլավ», բայց այս վերջին արտահայտությունն արդեն մի քիչ շատ էր:
Ի՞նչ հավասարակշռության մասին է խոսքը, երբ Ադրբեջանը 220` թույլատրված տանկի փոխարեն ունի 600-ը: Այլ հարց է, որ հարաբերականության առումով նույնքան զենք նա ուներ 90-ականներին` նաև պատերազմի ժամանակ, սակայն պարտվեց: Եվ եթե Ռուսաստանը շուկա է բոլորի համար, բա ռազմավարական գործընկերությունն ո՞ւր մնաց: Թե՞ Ռուսաստանը մտածում է, որ իր «միլիարդանոցը» կրակեց, սահմանում կանգնած յուր ռազմաբազայի ռուս զինվորներին «միլիարդանոցը» ճանաչելու է, ասի` չեմ կպնում քեզ, միայն հայերին պիտի ոչնչացնեմ:
Հետաքրքիրն այլ բան էր: Որքան էլ «Գելափով» Ռուսաստանը թվեր նկարեց, թե հայերը ոչ թե Եվրոպային ասոցացվել են ուզում, այլ Ռուսաստանի զենքից կրակվել, բոլոր դեպքերում, թե՛ Պատրուշևը, թե Բորդյուժան, «մոտիկից» շփվելով Հայաստանի հետ, հասկացան` Հայաստանն այլևս նախկին` յուր «օրհնված ոտքին փարվածը» չէ. վկան նրանց անվերջ բացատրությունները` նույն զենքի առումով, ապա և` դրան հաջորդած «Իզվեստիայի» նյութը, ուր սևով սպիտակի վրա խիստ հասկանալի գրված էր, որ Հայաստանը բացատրություն է պահանջում ՀԱՊԿ ռազմավարական գործընկերոջից, որը նաև ռազմաբազա ունի իր տարածքում, Ադրբեջանին զենք մատակարարելու փաստի առնչությամբ: Այն ռազմավարական գործընկերոջից, որը թանկացնում է գազը, վերցնում վերջին քսան տոկոսը, նաև ցանկանում է, որ Հայաստանը աչքը կտրի Արևմուտքից, «ոչ» ասի ասոցացման համաձայնագրին ու մտնի Մաքսային միություն:
Ի՞նչ է ասում Հայաստանը: Շատ զուսպ, Կոմորովսկու կողքին կանգնած Լեհաստանից ասում է. «Մենք երբեք չենք արել քայլ, որն ուղղված լինի Ռուսաստանի դեմ, և մենք չունենք որևէ բարդույթ, որը մղի այդպիսի քայլի»: Բայց դա չի նշանակում, որ մեր արժեհամակարգը, որը եվրոպական է, մենք չենք պաշտպանելու. այս էր ասում Սերժ Սարգսյանը` բոլոր կողմերին հասկացնելով, որ մերը «և՛-և՛»-ն է:
Դե գոնե մինչ այս պահը Հայաստանը դիմադրում է կողմերի «կա՛մ-կա՛մ»-ին:
Աստված մեզ հետ լինի` այս անգամ կարողանանք դիմադրել մինչև վերջ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ