Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն վերջերս Երևանում բավականին ագրեսիվ արձագանքեց լրագրողի հարցերից մեկին, որում Վրաստանի Սամցխե-Ջավախեթի անվանված տարածաշրջանը կոչվեց Ջավախք: Վրաց նախարարը հայտարարեց, թե նման աշխարհագրական վայր գոյություն չունի։ Արտգործնախարարի այդ ագրեսիվությունը գուցե պատճառներ ունի, ինչը, սակայն, հարիր չէ դիվանագետին և չի կարող ժխտել Ջավախքի գոյությունը։
Ինչպիսի՞ն է այսօր Ջավախքը։ Վերջին մեկ-երկու տարիներին իրավիճակը Ջավախքում որոշ չափով բարելավվել է. կառուցվում են ճանապարհները, տարածաշրջանը գազիֆիկացվում է։ Սակայն ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը միտված քայլեր կարծես թե չեն նշմարվում։ Համատարած գործազրկություն և անորոշ հեռանկար. երկու խոսքով սա է Ջավախքի բնակչության զբաղվածության բնութագիրը։ Իհարկե, այստեղ հույս ունեն, որ ենթակառուցվածքների զարգացումը կբերի տնտեսական աշխուժություն (հատկապես ամառային ամիսներին), մանավանդ որ տարածաշրջանի աշխարհագրական դիրքը բավականին նպաստավոր է. սահմանակից է Հայաստանին և Թուրքիային:
Հայերն այսօր կազմում են Սամցխե-Ջավախեթիի բնակչության 55 տոկոսը, իսկ Ջավախքի երկու շրջանների՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի հայ բնակչությունն ավելի քան 95 տոկոս է։ Ջավախքում ակամա այն տպավորությունն ես ստանում, թե այս տարածաշրջանի հայությունը ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ սոցիալական ոլորտներում ինտեգրված չէ Վրաստանի հետ: Ջավախքցիները կարծես այդ պետության մեջ չեն ապրում:
Հայտնի է, որ ջավախքցիները հիմնականում ապրում են արտագնա աշխատանքի շնորհիվ, սակայն ռուս-վրացական բարդ հարաբերություններն անդրադառնում են նաև արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունների վրա։ Հիմնական զբաղմունքն այստեղ հողագործությունն ու անասնապահությունն է, սակայն դրանցից ստացված արդյունքը բավարար չափով չի ապահովում բնակչի կենսամակարդակը:
Ախալքալաքի շրջանում կա 64 գյուղ, բնակչությունը մոտ 61 հազար է։ Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության կառավարիչ Նաիրի Իրիցյանի տեղեկացմամբ, Ախալքալաքի շրջանի բյուջեն տարեցտարի ավելանում է։ Նախորդ տարվա համեմատ՝ պետական հատկացումներն ավելացել են 30-40 տոկոսով՝ կազմելով 3 միլիոն 971 հազար լարի (մոտ 2 միլիոն 330 հազար դոլար)։ Բացի այդ, շրջանում կան ֆինանսական ներդրումներ, այսպիսով՝ ընդհանուր բյուջեն կազմել է 9,5-10 միլիոն լարի (5,5 միլիոն դոլար)։ Համեմատության համար ասենք, որ 2002 թ. Ախալքալաքի բյուջեն կազմում էր ընդամենը 700 հազար լարի։ 2011-ին ֆինանսական հատկացումները կավելանան 20 տոկոսով։ Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչությունում իրենց բյուջեն համարում են սոցիալական ուղղվածության։ Հատկացված գումարի մոտ 6 տոկոսը հատկացվում է սոցիալական ապահովության խնդիրներին, 5-6 տոկոսը՝ սպորտին, շինարարության համար ուղղվում է հատկացումների 30-40 տոկոսը, 40 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը։
Շրջանում շատ քիչ են հարկային մուտքերը։ Բանն այն է, Վրաստանում հարկային դաշտը բավականին թեթև է. հողի, ջրի հարկ, գույքահարկ գրեթե չի գանձվում։ Ընդ որում, որպես բարձր լեռնային շրջանի բնակիչներ՝ ջավախքցիներն ունեն մեծ արտոնություններ, որոնցից նրանք օգտվում են ոչ միայն իրենց բնակության վայրում, այլև ամբողջ Վրաստանի տարածքում։ Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչությունում նշում են, որ վերջին 2-3 տարիների ընթացքում ֆինանսավորումը եղել է ժամանակին։
Արդյունաբերական հիմնարկները Ջավախքում շատ քիչ են։ Դրանցից մեկը Նինոծմինդայում գործող կարի ֆաբրիկան է, որը զբաղվում է ջինսերի արտադրությամբ։ Ջինսերի «ԱրամԱնի» ապրանքանիշն արդեն մեծ ճանաչում ունի տեղի շուկայում, և ֆաբրիկայի հիմնադիր Արամ Սանոսյանի տեղեկացմամբ, իրենք աշխատանքներ են տանում ռուսական, ուկրաինական շուկաներ մուտք գործելու համար։ Ֆաբրիկան ունի մոտ 250 աշխատող՝ 200 դոլար միջին աշխատավարձով, զինված է ամենաարդիական տեխնիկայով։ Հումքը բերվում է Թուրքիայից։ Ա. Սանոսյանը նշում է, որ Ջավախքում գործունեության լայն դաշտ կա, ինչին նպաստում են Վրաստանի ճկուն օրենսդրությունը, բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմանները և իհարկե, կոռուպցիայի ու բյուրոկրատական քաշքշուկի բացակայությունը։
Ա. Սանոսյանի տեղեկացմամբ՝ իրենք ստեղծել են նաև գազային ընկերություն, որն իրականացնում է գազիֆիկացման աշխատանքներ Ջավախքում։ Գրեթե 100 տոկոսով գազիֆիկացվել է Ախալքալաքը, որի բնակչության մոտ 70 տոկոսն օգտվում է բնական գազից։ Այժմ աշխատանքներ են տարվում Նինոծմինդա քաղաքում։ Նախատեսված է գազով ապահովել նաև գյուղերը։ Ծրագրվում է առաջիկա 2-3 տարվա ընթացքում գազիֆիկացնել բոլոր գյուղերը։ Իրենց հաջորդ նախագիծը, ըստ Ա. Սանոսյանի, տարածաշրջանում մեծ առևտրի կենտրոն ստեղծելն է։ Եվ այս բոլոր ծրագրերը, ըստ գործարարի, ապահովում են հարյուրավոր աշխատատեղեր, ինչը ջավախքցուն կապում է իր հայրենի հողին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ