38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԱՅՆ ԱՆՁԸ, ՈՎ ԻՐ ԿՌԻՎԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ Է ՈՒՂՂՈՒՄ, ԿՆՇԱՆԱԿԻ` ՊԱՅՔԱՐԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ՀԱՅ ՏԵՍԱԿԻ ԴԵՄ»

«ԱՅՆ ԱՆՁԸ, ՈՎ ԻՐ ԿՌԻՎԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ Է ՈՒՂՂՈՒՄ, ԿՆՇԱՆԱԿԻ` ՊԱՅՔԱՐԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ՀԱՅ ՏԵՍԱԿԻ ԴԵՄ»
08.07.2011 | 00:00

«Հայ եկեղեցին, որ չի դադարել ինքնավար լինելուց, քրիստոնյա եկեղեցիներից ամենաժողովրդավարականն է....»:
Անտուան ՄԵՅԵ, ֆրանսիացի հայագետ

Պատմությունից հայտնի է, որ երբ թշնամին նպատակ է ունեցել թուլացնելու մեր երկիրը, իր հարվածն ուղղել է հայոց ինքնության հենասյուներին` մեր պետությանը, մեր եկեղեցուն ու մեր լեզվին: Այսօր կրոնական քողի տակ Հայաստան ներթափանցած աղանդավորական կազմակերպությունների պայքարն ուղղված է հենց մեր հենասյուներին: Ազգային արժեքների դեմ ծրագրված այս պայքարում, որն օրեցօր նոր դրսևորումներ ու երանգներ է ստանում, տանուլ չտալու համար մենք պարտավոր ենք հանգամանորեն վերլուծել այն իրողությունը, որի մեջ գտնվում ենք ազգովին: Հակառակ դեպքում մեր պետության և եկեղեցու անվտանգությանը աղանդների հասցրած ավերը կարող է կործանարար լինել. ծառի վրա նստած սեփական ճյուղերն ենք կտրում` երբեմն անգիտակցաբար, երբեմն գիտակցված…
«Իրատես de facto»-ն շարունակում է թեմայի շուրջ քննարկումները: Մեր հյուրերն են հայր ԿՈՄԻՏԱՍԸ, տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ, հոգեբան ՀՐԱՆՈՒՇ ԲԵՋԱՆՅԱՆԸ:


«ՅԱՆ»-Ը ՄԻԱՅՆ ԱԶԳԱՆՎԱՆ ՄԱՍՆԻԿ ՉԷ, ԱՅՆ ԷՈՒԹՅՈՒՆԴ ՊԻՏԻ ԼԻՆԻ
ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ- Հայն այսօր կորցրել է իր սրբություններին տեր կանգնելու գիտակցումը: Դարձել ենք գաղափարախոսությունների ծայրահեղ հետևորդ. եթե կաթոլիկ ենք, ուրեմն պապից ավելի պապական ենք: Եվ պատճառն այն է, որ իրականում ինքներս մեզ չենք ճանաչում: Արևմուտքից եկած ինչ «աղբաման» տեսնում ենք, հայտնվում ենք մեջն ու հայտարարում, թե կրողն ենք այդ «արժեքների»: Բայց Արևմուտք չի նշանակում անբարոյականության շեփորահարում, Արևմուտքն իր ներսում ունի բարոյական բարձր գաղափարներ, և ոչ թե այս «աղբամանային Արևմուտքը», որի կրողն ենք դարձել:
Կան մտավորականներ, ովքեր այսօր ակտիվորեն հանդես են գալիս մեր եկեղեցու դեմ: Այս երևույթին ես հետևյալ կերպ եմ մոտենում. ամեն ոք, ով ասում է, թե հայ է, ինձ համար դեռ հայ չէ, որովհետև անունը չի որոշում անձի էությունը: Մեր էպոսը` «Սասնա ծռեր»-ը, մեզ շատ կարևոր բան է սովորեցնում, որ հայի ամենամեծ թշնամին մսրամելիքներն են, առավելապես նրանք, որոնց մեջ այլ արյուն կա. Մսրա Մելիքի հայրը հայ էր, բայց մայրը եգիպտուհի… Իր ազգանվան մեջ «յան» մասնիկ կրողը որքա՞ն է պաշտպանում «յան»-երի շահերը, այսինքն` հայ ժողովրդի շահերը: Ինձ համար հայը նա է, ով մտահոգ է իր երկրի ու ժողովրդի ապագայով: «Յան» ազգանունը կրելը դեռ քիչ է հայ համարվելու համար: «Յանը» պետք է էությունդ լինի: Մեր մեջ կան այսօր շատ «յաներ», որոնք իրականում ոչ թե մեր հայության հավաքականության, պետության, ազգի համար են ծառայում, այլ ճիշտ հակառակը` ընդդեմ այդ հավաքականության: Ինչպես Քրիստոսն է ասում, մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել: Սրանք ոչ թե Աստծուն են ծառայում, այլ մամոնային, ու հանուն դրա պատրաստ են վաճառելու իրենց սրբությունները` հայոց երկիրն ու աստվածընտիր հայոց ազգը: Ովքեր գործում են ընդդեմ հայ ժողովրդի` ինձ համար դավաճաններ են:
Երբ ուսումնասիրում ենք 19-րդ դարի որոշ աղբյուրներ, տեսնում ենք, որ այն քաղաքական գործիչները, ովքեր պայքարել են հայ ազգի դեմ, մի բան լավ են գիտակցել. քանի դեռ հայը կառչած է իր մայր եկեղեցուց, նրան ոչինչ անել չեն կարող, բայց բավական է հային կտրել իր եկեղեցուց, և նա ինքնաբերաբար կդադարի հայ լինելուց:
ՀՐԵԱՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԵՆՑ ԲԱՆԱՁԵՎԸ, ԻՍԿ ՄԵ՞ՆՔ
ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ- Հին կտակարանի առաջին 5 գիրքը, որ կոչվում է Թորա, հրեա ժողովրդի սրբություն սրբոցն է: «Երկրորդ օրինաց» գրքի 7-րդ գլխում հստակ դրված է հրեա ժողովրդի քաղաքական ծրագիրը: Ասվում է. «Երբ քո տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, ուր պիտի մտնես այն ժառանգելու համար (ի դեպ, կարևոր չէ, որ երկիրը), դու պիտի մտնես մեկ համոզումով, որ այդ երկիրը քոնը պետք է լինի: Քո առջևից հալածիր մեծ ու բազմաթիվ ազգերի։ Քո տեր Աստվածը նրանց կմատնի քո ձեռքը, կհարվածես, կոչնչացնես նրանց, ուխտ չդնես նրանց հետ, և նրանց չխնայես, նրանց հետ խնամություն չհաստատես», այսինքն, քեզնից թող մսրամելիքներ չծնվեն, «քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես»: Խնդրեմ, սա ազգապահպանման բացառիկ ձև է, քաղաքական ծրագիր: Հայերս ունե՞նք: Ո՛չ: Տարվել ենք «համաշխարհային», «մարդասիրական» վերացական գաղափարներով ու մոռացել` ինչպե՞ս կարող ես այլոց արժեքներն արժևորել, երբ ինքդ քեզ չես արժևորում: «Եթե ուզում եք ձեր քաղաքական ծրագրերը իրականացնել, տվեք մարդկանց անորոշ գաղափարներ ու նրանք քաոս կստեղծեն` իրականացնելով ձեր նպատակը»: Այսօր մեզանում սա է իրականացվում: Ո՞ր հավաքականությունն է զորավոր. միասնակա՞ն, թե՞ պառակտված: Այսօր ողբերգություն է կատարվում հայոց աշխարհում, ինչո՞ւ, որովհետև մենք պառակտված ենք, չենք հասկանում, թե դամոկլյան սրի նման ինչ նոր քաղաքական ծրագիր է կախված հայ ժողովրդի գլխին: Մենք դեռ չենք հասկանում, որ դեմոկրատիա խաղացողները, Հուդայի կերպարի մեջ մտած մեզ համբուրելով, վաղը մատնելու են... Թող ոմանք հիշեն Գրիգոր Զոհրապի օրինակը. երբ Զոհրապն իր մասոն եղբոր հետ ապրիլի 23-ի գիշերը նստած նարդի էր խաղում, բայց բավական էր, որ ոտքը դուրս դներ Թալեաթի տնից, և վերջինս հրահանգեր` ոչնչացնել նրան:
ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՀՈԳՈՎ ԾԱԽՎԱԾՆԵՐ
ՏԵՐ ԵՍԱՅԻ- Աղանդների գովքն անողները կամ վարձված են, կամ այլ շահեր են հետապնդում: Աղանդավորների աշխուժացմանը զուգահեռ լսվեց մտավորականների խոսքը, որոնք հանդես եկան ոչ թե հայոց եկեղեցու դեմ, այլ աղանդի պաշտպանության դիրքերից: Ես նրանց հայ մտավորական չեմ համարում: Բագրատյանը գուցե որպես տնտեսագետ կարող է հետաքրքիր առաջարկներ անել, բայց երբ փորձում է ի ցույց դնել իր եկեղեցական գիտելիքներն ու հայ ժողովրդի պատմությանն անդրադառնալ, նրա խոսքում ակնհայտ է աղաղակող անգրագիտությունը: Այդպիսիք պատրաստ են հանուն շահի իրենց հոգին ծախելու, ուրեմն ինչպե՞ս կարող են հայ մտավորական կոչվել:
ՀՐԱՆՈՒՇ ԲԵՋԱՆՅԱՆ- Մեր ազգային եկեղեցու հանդեպ քննադատողի կեցվածք ընդունած այդ մտավորականները մի՞թե անտեղյակ են, որ աղանդները նպատակ ունեն մասնատելու ազգը, քայքայելու պետությունը, և այդ նպատակը քողարկում են հավատի ու հոգևոր քողի տակ: Հայոց եկեղեցին կրողն է մեր ազգային արժեքների. դարեր ի վեր, չունենալով պետականություն, մեր եկեղեցին իր ուսերի վրա է տարել ազգապահպանման կարևորագույն դերը: Զարմանալի է, թե ինչու են որոշ մտավորականներ խորշում, երբ եկեղեցին անվանում ենք ազգային: Հայ ազգը առաքելական եկեղեցու հետևորդ է, հետևապես մեր եկեղեցին ազգային է: Հայոց եկեղեցին այն կառույցն է, որը պահում է իմ ազգի տեսակը, բայց դա չի նշանակում, որ այդ տեսակը պահելով` դադարում է համամարդկային լինելուց: Չկա իրական համամարդկային արժեք, որը չներառի ազգայինը, և հակառակը: Հայոց եկեղեցին դարերի ընթացքում ապացուցել է, որ լինելով ազգային, միաժամանակ համամարդկային է, ինչով մենք պետք է հպարտանանք: Հետևությունս մեկն է` այն անձը, ով իր կռիվը հայոց եկեղեցու դեմ է ուղղում, կնշանակի` պայքարի է դուրս եկել հայ տեսակի դեմ:
ՈՒրեմն, պարոնա՛յք, իջեք քննադատի աթոռից, ազնիվ եղեք ինքներդ ձեր խղճի առաջ, ոչ թե հարվածեք, այլ նեցուկ եղեք մեր եկեղեցուն:
ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԱՂԱՆԴՆԵՐԻՆ
ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ- Եթե ուսումնասիրեք «Եհովայի վկաներ» կոչվածների գաղափարախոսությունը, այնտեղ, սին արժեքներից բացի, ոչինչ չեք գտնի: Եհովայի վկան իրավունք չունի ինքնուրույն աղոթելու, Աստծո հետ հարաբերվելը միայն 12 հոգուց կազմված «եհովայի խողովակի»` կենտրոնական կոմիտեի մենաշնորհն է: Անդամները պետք է նամակով դիմեն կոմիտեին, որպեսզի վկայի խնդրանքը «հասցվի» Եհվային: Ասում են, ըստ Եսայու գրքի, 144 հազար մարդ պետք է փրկվի, իսկ մնացածները արածեն խաղաղության մեջ, այսինքն` սրանք մտնում են ոչխարային կերպարի մեջ, որոնց գոյընթացն անորոշությունն է: Եթե քրիստոնեությունն ասում է` մահից հետո գոյություն ունի հավիտենական կյանք երկնքի արքայության մեջ, սրանք այդ գաղափարն էլ են մերժում, հետևապես, ո՞ւր են առաջնորդում մեր ժողովրդին: Նրանք, ովքեր օգտագործում են այս անձանց, ունեն հստակ ծրագիր` մերժել ազգն ու ազգային գաղափարախոսությունը, հետևապես, մերժել ազգային սրբությունները: Իսկ այն ժողովուրդը, որը չունի ազգային քաղաքականություն, դատապարտված է կործանման: Աղանդները, ապազգային գաղափարախոսություն տարածելով հայոց մեջ, նպատակ ունեն կործանման առաջնորդելու հայ ժողովրդին: Եթե դու, որպես Եհովայի վկա, պատրաստ չես զենք վերցնելու համար երկիրդ պաշտպանելու, ուրեմն հայի դեմ ես գործում:
ՏԵՐ ԵՍԱՅԻ- Այո, գործ ունենք նաև հասարակության չտեղեկացված լինելու փաստի հետ: Եթե մարդն իմանա, թե ինչ է «Եհովայի վկաներ» աղանդը, վստահ եմ, որ չի գնա նրանց հետևից: Նաև կեղծ մտքեր են հնչում, թե հայոց եկեղեցին պայքարում է «Եհովայի վկա» աղանդի անդամների դեմ. ո՛չ, մեր պայքարը մեր հայրենակիցների դեմ չէ, այլ աղանդի ու դրա վտանգավոր հետևանքների: Մի կին եկել էր եկեղեցի ու հուզված պատմում էր, որ իր որդու դպրոցի մոտ, որ գտնվում է Հարավ-արևմտյան թաղամասում, «Եհովայի վկաները» վխտում են, ու ամեն օր տունդարձի ճանապարհին կանգնեցնում են որդուն և սկսում իրենց քարոզը: Աղանդավորներն անցել են բոլոր սահմանները, իրենց նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չդնելով:
ԱՅՍ ՉԱՐԻՔԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՄԵՆԱ՞Կ ԵՆՔ ԹՈՂԵԼ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ
ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ- Այսօր մեր ժողովրդի վաղվա օրն է տագնապած: ՈՒրեմն, մեր ժողովուրդը չպետք է մտածի, որ աղանդավորական շարժումների դեմ միայն եկեղեցու 100-120-հոգանոց հոգևոր դասը պետք է պայքարի: Այդ պայքարը պետք է լինի հավատացյալ հայ ժողովրդի հետ ձեռք ձեռքի տված: Սա միայն եկեղեցու գործը չէ, այլ, շեշտում եմ, գիտակից, չծախված հայերի գործն է:
Մենք պարտավոր ենք ազգովին առնել այս քաղցկեղի առաջը, որն իր մեթաստազներն է տարածում:
ՀՐԱՆՈՒՇ ԲԵՋԱՆՅԱՆ- Ցավոք, ոչ ոք չի հասկանում, թե ո՛րն է հայ եկեղեցու առաքելությունը: Մեր ժողովուրդը սովորել է, որ բոլոր դժվարությունները մեր եկեղեցին իր ուսերի վրա պիտի տանի: ՈՒ եկեղեցու հանդեպ դարձել ենք պահանջատեր: ՈՒնենք երկրի նախագահ, վարչապետ, բայց, չգիտես ինչու Վեհափառ հորից պահանջում ենք նախագահի լիազորություններին հարիր քայլեր ձեռնարկել: Ինչո՞ւ ենք մոռանում, որ եկեղեցին հենց ինքներս ենք ու միասին պետք է տեր կանգնենք մեր արժեքներին, մեր հավատին: Ինչպե՞ս կարելի է հայ հոգևորականին միայնակ թողնել այս մարտահրավերների բովում: Փա՛ռք մեր սուրբ հայրերին, որ դարերի ընթացքում այնպիսի հզոր էներգետիկ դաշտ են ստեղծել, որն առայսօր բոլոր փորձություններից պահպանում է մեր եկեղեցին: Իսկ մեզ մնում է դրա արժանի ժառանգորդը լինել:
Ո՞ՐՆ Է ԵԼՔԸ
ՏԵՐ ԵՍԱՅԻ- Կարևորում եմ օրենքի հստակեցումը. խղճի ազատության օրենքը շարունակում է մնալ անկատար: Երբ տարիներ առաջ ՀՀ ԱԺ-ն հանդես եկավ նման նախաձեռնությամբ, Արևմուտքն այնպիսի՜ մի աղմուկ բարձրացրեց` իբր ՀՀ-ում կրոնական անհանդուրժողականություն է տիրում: Դա նման էր վայնասունի, սպառնալիքի, հոխորտանքի: Մենք անկախությունը շփոթել ենք ամենաթողության հետ: Մոռացել ենք Ցիցերոնի բացառիկ դարձվածքը. «Եթե ուզում ես ազատ ապրել, պիտի լինես ստրուկը օրենքի»: Պահանջում ենք ԱԺ-ից ու համապատասխան մարմիններից հստակ ձևակերպել` ինչ ասել է հոգեորսություն: Այսօր լուծումը տեսնում եմ հայ եկեղեցուն ապավինելու և հայ եկեղեցու միջոցով ժամանակի բոլոր մարտահրավերներին դիմակայելու մեջ:
ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ- Կարևոր գործ ունեն անելու հայ սոցիոլոգները, հոգեբանները, պատմաբանները, եթե մենք մտածում ենք վաղվա հայի մասին, ապա նա պետք է հստակ պատկերացնի, թե ինչո՛ւ է ուզում մնալ հայ, ինչո՞ւ պետք է ամուր պահի իր պետականությունը, ինչո՞ւ պիտի գնահատի իր ազգային արժեքները: Եկեղեցին ազգի հոգևոր արժեքների տերն է ու պաշտպանը, բայց ազգի հավաքական գոյընթացն ամրագրողը պետք է լինի պետության ղեկավար մարմինը, ուրեմն այդ մարմինն էլ պետք է տեր կանգնի այդ ընթացքին:
ՀՐԱՆՈՒՇ ԲԵՋԱՆՅԱՆ- Ելքը մեր եկեղեցու զորացումն է: Իսկ այդ գործում կարևորում եմ հայրենանվեր մտավորականության համախմբումը: Ես չեմ էլ ուզում խոսել իրենց հոգին ծախածների մասին, որոնց հայ մտավորական չեմ համարում: Խոսքս ուղղում եմ ազգային շահերը գիտակցող հատվածին: Մենք պետք է ուժեղանանք համախմբվելով, դրանից հետո աղանդներն ու աղանդապաշտները մկների նման կլքեն մեր երկիրը, քանզի անելիք չեն ունենա:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1958

Մեկնաբանություններ