Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Էկլեկտիկան որպես ուղիղ ճանապարհ

Էկլեկտիկան որպես ուղիղ ճանապարհ
14.09.2012 | 13:26

Օրերը կարճացել են: Օրերը բացահայտորեն կարճացել են: Մի քիչ էլ ցրտել, բայց դե սեպտեմբերի կեսն է և օրինաչափ է: Իսկ օրինաչա՞փ է, որ Ազգային ժողովի պատգամավորները առաջին նստաշրջանը նոր սկսած` հրաժարական են տալիս` Ռուբեն Հայրապետյան, Րաֆֆի Հովհաննիսյան: Նրանք հրաժարվում են բացահայտ: Նրանց հրաժարականները դեռ չեն ընդունվել, բայց հազիվ թե նրանք Նաջարյանի նման փոշմանեն: Համարյա 30 պատգամավոր հրաժարվել է փաստացի. նրանք ուղղակի չեն գալիս նիստերին:

Դժվար է ասել` մայիսից սեպտեմբեր ի՞նչ է կատարվել նրանց կյանքում, որ այդպիսի շրջադարձ են ապրել: ՈՒ եթե Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը համարյա հարկադրական էր, Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականն ավանդական էր, որ անմիջապես կապվեց նախագահական ընտրությունների հետ: «Պատգամավորը նախագահի թեկնածու ինչո՞ւ չի կարող լինել» հարցը չի պարզաբանվում: Հավանաբար` զբաղվածության պատճառով: Համենայն դեպս, հուսանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ կհաստատի կամ կհերքի իր նախագահական հավակնությունները: Եվ եթե մանդատը վերցնել-չվերցնելու համար մայիսից սեպտեմբեր մտածելու ժամանակ պահանջվեց, թերևս մինչև նախագահական ընտրություններում առաջադրվելու պաշտոնական ժամկետը «Ժառանգության» նախագահը կկողմնորոշվի: Եթե, իհարկե, ինչպես ԱԺ կանոնակարգն է սահմանել, 15-օրյա ժամկետում մանդատից հրաժարվելու դիմումից չհրաժարվի: Իսկ եթե ամեն ինչ իսկապես լուրջ է, Րաֆֆի Հովհաննիսյանն ակներևաբար փորձելու է լինել ոչ միայն «Ժառանգության» թեկնածուն, այլև ընդդիմադիր դաշտի: Գոնե այդ դաշտի որոշ մասի: Որքան ազատ կլինի «Ազատ դեմոկրատները» նրան աջակցելու հարցում, կերևա ժամանակի հետ: ՈՒրիշ ո՞վ կսատարի նախագահի ընդդիմադիր թեկնածուին, նույնքան դժվար է ասել, որքան դժվար է ասել, թե ով կլինի ՀԱԿ-ի թեկնածուն: Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, ճշտում է այդ որոշման ընդունման արտաքին քաղաքական ու ներքաղաքական նախադրյալները: Բայց նա ճշտում է իր առաջադրման նախադրյալները: Իսկ եթե ինքը չառաջադրվի, ո՞վ է լինելու նրա իրավահաջորդը ՀԱԿ-ում: «Ո՞վ, եթե ոչ ես» հարցը ՀԱԿ-ում կարող են բոլորը տալ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է «ոչ»: Համենայն դեպս` այս դեպքում 1+1+1+1+1+... բանաձևը չի գործում: Իհարկե, «ներքաղաքական նախադրյալների» շրջանակում ընդունված է, բայց անիմաստ է քննարկել ԲՀԿ-ի աջակցության հնարավորությունը: ԲՀԿ-ն նախագահի թեկնածուների իր ցուցակում մինչև Լևոն Տեր-Պետրոսյանն ունի նվազագույնը մեկ գործող, մեկ անգործ նախագահ, մեկ կուսակցապետ, պահեստային էլ` մեկ արտգործնախարար: Արդեն նախկին: Եվ հետո` ԲՀԿ-ին ՀԱԿ-ից պետք էր լեգիտիմության պաշար` հրապարակը, հասարակական աջակցության այն հարթակը, որ ոչ մի փողով չի գնվում, որ կամ կա, կամ չկա: Հիմա արդեն ՀԱԿ-ը հազիվ թե կարողանա բավարարել ԲՀԿ-ի այդ «պահանջարկը»: Եզրակացություններն իրենք իրենց են առաջադրվում: Բայց նախագահական ընտրությունները ձգողական ուժ ունեն նաև իրենց անկանխատեսելիությամբ, գոնե իբրև գործընթաց: Գործընթաց, որին մասնակցելու իրավունք, ըստ Սահմանադրության, ունեն ոչ միայն նախկին ու ներկա նախագահները: Բացի հերթապահ-հերթական թեկնածուներից, ո՞ւմ հունվար-փետրվարը նախագահական նկրտումներ կներշնչի, և ո՞ւմ շանսերը ինչ գին ունեն, որքան էլ տարօրինակ է, կարևոր չէ: Կարևորը հետոն է, այն ճանապարհը, որով գնալու է նախագահը, որով գնալու է երկիրը, կամ թվալու է, թե գնում է:

Իսկ որ թվացյալությունը հաճախ է իրականի տպավորություն թողնում, վկայում է ոչ միայն հայաստանյան իրականությունը: Փորձառու, խելամիտ ու հնարամիտ Եվրոպան ալիք-ալիք բանաձևեր է ընդունում, մտահոգություն հայտնում, կոչեր հղում: Անտեղյակ մեկին կարող էր թվալ, որ Սաֆարովին ներում է շնորհվել, ութ տարվա աշխատավարձ է վճարվել, կոչում է բարձրացվել իբրև փոխհատուցում փողոցը կարմիր լույսի տակ անցնելու պատճառով սխալմամբ բանտարկելուն: Իսկ գուցե ճիշտը պրագմատիկ Եվրոպան է, որ քննարկում է Արևելյան գործընկերության օրակարգի իրականացման ապագան, բանակցությունների շարունակումն է կարևորում, որ առաջ է նայում և ոչ թե հետ, ինչպես ապրել ենք մենք մեր գոյության հազարամյակներում ու արդեն անխախտ ավանդույթ ենք դարձրել: Մինչ մենք արտահերթ նստաշրջանից հետո էլ ԱԺ-ում շարունակում ենք այդ թեմայով խրոխտ հայտարարություններ հնչեցնել, մանվածապատ հարցեր տալ ու մշուշոտ պատասխաններ ստանալ, մինչ ուշացած, բայց ջանադիր մի քանի կառույցներ շարունակում են Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցնել, Եվրոպան մտածում է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով լարվածությունը չսրվելու, անարդարության զգացումը չընդլայնվելու մասին: Բայց մտածում է ինքնահատուկ` առանց տարբերություն դնելու սպանողի ու սպանվողի միջև, որովհետև իր տրամաբանությամբ, երկու կողմն էլ բարդույթավորված, հետևաբար անարդարության զգացումով համակված պիտի լինի: Ի վերջո, Եվրոպայի համար զգացումները չեն կարևորը, այլ փաստերը: ԱՄՆ-ի կոնգրեսմեններն էլ հայտարարություններ են տարածում` մտահոգ մարդասպանի արտահանձնման, ներման և փառաբանման ակտով: Իսկ այդ համապատկերում Թուրքիայի վարչապետը նորից ու նորից հայտարարում է, որ Ադրբեջանը եղել ու մնում է Թուրքիայի եղբայրը, և Թուրքիան պաշտպանել ու պաշտպանելու է Ադրբեջանին: Ի հեճուկս: Համարյա ի հեճուկս Եվրոպայի ու ԱՄՆ-ի, որ գոնե այս մի քանի օրը միակամ դատապարտում են Ադրբեջանին, թեկուզ ոչ համարժեք, ոչ հավասարակշիռ ու ընդհանրապես ոչ հոդաբաշխ: Այսինքն` Եվրոպան իր պրագմատիկ ելակետերում ավելի ճի՞շտ է, քան մենք մեր հուզական-արդարամիտ ու միամիտ որոնումներում: Եվ ժամանակն է, իսկապես առաջ նայելով, մտածելու շահեկան դիրքերի ստեղծման հնարավորության մասին բանակցությունների սեղանի շուրջը: Այն բանակցությունների, որոնք ակնհայտորեն չեն ընդհատվել, կողմերից ոչ մեկը չի հայտարարել իր մասնակցությունը կասեցնելու մասին, բայց որոնք, միևնույն է, չեն շարժվում մեռյալ կետից: Լավ է, թե վատ, այդպես է:
Եվ մխիթարականն այն է, որ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան գոնե համոզված է, որ ադրբեջանցիները չեն կարող վերանվաճել Ղարաբաղը, ռազմական առումով ի վիճակի չեն:
Իսկ Հայաստանը շահագրգռված է ինտեգրվել ԵՎՐԱԶԷՍ-ում, ԱՊՀ-ում, Եվրամիությունում, թեպետ պաշտոնական հրավեր չի ստացել Եվրասիական միությանն անդամագրվելու, բայց մասնակցում է Եվրասիական միության ձևաչափի շարունակական քննարկումներին: Խորհրդարանն էլ 97 կողմ ձայնով վավերացնում է ԱՊՀ անդամ 8 երկրների միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագիրը, գուցե Հայաստանը որոշի մաքսային միությանն էլ միանալ... Եվ դրանից հետո արդեն Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելու հարցը կարող է դառնալ ձևական: Թեպետ իրականում այդ հարցը միշտ էլ եղել է ձևական, որովհետև ապրիորի միությանը միանալու հեռանկարը միայն ու միայն քաղաքական նկատառումներ կարող է ունենալ, իսկ քաղաքականությունը, համենայն դեպս մինչև այժմ, շատ ավելի արագ է շարժվում, քան տնտեսությունը: Եվ կարող է իր գերակայությունները փոխել: Հարցը Հայաստանում միանգամից հարմարավետ տեղավորվեց ներքաղաքական հարթությունում ու դարձավ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների ևս մի հանգույց, համարյա այսպես` ՀՀԿ-ն չի ուզում անդամակցել, վարչապետն այդ հարցի պատասխանը վաղուց է տվել, իսկ ԲՀԿ-ն ջատագովում է միությանն անդամակցությունը և խոստանում է համապատասխան վարքագիծ` իշխանության գալու, նվազագույնը իշխանությունն ընդլայնելու պարագայում: Եվ բոլորը սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Հայաստան: ՀԱՊԿ զորավարժությունների շրջանակներում: Իսկ եթե Պուտինը ծանրաբեռնված օրակարգի պատճառով չի՞ կարողանում գալ: Գիտության մեջ բացասական արդյունքն էլ արդյունք է, այդպես է նաև քաղաքականության մեջ: Եվ` խոսուն արդյունք:
Ամենասքանչելի արդյունքը, այնուամենայնիվ, հասարակությանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: ՈՒ խոսքը բոլորովին չի վերաբերում ՎՊ-ի ստուգումներով հայտնաբերված 1,5 միլիարդ դրամի խախտմանը, 550 միլիոնի արդեն վերադարձին և մնացածի սպասվող վերադարձին: Խոսքը վերաբերում է 2013 թվականի հունվարից պետական բյուջեի օպերատիվ հսկողությանը, այսինքն` կանխարգելիչ միջոցառումների անցկացմանը, որը նշանակում է ոչ թե սպասել, որ պետական միջոցները վատնվեն, հետո պարզել, վերադարձնել կամ փորձել վերադարձնել, այլ ի սկզբանե վատնումը թույլ չտալ: Ինչքան պարզ է ամեն ինչ, չէ՞: Մի քիչ էլ հունգարացիները մխիթարեցին` ընդդիմությունը վարչապետ Վիկտոր Օրբանի հրաժարականն է պահանջում` նրան «բարոյապես սնանկ» համարելով: Մեր ընդդիմությունը հարաբերությունները դեռ չի՞ կասեցրել Հունգարիայի ընդդիմության հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Էկլեկտիկան փառահեղ ոճ է, եթե պահպանում է իր ներառած ոճերի կանոնները, բայց դա գրեթե անհնար է: Խրոնիկան ընդամենն արձանագրում է որոշակի ժամանակահատվածի մեջ հայտնված մարդկանց ու իրադարձությունների թվարկում: Որքան էլ անհեթեթ` ստացվում է, որ մեր կյանքը անաչառ էկլեկտիկա է, երբ մի քիչ-մի քիչ հավաքվում ենք մենք ու մեր գործերը մեր ժամանակի մեջ: Իսկ հետո պատմությունը մեր գոյության էկլեկտիկայից կգրի իր ժամանակագրությունը` իր ընտրությամբ:

Դիտվել է՝ 5625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ