Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Իրավիճակը դարձել է իշխանության և ընդդիմության միջև լոյալության դաշտ ստեղծելու նախապայման

Իրավիճակը դարձել է իշխանության և ընդդիմության միջև լոյալության դաշտ ստեղծելու նախապայման
05.09.2008 | 00:00

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌԻ ՇՈՒՐՋ
Տարածաշրջանում վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած դինամիկ իրադարձությունները Հայաստանի ներքաղաքական զարգացումների հստակեցման յուրօրինակ խթան հանդիսացան։ Ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում միաժամանակ որոշակիացվում է ինչպես իշխանության դաշտում, այնպես էլ նրանից դուրս գտնվող քաղաքական ուժերը ինչ խնդիրներ են հետապնդում և առաջիկայում ինչ շահերով ու կողմնորոշումներով են ղեկավարվելու։

Առաջին և կարևոր փոփոխություններն արձանագրվեցին արմատական ընդդիմության կեցվածքում և դիրքորոշումներում։ Մամուլի վերջին ասուլիսում Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես արձանագրեց, որ տարածաշրջանում բարդ իրավիճակ է, և բավական բաց տեքստով, այսպես թե այնպես, բավական դրական վերաբերմունք դրսևորեց արտաքին քաղաքական գործընթացներում իշխանության որդեգրած մարտավարության վերաբերյալ։ Այս իրողությունը բնավ պատահական չէ։ Եթե դրան հավելենք այն, որ արմատական ընդդիմությունը որոշում է կայացրել մինչև սեպտեմբերի 12-ը ձեռնպահ մնալ ակտիվ գործողություններից, իսկ 12-ի հանրահավաքն էլ ավելի շատ խորհրդանշական է լինելու՝ գործունեության հաջորդ փուլը կամ էտապը նախանշելու իմաստով, ապա կարելի է արձանագրել, որ արտաքին իրավիճակը դարձել է իշխանության և ընդդիմության միջև լոյալության դաշտ ստեղծելու նախադրյալ։ Թեպետ Տեր-Պետրոսյանը մամուլի ասուլիսում միաժամանակ արձանագրեց, թե իրենց բոլոր պահանջները մնում են օրակարգում, սակայն ակնհայտ է, որ ընդդիմության՝ ընդմիջում վերցնելու մարտավարությունը, ըստ էության, քայլ է՝ իշխանությանն արտաքին խնդիրների վրա կենտրոնանալու հնարավորություն ընձեռելու առումով։ Հարկավ, այս աշխարհում ոչինչ հենց այնպես չի լինում, և արմատական ընդդիմության առաջնորդը պատահաբար չկրկնեց իրենց վաղեմի պահանջը՝ կալանքի տակ գտնվող ընդդիմադիրներին ազատ արձակելու վերաբերյալ։ Այս ուղղությամբ որոշակի գործընթաց արդեն եղել է, ինչն ընդդիմությունը համարում է անբավարար։ ՈՒստի նրա առաջնորդը բաց տեքստով ակնարկում է իշխանություններին, թե ինչպիսին կարող է լինել իրենց ժամանակավոր լռության կամ ժամանակավոր անգործության գինը։
Ռուս-վրացական հակամարտությունը և Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչումը կարծես առիթ դարձան իրականում գրեթե գոյություն չունեցող որոշ քաղաքական ուժերի համար՝ հասարակությանը հիշեցնելու, թե իրենց մահվան մասին լուրերը մի քիչ չափազանցված են։ Հինգ կուսակցություն, որոնց թվում՝ ԱԻՄ-ը, ՔԴՄ-ն, ՀԴԿ-ն և վերջացրած մեկ-երկուսը, հանդես եկան ԼՂՀ անկախության ճանաչման առումով դրական նախադրյալների ձևավորման մասին հայտարարությամբ։ Եթե հաշվի առնենք, որ հիշյալ դաշինքի մեջ ընդգրկվել են և՛ բացահայտ արևմտամետ, և՛ ռուսամետ ուժեր, ապա աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին խոսելն անիմաստ է։
Հետևապես, անհիմն չեն այն ենթադրությունները, թե սա «երրորդ ուժ» կամ «հայրենասիրական ընդդիմություն» ձևավորելու փորձ է, որի հավանականության մասին նշվում էր վերջին ամիսներին։ Թերևս նույնքան անհիմն չեն խոսակցությունները, թե այս միավորման հետևում կանգնած է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Զարմանալի է միայն մեկ հանգամանք, որ Սամվել Բաբայանով ամրապնդված ՀՌԱԿ-ը նույնպես չհայտնվեց այդ դաշինքում։ Ինչևէ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարին թերևս հետ է պահել այն իրողությունը, որ հիշյալ միավորման դերակատարությունը քաղաքական դաշտում կարող է լինել ավելի շուտ միֆական, քան իրական՝ կուսակցական շարքերի գրեթե իսպառ բացակայության պատճառով։ Իսկ միավորման մասնակից կուսակցությունների առաջնորդներից մեկ-երկուսի (Պարույր Հայրիկյան, Խոսրով Հարությունյան) անձնական հեղինակությունը բացարձակապես բավարար չէ իրական երրորդ ուժի գործառույթներ ստանձնելու համար։ Վերջին խորհրդարանական և նախագահական ընտրություններին այս կուսակցությունները որևէ մասնակցություն չեն ունեցել, հետևապես ավելորդ է խոսել հասարակական որևէ շերտի՝ իբրև նրանց հենարանի, առկայության մասին։ Այսպիսով, այս միավորումը մրցակից չէ ո՛չ արմատական ընդդիմությանը, ո՛չ էլ իշխանությանը։
Երրորդ ուժի ձևավորման համատեքստում ավելի մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել դեռ անցյալ տարվանից ԱԺՄ-ի շուրջ սկսված միավորման գործընթացը։ Ինչպես հայտնի է, հինգ կուսակցություններ՝ ԱԺՄ-ն, ԱԺԿ-ն, ԱԺԴ-ն, «Ազգային պետությունն» ու «Ազգային միասնության ուխտը», սկսել են մեկ միասնական կուսակցության մեջ միաձուլվելու գործընթաց։ Սա նույնպես կարելի է համարել երրորդ ուժ ձևավորելու որոշակի հայտ, եթե դրա արդյունքում հնարավոր լինի վերականգնել ԱԺՄ-ի երբեմնի հզորությունը։ Ընդ որում, ՀՌԱԿ-ը, Ռ. Քոչարյանի գործոնը բացառելու դեպքում, նույնպես կարող է դիտվել այս ուժի հետ հավանական դաշնակից, եթե նկատի ունենանք հատկապես Վազգեն Մանուկյան-Սամվել Բաբայան բավական ջերմ փոխհարաբերությունները։
Բայց երրորդ ուժի ձևավորման գործընթացում ամենահետաքրքիր զարգացումները կարող են տեղի ունենալ դաշնակցության դիրքորոշումների հնարավոր փոփոխության համատեքստում։ Տարածաշրջանային իրադարձությունները հանգեցրին նրան, որ, անշուշտ, ոչ առանց ռուսական միջամտության, երկխոսության որոշակի գործընթաց սկսվեց Հայաստանի և Թուրքիայի միջև։ Տարբեր փորձագետների գնահատմամբ, Աբդուլլահ Գյուլի Երևան ժամանելուց հետո միանգամայն հավանական է, որ Անկարա համանման այցելություն կատարելու հրավեր կստանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Եթե հայ-թուրքական երկխոսության այս գործընթացն իսկապես թափ հավաքի, բոլորովին չի բացառվում, որ դաշնակցությունը դուրս կգա կառավարող կոալիցիայից և կորդեգրի ընդդիմադիր դիրքորոշում գործող իշխանության նկատմամբ։
Դա կարող է տեղի ունենալ մի շարք պատճառներով։ Առաջինը, որ ՀՅԴ-ն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միշտ համարել և համարում է հայ-թուրքական հարաբերությունների նախապայման։ Այսինքն՝ առանց նախապայմանների Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը մասամբ դեմ է դաշնակցության ծրագրին։ Ցեղասպանության խնդիրն այնպիսի հարց է, որը դրված է ՀՅԴ-ի գաղափարախոսության առանցքում։ Եթե պատկերացնենք մի պահ, որ իշխանությունը, Թուրքիայի հետ երկխոսության գործընթաց սկսելով, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում այլևս նախկին հաճախականությամբ չշեշտադրի այդ խնդիրը, դա չի կարող դաշնակցության համար ընդունելի լինել։ Եվ որքան էլ հայաստանյան դաշնակցական վերնախավը չցանկանա կորցնել իշխանության ներսում ունեցած դիրքերը, այնուհանդերձ, չպետք է մոռանալ, որ երկրի ներքին հարցերի վերաբերյալ ՀՅԴ-ի քաղաքական կեցվածքը չի պայմանավորվում բացառապես տեղի դաշնակցական կառույցի ձգտումներով ու ցանկություններով։ Դաշնակցության սփյուռքյան հատվածը, ինչպես միշտ, անչափ զգայուն է այս հարցի նկատմամբ և որևէ կերպ չի հասկանա հայաստանյան դաշնակցականներին, եթե վերջիններս հայ-թուրքական երկխոսության ներկա գործընթացում լռություն պահպանեն՝ միաժամանակ իրենց ներկայությունից չզրկելով հայրենի կառավարությանը։
Իսկ կոալիցիայից դուրս գալու դեպքում ակնհայտ է, որ դաշնակցությունը հենց այն ուժն է, որ, նույնիսկ առանց այլ կուսակցությունների հետ համախմբվելու, ընդունակ է ստանձնելու երրորդ ուժի կամ բևեռի գործառույթները։ Փաստ է, որ դաշնակցությունն ունի թեկուզ ոչ շատ մեծ, բայց բավականին կայուն ընտրազանգված, որն էլ կարող է հանդիսանալ երրորդ ուժի ձևավորման համար անհրաժեշտ հասարակական հենարան։ Այսինքն՝ արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ, ինչպես 1990-ականների սկզբին, ՀՅԴ-ն հայտնվի իշխանություններին ընդդիմադիր ուժի կարգավիճակում, բայց քանի որ այս անգամ արմատական ընդդիմության գործառույթները ստանձնել է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած միավորումը, դաշնակցությանը կմնա երրորդ ուժի գործունեության դաշտը՝ ցանկության դեպքում իր շուրջը համախմբելով մի շարք ավելի մանր կուսակցությունների։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5154

Մեկնաբանություններ