Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Վարդան Օսկանյանը՝ կրկին դերակատար

Վարդան Օսկանյանը՝ կրկին դերակատար
09.03.2013 | 21:01

Փաստենք՝ նախորդ տարի տեղի ունեցած ԱԺ ընտրություններից առաջ, երբ Հայ ազգային կոնգրեսը համագործակցության փորձեր արեց «Բարգավաճ Հայաստան»-ի հետ՝ ընդդեմ Հանրապետական կուսակցության մենաշնորհի, ԲՀԿ-ն սահուն և հանգիստ վերածվեց քաղաքական գործոնի: Եվ չնայած ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի մերձեցման փորձերը ՀԱԿ-ից պոկեցին շատ սկզբունքային անհատների, իսկ մնացողներն էլ չզլացան անընդմեջ քննադատել համագործակցության փորձերը, այնուամենայնիվ, այդ հանգամանքը չխոչընդոտեց, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ՀՀ նախագահի ընտրություններից հետո Ազատության հրապարակում հավաքված իր համակիրներին անհատապես բարևելուն զուգահեռ, շտապի Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու: Իսկ Գագիկ Ծառուկյանը թեև հրաժարվեց առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, բայց շարունակում է պահպանել իր՝ գործոն լինելու հանգամանքը: Նա այսօր ԲՀԿ խորհրդակցության ընթացքում կայացրել է որոշում, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը պետք է գլխավորի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Այն նույն Օսկանյանը, ով տասը տարի հաջողությամբ պաշտոնավարեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, ով Մեղրին Լաչինի միջանցքի հետ փոխանակման ջատագովն էր, ով, առանց վարանելու, աշխատանքից ազատեց մի խումբ դիվանագետների, որոնք 2008-ի փետրվարին միացել էին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը, հետո արդարացրեց Մարտի 1-ի օպերացիան: Չմոռանանք, որ պաշտոնաթողությունից հետո իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամով Վարդան Օսկանյանը փորձեց հակադրվել ներկա իշխանություններին, սեմինարների ժամանակ քննադատում էր ներկաների արտաքին քաղաքականությունը: Եվ բանը հասավ այնտեղ, որ ԱԱԾ-ն սկսեց ստուգումներ իրականացնել «Սիվիլիթաս»-ում՝ փողերի լվացման կասկածանքով:

Հիմա նորից Վարդան Օսկանյանը հայտնվել է ներքաղաքական կյանքի առանցքում՝ ապացուցելու, որ երբեմնի ֆունկցիոները կարող է դառնալ ակտիվ դերակատար: Թե ում ականջներն են երևում Վարդան Օսկանյանի թիկունքից՝ կերևա առաջիկայում: Սակայն, պակաս կարևոր չէ, որ նույն ԲՀԿ ցուցակում նրան հաջորդում է ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, ով հենց ԲՀԿ-ի շնորհիվ դարձավ ԱԺ պատգամավոր: Հիշեցնենք միայն, որ սա նույն Գուրգեն Արսենյանն է, ով 2004-ի ապրիլի 12-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնություններից հետո շնորհակալություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին՝ ոստիկանության ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար:
Բայց ամեն ինչ սրանով չի ավարտվում: Գագիկ Ծառուկյանը, իր ցուցակը կազմելուց հետո, դեռ պետք է խորհրդակցություններ անցկացնի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ: Թե ինչ կտան այդ խորհրդակցությունները՝ կապրենք՝ կտեսնենք, քանի որ մեր երկրում անհավանական թվացող ոչ մի բան չի բացառվում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ