Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ո՞Ւմ են ժողովրդավարացնելու, այն էլ այնպես, որ քարը քարին չմնա»

«Ո՞Ւմ են ժողովրդավարացնելու,  այն էլ այնպես, որ քարը քարին չմնա»
25.09.2012 | 11:53

Վաղուց արդեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխհարաբերությունները զարգանում են ճոճանակի սկզբունքով` ծայրաստիճան կասկածամտության ցրտաշունչ բևեռից գլորվելով փարիսեցիական «վերաբեռնման» թեժ գիրկ։ Սակայն դրանք, մեծ հաշվով, երբեք չեն խախտել թույլատրելի խաղի սահմանն ու անգամ առճակատման ամենասուր շրջաններում լիովին ներառել են տարբեր և նույնիսկ փոխբացառող, բայց շահավետ գործողություններ։ Հիշենք երիտասարդ սովետների երկրի արդյունաբերության կայացմանն ամերիկյան օգնությունը կամ Աֆղանստան ԽՍՀՄ-ի ներխուժման ժամանակ մշակութային համագործակցության պայմանագրերը։ Այս օրինաչափությունը միանգամայն գործուն է նաև մեր օրերում։
Այսպես, վերջին ժամանակներս Վաշինգտոնի ու Մոսկվայի փոխհարաբերություններում տեղի են ունեցել մի ամբողջ շարք իրադարձություններ, և բազմաթիվ կարծիքներ են հնչել ամենավերևներում, որոնք, կարծես, հակասում են միմյանց։ Մի կողմից` ուժի մեջ է մտել Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնագիրը անցագրակարգի դյուրացման վերաբերյալ։ Ավելին, նախատեսվում է տրամադրել եռամյա անցագրեր` ելքի օրվանից սկսած երկրում վեց ամիս գտնվելու արտոնությամբ։ Իսկ Մոսկվայում գլխավոր «հակառուսական ճուռակ», դեսպան Մայքլ Մաքֆոլն առհասարակ նշում է, որ ԱՄՆ-ը ձգտում է լրիվ վերացնել անցագրակարգը Ռուսաստանի հետ (ասես մոռացած լինեն թե՛ ռուսական մաֆիան, թե՛ «Մագնիտսկու ցուցակը»)։ Ի դեպ, որպես հեղինակային դիտարկում նշենք, որ ԱՄՆ մուտքի ամենապարզեցված կարգը ԽՍՀՄ քաղաքացիների համար Վաշինգտոնը սահմանել էր երկու երկրների միջև «սառը պատերազմի» ամենալարված տարիներին։ Հասկանալի է, որ դա արվել էր զուտ գաղափարախոսական նկատառումներով, որն այսօր, կարծես, օրախնդիր չէ։ Սակայն, եթե նկատի առնենք, որ, ըստ Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինի` վերջին տարիներին Ռուսաստանից արտագաղթել է 1 մլն 250 հազար մարդ (սա միայն պաշտոնական վիճակագրությունն է) և որ տարագրման տրամադրություններն այսօր համակել են միջին խավի ամեն երկրորդ ներկայացուցչին, իսկ հարցումների համաձայն` ռուսների 50 տոկոսը երազում է գաղթել երկրից, ապա ամերիկացիների «բարի կամքի քայլը» նորից մռայլ երանգներ է ստանում։ Համեմատության համար` 1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Ռուսաստանից հեռացավ 2 մլն մարդ։
Հիմա անցագրային նոր պայմաններում Ռուսաստանից տարագրության նոր ալիքը, ամենայն հավանականությամբ, ոչ միայն համեմատելի կլինի 1917-22 թթ. ժամանակաշրջանի հետ, այլև զգալիորեն կավելանա։ Բայց, այդուամենայնիվ, բարի կամքի քայլն ակնհայտ է։ Մյուս կողմից, ինչպես հաճախ է եղել, ԱՄՆ-ը վերստին մտահոգված է Ռուսաստանում մարդու իրավունքների հարցով և մտադիր է, չնայած ռուսական իշխանությունների դժգոհությանն ու «օտարերկրյա գործակալների» մասին ընդունվող օրենքներին, ջանադրորեն շարունակել «հասարակության ժողովրդավարացման» գործընթացը։
Պակաս հակասական չեն նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարություններն այն մասին, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին, և միաժամանակ նրա արտահայտած ոչ այնքան վստահ հույսերը, որ Կոնգրեսը, այնուամենայնիվ, կչեղարկի Ռուսաստանի հանդեպ Ջեքսոն-Վենիկի իր դարն ապրած ուղղումը և հավանություն կտա վերջինիս նոր տեխնոլոգիաներ մատակարարելուն։ Բացի այդ, ԱՄՆ-ի իշխանությունները ոգևորվել են «հրաշալի թռչունների հետ» Պուտինի թռիչքով, պայմանավորվել են զարգացնել կապերը առանձին սուբյեկտների ու նահանգների, ինչպես նաև եղբայր քաղաքների միջև, Հեռավոր Արևելքում ու Ալյասկայում անցկացրել են ռուս-ամերիկա-կանադական համատեղ հակաահաբեկչական «Աչալուրջ բազե» զորավարժությունները (համաձայնեք, ռուսական գլխավոր շտաբի համար միանգամայն արտասովոր պենտագոնյան անվանում է), և նույնիսկ հուշագիր ստորագրել Անտարկտիկայի վերաբերյալ երկու երկրների համար վիճելի հարցերում փոխըմբռնման և համագործակցության մասին։ Բայց, միաժամանակ, Վաշինգտոնն ու Մոսկվան ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ գլխավոր խնդիրների շուրջ` ո՛չ եվրոպական ՀՀՊ-ի, ո՛չ էլ Մերձավոր Արևելքի։ ՈՒստի և շատ դժվար է հասկանալ Կրեմլի և Ռուսաստանի քաղաքական ղեկավարության զայրույթն այն առթիվ, որ «ԱՄՆ-ը լեհերին օգնել է Կատինի համար մեղքը բարդելու Ռուսաստանի վրա»։ Նա հանդիսավորապես` Կապիտոլիումի բլրի վրա, կոնգրեսականների, Լեհաստանի դեսպանատան աշխատակիցների և զոհված լեհերի սերունդների ներկայացուցիչների ներկայությամբ կատինյան գնդակահարության վերաբերյալ ավելի քան 1000 էջ փաստաթուղթ հրապարակեց, որոնք հավաքվել էին ամերիկյան տարբեր գերատեսչությունների արխիվներից։ Առանձնապես ցավալի է, որ այդ դավադիր հարվածը հասցվեց զոհվածների հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցը միջազգային դատարաններում լսելու նախօրեին։ Դե, ռուսներն ինչպե՞ս չկասկածեն, հատկապես անցյալի դասերը հաշվի առնելով, որ ամերիկա-ռուսական հարաբերությունները որպես «լավ» ու «ամուր» բնութագրելու ԱՄՆ-ի պետդեպի փորձերը, ինչպես նաև «անկեղծ բարեկամության» վերաբերյալ Պուտինին Օբամայի հավաստիացումներն իմպերիալիստների հերթական ոտնձգությունների ծխածածկույթ են։ Այնպես որ, ամեն ինչ կարծես վկայում է այն մասին, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում նորից դժվար ժամանակներ են, և արդեն կա դժվարությունների լուրջ բեռ` անվստահության հայտնի ռեժիմի ստեղծման մեծ հեռանկարով։
Այստեղ էլ վրա հասան նախագահի թեկնածու Ռոմնին` Ռուսաստանի վերաբերյալ իր հայտարարություններով ու «սառը պատերազմի ժամանակների մտածողությամբ», և արտաքին քաղաքականությունն ու մասնավորապես նախկին խորհրդային տարածությունում ԱՄՆ-ի շահերն արմատականացնելու հանրապետական կուսակցության նոր ծրագիրը։ Այնուհետև, ինչպես և պետք էր սպասել, այն կարծիքը, որ «վերաբեռնման կոճակը» եթե ինչ-որ ժամանակ գործել էլ է, ապա հիմա վերջնականորեն խափանվել է, որ ամերիկացիները եղել են, ե՛ն և դեռ երկար կլինեն «թշնամիներ», էլ ավելի է ամրապնդվել ռուսական հանրության շրջանում։ Կրակին յուղ ավելացրեց նաև նախագահ Պուտինը, ինչպես միշտ վիրտուոզ կերպով խաղարկելով Ռոմնիի խոսքերը։ Նա հայտարարեց, որ Ռուսաստանը պիտի հաշվի առնի իր նկատմամբ թշնամական վերաբերմունքը, որ ինքը շնորհակալ է հանրապետական կուսակցությանը, ԱՄՆ-ի նախագահի թեկնածուին` անկեղծության համար, բայց և պետք է հաշվի առնի դա` պատմական տևական հեռանկարի համար անվտանգության հարցերը լուծելիս։ Իսկ դա, ընդհանուր առմամբ, ուժեղացնում է Ռուսաստանի բանակցային դիրքերը ՀՀՊ «զգայուն և կարևոր հարցում»։ Դիմակայության թեման է՛լ ավելի փարթամ աճ է տվել Դաշնային ժողովում Պուտինի ապագա ճառի «արտահոսքերում»։ Դրանցում նախագահի խորհրդականներն առաջարկում են ԱՄՆ-ին մեղադրել «հրթիռառմբային ժողովրդավարության» հաստատման, «երկակի ստանդարտների», «ամեն տեսակի այլախոհության ճնշման ու վարկաբեկման» և «համացանցային գերիշխանության» մեջ։ Իսկ ազատության ու հանդուրժողականության առնչությամբ Ռուսաստանի նախագահն իր ելույթում պետք է հռետորական հարց տա. «Ո՞Ւմ են ժողովրդավարացնելու, այն էլ այնպես, որ քարը քարին չմնա»։ Իսկ հարաբերությունների «վերջին սահմանը» քաշեց փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը։ Նա հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ի նախագահի աթոռը բաժին հասնի հանրապետական Ռոմնիին, դա կարող է հանգեցնել սպառազինությունների մրցավազքի վերսկսման։ Դրանից հետո անխուսափելի և շուտափույթ «սառը պատերազմի» թեման ծայրաստիճան ժողովրդական է դարձել Ռուսաստանում։
Խիստ հատկանշական է, սակայն, որ երկու նախագահներն էլ` և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի, ամենևին ուշադրություն չեն դարձրել, որ հանրապետական թեկնածուն Ռուսաստանն անվանել է ոչ թե ռազմավարական, այլ աշխարհաքաղաքական հակառակորդ, իսկ այդ բնորոշումը ենթադրում է, առաջին հերթին, ոչ թե ռազմական դիմակայություն, այլ պայքար միջազգային ասպարեզում ազդեցության համար։ «Թշնամի» բառն էլ անգլերեն բնագրում շատ ավելի մեղմ համարժեք ունի։ Սակայն հասկանալի է, որ թե՛ Օբաման, թե՛ Պուտինն իրենց պատասխաններում լուծում են բացառապես իրենց անձնական վարկանիշի հարցը և հիանալի հասկանում են, որ ընտրվելուց հետո Ռոմնին ավելի իրատեսական և ավանդական դիրք կբռնի։ Նկատենք, որ հանրապետական նախագահները Մոսկվայի համար միշտ էլ եղել են ավելի հարմար ու կանխատեսելի գործընկերներ։ Ինչ վերաբերում է «սպառազինությունների մրցավազքին», դա առայժմ Ռուսաստանի համար ծանր բեռ է, մի շարք հանգամանքների պատճառով` միանգամայն անհաղթահարելի, ուստի դրա մասին խոսակցությունները քարոզչություն են ընդամենը։
Այլ բան են աշխարհաքաղաքականությունն ու ազդեցության ոլորտների վերաբաժանումը։ Այս տեսանկյունից երկու երկրների մրցակցությունը, հատկապես նախկին խորհրդային տարածությունում և Ռուսաստանի համար ավանդաբար գերակա տարածաշրջաններում, կասկածից վեր է և ոչ պատահական։ Մոսկվան անգամ չի էլ թաքցնում իր ախորժակը։ Համենայն դեպս` խոսքով։ Ահա և Պուտինի պատրաստած ճառի արտքաղաքական բաժնում հիշատակություն կա «հողերի ժողովման» մասին։ Դա արդյոք նյարդային արձագանք կառաջացնի՞ ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ լիդերների ու ավելի հեռավոր հարևանների շրջանում։ Կասկած չկա` անխուսափելիորեն։ Կլինե՞ն, արդյոք, փոխհանդիմանություններ և միմյանց «խթելու» փորձեր։ Անպայման։ Կհանգեցնի՞, արդյոք, դա «սառը պատերազմի», «սպառազինությունների մրցավազքի», առավել ևս` զինված դիմակայության։ Ամենայն հավանականությամբ, նման սցենարները, ի հիասթափություն շատերի, ծայրաստիճան կասկածելի են։
Խոսակցությունը` խոսակցություն, սակայն երկու երկրների հարաբերությունները վաղուց կառուցված են բացառապես «ապրանք-փող» իրատեսական հողի վրա։ Ընդ որում, դա հավասարապես վերաբերում է և՛ Մոսկվային, և՛ Վաշինգտոնին։ Իսկ գաղափարախոսական «մեծապետական նկրտումները» վաղուց, համենայն դեպս, Ռուսաստանում, քշված են հեռավոր անկյուն և ասպարեզ են հանվում հայրենասիրական մեծ տոներին` բնակչության որոշակի խավերի համար։ Իսկ ընդհանուր առմամբ, շատ փորձագետների կարծիքով, «սառը պատերազմի» ժամանակները վերադարձնելն անհնար կլինի, մինչդեռ ահարկու «սալաֆյան» սպառնալիքը ծառացած է և ահագնանում է։ Այստեղ արդեն հարց չի ծագի, թե «ով է գլխավորն ու ավելի արդարացին»։ Բոլորը ծանր վիճակում կհայտնվեն։
Այլ բան է, որ «աշխարհաքաղաքական վերմակը իր վրա քաշելը» և ագրեսիվ ճառաբանությունը նրանց երբեմն պետք են և լիովին համապատասխանում են աշխարհի այն նկարագրին, որը, ըստ անհրաժեշտության, պատկերում են երկու կողմերն էլ։ Համաձայն այդ հին և շատերի համար դեռ հարմար նկարագրի, աշխարհն առաջվա նման բաժանվում է յուրայինների և օտարների, ու այստեղ Վաշինգտոնն ու Մոսկվան կանգնած են բարիկադների տարբեր կողմերում։ Բայց ակնհայտ է, որ անցյալ դարի իրական «սառը պատերազմի» ժամանակների համեմատ, հիմա երկու պետություններն էլ լուրջ չեն քննարկում իրենց հողերում լայն հակամարտության հայեցակարգը։ Նրանք նախընտրում են իրենց նպատակներին հասնել այլոց տարածքում։ Եվ այդ մասին արժե մտորել ավելի լրջորեն։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 5789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ