«Սկսել և շարունակում եմ հայոց լեզվի ուսումնասիրությունը…
Սա մի հարուստ լեզու է, և լիովին փոխհատուցվում են սովորողի
չարչարանքները: Ես ջանք եմ թափում և կշարունակեմ…»:
ԲԱՅՐՈՆ
Այսպես են ընկալել և արժևորել ոսկեղենիկ մեր լեզուն ոչ միայն հայ, այլև օտարազգի մեծերից շատերը` Հյուգոն, Ֆեյդին, Շյուցը, Այթմատովը և այլք:
Մայրենիի միջազգային օրվա առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը` ի դեմս տեսչության պետի պաշտոնակատար ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻ, առանձնահատուկ կարևորել և պատվոգրերի էր արժանացրել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք իրենց բարերար դերակատարությունն են ունեցել հայոց լեզուն անաղարտ պահելու և մատուցելու գործում:
Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում հավաքված էին լեզվաբաններ, լրագրողներ, ուսուցիչներ, աշակերտներ, որոնց այդ հարկի տակ համախմբել էր սերը առ մայրենին:
Սերգո Երիցյանն իր խոսքում նշեց, որ Լեզվի պետական տեսչությունը, խտրականություն չդնելով միջոցների մեջ, պայքարել ու պայքարելու է հայոց լեզուն աղավաղող այն բոլոր անցանկալի դրսևորումների դեմ, որոնք, ցավոք, վերջին շրջանում լայն տարածում են գտել մեզանում:
Լեզվի տեսչության պատվոգրերի արժանացան լեզվաբան Պետրոս Բեդիրյանը, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, ուսուցիչներ Լարիսա Մկրտչյանը, Հասմիկ Ղազարյանը, Հրեղեն Դավթյանը, Մարիամ Դավթյանը:
«Հայոց լեզվի անաղարտության և ազգային ինքնության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար» պատվոգրերի արժանացան նաև չորս պարբերականներ` «Իրատես de facto», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ» և «Կանչ» թերթերը:
Օրվա խորհրդի մի բաղկացուցիչն էր նաև «Լեզվաշխարհ» ժողովածուի շնորհանդեսը, որի 1-ին պրակը բաժանվեց միջոցառման մասնակիցներին: Ինչպես հավաստիացնում է Սերգո Երիցյանը, «Լեզվաշխարհը» միտում ունի դառնալու պարբերական, իսկ ինչպես հուշում է ժողովածուի տիտղոսաթերթի գրառումը, այն վաճառքի ենթակա չէ:
Միջոցառումը տոնական տրամադրության հետ մեկտեղ ներկաներին համակեց նաև մտահոգությամբ: Իրենց ելույթներով լեզվի այսօրյա խաթարումներին և դրանցից բխող հետագա տագնապներին անդրադարձան լեզվաբաններ Լավրենտի Միրզոյանը, Լալիկ Խաչատրյանը, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:
Միջոցառման մասնակիցներին իրենց ելույթով ողջունեցին Երևանի թիվ 136 դպրոցի սաները` «Լեզվի գովաբանում» շարքով, և երգչուհի Եպրաքսյա Պողոսյանը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ