Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ռուսաստանն ընդամենը երկու դաշնակից ունի` բանակն ու նավատորմը»

«Ռուսաստանն ընդամենը երկու  դաշնակից ունի` բանակն ու նավատորմը»
14.05.2013 | 01:19

Ռուսաստանում, դատելով վերջին իրադարձություններից, հերթական անգամ փորձում են ոգեկոչել Ալեքսանդր 3-րդ կայսրին. «Ռուսաստանն ընդամենը երկու դաշնակից ունի` բանակն ու նավատորմը»։ Համենայն դեպս, Կրեմլը ձգտում է ոչ մի հնարավորություն բաց չթողնել աշխարհին ցուցադրելու իր ռազմածովային ուժը և, իհարկե, իր կարևորությունը։ Այսպես, վերջերս ոչ միայն մերձավոր հարևանների, այլև իր քաղաքական շրջապատի համար միանգամայն անսպասելիորեն, Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Վ. Պուտինը պաշտպանության նախարար Շոյգուին հրամայեց անհապաղ անցկացնել սևծովյան նավատորմի լիամասշտաբ արտահերթ զորախաղեր։ Ավելի քան յոթ հազար զինծառայող, տարբեր նշանակության 36 ռազմանավ, 250 զրահամեքենա, 50 հրանոթ, 20 ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ էին մասնակցում այդ հանկարծակի ծովային զորախաղերին, ինչպես հաղորդվում էր, «մարտավիճակի ստուգման համար»։ Եվ զարմանալի չէ, որ սևծովյան որոշ պետություններ ու մի շարք փորձագետներ այն կարծիքին են, որ ռուսական նման արագ զորակոչը կարող է լինել եթե ոչ պատերազմի «նախերգանք», ապա, համենայն դեպս, պատերազմի պատրաստ լինելու լուրջ ակնարկ։ Վրաստանի արտգործնախարարությունը «լուրջ մտահոգություն հայտնեց» զորախաղերի առթիվ, որոնք հակասում են եվրոպական տարածաշրջանի կայունության և կանխատեսելիության շահերին, իսկ ուկրաինական խորհրդարանականներն առհասարակ համարեցին, որ դրանք միջազգային պայմանագրերի և «Խարկովի համաձայնագրերի» լուրջ խախտում են։ Իհարկե, դժգոհություն արտահայտեցին նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, նշելով, որ Մոսկվայի նման գործողություններն անհամատեղելի են դաշնախմբի և Ռուսաստանի փոխհամագործակցության ոգու հետ։ Այնինչ նրանց ավելի շուտ անհանգստացնում է Վ. Պուտինի նոր արտքաղաքական հայեցակարգը։ Այն ազդարարում է, որ Ռուսաստանը կպահպանի «իր բարձր հեղինակությունը միջազգային ընկերակցության շրջանում` որպես արդի աշխարհազդեցիկ և մրցունակ բևեռներից մեկը»։ Չէ՞ որ հայտնի է` Ռուսաստանում վաղուց են սովոր բարձր հեղինակությունը պահպանելու և ամրապնդելու զինվորական սապոգներով ու ծանր մահակով։ Հիմա էլ, ահա, Կրեմլում կարծել են, որ մտադրությունների լրջության լավագույն ցուցադրումը, անկասկած, կլինի ռուսական ռազմական հզորության արդիականացումն ու բազմապատկումը և 800 մլրդ դոլար են հատկացրել զինված ուժերի լիակատար վերակառուցման ու զորավարժությունների անցկացման համար (հատկանշական է, որ Ռուսաստանն այդ միանշանակ ազդանշանն ուղարկել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը, բյուջեի դժվարությունների պատճառով, դիմում է ռազմական ծախսերի կրճատման)։ Բացի այդ, օրերս «Վաշինգտոն թայմս» թերթը, վկայակոչելով ամերիկյան պաշտոնատար անձանց, հաղորդել է, որ, չնայած պայմանավորվածություններին և այն բանին, որ ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստվում է ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման նոր փուլին, Ռուսաստանի ՌՀՍ-ն խոշոր արդիականացման է ենթարկվում։ Խոսքը, մասնավորապես, ռուսական «Յարս-Մ» տիպի նոր հրթիռների մասին է։ «Մանրամասները գաղտնի են պահվում, սակայն պնդում են, որ դա հինգերորդ սերնդի միջուկային զենքի ռազմավարական համակարգ է»,- նշում են հոդվածի հեղինակները։
Այդ «սպառազինությունների մրցավազքի» գրգռիչ մի հավելում եղավ Մինսկում Սերգեյ Շոյգուի այն հայտարարությունը, թե մինչև 2015 թ. Մոսկվան մտադիր է այնտեղ կործանիչ ինքնաթիռների մի ավիագունդ տեղակայել։ Ընդ որում, ենթադրվում է արդեն այս տարի ստեղծել ավիացիոն պարեկ և մարտական կործանիչների առաջին հերթապահ օղակը։ Անմիջապես էլ դրան արձագանքեցին ռուսական լրատվամիջոցները. կլինի Սու-30 կործանիչների մի գունդ և կտեղակայվի Բարանովիչիում` ավիանորոգման գործարանի մոտ։ Ասվեց նաև, որ կլինեն միջուկային հրթիռներ կրող ինքնաթիռներ, և դրանով Մինսկը կվերադարձնի միջուկային պետության կարգավիճակը։ Այդ թեմային ուրախությամբ անդրադարձան «վեհապետականները». «Բելառուսը բարձրացավ Ռուսաստանի հետ ռազմական ինտեգրման նոր, «փաստորեն խորհրդային» մակարդակին»։ Նրանց հավաստիացումների համաձայն, մայիսին դաշնակիցները կանցկացնեն «Արևմուտք-2013» խոշոր զորախաղերը, որի ընթացքում (ուշադիր եղեք), իբր, կմշակվի Վարշավային հնարավոր միջուկային հարվածի տարբերակը։ Զորախաղերը տեղի կունենան Լեհաստանի սահմանի անմիջական հարևանությամբ։ «Հավերժ բարեկամության այդ հիմնում» որպես հանդիսավոր ակորդ են հնչում Ռուսաստանի նախարարի հավաստիացումները. «Մենք ենթադրում ենք այսուհետ ևս քննարկել մեր բելառուս գործընկերների ու եղբայրների պաշտպանունակության ամրապնդման հարցերը»,- ընդգծել է Ս. Շոյգուն։
Առհասարակ, հարկ է նկատել, որ Կրեմլը նորից օրախնդիր է դարձնում նախկին ԽՍՀՄ-ի երկրներում ռազմական ներկայության հարցը։ ՈՒ եթե Կենտրոնական Ասիայում Մոսկվան, թվում է, վախեցած է Աֆղանստանից հնարավոր ճեղքումից, շատ չափանիշներով սկսել է զիջել Արևմուտքին ու բավական պասիվ է իր գործողություններում (նույնիսկ Ղազախստանն է, ՈՒզբեկստանին ու Տաջիկստանին ընդօրինակելով, ԱՄՆ-ին առաջարկում ռազմաբազաներ տեղակայել իր տարածքում), ապա Հարավային Կովկասում նախանշված է առաջնային խնդիրը` «արևմտյան սողացող նվաճողականության արգելակումը»։ Համապատասխանաբար, հարկ է ապահովել «հարավային սահմանների ամրապնդումը», նախ և առաջ ռազմական առումով։ Ինչպես գիտենք, առանձնակի ուշադրություն է նվիրվում Հայաստանում տեղաբաշխված ռուսական զորամիավորմանը, բայց ուշադրությունից դուրս չեն նաև Աբխազիան ու Հարավային Օսիան, ուր նույնպես Ռուսաստանը ռազմաբազաներ ունի։ Փորձագետները չեն բացառում դրանց օգտագործումը «կանխիչ միջոցների» ձեռնարկման համար։ Նրանք ընդգծում են նաև, որ Մոսկվան, Հարավային Կովկասի տարածքում տեղաբաշխելով Ս-300 զենիթահրթիռային համալիրներ ու Միգ-29 կործանիչներ, իրականում ձգտում է առավելագույնս հեռացնել օդային սպառնալիքն իր սահմաններից։ Բացի այդ, փորձագետների կարծիքով, այստեղ ռազմական հզորության մեծացումը կապված է այն բանի հետ, որ Կրեմլն իրանական միջուկային ծրագրերի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում կաշխատի տարածաշրջանում ուժերի առկա աշխարհաքաղաքական հավասարակշռության խախտում թույլ չտալ։
Սակայն, ինչպես հայտնի է, բանակի ու նավատորմի արդիականացումը ոչ միայն ծախսատար ու հոգսաշատ, այլև բավական վտանգավոր գործ է` հատկապես արտաքին ու ներքին անկայունության պայմաններում։ Ռազմական տեսաբաններն արձանագրում են, որ ռուսական զինված ուժերի կազմավորումը, փաստորեն, մի քանի փուլ է ունեցել. Պետրոս Առաջինի օրոք կարիք կար «պատուհան բացելու դեպի Եվրոպա», և առաջին արդիականացման ընթացքում առաջին անգամ լիովին քանդվեց հին բանակն ու կառուցվեց նորը։ Երկրորդ արդիականացումը ռուսական բանակն ապրեց 1917 թ. հեղափոխության շրջանում, երբ երիտասարդ պետությանն անհրաժեշտ էր, փաստորեն, նոր զինված ուժեր ստեղծել։ Ընդ որում, նշվում է, որ բանակի շինարարության ընթացքում եղել են ինչպես փայլուն հաղթանակներ, այնպես էլ լուրջ պարտություններ, որոնք հաճախ ուղեկցվել են մարդկային ու տարածքային կորուստներով։ Ժամանակակից Ռուսաստանում առայժմ բանակի երրորդ արդիականացման չեն դիմել, այլ սոսկ ձեռնամուխ են եղել նրա հետևողական բարեփոխմանը։ Վերջերս նախագահ Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանում կլինեն միանգամայն նոր բանակ ու նավատորմ` արմատապես արդիականացված, և նրանց լիակատար վերազինումը տեղի կունենա արդեն առաջիկա տասնամյակում. «Եթե մենք ուզում ենք ունենալ այնպիսի սպառազինություն, որը համապատասխանի զինված պայքարի արդի պահանջներին և հեռանկարում համապատասխան խնդիրների մակարդակին, ապա պետք է լուծենք բուն պաշտպանական արդյունաբերական համալիրի վերակառուցման հետ կապված հարցերը»։ Այսինքն, առկա ժամանակակից հիմքի վրա վերազինվել չի լինի, և պաշտպանական արդյունաբերական համալիրն ինքն էլ խոր արդիականացման կարիք ունի։ Բացի այդ, ռազմական փորձագետները մատնանշում են, որ մինչ օրս տեղի ունեցած բարեփոխման ընթացքում, փաստորեն, ոչնչացվել է զինված ուժերի սպայակազմը և լիովին ավերվել է խորհրդային ռազմագիտության մնացած մասը։ Իսկ ինչպես հայտնի է, ժամանակակից աշխարհը ապահովագրված չէ պատերազմներից, և աշխարհի առաջավոր բանակների փորձն արդեն զինված ուժերի նոր չափանիշներ ու նոր շրջանակներ է առաջադրել։ Այդ նոր կանոնների համաձայն, պատերազմները մղվում են զինված ուժերի սահմանափակ զորակազմով ու միջոցներով, առավելապես ավիացիայով ու հատուկ գործողությունների ուժերով։ Բացի այդ, ռազմարշավների քաղաքական և ռազմական նպատակները ձեռք են բերվում բավական սեղմ ժամկետներում։ Եվ դա պայմանավորված է ոչ միայն նորագույն տեխնոլոգիաների ու սպառազինությունների կիրառմամբ, այլև զինված ուժերի անմիջական գործադրումից դեռ շատ առաջ բոլոր հարցերի ուսումնասիրմամբ ու գործողությունների լավագույն տարբերակների մշակմամբ։
Կկարողանա՞ արդյոք Ռուսաստանը լուծել այս բոլոր լայնապարփակ ու համալիր հարցերը։ Չէ՞ որ ժամանակը, ինչպես ասում են, չի սպասում, ու փողն էլ ոչ միշտ է հերիքում։ Օրինակ, հաշվի առնելով, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմը խիստ մաշված է, արդեն մոտ ապագայում Մոսկվան ստիպված կլինի խոշոր միջոցներ ծախսել դրա լիակատար քայքայումը կանխելու համար։ Չմոռանանք, որ Կարմրադրոշ սևծովյան նավատորմի ամենանոր ռազմանավը ջրարկվել է 1992-ին։ Դաշնակիցների ու բազաների հարցում էլ ամեն ինչ չէ, որ հարթ է։ Այսպես, Լուկաշենկոյի մեկնաբանությամբ, Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազայի մասին դեռ վաղ է խոսել. «Ո՛չ, խոսքը մեր զինված ուժերի մատակարարման մասին է։ Թե ինչ ձևով, մենք դեռ պետք է պայմանավորվենք»։ Ըստ երևույթին, Մինսկը դեմ է Շոյգուի հայտարարություններին, որոնք, անկասկած, սրվել են «վերին ատյանի օրհնությամբ»։ Այդ պատասխանն ինչպե՞ս կընդունվի Մոսկվայում։ Գրեթե հաստատ կարելի է ասել` հին ձևով, ու եթե Մոսկվան վճռել է Բելառուսում նոր բազա տեղակայել, ապա, ամենայն հավանականությամբ, «կքշտի թևքերը»։ Այսպես, այն նույն օրը, երբ Լուկաշենկոն, ըստ էության, «ջրեց» ռուս զինվորականների հավակնությունները, Բելառուսի պետական մարմիններից մի անանուն ձայն հայտարարեց, որ Մոսկվան հերթական անգամ նավթի մատակարարման հարցերը կապում է սեփականաշնորհման հարցերի հետ, և որ Մինսկը անթույլատրելի է համարում դա և անհամատեղելի Եվրասիական տնտեսական տարածության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Նույնը, երևում է, կլինի նաև բազայի հարցում` ասում են Բելառուսի անկախ փորձագետները։ Այնպես որ, առայժմ ինչպես ՌԴ զինված ուժերի արդիականացման, այնպես էլ նոր հենակետերի ստեղծման գործում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ