Գրող, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի պատմվածքների և «Հատուկ առաջադրանք» վիպակի գիրքը խորհրդանշական վերնագիր ունի՝ «Բաժանարար գիծ», որով անջատվում են հարկադրաբար զենք վերցրած, ասպետական օրենքներով կռվող հայ զինվորը և մարդու ավարառու տեսակը (հիշենք Հակոբ Օշականին, որն առաջիններից մեկը պատկերեց զենքը կողքին դրած նամազ անող թուրքին)։ Կռվի դաշտում դեմ դիմաց (արդեն ո՜րերորդ անգամ) կանգնած են հայն ու թուրքը, և նրանցից ամեն մեկն ունի ի՛ր կռիվը, կռվի ի՛ր ձևերը։ Կատարվել է անհավատալին. արցախյան հերոսամարտի օրերին հայն ազատագրվեց զոհի բարդույթից։ Հայի այս նոր որակը սարսափեցնում է թշնամուն («Սարսափելի հայը»)։ Հայ զինվորը, կյանքը վտանգելով, փրկում է թուրք պառավի կյանքը («Բաջին»), թուրքի լքած գոմը հսկող շունը հարգանք է ներշնչում հայ մարտիկներին («Պահապանը»), իսկ «Ինտերնացիոնալ» պատմվածքի «հերոսը»` հրաշքով փրկված պոչատ կատուն, զինվորներից շարունակ փաղաքշանք էր պահանջում ու թափառում խրամատից խրամատ։ Կռվի դաշտում կենդանին վիրավորվեց, հայ մարդը հայտնվեց «արյունը ջրիկացնող կրակի տակ», թաղեց կատվին։ Սա է հայը։ «Խորհրդավոր հեծյալը», «Մղձավանջ» պատմվածքները մեզ տանում են 1915-ի արյունոտ օրերը։ Մգրո պապը թոռանը՝ Տիգրանին է փոխանցում «թուրք սպանելուն սովոր» հրացանը, որ պահել էր պատի մեջ։ Թոռը պապին ազատեց տասնամյակներ շարունակ չարչարող մղձավանջային երազից. թուրքերը ութ-տասը տարեկան երեխայի աչքերի առջև մորթել էին ծնողներին ու պատվիրել հիշել. «Թուրքը միշտ պիտի այսպես անի հայի հետ»։ «Գայլի հանդեպ ունեցած հակառակությունը» պատմվածքի հերոսը՝ Անաստաս պապից «գայլի ու թուրքի հանդեպ ունեցած հակառակությունը» ժառանգած հիսնամյա զինվորը, լավ է հասկանում այդ հակառակությունը. հայը երբեք չպիտի կորցնի զգոնությունը ու թույլ չտա, որ թուրքը մտնի իր տունը. «Այդ ժամանակ արդեն ուշ է լինելու որևէ բան փրկելու համար»։
Ամենադժվարը հայ երիտասարդին (և ոչ միայն երիտասարդին) զինվոր դարձնելն է. «Փորձություն», «Մկրտություն» պատմվածքներում նկարագրված է այն անորսալի պահը, երբ հրաձգության ձայներից թաքնվող նորեկները դառնում են մարտընկեր։ Օրեր, շաբաթներ, ամիսներ տևող դիմադրության օրերին դիրքավորված զինվորներն սկսում են քիչ-քիչ ճանաչել իրար, «բոլորը հերթով ընտրում են իրենց զույգերին»։ Սկսվում է միայն պատերազմի դաշտում հասկանալի որսը («Թշնամին», «Մենամարտ»)։ Թշնամին հաճախ է խախտում պայմանավորվածությունը, ու մեր դիրքերում լինում են «լռության նման անիմաստ զոհեր»։
20-րդ դարասկզբի հայոց գոյամարտին նվիրված պատմական, գեղարվեստական գրքերում հաճախ ենք հանդիպում կռվի կարճատև դադարներին կատակող հայ մարտիկների։ Պատկերը նույնն է արցախյան հերոսամարտի օրերին («Կոշիկները», «Կներե՛ք, որ քնից արթնացրինք», «Ծխող թուրքերը», «Լիպոյի գերեզմանը»)։ «Պատերազմի անմարդկային դեմքը», «Ռազմավար» պատմվածքներում Վարդումյանը նկարագրում է պատերազմական իրավիճակում հայտնված հայի ոչ վայելուչ արարքները, բայց անխուսափելի է ընկերների, հրամանատարի ու խղճի դատաստանը. այլապես կխաթարվի հայ զինվորի ազգային ու մարդկային նկարագիրը։
«Հատուկ առաջադրանք» վիպակը «Մեծն Տիգրան» ջոկատի կյանքից մի քանի օրվա հուշ-օրագրություն է՝ վավերական ու գեղարվեստական. վավերական՝ որպես ոչ վաղ անցյալի պատմության էջ, գեղարվեստական՝ որպես այդ նույն պատմության՝ անցյալից եկող ու դեպի ապագա անցնող գենետիկ հիշողության նոր տարբերակ՝ հայի մարտունակ տեսակի կյանքից։ Վիպակում Վարդումյանը խոսում է հայության միասնության, միակամության մասին։ Դա հատկապես ցավոտ հարց է Բաքվի կոտորածների ականատես Ամիրջան Պողոսովի համար. նա կատարվածի պատճառներն է անվերջ փնտրում ու գտնում մի պատասխան՝ միատեղ ու համառ ջանքերով կարելի է Հայրենիք պահել։
Հերոսները՝ Ռաֆայել Սիմոնյանը, Մարտիրոս Վարդանյանը, Ամիրջան Պողոսովը, Գեղամ Ներսեսյանը, այն հայերն են, որոնք զարմացնում են ոչ միայն թշնամուն։ Փա՜ռք Աստծո, կա՛ և լինելո՛ւ է հայի այս տեսակը, որովհետև ո՛չ հարևան ժողովրդի (այս դեպքում՝ ընդհանուր անունով՝ թուրք, որ Արամ Հայկազն անվանում էր մարդկությանը հայտնի ամենահայհոյական բառը) անզիղջ համառությունը, ո՛չ «մոռացկոտ» ու տարին միայն մեկ օր՝ ապրիլի 24-ի նախօրեին կատարված ոճրագործության մասին մի քանի բառ հիշող քաղաքակիրթ աշխարհի մեծերը երբևէ չեն լուծելու մեր համազգային խնդիրները։ Ավելին՝ ցավակցելով ու իբր թե կարեկցելով զոհին՝ պահը չեն կորցնում և շարունակ խաղաքարտ են դարձնում մեր ցավը։ Վիպակի հերոսները չեն էլ հետաքրքրվում այս ամենով. նրանք պարզապես կատարում են իրենց պատմական առաքելությունը՝ աշխարհին ներկայացնելով հայի իսկական ոգին։
Խիզախ զինվոր Հովիկ Վարդումյանը տեր է հողի, երկրի, տեր է ու պատասխանատու։ 70-ամյա այս Հայն ապրում է պատանու խանդավառությամբ ու ծերունու մեծահոգի ներողամտությամբ է նայում աշխարհին, մարդկանց։ Վարդումյանն ազգային մեծ Երազանքի դաշտի հերկվորն է, սերմնացանը, անտրտունջ մշակը, մշտարթուն զինվորը։ ՈՒ, փա՜ռք Աստծո, մենակ չէ։
Մարգարիտա ԽԱՉԱՏՐՅԱՆ