38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՄՇԱԿՈՒՅԹ ՍՏԵՂԾՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՈՒՐԻՇԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ

ՄՇԱԿՈՒՅԹ ՍՏԵՂԾՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՈՒՐԻՇԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ
13.05.2011 | 00:00

Ասում են` հարևաններին չեն ընտրում։ Սակայն մեր ժողովուրդը մի իմաստուն ասացվածք ունի. «Տունդ կառուցելիս կամ գնելիս նախ հարևաններիդ ճանաչի՛ր»։ Սա ասված է կենցաղային հարաբերությունների համար, որը կարելի է տեղափոխել նաև պատմական և քաղաքական դաշտ։ Աստծո կամոք, մենք` հայերս, ապրել ենք Արարչի պարգևած մեր տուն-հայրենիքում, այլ ոչ թե քաղաքական շահերով պայմանավորված այլոց բարեհաճությամբ կամ մեր զավթողական նկրտումներով բռնագրաված ուրիշի հայրենիքում, սակայն պատմական իրադարձությունների վայրիվերումների և նույն այդ պատմության հանդեպ ունեցած մեր չարդարացված դյուրահավատության, թշնամու հանդեպ անհիշաչարության և վրեժխնդիր չլինելու անհեռատես անհետևողականության պատճառով մեր պատմական հայրենիքում տեղ տվեցինք մշակութային աներևակայելի ցածր մակարդակի վրա եղող ցեղերին, որոնք քաղաքակրթության օրրաններից մեկում առաջին անգամ տեսան և վայելեցին մարդու մտքով և ձեռքով ստեղծված բարիքները և որոշեցին մնալ այդ երկրում։ Այդպիսով, մեր թողտվությամբ այդ եկվորները մեր տան մեջ դարձան մեր հարևանները։
Մինչդեռ այդպես չի լինում և չպետք է լիներ։
Մենք էլ հիմա անհեռատեսորեն առօրյա խոսակցություններում, թե քաղաքական-պաշտոնական ու լրատվական հաղորդագրություններում, զեկույցներում և մեկնաբանություններում «հարևան պետություն» ենք անվանում այն ազգերի ապօրինի պետական կազմավորումները, որոնք ստեղծվել են մեր հայրենիքի տարածքում։ Պատմականորեն Հայաստան երկիրը չի ունեցել ո՛չ Թուրքիա, ո՛չ Ադրբեջան հարևան պետություն։ Սա պատմական թյուրիմացություն է և ժամանակավոր երևույթ։
Կայսրությունների փլուզումներից սկսած` աշխարհը գնում է դեպի ազգերի և ազգային պետությունների նախասկզբնական վիճակը։ Հռոմեական կայսրության փլուզումից հետո ստեղծվեցին եվրոպական ազգերի պետությունները, բյուզանդական կայսրության փլուզումից կստեղծվեին ազգային նոր պետություններ, եթե պատմական ասպարեզ չգային թուրք-սելջուկները։ Թաթար-մոնղոլական կայսրության փլուզումը բերեց նոր պետությունների ստեղծում, Օսմանյան կայսրության փլուզումը բազմաթիվ ազգերի համար պատմական աներևակայելի բարեբախտություն էր. ռուսական, ապա նաև խորհրդային կայսրությունների փլուզումները հարստացրին քաղաքական քարտեզը, անցյալ դարի 50-60-ական թվականների գաղութատիրական լծի թոթափումից Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում տասնյակ մեծ ու փոքր ազգային պետություններ ստեղծվեցին։ Այստեղից մի կարևոր հետևություն պետք է անի մարդկությունը, իսկ մենք` հայերս, առավել ևս, որ աշխարհում ամենաանկայուն բանը քաղաքական քարտեզն է, և այդ ճշմարտությունը բազմիցս ապացուցել է պատմությունը։
Արաբական աշխարհում և աֆրիկյան երկրների այս իրադարձությունները թեև ակնհայտորեն ուղղորդվում են համաշխարհային որոշակի ուժերի կողմից, սակայն օրինաչափորեն, երևի, հասունացել է քաղաքական քարտեզի վերափոխման անհրաժեշտությունը։ Այդ ալիքը մոտենում է Իրանին, Ադրբեջանին և Թուրքիային։ Մենք իրավունք չունենք հայեցողական կրավորականություն ցուցաբերելու. փոխվում է քարտեզը, փոխվում են հարևանները, փոխվում է քաղաքական ուժերի դասավորությունը։ Ըստ էության` մեր առջև քաղաքական ճատրակի (շախմատի) մի մեծ տախտակ է, որի վրա դասավորված խաղաքարերը թեև ձեռքի տակ չեն, բայց տեսադաշտում են։
Հայտնի է, որ մենք ճատրակ լավ ենք խաղում, սակայն լավ ենք խաղում 64 վանդակ ունեցող դաշտի վրա միայն, մինչդեռ, երբ այդ դաշտը մեծանում է, ցավոք, մեր քաղաքական գործիչներն այն «լավ չեն տեսնում»։ Իսկ ո՞վ է ճատրակում համարվում լավագույն ախոյանը։ Նա, ով դաշտը լավ է տեսնում, տեսնում է ոչ միայն հակառակորդի խաղաքարերի դասավորությունը, այլև կանխագուշակում և կանխում է նրա կատարելիք առնվազն 5-6 քայլերը։
Քաղաքական դաշտում մենք ճատրակ վատ ենք խաղում։
Սա` ի գիտություն բոլորիս։
Վերադառնանք մեր «հարևաններին»։
Արյունալի ասպատակությունների, բռնությունների և դաժանությունների գնով, թե պատմության երջանիկ բարեպատեհության շնորհիվ պետականության տեր դարձած «մեր հարևանները», ըստ որոշակի տրամաբանության, պետք է նաև հայրենիք և մշակույթ ունենան. պատմություն նրանք, իհարկե, ունեն, որը, սակայն, հեռու է մշակույթ ստեղծող ազգի պատմություն լինելուց։ Ապրել 20-21-րդ դարերում և չունենալ քաղաքակիրթ ազգերին վայել պատմություն, պատմական հայրենիք և մշակույթ, պարզապես աշխարհի ազգերը նրանց չեն ընդունի համամարդկային քաղաքական և մշակութային ընտանիք։ Եվ գոյության այս պայքարում նրանք իրենց համար տեղ են ապահովում այս արևի տակ. աշխարհի աչքի առաջ նրանք սկսեցին ոչնչից ազգ, հայրենիք և մշակույթ սարքել։ Ո՛չ, ավելի ճիշտ, ուրիշների հայրենիքի, մշակույթի և անգամ ուրիշներին բռնի ազգափոխ անելով` իրենց ազգը «կերտեցին»։
Համամարդկային պատմության մասին խոսելիս որոշ գիտնականներ` մարդաբաններ, ժողովրդագետներ, պնդում են, որ բոլոր ազգերը հավասար են։ Սա թյուր դրույթ է (կարծում եմ, սա տուրք է հակառասիզմին։ Ռասիզմը, անկասկած, ծանր հանցագործություն է մարդկության դեմ)։ Իմ ասածը ռասիզմի հետ որևէ առնչություն չունի։ Իմ փաստարկն այս է։
Եթե առանձին մարդիկ տարբեր են, անգամ նույն ծնողների զավակներն են տարբեր իրենց արտաքինով, ընդունակություններով, խառնվածքով և հոգեկերտվածքով, ապա ինչպես կարող են ազգերն ու ժողովուրդները հավասար լինել։ Իհարկե, մարդկայնորեն բոլոր ազգերն այս արևի տակ ապրելու հավասար իրավունք ունեն, բայց համամարդկային քաղաքակրթության և մշակույթի գանձարան իրենց ներդրումով նրանք չափազանց տարբեր են իրարից։ Եվ դա հենց իրենք` այդ ազգերն են ապացուցել և հաստատել։
Ամենևին պետք չէր քաղաքակրթության սեղանի շուրջ հավասարի իրավունքով նստեցնել նաև այն ժողովուրդներին, ովքեր ոչ միայն ոչինչ չեն դրել այդ սեղանին, այլև ուրիշի ստեղծածն են ոչնչացրել։ Ապացո՞ւյց, որքան ուզեք։
Թաթար-մոնղոլներն ավերում ու հրկիզում էին իրենց ասպատակած երկրները, թալանում էին բնակիչներին և ոչնչացնում նրանց ստեղծած հոգևոր և նյութական մշակութային արժեքները։ Մոնղոլների տիրապետության տակ հայտնված բոլոր ժողովուրդներն իրենց պատմության մեջ վավերացրել են այդ սոսկալի դաժանությունները։
Թուրք-սելջուկներն իրենց բարբարոսությամբ ոչնչով չէին զիջում մոնղոլներին, պարզապես թուրքերը մնացին քաղաքակրթության օրրաններում և տեղաբնիկների կողքին ապրելով` որոշ դեպքերում խաչասերվելով նրանց հետ, որոշ դեպքերում էլ նստակեցության շնորհիվ տեղացիներից սովորելով մարդեղացան։
Նույնն է եղել նաև կովկասյան թաթարների պատմությունը. վաչկատուն (քոչվոր) այդ ցեղախմբերը, որ մինչև վերջերս ազգային ինքնության գիտակցություն չունեին և իրենք իրենց ուրիշներից` մասնավորապես քրիստոնյաներից, տարբերակում էին «մուսուլման» ընդհանրական անվանումով, «ադրբեջանցի» «տիտղոսը» նրանք ամրագրեցին խորհրդային շրջանում` 50-ական թվականներին։ Այս «մուսուլմանների» «քաղաքակրթական եռանդուն գործունեությունը» դրսևորվել է մեր` հայերիս, աչքի առաջ. Նախիջևանի և Դաշտային Արցախ-Գարդմանքի նպատակասլաց հայաթափումը, հայկական մշակութային արժեքների աստիճանաբար և թաքուն ոչնչացումը, Ջուղայի խաչքարերի բարբարոսական բնաջնջումը մեր և աշխարհի անտարբեր աչքի առաջ վերջնականապես բնութագրեցին և՛ նրանց, և՛ աշխարհի քաղաքակիրթ հորջորջվող ազգերին։
Մանկավարժության և հոգեբանության մեջ կա մի անխախտ օրենք. մտավոր զարգացման ցածր աստիճանում եղող երեխաներին և մարդկանց երբեք բարդ կառուցվածքով խաղալիք կամ սարք չեն տալիս. նրանք չեն ընկալում այդ առարկայի բուն նշանակությունը, չեն կարողանում կիրառել դրանք ըստ էության, և, բնականաբար, անհետաքրքիր այդ իրը նրանց զայրացնում է, և նրանք անբավարարվածությունից դրդված` ջարդում են այն։
Այսպիսի երևույթ կա նաև պատմության մեջ, երբ մշակութային աներևակայելի ցածր մակարդակում եղող բարբարոս ցեղերը, նվաճելով մշակութային արժեքներ ստեղծող մի որևէ ժողովրդի, անփութորեն ոչնչացնում են նրա մշակույթը։ Թաթար-մոնղոլները և թուրք-սելջուկները, հայտնվելով քաղաքակրթության օրրաններից մեկում` Մեծ Հայքում և Փոքր Ասիայում, անխնա ոչնչացնում էին մշակութային արժեք ներկայացնող ամեն ինչ, նախ և առաջ ձեռագրերը։ Ինչո՞ւ էին ոչնչացնում հենց գիր ու գրականությունը։ Ոչնչացնում էին, որովհետև նրանց ուղեղներին հասու չի եղել գիտական միտքը, իսկ հոգիներին` բանաստեղծական և գեղարվեստական խոսքը։ Եվ քանի որ իրենք մշակույթ ստեղծելու ունակ չեն եղել, ուրիշների ստեղծածը հոգեբանորեն ճնշել է նրանց, և նրանք, որպեսզի թոթափեն «մշակութային բեռը», պարզապես վերացնում էին դրանք իրենց տեսադաշտից։
Մինչդեռ նյութական դրսևորումներ ունեցող մշակութային արժեքները` գորգերը, ոսկյա և արծաթյա զարդերը, կենցաղային իրերը թալանում էին։ Ոչնչացնում էին պետականությունը խորհրդանշող իշխանական պալատները։ Գոնե չավերեին և դրանց մեջ թեկուզ իրենք ապրեին, պալատների արժեքն էլ չէին հասկանում քոչվորները։ Նրանցը թաղիքե վրանն էր` յուրտը։
Չէին ոչնչացնում եկեղեցիները, սրբավայրերը և կրոնական ու հավատալիքային նշանակության կոթողները` խաչքարերը, վիշապաքարերը, խոյակոթողները։ Չէին ավերում նաև գերեզմանները։ Չէին ավերում ոչ թե այն պատճառով, որ գնահատում էին դրանց մշակութային արժեքը կամ հարգում էին ուրիշի սրբությունները, ո՛չ, բնավ, այլ պարզապես իրենք, որ կուրորեն հավատում և սարսափում էին իրենց Աստծո պատժից, ահ ու երկյուղ ունեին նաև օտար աստվածներից։ Հոգեբանական այդ դրսևորումը լիովին համապատասխանում էր այն ժամանակներում թուրք և մոնղոլ ցեղերի աշխարհընկալմանը։ Սակայն դարեր անց նրանց աշխարհընկալումն ու օտարների սրբությունների հանդեպ վերաբերմունքն էլ փոխվեցին։ Դրա ակնհայտ ապացույցը կովկասյան թաթարներ կոչված ցեղի վերափոխումն էր, որոնց 20-րդ դարի սկզբին անհեռատես ռուս քաղաքական և պետական գործիչներն «ադրբեջանցի» հորջորջեցին` ոսկե սկուտեղի վրա մատուցելով ազգ լինելու շնորհը, որից նրանք զուրկ են եղել իրենց, կարևոր չէ, թե քանի դարյա, գոյության ընթացքում։ Վերջին հարյուր տարում «ադրբեջանցիները» զարգացան և նստակյաց դարձան։ Բախտը նրանց կրկին ժպտաց. Թուրքիայի քաղաքական նոր նկրտումների և ճնշումների տակ, ռուսների անհեռատես օժանդակությամբ, 1918 թ. ստեղծվում է կովկասյան թաթարների առաջին աննախադեպ ադրբեջանական պետությունը, այն էլ` նավթաշատ Բաքուն հռչակելով նրանց մայրաքաղաքը, որի կառուցմանը, արդյունաբերական և մշակութային զարգացմանը «ադրբեջանցիներն» ամենևին չեն մասնակցել։
Խորհրդային իշխանության շնորհիվ վերջին հարյուր տարում նրանք այնքան արագ «զարգացան», որ թոթափեցին կրոնական երկյուղածությունն ու կաշկանդվածությունը և դարձան մարտնչող աթեիստներ։ Բայց զարմանալին այն է, որ իրենց հավատին` իսլամին, երկյուղածորեն փարած կովկասյան թաթարները (ի դեպ, վրացիները սրանց մինչև հիմա թաթար են անվանում) երկյուղածություն չեն ունեցել այլ ազգերի, մասնավորապես քրիստոնյա հայերի սրբությունների և սրբավայրերի հանդեպ։ Նրանք Ղուրանն էլ չեն կարդացել, քանի որ մահմեդականների օրենքների այդ սուրբ գրքում հարգանքով է խոսվում Սուրբ գիրք ունեցող կրոնների և ազգերի մասին։ Քրիստոնեական կրոնը դրանցից մեկն է։
Տարիներ առաջ գրական մի ամսագրում կարդացի համաշխարհային մեծության երկու հայ գիտնական հայագետների (եթե հիշողությունս չի դավաճանում` Հակոբ Մանանդյանի և Մանուկ Աբեղյանի)` միմյանց գրած նամակները, որտեղ նրանք սրտնեղած գրում էին մի նորելուկ «ադրբեջանցի» ասպիրանտի ոչ գիտական պահվածքի մասին։ Նա պատմությունը խեղաթյուրելու «գիտական» առաջին, բայց արդեն համարձակ քայլերն էր կատարում` Աղվանքի և Հայաստանի պատմության և տարածքների մի մասը վերագրելով «ադրբեջանցիներին»։ Իսկ մեր ակադեմիկոս-դոկտոր գիտնականները, փոխանակ հենց որջում ոչնչացնեին այդ խղճուկ նորելուկ «գիտնականին» և գիտական անժխտելի փաստերով նրան ցույց տային իր ցեղի տեղը, վրդովված իրար նամակ էին գրում։ Նույնը շարունակվում է և այսօր. մեր գիտնականները համապատասխան հարված չեն տալիս մեր հակառակորդների ծավալապաշտական նկրտումներին` անլուրջ համարելով ընդդիմախոսել բարբաջանքին։ Բայց այդ բարբաջանքն այսօր գիտական մենագրություններով և հանրագիտարանային հոդվածներով հեղեղել է աշխարհը։
Քաղաքական կրավորականությունը ծանր հանցանք է սեփական ազգի, սեփական պատմության և մշակութային արժեքների հանդեպ։
Ժողովրդական իմաստությունն ասում է. «Եթե չես կարող առաջ գնալ, գոնե մի՛ ընկրկիր և մի նահանջիր», քանի որ հակառակորդը քո նահանջած մեկ քայլին երկու քայլ առաջ կգա, և դու ստիպված կլինես անընդհատ նահանջել։ Եվ մենք նահանջել ենք, իսկ նրանք` արշավել։ Եվ մեր «հարևանները»` թուրքերը` Արևմտյան Հայաստանում դարերով, կովկասյան թաթարները` տասնամյակներով Նախիջևանում, Արցախում (Լեռնային և մանավանդ Դաշտային) և Բաքվում մշակութասպան քաղաքականություն են իրականացրել։ Սա նրանց քաղաքական և ծավալապաշտական նկրտումների բացահայտ և մարտնչող դրսևորումն է եղել, որ մինչև այսօր իրավական և քաղաքական արժանի գնահատական և հակահարված չի ստացել նախ և առաջ մեր կողմից։ Աշխարհին կարծես դա չի էլ անհանգստացնում, քանի որ իրենից չեն գողացել։
Պատմության պատահական բարեպատեհությամբ տարածքներ ձեռք բերած և պետության տեր դարձած «ադրբեջանցիներին» մի միտք էր անհանգստացնում. «պատմական փաստերով և «մշակութային արժեքներով» ապացուցել և այդ տարածքը սեփականացնել ու դարձնել «հայրենիք»։ Իսկ դրա համար պետք էր վերացնել այդ հողի վրա դարերով ապրած ժողովրդի մշակույթը։
Ֆրանսիայի թագավորներից մեկը` կարծեմ Ֆիլիպ IV Գեղեցիկն է ասել, որ կարևորը տարածքների զավթումն է, հետո կգտնվեն պատմաբաններ և դիվանագետներ, ովքեր կապացուցեն, որ դրանք ձերն են եղել։ Ադրբեջանի պատմաբանները գերազանցել են Ֆիլիպ IV-ի տեսության դրույթները, իսկ նրանց դիվանագետներն անցել են նույնիսկ ամենախարդախ դիվանագիտության անթույլատրելի սահմանները։
Եվ այսպես, իրենց «նոր հայրենիքում» իսկական տերերի հետքերը ոչնչացնելու նպատակով թուրքերն ու ադրբեջանցիները մշակութային ցեղասպանություն են կատարում և մնում են անպատիժ։ Հազարավոր ճարտարապետական կոթողներ ավերվել են մեր «հարևան երկրներում» և շարունակում են ավերվել։ Մշակույթ ստեղծող ժողովուրդը չի կարող ոչնչացնել ուրիշի մշակույթը։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ. Գ. -Եթե թուրքերն ու ադրբեջանցիներն իսկապես չեն կարողանում հանդուրժել հայկական կառուցողական մտքի հետքերը, ապա ճիշտ չէ՞ր լինի, որ թուրքերը սկսեին քանդել Կ. Պոլսում սուլթանների փառահեղ պալատները, որոնք կառուցվել են հայ ճարտարապետների` Սինանի, Պալյանների ճարտարապետ գերդաստանի և այլ հայերի հանճարով, ոչնչացնեին հայերի ձեռքով և միջոցներով կառուցված նյութական կոթողները` թատրոնները, այգիները, նավահանգիստները և այլն, իսկ ադրբեջանցիները` Բաքվում և այլ քաղաքներում` դեռևս 19-րդ դարում հայ մեծահարուստների կառուցած հոյակերտ շենքերը, պալատները, թատրոնները, գործարանները և, վերջապես, Լիանոսյանի, Մանթաշյանցի և մյուս հայերի նավթահանքերը, որոնք նրանց համար այսօր քաղաքական այդքան լայն ճանապարհ են բացում։
Գուցե ճիշտ կլիներ հենց դրանցի՞ց սկսել...

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ