38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ»

ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ»
15.04.2011 | 00:00

ՀՀ գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ այցը Լոռու մարզի Ջրաշեն, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Վարդաբլուր, Կուրթան համայնքներ` գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու, գարնանացան գարու, եգիպտացորենի բաշխման գործընթացին, գյուղտեխնիկայի սպասարկման ոլորտներում առկա խնդիրներին մոտիկից ծանոթանալու նպատակով էր: Այցելությունը, միաժամանակ, միտված էր մարզի գյուղացիներին ՀՀ կառավարության գյուղատնտեսության զարգացմանը նպատակաուղղված ձեռ-նարկումներին և ծրագրերին ծանոթացնելուն` դրանց ժամանակին լուծում տալու համար:
Նախարարի առաջին կանգառը 1500 տնտեսություն, շուրջ 800 հա վարելահող ունեցող (30 տոկոսը` անմշակ) Ջրաշեն գյուղն էր, որի 3500 բնակիչների մեծ մասը զբաղվում է հացահատիկագործությամբ, անասնապահությամբ ու բանջարաբուծությամբ (hիմնականում` կաղամբ, կարտոֆիլ): Հողերը ջրարբիացվում են ինքնահոս ոռոգման հին ցանցով:
«ՀՀ նախագահի, կառավարության ուշադրության կենտրոնում այսօր գյուղն է, գյուղացին և գյուղատնտեսությունը, այդ նպատակով էլ 2011-ը հայտարարվել է գյուղատնտեսական տարի»,- այսպես ջրաշենցիների հետ զրույցը սկսեց Ս. Կարապետյանը: Ապա հավելեց, որ գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու և գյուղացուն օժանդակելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի, երեք բանկերի միջոցով («Արդշինինվեստ», «Հայէկոնոմ» և «Ակվա-կրեդիտագրիկոլ»), գյուղացիական բոլոր տնտեսություններին, մինչև երկու տարի ժամկետով, կտրամադրվեն վարկեր: Ծրագրով, մինչև 3 մլն ՀՀ դրամով տրամադրվող վարկային տոկոսադրույքը կլինի 14 տոկոս, որի 4 տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Երկու տարի ժամկետով տրամադրվող վարկի առաջին 6 ամսվա համար գյուղացին տոկոսադրույք չի վճարի, և մինչև 1 մլն դրամը կտրվի առանց գրավադրման առարկայի: Մյուսը` «Գարու և եգիպտացորենի արտադրության զարգացման և աջակցության» 2011 թվականի ծրագիրն է, որի շրջանակներում ներկրված սերմացուն կտրվի անվճար, իսկ բերքահավաքից հետո գյուղացին այն կվերադարձնի տվյալ ժամանակամիջոցում ձևավորված ապրանքային գնով` 1:1 հարաբերությամբ: «Գյուղտեխնիկայի տրամադրման» ծրագրի շրջանակներում նոր ստեղծվող միավորումներին կամ կոոպերատիվներին 50 տոկոս զեղչով կհատկացվի 61 միավոր տրակտոր: Բացի դրանից, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ` այս տարվանից սկսած կվերացվի գյուղատնտեսական աշխատանքներից առաջ գյուղտեխնիկայի զննման համար պարտադիր կարգով գանձվող գումարը: Իսկ գյուղտեխնիկայի վարորդներին այսուհետ վկայական կտրվի 1 պատուհանից` 3 օրվա ընթացքում»,- ասաց նախարարը:
Համաշխարհային բանկի օժանդակությամբ առաջիկայում կմեկնարկի արոտավայրերի վերականգնման ծրագիրը: Վերջինիս շրջանակներում կբարեկարգվեն հանդամիջյան ճանապարհները, կէլեկտրիֆիկացվեն յայլաղները, կկառուցվեն անասունների ջրելատեղեր, կստեղծվեն կաթնավերամշակման փոքր ձեռնարկություններ:
Ջրաշենի համայնքապետ Վահան ՈՒռուսյանը հայտնեց, որ գյուղում ներկայումս գարու սերմացուի պահանջարկ չկա, սակայն տնտեսություններում կարտոֆիլի ցանքի համար պահված սերմացուն քիչ է, և գյուղատնտեսության նախարարին խնդրեց աջակցել դրա անհրաժեշտ քանակի ձեռքբերման գործում: Ի պատասխան, նախարարը հայտնեց, որ առաջիկա օրերին, հանրապետության կարտոֆիլի ցանքի տակ դրվելիք ավելի քան 31 հազար հա հողերի համար, համայնքներին 1 կգ-ը 400 դրամով կհատկացվի կարտոֆիլի շուրջ 2400 տ էլիտա տնկանյութ: Քանի որ գյուղացիները հատկապես կաղամբի մթերումների հետ կապված դժվարություններ ունեն, նախարարը խոստացավ «Սպայկա» ընկերության միջոցով տարեվերջին ամբողջովին մթերել տալ Ջրաշենի ոչ միայն կաղամբը, այլև ամբողջ բնահումքը: Նշված գործընթացի հետագա կարգավորման համար նա իր անձնական հեռախոսահամարը հանձնեց գյուղացիներին:
Նախարարը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ գյուղացիները, հասկանալով և ըմբռնելով ստեղծված իրավիճակը, առաջիկայում կատարվելիք աշխատանքների, հողն առավել ջանադրորեն մշակելու միջոցով կնպաստեն նախանշված հարցերի, ծրագրերի ավելի արագ ու արդյունավետ իրականացմանն ու կատարմանը:
Նախարարի այցելության շրջանակներում Գարգառի գյուղապետարանում անցկացվեց խորհրդակցություն: Գյուղացիները նշեցին, որ (գյուղապետ Կարեն Զալինյան) 506 տնտեսությամբ, 1700 բնակչությամբ գյուղի 700 հա վարելահողերը տարեկան մի քանի անգամ տուժում, վնասվում են հատկապես կարկտահարությունից: Ս. Կարապետյանը խոստացավ համայնքի առավել խոցելի տարածքում առաջիկայում կառուցել տալ մեկ կայան, իսկ հետագայում «Հակակարկտային կայաննների ստեղծման» ծրագրի շրջանակներում դրանց թիվն ավելացնել: Գարգառի բնակիչ Պավել Իվանովին, որը գյուղտեխնիկայի կարիք ուներ, նախարարը խոստացավ տրամադրել տրակտոր` նրա 30 հա հողատարածքի մշակման համար, իսկ գյուղի նախրի համալրման համար`«Արզնի» ԲԲ ընկերությունից ձեռք բերել և համայնքին տրամադրել տոհմային բարձր հատկանիշներ ունեցող մեկ ցլիկ:
Խորհրդակցության ժամանակ իրենց հուզող հարցերը, հոգսերն ու խնդիրները նախարարին հայտնեցին նաև հարևան համայնքներից (Դարպաս, Վարդաբլուր, Կուրթան) եկած գյուղացիները: Դրանք հիմնականում գարնան գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված պոմպակայանների համար ծախսվող էլեկտրաէներգիայի, գյուղտեխնիկային անհրաժեշտ պահեստամասերի ձեռքբերման, դիզվառելիքի, պարարտանյութերի, ոռոգման ջրի թանկության մասին էին: Նախարարը նշեց, որ կառավարության հետ փորձում են (սուբսիդավորման միջոցով) ուղիներ գտնել և համապատասխան ընկերությունների ուժերով մատչելի գներով ձեռք բերել և գյուղացիական տնտեսություններին տրամադրել վառելիք ու պարարտանյութեր: Ինչ վերաբերում է գյուղտեխնիկային, ապա «Նուռնուս» ընկերությունում, վերջին տարիներին հանրապետություն ներկրված նոր գյուղտեխնիկայի պահեստամասերից բացի, վաճառվում են նաև Ռուսաստանի Դաշնությունից ներկրված նախկին Խորհրդային Միության արտադրության հին գյուղտեխնիկային անհրաժեշտ մասեր, որոնք հեշտությամբ կարելի է ձեռք բերել և ունեցածը նորոգել:
«Հանրապետության 225 անապահով, աղքատ համայնքներին անվճար տրամադրվելու է էկոլոգիապես մաքուր, արդեն փորձարկված «Ազեցեովիտ» օրգանական նոր պարարտանյութը: Վաճառվող հեղուկ պատրաստուկը (լիտրը 1500 դրամ) ոչ միայն բարձրացնում է բույսի բերքատվությունը, այլև պտղի որակական հատկանիշները»,- տեղեկացրեց Ս. Կարապետյանը: Մարզի մյուս` Գյուլագարակ, Լեջան գյուղերի բնակիչների խնդրանքներին ի պատասխան` նախարարը վստահեցրեց, որ Լոռու մարզի` բնության տարերքից խոցելի բոլոր հողատարածքներում կշարունակվեն հակակարկտային կայանների կառուցման աշխատանքները:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1585

Մեկնաբանություններ