Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Անատոլիական քաղաքակրթության «բզկտվածությունը» երկիրը կտանի մասնատման

Անատոլիական քաղաքակրթության «բզկտվածությունը» երկիրը կտանի մասնատման
30.04.2013 | 01:53

Թուրքիայի ներքին և միջազգային դրությունը շատ հակասական է և այդ երկարատև իրավիճակն անդրադառնում է համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ տիրող ճգնաժամային երևույթների վրա։ Ձգտելով դառնալ Մեծ Մերձավոր Արևելքի առաջատար պետությունը, Թուրքիան զգալի հաջողություններ է արձանագրել տնտեսության մեջ և սոցիալական ոլորտում, տարածաշրջանային նոր քաղաքականություն է իրականացնում, սակայն շարունակում է կախման մեջ մնալ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության և միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերություններից։
Վերջին տասը տարին բնութագրվում է սոցիալական, քաղաքական և ազգային-քաղաքական բնույթի ներքին լուրջ բախումների հերթագայությամբ։ Ավելին, բավական մեծ փոխադարձ կապ է նկատվում արտաքին և ներքին խնդիրների միջև, որոնք ծագում և մարում են հիմնականում զուգահեռաբար։ Քաղաքական կյանքը ցույց է տալիս, որ Թուրքիայի արտաքին և ներքին խնդիրներն ավելի ու ավելի են կառավարելի դառնում ինչպես թուրքական, այնպես էլ արտաքին նախաձեռնությունների կենտրոնների կողմից։ Այն խնդիրների կողքին, որոնք կարող են Արևմուտքում դիտվել իբրև վիճելի և հաճույքով քննարկվում են շահագրգիռ պետությունների և վերազգային կառույցների կողմից, մեծանում է նոր խնդիրների նշանակությունը, որոնք Արևմուտքում բնավ չեն ընկալվում իբրև վիճելի։ Դրանք, առաջին հերթին, թուրքական տարածաշրջանային քաղաքականության հարցերն են, հարաբերությունները Մերձավոր Արևելքի պետությունների, Ռուսաստանի և հատկապես Իրանի հետ։ Տասնամյակներ շարունակ Թուրքիան ջանացել է խուսանավել Արևմուտքի և արևելյան կոմունիստական ճամբարի միջև, բայց ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև, ավելի ճիշտ առաջատար եվրոպական պետությունների միջև որոշակի հակասություններ են եղել Թուրքիայի նկրտումների ու արտքաղաքական հավակնությունների առնչությամբ։ ԱՄՆ-ը երկար ժամանակ հմտորեն օգտագործել է Թուրքիայի ու եվրոպացիների դիրքորոշումները Եվրամիությանը երկրի ինտեգրման առթիվ, ինչը նյարդայնացնում էր ոչ միայն եվրոպացիներին, այլև թուրքերին։ Թուրքիայի և ԱՄՆ-ի հակասությունները ձևավորվել են տասնամյակների ընթացքում և իրենց բարձրակետին են հասել Ջ. Բուշի իշխանության օրոք, ընդ որում կային շատ ավելի սկզբունքային պատճառներ, քան Իրաքի պատերազմում Թուրքիայի պատշաճ աջակցության բացակայությունն էր։ Թուրքիան ձգտում է ինքնուրույնության և անկախության ավելի բարձր մակարդակի, ինչը պայմանավորված է ոչ միայն ԱՄՆ-ի, հաճախ նաև եվրոպական պետությունների առաջադրած պահանջներով ու սահմանափակումներով։ Թուրքիան ստիպված է կառուցել ավելի կուռ և հետևողական քաղաքականություն` անվտանգության արտաքին «գոտու» ստեղծման նկատառումով, ապահովել իր նախապատվելի տեղը տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության մեջ, նախ և առաջ էներգամատակարարման նոր համակարգի կայացման գործում։ Նման խոշոր ու հավակնոտ պետությունը չի կարող այլևս հաշտվել նախկին կախյալ դրության հետ, երբ ստիպված էր իր արտաքին քաղաքականությունը համաձայնեցնել ամերիկացիների ու եվրոպացիների հետ։ Որոշ ժամանակ Թուրքիան փորձեց խուսավարել ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև, բայց դրա հետևանքով հայտնվեց ավելի դժվարին կացության մեջ, երբ ամերիկացիներն ու եվրոպացիները սկսեցին Թուրքիայի նկատմամբ միասնական քաղաքականություն իրականացնել, որը, ըստ էության, դավադրություն էր հիշեցնում։ Ջ. Բուշի քաղաքականության շրջանը բնորոշվում է Թուրքիայի դիրքորոշումների ու շահերի անտեսման բարձր աստիճանով։ Սկզբում ռուսական ու եվրոպական որոշ քաղաքագետներ ու վերլուծաբաններ կարծում էին, թե ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը հանգեցնելու է ԱՄՆ-ից Թուրքիայի շատ արագ և սկզբունքային խորթացմանը, և անգամ սկսել էին խոսել, թե հնարավոր է Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից։ Ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանի ու Եվրոպայի այդ հետազոտողներն այնքան էլ լավ չեն պատկերացնում Թուրքիայի ունեցած խնդիրների էությունն ու միջազգային ասպարեզում այդ երկրի իսկական հնարավորությունները։ Թուրքիայի հանդեպ «բուշիզմի» քաղաքականությունը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը հսկայական քաղաքական, ռազմական, հետախուզական ու տնտեսական հնարավորություններ ունի մի այնպիսի խոշոր պետության հարկադրելու համար, ինչպիսին Թուրքիան է։ Ընդ որում, պատշաճ կերպով չեն գնահատվել այն հնարավորությունները, որոնք ԱՄՆ-ի քաղաքականության համար ապահովում էին որոշակի համաձայնեցումներ Վաշինգտոնի և առաջատար եվրոպական մայրաքաղաքների միջև։ Թուրքիան Արևմուտքի հետ բախվել է, միաժամանակ, իր շահերի անտեսման հզոր ճակատին և այն բացահայտ ամբոխավարությանն ու քարոզչությանը, որոնք սերտորեն կապված են երկրի իրադրության ապակայունացման արտաքին նախաձեռնությունների հետ։ ՈՒժի արևմտյան կենտրոնները ավելի քան համոզիչ կերպով կապված են Թուրքիայում գործող ազդեցիկ ուժերի հետ, որոնք «քաղաքական ներքին գործողությունների» եղանակով կարող են երկիրը անչափ մեծ ապակայունացման հասցնել։ Ժողովրդավարական հասարակության կուսակցության ¥քրդական¤ գործունեությունը արգելելու հարցի դատական լուծումը խիստ համահունչ է Թուրքիայի արտքաղաքական գործողություններին։ Արդի արևմտյան վերլուծական միտքն այնքան է մասնագիտացված խմբերի տրոհվել, որ ի վիճակի չէ ընկալելու արտաքին և ներքին գործոնների դերը Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացում և չի կարող ամբողջապես պատկերացնել երկրի վիճակը։
Թուրքիայի նկատմամբ Բ. Օբամայի քաղաքականությունն ընդունվեց որպես այդ երկրի հետ նոր հարաբերությունների կառուցման լուրջ հայտ։ Հակաբուշիզմի քաղաքականություն վարելու Բ. Օբամայի ձգտումը ևս ընդգծում էր նրա մտադրությունը` վերանայելու քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Կենտրոնական և Հարավային Ասիայում և անգամ Չինաստանի առնչությամբ։ Նույնիսկ շտապեցին Թուրքիան դասել այն երկրների շարքը, որոնց հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է ճշգրտվի։ Իրականում, Թուրքիայի հանդեպ Բ. Օբամայի հայտարարություններում ու հռչակված մտադրություններում պարզաբանված էր, թե ԱՄՆ-ը որքան կցանկանար մերձենալ նրա հետ, համատեղել շահերը, բայց միայն այն ձևաչափով, որ ապահովված լինեին ԱՄՆ-ի շահերը։ ԱՄՆ-ը մտադիր չէ ընդառաջելու մի պետության, որը պահանջում է ոչ միայն մարտավարական զիջումներ, այլև ձգտում է շատ ավելի հեղինակավոր դիրքեր զբաղեցնել համաշխարհային քաղաքականության մեջ։ Ամերիկա-թուրքական և եվրոպա-թուրքական հարաբերությունների ներկա մակարդակը ճիշտ հասկանալու համար հարկավոր է ընդունել այն դիտարկումը, որ նախկին հարմարավետ հարաբերությունները կարող են վերադառնալ Թուրքիայի նախկին ոչ այնքան հանդուգն հավակնությունների դեպքում միայն։ Թուրքիան որպես տարածաշրջանային մեծատերություն Արևմուտքի համար ամենալուրջ մարտահրավերից է 20-րդ և 21-րդ դարերի սահմանակցույթում։
Արևելքում ևս Թուրքիային նպաստավոր պայմաններ չեն սպասում արտաքին քաղաքականության համար։ Արևելքը, ընդ որում ինչպես եվրոպական Արևելքը, այսինքն Ռուսաստանը, այնպես էլ ասիականը` Իրանն ու արաբական պետությունները, պետք չունեն շտապելու և Թուրքիայի «նոր» քաղաքականությունն ընդունելու իբրև մի ինչ-որ կայուն ու եվրասիական և մերձավորարևելյան պետությունների շահերի համար անվտանգ քաղաքականություն։ Ասիական Արևելքը տվյալ պարագայում ամենևին էլ հանդես չի գալիս որպես Թուրքիայի ակտիվ և դինամիկ գործընկեր, որին հանկարծ ինչ-որ բան դուր չի եկել Արևմուտքի դիրքորոշման մեջ։ Նա սպասողական դիրք գրաված «բևեռի» դեր է որդեգրել, որի նպատակը ազատության բարձր աստիճանի և իր արտաքին քաղաքականության ճկունության ձգտումն է։ Առայժմ Ասիական Արևելքը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերություններում լուծել առավել վիճելի և սուր հարցեր ¥նախ և առաջ Սիրիա, Իրաք, Իրան և Հայաստան¤, բայց դեռևս հեռու է փոխվստահությունը։ Փաստորեն, Թուրքիայի հանդեպ իր քաղաքականությունը նույն կերպ է կառուցում նաև Ռուսաստանը։ Սխալ չէր լինի պնդել, որ բազմավեկտորության սկզբունքով արտաքին քաղաքականության մեծ ճկունության հասնելու իր ձգտման ճանապարհին Թուրքիան հաջողություն չի արձանագրել։ Նա չի կարողացել Արևելքում քաղաքական ռեսուրսներ ձեռք բերել Արևմուտքի հետ ավելի նախընտրելի երկխոսության համար, և ընդհակառակը։
Տարածաշրջանային քաղաքականության ոլորտում Թուրքիայի և ԱՄՆ-ի սկզբունքային փոխադարձ շահերի բացակայությունը նկատելի դարձավ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերի առթիվ։ Տպավորություն է առաջանում, որ այդ երկու երկրները, աշխատելով հարթել փոխադարձ հարաբերությունների ոչ այնքան պատշաճ վիճակը, ակնկալում էին պետական սահմանների բացման և այլ հարցերում համաձայնության գալու գործում ԱՄՆ-ի ավելի վճռական մասնակցություն։ Այդ հույսն ուներ ոչ միայն Հայաստանը, որի արտքաղաքական հնարավորությունները շատ ավելի համեստ են, այլև հենց Թուրքիան, որը, առաջին հայացքից, այնքան էլ ԱՄՆ-ի կարիքը չուներ իր մտադրությունն իրագործելու հարցում։ Կարգավորման կրիտիկական փուլերից մեկում Թուրքիան հասկացավ, որ ինքը կարող է ավելի մեծ կորուստ ունենալ, քան ենթադրվում էր, քանի որ «խաղից դուրս» վիճակում է հայտնվելու ղարաբաղյան խնդրի լուծման հարցում իր «արյունակից» գործընկերոջը պատշաճ աջակցություն ցուցաբերելու գործում, ինչը կհանգեցնի ամբողջ տարածաշրջանում Թուրքիայի հեղինակության կորստյան։ Թուրքիան կանգնած էր ոչ թե «նոր» քաղաքականության, այլ նոր արտքաղաքական կախման վիճակում հայտնվելու սպառնալիքի առջև, ինչը հակասում է նրա ներկա ռազմավարական կուրսին։ Ամերիկացիների նախագծած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Թուրքիային «կապում» էր այն պարտավորություններին ու պայմաններին, որոնք նա համարում է Հարավային Կովկասում իր գործողությունների կաշկանդում` աշխարհաքաղաքական շատ ավելի լայն ընդգրկումով։ Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների բարդացման հնարավորությունը այդ պարագայում կմեծանա, և դա ևս Թուրքիային աննպաստ վիճակի մեջ է դնում։ Սակայն պետք է ուշադրության առնել, որ ԱՄՆ-ն այսուհետև ստիպված է ջանքեր հակադրել ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև Թուրքիայի քաղաքականությանը։ Ընդ որում, եթե Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ունեն նոր պայմանների անցնելու միտում և տարածաշրջանային քաղաքականության ոլորտում նրանց միջև հնարավոր են նոր պայմանավորվածություններ, ապա Թուրքիայի հետ ԱՄՆ-ի խնդիրները նոր են դեռ ընդլայնվում։ Թուրք-ամերիկյան հարաբերություններում քիչ են այն հարցերն ու ակնկալիքները, որոնք լիովին կանխատեսելի են, քանի որ այդ հարաբերությունների փորձը շատ բազմապիսի է ու տևական։ Բայց կան նաև միանգամայն նոր երևույթներ` կապված Թուրքիայի քաղաքական խավի ու քաղաքական կուսակցությունների կազմում, թուրք հասարակության շրջանում և անգամ սպայակազմում տեղի ունեցող փոփոխությունների հետ։ Թուրքական ավանդական քաղաքական ուժերն առաջվա նման պահպանում են իրենց դիրքերը, շատ թե քիչ կայուն են մնում երկու երկրների զինվորականների հարաբերությունները, սակայն պետք է նշել, որ Թուրքիան և՛ առաջ, և՛ հիմա այնքան էլ լավ չի ներկայացված ամերիկյան հասարակության մեջ։ Այստեղ դեռևս լավ ծանոթ չեն այդ երկրի մշակույթին, պատմությանը և արժեքներին, բավականաչափ ճանաչում չունեն նրա քաղաքական օրախնդիր նպատակներն ու գերակայությունները։ ՈՒ երևի անհրաժեշտություն կա ավելի իրատեսորեն հասկանալու Թուրքիայի նշանակությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության գործում` ճիշտ այնպես, ինչպես իրականությունն է հուշում։ Սակայն Սև ծով-կովկասյան տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում Թուրքիայի ջանքերը շրջափակելու ԱՄՆ-ի քաղաքականությունը, ինչը և դարձավ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացման վճռորոշ գործոն, գալիս է համոզելու, որ Թուրքիայի զսպման խնդիրը դարձել է այդ երկրի հանդեպ ամերիկյան քաղաքականության հիմքը։
Եվրոպական առաջատար պետություններ Ֆրանսիան ու Գերմանիան արդեն միանգամայն հասկանալի և անշրջելի դիրքորոշում են որդեգրել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության անհնարինության վերաբերմամբ։ Այդ դիրքորոշումը պաշտպանություն է գտնում եվրոպական պետությունների ճնշող մեծամասնությունում, ինչպես նաև Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից, իսկ Մեծ Բրիտանիան, որը երկար տարիներ ջանացել է շահարկել այդ քաղաքական նյութը, ինչպես որ ԱՄՆ-ը, ներկայումս ի վիճակի չէ պնդելու այդ բանը։ Եվրամիության ընդլայնումը չի ավարտվել, բայց կանգ է առել, որովհետև անհնար է դարձել շարունակելը։ Սակայն Եվրամիության ընդլայնման հաջորդ փուլը, որը կսկսվի մի 7-10 տարի հետո, մեկ անգամ ևս ցույց կտա, որ այդ թեման փակ է Թուրքիայի համար։ Եվրամիության զարգացման նոր փուլը կառանձնանա նրանով, որ Իսրայելը և ԱՄՆ-ում ու Եվրոպայում նրա բարեկամները ոգևորություն չեն ցուցաբերի Թուրքիային Եվրամիություն խցկելու հարցում։ Թուրք հասարակությունն այս ամենը հասկացել է, բայց, երևի, դեռևս պատրաստ չէ համարժեք հետևություններ անելու դրանից։ Հանդիպական պահանջներ ներկայացնելն ու թշնամանքը ոչինչ չեն տա Թուրքիային, այլ սոսկ կհետաձգեն Արևմուտքի հետ նրա մերձեցումը սոցիալ-մշակութային և տնտեսական ոլորտներում։ Թուրքիան արդեն կարևոր բացասական ազդանշան է ստացել միջազգային ֆինանսական կազմակերպություններից, երբ նրան չտրամադրվեց ակնկալած բազմամիլիարդ վարկը, առանց որի նա մեծ հնարավորություններ չունի արագ ու արդյունավետորեն դուրս գալու ներկա տնտեսական բարդ կացությունից։ Ինչպես կարծում են արևմտյան լրատվամիջոցները, շուտով կարող են խնդիրներ առաջանալ Արևմուտքի պետությունների հետ, նախ և առաջ ՆԱՏՕ-ի շրջանակներում, ռազմական համագործակցության հարցում։
Միգուցե եվրոպացիներն ավելի կոնկրետ ու բացահայտ են Թուրքիային մատնանշում այն հնարավոր ու միակ ձևաչափը, որի շրջանակներում դեռ կարող են զարգանալ Արևմուտքի հետ նրա հարաբերությունները։ Թուրքիայի որոնումներն ու ձախորդությունները աշխարհում իր նոր տեղն ու դերը գտնելու ճանապարհին դեռ երկար կշարունակվեն։ Իրենք թուրքերը և ուրիշներ հաճախ են կրկնում, թե Թուրքիան «կամուրջ» է Արևմուտքի և Արևելքի միջև, բայց իրականում նման «կամուրջ» դեռ չկա, դա դեռ տեղի չի ունեցել։ Միգուցե հենց նման «կամրջի» կառուցումն էլ հնարավորություն տա նորովի իմաստավորելու Արևմուտքի ու Արևելքի հետ նրա հարաբերությունների ձևաչափը։ Ոչ թե Թուրքիայի արհեստական խցկում եվրոպականացման մոդելի մեջ, այլ որոշակի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործառույթների իրականացում է ակնկալվում նրանից, այլապես նրան սպասում է խոր ու աղետալի առճակատում տարբեր ուղղություններում։ Ելման պայմանները, այսինքն, անատոլիական քաղաքակրթության «բզկտվածությունը», միջքաղաքակրթական փոխանակության անհամարժեքությունը, վարքագծի ու արժեքների ավանդական ու ծայրաստիճան արևելահակ կարծրատիպերի մրցակցությունը, ինչպես նաև կասկածելի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական առավելությունների ընդգծումը երկիրը կտանեն մասնատման և պատմական հեռանկարի կորստյան։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ