Մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ որքան էլ համարձակ քայլեր արվեն երկրի ղեկավարի կողմից տնտեսությունն աշխուժացնելու ուղղությամբ, միևնույն է, դոփելու ենք նույն տեղում: Եվ թող չթվա, որ ժամանակի ավելցուկ ունենք` «բաց նամակի» ժանրով զբաղվելու համար: Իսկ այն, ինչ ներկայացվում է ստորև, բնավ էլ զարմացնելու համար չէ, այլ տեղեկացնելու, որ անգամ բարձրագույն ղեկավարության կողմից «կանաչ լույս» ստացած նման նախագծերը մնում են անիրականանալի առնվազն մի քանի պատճառով.
l իշխանության որոշ օղակներ որդեգրել են կեցվածք` ամեն ինչ գիտենք, մեզ դաս մի տվեք,
l հռչակվում են նպատակներ, մշակվում են ծրագրեր, հաստատվում են հայեցակարգեր, ընդունվում են որոշումներ, որոնք երբեք կյանքի չեն կոչվում,
l հետևողականության պակասը զուգորդվում է սկզբունքայնության և պատասխանատվության դեֆիցիտով,
l ՀՀ նախագահի ծրագրային ելույթների մի կարևոր մասը չի ստանում գործնական արժանի շարունակություն (ստորև բերվում է գործնական հիմնավորում):
2008 թ. ՀՀ նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ՀՀ ներկայիս նախագահին ներկայացվել է Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիրը, որին նա հավանություն է տվել և գործադիր իշխանության ներկայացուցիչների ներկայությամբ շեշտել դրա կարևորությունը երկրի առաջընթացի համար: Ընդսմին, գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչներ, մեղմ ասած, լրջորեն չեն ընկալել ասվածը և մինչ օրս ոչ միայն որևէ գործնական քայլ չեն արել ծրագիրն իրագործելու ուղղությամբ, այլև ծրագրի հեղինակների բազմաթիվ հիշեցումները թողել են անարձագանք: Ավելին, որոշ նախարարություններում, հին-խորհրդային ոճով, վերստին ծանոթացել են ծրագրին, հիացել դրանով, խոստումներ տվել, որոնք արդեն չորս տարի է, չեն իրականանում: Այսինքն` իշխանության միջին օղակներում թաղվում են բոլոր գաղափարներն ու ծրագրերը: Իսկ ի՞նչ կարող է տալ հելիոֆիկացիայի ծրագիրը Հայաստանին: Ինչի՞ մասին է այն:
Խոսքը արեգակնային էներգիան էլեկտրականի փոխակերպելու, այն կենցաղում օգտագործելու մեխանիզմի մասին է, որն ի վիճակի է, մի կողմից, թեթևացնելու գյուղացիական տնտեսությունների կատարած կենցաղային ծախսերը` մինչև 3 կիլովատտ հզորությամբ էլեկտրաէներգիա մատակարարելով (ինչպես նաև օգտագործելու արևի էներգիան գյուղմթերքների վերամշակման համար), իսկ մյուս կողմից, նման փոխակերպող սարքերի արտադրություն հիմնելով, բավարարելու ոչ միայն տեղական շուկայի աճող պահանջները, այլև զարկ տալու դրանց արտահանմանը: Ծրագիրը հաջողությամբ իրագործելու պարագայում կարող են ստեղծվել մինչև երկու հազար կայուն և միջինից բարձր (120 հազար դրամ և ավելի) վարձատրվող աշխատատեղեր: Կնվազեն գյուղացիական տնտեսությունների համախառն ծախսերը, մասնավորապես, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, գյուղմթերքների վերամշակման, այլ ուղղություններով): Որպես հետևանք և դրական ձեռքբերում, վերջինս, բնականաբար, կհանգեցնի գյուղացիական տնտեսությունների գնողունակության մակարդակի աճի ոչ միայն այն պատճառով, որ կկրճատվեն կենցաղային ծախսերը, այլև հնարավորություն կընձեռվի ստեղծելու միկրո և փոքր բիզնեսներ տեղական համայնքներում: Սա իր հերթին կկասեցնի բնակչության ուրբանիզացիայի գործընթացը, կամրացնի գյուղացիական տնտեսությունները, կստեղծի լրացուցիչ եկամտի աղբյուր: Միաժամանակ, գյուղմթերքների վերամշակումը` համեմատաբար ավելի մատչելի գներով և էկոլոգիապես մաքուր պայմաններում, կստեղծի հավելյալ արժեք և կնպաստի ներկայումս անլուծելի դարձած մեկ այլ խնդրի կարգավորմանը: Այսօր գյուղացին ստիպված է խորհրդանշական, ցածր գներով իր մշակած միրգն ու բանջարեղենը հանձնելու Երևան քաղաքում գործող գյուղմթերքների շուկաների մի քանի խմբիշխանների, որոնք ընդամենը մի քանի ժամ հետո նույն մթերքները բազմապատիկ (գրեթե ամենուր համաձայնեցված) բարձր գներով պարտադրում են սպառողներին: Ըստ որում, թե՛ քաղաքացուն, թե՛ գյուղացուն, քանի որ վերջինս նաև սպառող է: Հետևաբար, գների բարձր աճը` գնաճը, որը պարտադրվում է բնակչությանը, կարող է մեղմվել ոչ թե վարչական, այլ բնական ճանապարհով, քանզի վերամշակված մթերքները հենց ինքը` գյուղացին կարող է առաջարկել մանրամեծածախ առևտրի օբյեկտներին: Արդյունքում շահում է արտադրողը (արևի էներգիան էլեկտրականի և ջերմայինի վերածելու սարքերի արտադրությամբ), գյուղացիական տնտեսությունը (իր կարիքներն անհամեմատ էժան հոգալով), սպառողը (էժան և էկոլոգիապես մաքուր սնունդ օգտագործելով), պետությունը` միանգամից մի քանի առումներով (նոր աշխատատեղեր քաղաքում և գյուղում, գների ցածր մակարդակ, գնողունակության աճ, սոցիալական նպաստների և գործազրկության կրճատում, արդյունաբերության զարգացում, ուրբանիզացիայի կրճատում, արտագաղթի կասեցում): Այս ամենի հետ մեկտեղ մեզ համար խիստ կարևորվում են նաև հետևյալ հիմնախնդիրները.
ա) կկասեցվի բնակչության արտագաղթը սահմանամերձ բնակավայրերից, իսկ բավարար ուշադրության պայմաններում դրանց բնակչությունը կարող է նաև ավելանալ:
բ) Կարող է սկսվել բազմաթիվ լքված գյուղերի վերաբնակեցումը (մեր հաշվարկներով` խորհրդային տարիներին ամայացել է մոտ երեք հարյուր գյուղ, իսկ անկախացման տարիներին դրանց թիվն աճի միտում ունի):
գ) Հանրապետության էներգետիկ հաշվեկշռում, պահպանելով Մեծամորի ատոմակայանի գերակա դերը (մոտ 42-45 տոկոս), աստիճանաբար կբարձրանա այլընտրանքային աղբյուրների տեսակարար կշիռը: Մասնավորապես, արեգակնային էներգիայից ստացվող էլեկտրաէներգիայի բաժինը առաջիկա 10-15 տարում կարող է հասցվել մինչև 17-18 տոկոսի` հենց կենցաղային նշանակության սարքերի շահագործման օգնությամբ: Եթե այս ամենի հետ անհրաժեշտ զարգացում ստանա նաև քամու էներգիայից, երկրի ընդերքի` գեոթերմալ էներգիայից և այլ աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի արտադրությունը, ապա դրանց ծավալները կարող են զգալիորեն թեթևացնել Մեծամորի ատոմակայանի ծանրաբեռնվածությունը, միաժամանակ թույլ տալով ավելի արդյունավետ օգտագործել առկա էներգետիկ ռեսուրսները հատկապես արտահանման նպատակով: Մեր հաշվարկները վկայում են, որ ներկայումս Հայաստանն էներգետիկայի ոլորտում միանգամայն ինքնաբավ երկիր է` օգտագործելով գոյություն ունեցող ռեսուրսների միայն մեկ երրորդ մասը: Ըստ որում, Հայաստանը էլեկտրաէներգիայի առումով տարածաշրջանում համարվում է ոչ միայն ինքնաբավ, այլև արտահանող և արտահանման զգալի պոտենցիալ ունեցող պետություն:
Ծրագրի իրականացման արդյունքում կլուծվի նաև հանրապետության մարզերի գյուղական բնակավայրերի և Երևան քաղաքի զարգացման միջև առկա անհամաչափությունների հաղթահարման խնդիրը: Գաղտնիք չէ, որ կենսամակարդակի առումով Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի հեռավոր գյուղերի բնակիչների կենսամակարդակն ընդհուպ մինչև 10-12 անգամ զիջում է Երևանի բնակչի կենսամակարդակին: Նույնը կարելի է արձանագրել նաև գործարարության զարգացման, գիտության, կրթության և այլ հարցերում:
Արեգակնային էներգիայի փոխակերպման կենցաղային սարքերը, իրավամբ, կարող են Հայաստանի այցեքարտերից լինել արտաքին շուկաներում: Դրանք մրցունակ են, առաջին հերթին, իրենց հատկանիշներով. հայ մասնագետների «know-how»-ն նման սարքերի արտադրության մեջ կարևոր առավելություններ է ապահովում նմանօրինակ այլ սարքերի համեմատ: Ինքնարժեքի և գնի մակարդակը նույնպես թույլ է տալիս հավակնել մրցունակության բարձր մակարդակի: Ներկայումս Թուրքիայից կամ Իրանից ներկրվող նման սարքերի մեկ կՎտ հզորությունն առնվազն քառապատիկ բարձր գին ունի հայկական սարքի արտադրած էլեկտրաէներգիայի համեմատ: Ավելին, արեգակնային էներգիայից ստացվող էլեկտրաէներգիայի ապագան ավելի քան խոստումնալից է: Գերմանացի մասնագետների վկայությամբ` 2020 թվականին արեգակնային էներգիայից ստացվող էլեկտրաէներգիայի շուկան աշխարհում գնահատվում է ավելի քան 40 տրիլիոն եվրո: Արեգակնային էներգետիկան արդեն լուրջ նվաճումներ ունի աշխարհում: Սույն թվականի հունիսի սկզբին Ամստերդամ-Փարիզ գնացքն ուղևորվեց` սնուցվելով հենց արևի մարտկոցներով: Իրականացվել է նաև առաջին օդային թռիչքն արևի էներգիայով։
Իհարկե, Հայաստանը բավականին ճանապարհ ունի անցնելու այս բնագավառում: Սակայն, իրատեսությունը գնահատելու համար բերենք ընդամենը մեկ օրինակ: Պատմական Արևմտյան Հայաստանում` ներկայիս Թուրքիայի էլեկտրաէներգիայի հսկայական պակասուրդ ունեցող արևելյան նահանգներում երթևեկելիս (նշենք, որ այս բնակավայրերը համեմատաբար թույլ են զարգացած` խիստ անբավարար ենթակառուցվածքներով) ամեն քայլափոխի կարելի է հանդիպել արեգակնային էներգիան էլեկտրականի փոխակերպող սարքերի ու տաքացուցիչների: Մեկնաբանություններն իրոք ավելորդ են հատկապես այն պատճառով, որ խոսքը նույն Հայկական լեռնաշխարհի երկու հարակից հատվածների մասին է, որտեղ, մի դեպքում, գտել են ելքը, մյուս դեպքում դեռ մտածում են… Իսկ ավելի հաճախ` մերժում օգտակարը:
Սեփական ռեսուրսները ճիշտ հաշվարկելու և դրանք արդյունավետ օգտագործելու դեպքում Հայաստանը կարող է և պետք է գտնի իր «nich market»-շուկայի իր բաժինն աշխարհում:
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակները վերջերս ևս երկու ապարդյուն փորձ կատարեցին` իրագործելու սեփական մտահղացումները: Էկոնոմիկայի նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը լսեց-խոստացավ-անտեսեց առաջարկը, իսկ գործադիր իշխանության այն ստորաբաժանումը, որը կոչված է ընտրելու ծրագրերը` ֆինանսավորման աղբյուրներ հայթայթելու նպատակով, անթաքույց հասկացրել էր, որ «անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պարագայում» ծրագիրը կարող է հայտնվել ցուցակում: Խոսքն այն ցուցակի մասին է, որտեղ պետք է ընդգրկվեն նոր արտադրությունների ծրագրեր: Սույն թվականի ապրիլին ՀՀ նախագահի արած հայտարարության մասին է խոսքը: Խոսք, որը բխում է երկրի տնտեսությունը վերակենդանացնելու լրջագույն մտահոգությունից: Խոսք, որը պարտավոր են հարգել իշխանության բոլոր թևերում, այդ թվում` գործադիր մարմնում:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Պրոֆեսոր