Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Պատերազմը չի ներում թուլակամներին

Պատերազմը չի ներում թուլակամներին
08.02.2023 | 07:33

1988-92 թվականներին ադրբեջանցիները ամենադաժան ձևով էին պատասխանում Արցախի ինքնորոշման ձգտումներին, սպանում, բռնաբարում, մասնատում, թալանում։


Այդ ընթացքում Արցախից արտագաղթը շատ էր, ինքնապաշտպանական ուժերը հիմնականում կոշտ պայքար չէին մղում' ընտրելով խաղաղասիրության քաղաքականությունը։ Թշնամու ագրեսիայի ու մեր կեղծ բարեպաշտության հետևանքով կորցրինք Արցախի բնակավայրերի մեծ մասը, նույնիսկ Մարտակերտի շրջանը, իսկ Ադրբեջանը օգտվեց ԽՍՀՄ զորքի օգնությունից, ու 1991-ին ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի Նոյեմբերյանի շրջանում իրականացվեց "Օղակ" անունով ահաբեկչական գործողությունը։


Զոհվեց 100-ից ավելի, խոշտանգվեց կամ անհետ կորավ մի քանի հարյուր, իր ծննդավայրից բռնի տեղահանվեց 10 հազարից ավելի հայ։
Ադրբեջանի ցինիկությունը հասել էր այն աստիճանի, որ նրանց ղեկավարները սպառնում էին ոտքերը լվանալ Սևանա լճում, թեյ խմել Երևանում և այլն։
1993-ից սկսվեց մեր ազգային վերելքի ժամանակաշրջանը։ Սկզբունքորեն ու խիզախաբար հայկական զորքը անցավ կոշտ գործողությունների' հաճախ մի կողմ թողնելով խղճահարությունը։


Պատերազմը չի ներում թուլակամներին։
Այդ օրերին ադրբեջանցիների մեջ խուճապ էր տարածվել, թե հայերը կատաղել են, էլ ներում-բեկում չունեն, ձեռք են բարձրացնում բոլորի վրա, փախեք, փախեք...
Մեկը մյուսի հետևից ազատագրվեցին Արցախի բնակավայրերը, հայկական զորքը դուրս եկավ Արաքսի հովիտ։ Ադրբեջանցիները փախել էին նաև Գանձակից (Կիրովաբադ), Եվլախից, նույնիսկ Նախիջևանից, ականատեսները պատմում են մինչև Բաքու հսկայական ավտոշարասյուների մասին։ Ջախջախված թշնամին խուճապի մեջ էր։


Միջազգային հանրությունը թեպետ անատամ հայտարարություններ էր անում մեր կողմից տարածքներ հանձնելու մասին, բայց ոչ մի անգամ հստակ չէր պահանջում իջեցնել նշաձողը։ Չէր պահանջում, քանի որ դիմացը տեսնում էր իր երկրի համար պայքարող, իր հողի համար ամեն ինչի պատրաստ, կեղծ մարդասիրությունը մի կողմ դրած հայերի։
Ռուսաստանը բացահայտ սկսեց աջակցել հայկական կողմին, զենք տրամադրել, քանի որ տեսավ կռվող ու հաղթող ազգի։


1994-ի մայիսին Ադրբեջանը խնդրում էր ստորագրել զինադադարի պայմանագիր, քանի որ հակառակ դեպքում մենք էինք թեյ խմելու Բաքվում ու ոտքերը լվանալու Կասպից ծովում։
Պարտվողականությունը, կեղծ մարդասիրությունը լավ բան չեն։ Հաղթում են միայն ուժեղները և հաղթելու ցանկություն ունեցողները, իսկ հաղթողին չեն դատում, անկախ նրանից, թե ինչպես ես հաղթել։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 12690

Մեկնաբանություններ