Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ընտանեկան բյուջեի մուտքերն ու ելքերը

Ընտանեկան բյուջեի  մուտքերն ու ելքերը
17.05.2013 | 01:15

Երբ կիրակի օրը ավտոբուսով Թբիլիսիից վերադառնում էի Երևան, Սեմյոնովկայից սկսած դաշտերը կարկտի տակ էին, կլոր ու խոշոր կարկտահատիկները չէին հալվել ու չէին հալվում: Երևանում առաջին շփումս դեղատան հետ էր, մի քանի դեղ միայն, ու ասացին, որ դեղերը թանկացել են: Հետո գնացի կաթնամթերքի, երրորդ խանութում միայն օրվա մածուն ու թթվասեր կար, վճարելիս ասացին, որ կաթնամթերքը թանկացել է: Հերթով պարզեցի, որ թանկացել են նաև ծաղիկները, կանաչիները (համեմն ընդհանրապես Զատկի օրվա թարխուն է դարձել): Վերջին հարվածը հացն էր` նույնպես թանկացած: Հետո բախտ ունեցա կարդալու գազի գնի բարձրացման մասին: Առանձնապես զարմացած չեմ. արդեն այնքան եմ ապրում աշխարհում, որ զարմանալը հասցրել եմ մոռանալ: Բայց զայրույթ կա: Եվ կա շատ օրինական, իրավական ու տրամաբանական հարց` այսքան թանկացումների հետ ավելանալո՞ւ են աշխատավարձերն ու կենսաթոշակները: Ինչո՞ւ այս պետությունը, երբ ձեռքը տանում է գրպանը, պարտադիր այդ գրպանը քաղաքացունն է: ՈՒ սա շատ արմատական հարց է, որ պահանջում է նույնքան արմատական պատասխան:
Ընտրական ցիկլի վերջին ակորդը ոմանք շտապեցին հայտարարել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը, որին մասնակցում էին քաղաքական դաշտի հաշտ ու անհաշտ ներկայացուցիչները, որի ժամանակ վերջապես հնչեց «վերջին դասի» պատասխանը` ԲՀԿ-ն ընդդիմություն չի եղել ու չի լինելու: Հնչեց անձամբ Գագիկ Ծառուկյանի շուրթերից: Ճիշտ է, հաջորդ օրը այլ շուրթեր շտապեցին եթե ոչ հերքել, համենայն դեպս, «ճշտումներ» անել ընդդիմության ու իշխանության որակի ու ձևաչափի մասին: Ճիշտ է, հենց այս օրերին ԱՄՆ-ում է ԲՀԿ-ի գլխավոր «ընդդիմադիրը»: Ճիշտ է նաև, որ ԲՀԿ-ն, այնումենայնիվ, կոալիցիայի անդամ չի դառնում: Բայց սա դեռ ընտրական ցիկլի ավարտը չէ: Որովհետև կազմավորված կառավարությունը, կիսադիրքավորված քաղաքական դաշտը, որտեղ դեռ չի ավարտվել վերադասավորումը, Երևանի ավագանին դեռ չեն պատասխանում այն հարցին, թե ինչպես է երկիրն ապրելու: ՈՒ եթե անգամ ներքաղաքական խնդիրները լուծվում են փոփոխական հաջողությամբ, արտաքին քաղաքական խնդիրները մնում են բաց, ու այդ խնդիրների լուծումից է կախված, թե երկիրն ինչպես է ապրելու: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` գազի սակագինը 64 տոկոսով բարձրացնելու հայտով. 1000 խմ գազը 132000 դրամի փոխարեն բնակչությանը կվաճառվի 221000 դրամով: Հավելեք միանգամայն պաշտոնական հավաստիացումը, որ սակագնի վերանայումը պայմանավորված է գազի ներկրման` սահմանի վրա գազի գնման սակագնի փոփոխությամբ: «Հայտը, որը ներկայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ունի տնտեսագիտական լուրջ հաշվարկներ, և հիմնավորված, ողջամիտ սակագին է առաջարկվել ընկերության կողմից», ինչպես կարծում է «ՀայՌուսգազարդը»: Ավելին, չնայած դրամի արժեզրկմանն ու գնաճին, «ՀայՌուսգազարդը» սակագինը փոփոխելու առաջարկով հանձնաժողովին դիմել էր ամբողջ երեք տարի առաջ, այսինքն, ամբողջ երեք տարի Հայաստանում սպառողները եղել են բարերարված, բայց չեն գիտակցել: Թերևս հիմա էլ չգիտակցեն, որ գազի թանկացումով ընկերությունը շահույթ չի հետապնդում, չի փորձում փոխհատուցել նախորդ տարիներին կրած վնասը, ընդամենը փորձում է պահել համակարգը: Իհարկե, սա չի կարող ճշմարտություն լինել, որովհետև խոսքը բարեգործական ընկերության մասին չէ, որն ընդամենը մեկ խնդիր ունի` պահել համակարգը: Խոսքը մի ընկերության մասին է, որը որոշում է նաև այլ ապրանքների ու ծառայությունների սակագինը (հացամթերքի, տրանսպորտի, էլեկտրաէներգիայի, առաջին անհրաժեշտության ապրանքների ու այլ սննդամթերքների):

Ակնհայտ է, որ գազի սակագնի բարձրացմանը հետևելու են հերթական ու պարտադիր թանկացումներ: «ՀայՌուսգազարդին» մտահոգում է բնական գազ օգտագործող 640000 ընտանիքների սպառման շուկայում մնալու հարցը, բայց վստահ եղեք, որ դա էլ բարեգործական նպատակներով չէ, այլ սեփական շուկան, ուրեմն` շահույթը պահպանելու: Թե ինչ որոշում կընդունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, դժվար չէ կանխատեսել: Առավելագույնը, ինչին այս պարագայում ընդունակ է լինելու հանձնաժողովը, գազը բնակչությանը ոչ թե առաջարկված 221000 դրամով վաճառելը կլինի, այլ 220000: Ընդունեք, որ սկզբունքային դիրքորոշում է, որի հիմքում «Ապահով Հայաստանի» ողջ գաղափարախոսությունն է, բնակչության շահերի պաշտպանությունը և, ընդհանրապես, «Ընտրե՞լ եք` համակերպվեք» փիլիսոփայությունը: Գազի սակագնի բարձրացումը անխուսափելի՞ է, թե՞ արդարացված, ինչո՞վ է պայմանավորված հենց 64 տոկոսը, ո՞վ է իրականում բարձրացնում գազի սակագինը և ի՞նչ հիմքով հարցերին իրավունք ունեն պատասխանել տնտեսագետները: Բայց սպառողներն էլ իրավունք ունեն հրաժարվել իրենց մատուցված ծառայությունից, եթե այդ ծառայությունը չի համապատասխանում իրենց պահանջներին կամ գրպանին: Նույն սպառողները իրավունք ունեն հարցնել պետությանը` իսկ ինչո՞ւ է հանրապետություն գազ ներկրում միայն «ՀայՌուսգազարդը», երբ հարևան Իրանը շատ ավելի մոտ է ու նույնպես գազ արտահանող երկիր է: Իբրև տեղեկանք` առաջիկա տարիներին Իրանից գազի արտահանումը օրական 35 միլիոնից մինչև 100 միլիոն խորանարդ մետր կկազմի: Իրանի բնական գազի պաշարների ընդհանուր ծավալը 29,1 տրիլիոն խորանարդ մետր է: Թեհրանը ծրագրում է գազ արտահանել նաև Թուրքիա ու Իրաք: Ինչո՞վ է ռուսական գազը առավել: Սպառողները նույնքան իրավունք ունեն չհամաձայնել սակագնի այս սրընթաց բարձրացման հետ ու բողոքել, ինչը Հայաստանում շատ քիչ է պատահում: Սովորաբար սոցիալական խնդիրները մարդկանց չեն համախմբում, յուրաքանչյուրը ինքնուրույն է փորձում իր խնդիրը լուծել, ինչից և օգտվում են իշխանությունները: Իշխանությունները վստահ են, որ այս սակագինը հնարավոր է վճարել, որ հայ ժողովուրդը միշտ էլ մի հնար կգտնի, որ եթե նույնիսկ Մհերը որոշի դուրս գալ Ագռավաքարից, Ագռավաքարը Թուրքիայի տարածքում է, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է: Ընդհանրապես` ինչո՞ւ չբարձրացնել դեղերի, կոմունալ և այլ ծառայությունների, սննդամթերքի, տրանսպորտի և մնացած ամեն ինչի գները, եթե վճարում են: Իսկ եթե չվճարեն, չեն ունենա` օրենք կա, իշխանություն կա, դատարան կա, անտերություն հո չի՞:
Հիշեցնեմ` 2013-ի նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում Եվրամիությունն ակնկալում է Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցիացման համաձայնագիրն ու Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը: Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն լուրջ առաջընթաց է ակնկալում վիլնյուսյան գագաթնաժողովից, որտեղ ԵՄ անդամ երկրների նախագահները մեկ սեղանի շուրջ են հավաքվելու նախկին ԽՍՀՄ-ի վեց երկրների, այդ թվում` Հայաստանի նախագահների հետ: Եվրամիությունը համարում է, որ Հայաստանի համար այդ գագաթնաժողովի կոնկրետ արդյունքը կլինի Ասոցիացման համաձայնագրի, այդ թվում` խոր և համապարփակ Ազատ առևտրի գոտու պայմանագրի նախաստորագրումը: Հայաստանի օրենսդրությունը պետք է ներդաշնակեցվի եվրոպական օրենսդրության հետ: Ասոցիացման համաձայնագիրը նախատեսում է խորացնել Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները բոլոր ոլորտներում` արտաքին քաղաքականությունից մինչև մշակույթ, իսկ Ազատ առևտրի համաձայնագիրը հայ գործարարների առաջ կբացի ԵՄ շուկան` առավել շահեկան պայմաններով ու հնարավորություններով: Այսինքն, մնում է ապրել մինչև նոյեմբե՞ր: Բոլորովին էլ ոչ: Որովհետև Եվրամիությունից բացի Հայաստանի առջև կա Եվրասիական միությանն անդամակցելու հորդոր-պահանջը: Երկու միություններին միաժամանակ անդամակցությունը գրեթե բացառվում է: Համենայն դեպս` ոչ Հայաստանի կողմից: Խնդիրը և-և չէ, այլ` կամ-կամ: «Դեպի ո՞ւր կգնա» Հայաստանը հարցին Ռուսաստանն արդեն սկսել է պատասխանել` գազի սակագնի բարձրացումով, որին, համոզված եղեք, կհաջորդեն այլ քայլեր ռազմավարական գործընկերոջ կողմից: Եվրասիական միության ¥հիշեցնեմ` դեռ միայն իբրև նախագիծ¤ անդամակցության պահանջ Հայաստանի առջև դրված չէ` հավաստում են հայկական ու ռուսական պաշտոնական կառույցները, ավելին, նույն կառույցները թվարկում են այն խնդիրները, որ Հայաստանն ունենալու է Մաքսային միությանն անդամակցելու դեպքում` ընդհանուր սահման չունենալով Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի հետ: Բայց դա ընդամենը ճարտասանական հնարք է: Իրականում հարցը շատ կոշտ է դրված օրակարգում: Եվ բոլորովին այնպես չէ, որ եթե Ռուսաստանը գործադրում է իր տնտեսական լծակները, Արևմուտքը Հայաստանի իշխանությունների վրա ներգործության լծակներ չունի: Շատ հեռու չգնալու համար նշեմ միայն ժողովրդավարության մակարդակն ու ընտրությունները, որոնք Հայաստանում միշտ նախորդից քայլ առաջ են, բայց հեռու են եվրոպական չափանիշներից բավականաչափ: Ի վերջո, այս խաչմերուկում հարկ կլինի աջ կամ ձախ գնալ, որովհետև զուգահեռ աջն ու զուգահեռ ձախը արդեն չեն ստացվելու:
Եկեղեցաշինությունը օրհնյալ գործ է, բայց վերածվում է շինարարության, եթե հոգումդ եկեղեցի չունես: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման պատմությունը քաղաքական դաշտի համար եղավ համախմբումի հերթական ներկայացումը, որտեղ ոչ բոլորն էին գործող անձանց կարգավիճակում և ոչ բոլորն էին իրենց իրական դերում: Ընդամենը` ներկայացում, որովհետև նման արարողություններից ավելին չի էլ պահանջվում: Իսկ իրականը արարողության վերջին արարն էր, որի պատկերները շատ ավելի խոսուն էին, քան այդ օրը հնչած բոլոր խոսքերը: Այդ թվում` Գագիկ Ծառուկյանի, որ կարողացավ մի քանի բառով նույնքան հակասություններ շարել իրար հետևից ու օրվա հերոս դառնալ: «ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Արդեն կա ընդդիմադիր երեք-չորս կուսակցություն, և հնարավոր չէ, որ ևս հինգ-վեց ընդդիմադիր կուսակցություններ լինեն: ԲՀԿ-ն կողմնակից է այն ամենին, ինչը օգուտ է երկրին, ժողովրդին: Մենք այդ սկզբունքով ենք քայլել: Քաղաքականության մեջ անձնական շահի համար չեմ, ոչ էլ քծնանքի, այլ երկիրը բարգավաճ դարձնելու, հզորացնելու»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Ընդունեք, որ այս ամբողջ պարբերության միայն առաջին հինգ բառն են իմաստակիր, որովհետև եթե 3-4 ընդդիմադիր կուսակցություն կա, բոլորովին չի նշանակում, որ հնարավոր չէ 5-6-ի գոյությունը: Սա` մեկ: Եվ երկու` եթե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ, լինելով կողմնակից այն ամենին, ինչը օգուտ է երկրին ու ժողովրդին, նշանակո՞ւմ է, որ ընդդիմությունը դեմ է այն ամենին, ինչն օգուտ է երկրին ու ժողովրդին: ՈՒ երեք` ո՞վ է քաղաքականության մեջ անձնական շահի համար ու քծնանքի: Ի՞նչ պատկերացումներ ունի ԲՀԿ նախագահը իշխանության ու ընդդիմության առաքելության ու գործառնության մասին: Եվ ա՞յդ պատկերացումներով է ցանկանում բարգավաճ դարձնել երկիրն ու հզորացնել: Ընտրական ցիկլի վերջին ակորդը իշխանությունն իր համար հնչեցրեց, ընդդիմությունը ¥բարևող ու չբարևող¤ դեռ դիրքային դասավորումների մեջ է, ժողովուրդը մնաց մենակ իր պրոբլեմների հետ: 2013-ի մայիսի կեսից ու մինչև 2017-ի մայիս: Չորս տարի, որ պետք է ապրել: Համատեղ: Հնարավորության դեպքում` նույն երկրում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Հետաքրքիր է, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ ներկա էր սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծմանը, իր երկրում կցանկանա՞ ունենալ Գագիկ Ծառուկյանի պես երկիրը «հզորացնող» ուժ, թե՞ մենք, այնուամենայնիվ, Բելառուսից առաջադեմ ենք:

Դիտվել է՝ 2421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ