Վերջերս համացանցում հայտնվել էր հերթական տեսանյութը, որտեղ երևում էր` ինչպես է ուսուցչուհին ծեծում աշակերտին: Վարքագծի նման դրսևորումների կարելի է հանդիպել ոչ միայն ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում: Միանշանակ գնահատական տալը կամ մեղավորներ փնտրելը խնդրի լուծման լավագույն տարբերակը չեն, երևույթն էլ նոր չէ: Պարզապես տերթոդիկյան համակարգը վաղուց հնացել է, իսկ նորագույն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս մասսայականացնելու արատավոր երևույթները: Բայց արդյոք մասսայականացումը կմեղմի՞ ջղային ուսուցիչների զայրույթը, կամ աշակերտները կդառնա՞ն ավելի օրինակելի: Հոգեբույժ, հոգեվերլուծող ԱՐԱ ՉԱԼԻԿՅԱՆԻ համոզմամբ` նման դրսևորումները ցածր կուլտուրայի, հիվանդագին մտածելակերպի արդյունք են: «Մարդիկ, որոնք վերբալ (խոսքային) մակարդակում չեն կարողանում իրենց դրսևորել, լուծել խնդիրները, անցնում են ֆիզիկական` ավելի պրիմիտիվ, կենդանական մակարդակի: Նույն կերպ, եթե երկրները բանակցություններով չեն կարողանում ինչ-ինչ խնդիրներ լուծել, պատերազմում են,- ասում է նա:- Դեռևս 70-80 ականներին հոգեբան Լևոն Ջռնազյանը գիտական հետազոտություն իրականացրեց ուսուցիչների շրջանում: ՈՒսումնասիրելով ուսուցիչների անձնային հատկանիշները` նա պարզեց, որ նրանց 80 տոկոսն ունի սադիստական հակումներ: Խորհրդային կառավարությունը, իհարկե, թույլ չտվեց հրապարակել այդ հետազոտությունը: Եթե 80 տոկոսը նման հակումներ ունի, իսկ հասարակությունը երեխաներին վստահում է այդ մարդկանց, բնական է, թե ինչ ազդեցություն կունենան նրանք երեխաների հոգեվիճակի վրա»:
Ըստ Արա Չալիկյանի` երբ ուսուցիչը հարվածում է երեխային կամ սպան զինվորի նկատմամբ բռնություն է կիրառում, նրանք ագրեսիայի միջոցով պարպում են իրենց բարկությունը: Այդ բարկության արմատները նրանց անցյալից են գալիս: «Տվյալ դեպքում ուսուցիչը ծեծել է աշակերտին: Այդ երեխան գուցե տանն էլ է ծեծ կերել, նա մեծանում է չարությունը ներսում կուտակած, դառնում է ընկճված կամ չափից ավելի սանձարձակ, և չի բացառվում, որ ընտրի ուսուցչի մասնագիտությունը: Սա` մի տարբերակ: Այսինքն, երեխային հարվածող ուսուցչուհին նույնպես խնդիրներ ունի: Սակայն նրան օգնություն ոչ ոք չի ցուցաբերում»: Չարդարացնելով տվյալ ուսուցչին, այնուամենայնիվ, Արա Չալիկյանը համոզված է, որ իրական մեղավորը գործող համակարգն է: «ՈՒսուցչին տալիս են N թվով աշակերտներ, շատ անգամ` N թվից էլ շատ: Երեխաները գալիս են տարբեր ընտանիքներից, տարբեր խնդիրներով, կան նաև ծանր հոգեկերտվածք ունեցող երեխաներ: Անգամ պրոֆեսիոնալ հոգեբանները չեն կարող միաժամանակ խմբային որակյալ թերապիա և դասընթաց անցկացնել: Ինչպե՞ս կարող է դա անել շարքային ուսուցիչը: Այն ուսուցիչը, որն ունի խաղաղ պայմաններ տանը, լավ անցյալ, լավ հոգեկերտվածք, բնական է, աշխատավայրում ավելի ներդաշնակ վարքագիծ կդրսևորի: Շատերն էլ, իրենց ներանձնային խնդիրների բեռը ուսերին, գալիս են դպրոց, որտեղ նրանց սպասում են «պրոբլեմավոր» ընտանիքներից դպրոց եկած ոչ պակաս «պրոբլեմային» երեխաներ: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ մեր հայկական հեռուստաալիքներն էլ իրենց հերթին ցածրարժեք հաղորդումներով և բացասական լուրերի տարափով ակտիվորեն ռմբակոծում են ինֆորմացիոն կուլտուրա չունեցող մեր հասարակության գիտակցությունն ու հատկապես ենթագիտակցությունը, ապա կտեսնենք, թե ինչ ծանր հոգեկան աղավաղումների հետ է գործ ունենում ուսուցիչն իր աշխատանքի ընթացքում»: ՈՒսուցչի աշխատանքը բավականին դժվար է և, ծանրության համեմատ, քիչ վարձատրվող: Չի գործում ուսուցիչների և աշակերտների համար հոգեբանական օգնության ոչ մի արդյունավետ համակարգ: Որոշ դպրոցներում կան հոգեբաններ, սակայն նրանց աշխատանքը, ըստ Արա Չալիկյանի, հիմնականում կրում է ձևական բնույթ և կատարվում է մասնագիտական տեսանկյունից կոպիտ խախտումներով ու թերություններով: Օրինակ, խախտվում է անանունության սկզբունքը: Հոգեբանը դպրոցին կցված է պարտադիր ձևով: Եթե ուսուցիչը, երեխան կամ ծնողը դիմեն հոգեբանին, բոլորը կիմանան: Բնական է, ոչ ոք չի գնա ու չի պատմի այդ հոգեբանին իր խնդիրները: Դպրոցներն սպասարկող հոգեբանական համակարգը պետք է դպրոցի հետ տարածքային առումով կապված չլինի: Հաջորդ մեծ թերությունը, որ նշում է զրուցակիցս, դպրոցական հոգեբանի մասնագիտական որակների զարգացումն ու վերահսկումը պարտադիր ձևով իրականացնող կառույցի բացակայությունն է: Նա մասնավորապես ընդգծում է, որ հոգեբանները չեն անցնում իրենց պարտադիր թերապիան և չունեն սուպերվիզիա (աշխատանքի որակի վերահսկում) ստանալու հնարավորություն: Սա նշանակում է, որ ցանկացած ուսանող, որն ունի տարաբնույթ հոգեկան խնդիրներ և նույնիսկ հոգեկան խանգարումներ, բուհում ստանալով հոգեբանության ասպարեզին վերաբերող տեսական գիտելիքներ և դիպլոմ, կարող է իր «առողջ անձով» օրինակ ծառայել և «կարգավորել» մյուսների հոգեկան աշխարհը: «Գիտելիքը չի օգնում մարդուն խնդիրները լուծելու: Հոգեբանին դիմող ուսուցիչը, օրինակ, կարող է ավելի շատ տեսական գիտելիքներ ունենալ: Այդ դեպքում ո՞վ ում պիտի օգնի,- ասում է Արա Չալիկյանը։ -Հոգեբանը պետք է ավելի ներդաշնակ հոգեկան աշխարհ ունենա, որ կարողանա դիմացինին օգնել: Եթե երեխային հարվածող ուսուցիչը մի քանի գիրք ավելի կարդացած լիներ, միևնույն է, նյարդերը չէին դիմանալու, հարվածելու էր: Ցանկացած տեսական նյութ պետք է ներանձնացվի ու դառնա իր սեփականը, դառնա ունակություն, իսկ դրա համար հարկավոր են հատուկ վարժական համակարգեր: Մենք մեծ բաց ունենք: «Խոպան» է մեր ժողովրդի հոգեվիճակը»:
Ծնողի, մեծի, ուսուցչի նկատմամբ ավանդական հարգանքն այսօր իր տեղը զիջում է օրենքին: Ավանդույթները մնացել են անցյալում: Ինչքան է ճիշտ, երբ օրենքի դաշտ են թափանցում հայր-որդի, ուսուցիչ-աշակերտ ու այլ նմանատիպ հարաբերություններ: «Նախկինում նույնպես օրենքներ կային, պարզապես այդ օրենքները ոչ թե պետական էին, այլ հասարակական,- ասում է զրուցակիցս:- ՈՒսուցիչները գնում էին այցելության այն աշակերտների տուն, ովքեր խնդիրներ ունեին, ծանոթանում էին, զրուցում ծնողների հետ, այսինքն` ուսուցիչը կատարում էր թե՛ հոգեբանի դեր, թե՛ հարազատ մարդու, որը պատրաստ է աջակցելու ընտանիքին: Եվ այդ այցը դպրոցն էր խրախուսում, տնօրենը: Հիմա դպրոցի տնօրենությունը և ընդհանրապես համակարգը այնքան են ծանրաբեռնված տարբեր խնդիրներով և ծրագրերով, որ հաճախ ի վիճակի էլ չեն լինում հիշելու դպրոցի հիմնական նշանակությունը: ՈՒսուցիչն ինչպե՞ս պետք է հոգա ուրիշի երեխայի հոգսերը, երբ իր երեխան կամ հենց ինքը նույնպես բազում խնդիրներ ունեն: Պիտի հարուստ լինես, որ նվիրատվություն անես, նույնն էլ հոգեկանին է վերաբերում. կարո՞ղ ես ուրիշին օգնել, եթե ինքդ հոգեպես լավ վիճակում չես»: Արա Չալիկյանի կարծիքով` անհրաժեշտ է, որ ցանկացած ուսուցիչ նույնպես անցնի իր «թերապիան»` անհատական կամ խմբային, և կրթության նախարարությունը պետք է այդ ուղղությամբ մտածի: Նա հստակեցնում է. «Ժամանակակից հոգետեխնոլոգիաները և հատկապես հոգեվերլուծությունը հանգեցնում են նրան, որ գիտակցությունը և ենթագիտակցությունը դառնում են ներդաշնակ: Մարդը կարողանում է տիրապետել իր հույզերին, և ընթացիկ ցանկացած սթրես, որոնցով հարուստ է կյանքը, չի առաջացնում կուտակված լարումներ, որոնք էլ իրենց հերթին չեն արտահայտվում այլ հարաբերություններում: Ասենք` հեռուստատեսությամբ խոսում են, քննարկում, դրանից ոչինչ չի փոխվում: «Հիվանդին» բուժում է հարկավոր, ոչ թե շոու, այն էլ` անորակ»: Այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակությունն անառողջ է: Եվ հոգեբանի դերը երբևէ չկարևորող մեր ազգին հենց հոգեբանի օգնություն է պետք: «Իհարկե, ծանր խնդիրներ ունի մեր հասարակությունը: Հակառակ դեպքում, իբրև անհատներ լինելով շնորհքով և խելացի, ինչո՞ւ խմբային առումով վատ ենք ապրում: Մենք, գովերգելով մեր հազարամյակների պատմությունը, բավականին ծանր, խղճալի վիճակի մեջ ենք` մշակույթի և հատկապես հոգեբանական մշակույթի պակասի պատճառով: Մշակույթի հեղափոխություն է պետք, չկա Հայաստանը փրկելու ուրիշ ճանապարհ` ո՛չ տնտեսական, ո՛չ գրանտային, ո՛չ իշխանա-պաշտոնական. սրանք երկրորդային, երրորդային գործոններ են, առաջինն ինքնամաքրումն է, հոգեբանական կուլտուրայի և փոխադարձ հարգանքի ձևավորումը»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ