Տնտեսավարող-տեսուչ հարաբերությունները մեր օրերում դժվար է պատկերացնել առանց ավելորդ լարվածության ու դժկամության: Փոխադարձ շփումը թե՛ մեկ, թե՛ մյուս կողմի համար, որպես կանոն, հաճելիներից չէ. գործարարները բողոքում են, որ տեսչական ստուգումներն անտեղի են, չհամակարգված, տեսուչներն էլ` թե տնտեսավարողներն անհարգալից վերաբերմունք ունեն իրենց գործի նկատմամբ: Մի բան ակնհայտ է` տեսչական ոլորտում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, և կառավարությունն այս տարվանից արդեն սկսել է խոշորագույն փոփոխությունների գործընթացը. բոլոր 18 տեսչություններն առանձին ու հերթով անցնելու են նոր աշխատաոճի, ինչի շնորհիվ տեսուչներն ու ձեռներեցները պետք է դառնան գործընկեր, աշխատեն հանուն և ոչ թե ընդդեմ միմյանց:
Նշենք, որ բարեփոխումների հայեցակարգը մշակել և իրականացնում է էկոնոմիկայի նախարարությունը. մի քանի տարվա ծրագրից ակնկալվող արդյունքը` այն, որ գործարարների բողոքները տեսչական ստուգումների մասով կդադարեն, դեռևս անհավանական է թվում: Սկսելու են ռիսկի վրա հիմնված համակարգերի ներդրումից: Այս տարի արդեն բարեփոխման գործընթացներ են սկսվել հակահրդեհային, սանիտարահիգիենիկ և շուկայի ու սպառողների շահերի պաշտպանության տեսչություններում: Վերջին երկուսում մեթոդոլոգիաները վերջնական մշակման փուլում են, հակահրդեհայինում դրանք փորձարկում են, ևս 6 տեսչություն կմիանա այս խմբին հաջորդ տարի:
Արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային տեսչությունը այդ նոր փոխհարաբերությունների սկիզբ դնողներից է` առաջինն է բարեփոխվում: Մշակել և կիրառության մեջ են դրել հարցաշար, ըստ որի` նոր ու առավել քաղաքակիրթ երկխոսություն են սկսելու իրենց դաշտում գործող բոլոր սուբյեկտների հետ: Շուրջ 2000 տնտեսավարող արդեն անցել է այս գործընթացով, այսինքն` շուտով տեսչությունը կամբողջացնի` ո՞ր ձեռներեցին կարելի է վստահել և նրան քիչ անհանգստացնել տարատեսակ ստուգումներով, և հակառակը, որին պահել մշտական տեսադաշտում: Սուպերմարկետներից մեկի մենեջերը, որն արդեն պատասխանել է այդ հարցաթերթիկին, մեզ հետ զրույցում նման գործընկերային գործակցությանը երկու ձեռքով կողմ արտահայտվեց:
Ինչևէ, տեսուչ և գործարար շփման նոր մշակույթի ձևավորման սկիզբն ազդարարված է. կառավարությունում տվել են տեսչական բարեփոխումների գործընթացի մեկնարկը` առաջիկա մի քանի տարիներին նպատակ կա հիմնովին վերացնելու տեսչական համակարգում առկա արատավոր երևույթները:
Ամեն ինչ արվում է գործարար միջավայրի բարելավման համար, ասում է նախարարի խորհրդական Էմմա Հակոբյանը, որը նաև բարեփոխումների հայեցակարգի հեղինակներից է: Նպատակը շատ պարզ է: Տեսուչները պետք է դառնան ընդամենը գործընկեր և պատրաստ լինեն ավելի շատ խորհուրդ տալու, քան պատժելու, այդ դեպքում նրանցից ոչ մի տնտեսավարող էլ չի խուսափի: Ըստ նրա, հարաբերությունները չպետք է լինեն վերադաս-ստորադասային, ինչը հաճախ այդպես է. տեսուչը կոչված է խորհրդատվություն մատուցելու գործարարին:
Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունում բարեփոխումներից սպասելիքները մեծ են, սակայն ռեֆորմը նախ` կբերի նոր աշխատաոճ, տեսուչների պարտականությունների և լիազորությունների հավասարակշռում, ապա հնարավորություն կտա կիրառելու միջազգային լավագույն փորձը և օգտվելու համալրվող տեխնիկական բազայից: Պետական այս տեսչության պետ Աշոտ Ղազարյանը նշում է, որ առաջին քայլը «Վերահսկողության մասին» նոր օրենքի ընդունումն է, որն էլ, սահմանելով համապատասխան կանոններ և՛ տեսուչի, և՛ տնտեսավարողի համար, հավասար պարիտետային պայմաններ կստեղծի: Նրա կարծիքով, նման հարաբերությունները հենց կապահովեն պետական վերահսկողության արդյունավետությունը:
Համակարգում այսօր խնդիրները շատ են` սկսած սպառողների ժամանակին իրազեկումից, վերջացրած փորձանմուշ գնելու համար անբավարար ֆինանսներից ու տեխնիկական միջոցներից, իսկ բարեփոխվելուց հետո տեսուչներն իրենք էլ վստահ են, որ նման հարցեր չեն ծագի:
Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում ևս աշխատում են ռիսկային սանդղակի վրա. նոր մեթոդով, ինչպես մյուս տեսչություններում, պարզելու են, թե հազարավոր սուբյեկտներից որ մեկն է բարձր ռիսկային, որին կայցելեն առնվազն տարին մեկ անգամ, և քիչ ռիսկային, ուր վերահսկող մարմինը մուտք կգործի 5 տարին մեկ: Ասել է թե` բարեփոխումներից հետո չեն լինի համատարած ստուգումներ: Մյուս կողմից էլ` այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ստուգելով բիզնես հատվածի ընդամենը 5%-ը, հնարավոր է կանխել ռիսկերի մեծ մասը:
Հանրապետական «Սանէպիդ»-ում վստահ են, որ այս համալիր միջոցառումների օգնությամբ կունենան որակապես այլ տեսչական համակարգ, և սպառողներն ու գործարարները իրենք էլ կվերափոխվեն` տեսնելով այլ վերաբերմունք և մոտեցում:
«ՆեկտարԲոնուսը» հայկական մասուրի, չիչխանի և այլ օգտակար պտուղներից բուսական յուղեր և օշարակներ արտադրող, փոքր կազմ և նույնքան էլ փոքր շրջանառություն ունեցող ընկերություն է, մեկը նրանցից, որտեղ տեսուչներին վստահաբար գրկաբաց չեն սպասում: Արտադրամասի պետ Յուրի Դանղյանի խոսքերով` իրենց ցանկությունն այն է, որ հնարավորինս քիչ խանգարեն տարատեսակ չհիմնավորված ստուգումներով: Ճիշտ է` հիմա փոքր սուբյեկտների մոտ տեսչական ստուգումները, բացի հարկայինից, կասեցված են, և նրանց վերջին շրջանում չեն անհանգստացնում, բայց դրանից ընդհանուր իրավիճակը չի լավացել: Ընկերության ղեկավար Նարինե Մայիլյանը տեսչական ներկա համակարգի անկատարության մասին բազմաթիվ փաստեր կարող է բերել. տեսուչները կարող են առաջնորդվել տարբեր` հաճախ այդ ոլորտին չվերաբերող պահանջներով, ինչից ձեռներեցը, բնականաբար, շփոթվում է, ակամա ենթարկվում ենթադրվելիք պատժամիջոցներին` մտածելով, որ միայն պատժելու համար են գալիս: Ամենևին էլ պատահական չէ, որ տեսչություններն իբրև պատժող ու տուգանող կառույց են ընկալվում, ինչպես ասում են` տառապանքը փորձ ունի:
Գործարարին պետք է ազատել այդ ճնշվածությունից, և լավ է, որ պետությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել տեսչություններում բարեփոխման գործընթացին: Որպես ձեռներեց և նրանց շահերի պաշտպանությունը ներկայացնող ՀԿ-ի ղեկավար, Նարինե Մայիլյանը մասնակցել է էկոնոմիկայի նախարարության ձեռնարկած եռակողմ` պետություն, մասնավոր հատված և սպառող, նաև «Վերահսկողության մասին» նոր օրինագծի քննարկումներին: Նրա կարծիքով` պետք է նախ մեծացնել տեղեկացվածության աստիճանն այս փոփոխությունների հետ կապված, հետո մարդկանց մտածելակերպն ու մոտեցումները պետք է վերանայվեն, ի վերջո, տեսուչները պետք է դառնան այլ, առավել քաղաքակիրթ մշակույթի կրողներ:
2009-ի հունիսի 1-ից կառավարությունը կասեցրել էր 70 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր և միջին ձեռներեցների շրջանում տեսչական ստուգումները: Վերջին նիստերից մեկում գործադիրը կրկին փոքր բիզնեսին շնչելու օդ տվեց, քանի դեռ բարեփոխումներն ընթացքի մեջ են, տեսուչները փոքրերին կայցելեն միայն հարցաթերթիկներով:
Մնում է, որ փոփոխությունների շնորհիվ տեսչական ստուգումները լինեն այնքան համակարգված, որ աշխատի իսկապես միայն ռիսկայնության սկզբունքը, ինչի միջոցով էլ կունենանք տեսուչի կերպարի նոր մարմնավորում:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ