38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԼԱՅՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ԿՐԹԱԿԱՆ ԽԻՍՏ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿ

ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԼԱՅՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ԿՐԹԱԿԱՆ ԽԻՍՏ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿ
12.07.2011 | 00:00

Այս օրերին ընթանում է միասնական քննությունների լրացուցիչ փուլը։ Ընդ որում, այս փուլում ավելի շատ հայտեր են արձանագրվել (1481 դիմորդ), քան հիմնական փուլում։ Այս տարվա քննություններն աչքի են ընկնում դիմորդների շատ ցածր առաջադիմությամբ։ «Քննություններն ընթանում են բավականին հանգիստ, մեկ խնդիր կա, որ խիստ անհանգստացնում է, այն է՝ դիմորդների կրթական խիստ ցածր մակարդակը։ Դիմորդներն այդպես էլ չօգտվեցին 12-ամյա դպրոցի անցման կապակցությամբ առաջացած այն երևույթից, որը կարելի է համարել կրթական համաներում, համաներում` հանրակրթության չարածի համար։ Չօգտվեցին, որովհետև հանրակրթության մակարդակն անցած 15 տարում կտրուկ անկում է ապրել խորհրդային տարիների համեմատ։ Այսինքն, եթե շրջանավարտը գնացել է կրկնուսույցի մոտ, նրան վարժեցրել են, կարող է ինչ-որ բան անել, եթե ոչ, ապա քննություն հանձնել չի կարող։ Այնինչ խորհրդային շրջանի շրջանավարտները դպրոցն ավարտելուց 5-6 տարի հետո էլ կարող էին քննություն հանձնել և հաղթահարել նվազագույն շեմը։ Այսօր պահանջվում է ընդամենը 7,5 միավորի հաղթահարում, և դա էլ չեն կարողանում ապահովել։ Հանրակրթությունն այսօր հիմնված է մեխանիկական հիշողության վերարտադրության և ոչ թե տրամաբանության զարգացման վրա, որը, կարծում եմ, մեթոդական լուրջ խնդիր է, ինչը առաջիկայում լուծման կարիք ունի»,- ասաց գնահատման և թեստավորման կենտրոնի իրավաբանական բաժնի պետ Էդուարդ Սանթրոսյանը։
Ըստ ԳԹԿ ներկայացուցիչների՝ թեստերի մակարդակն այնպիսին է, որ նույնիսկ առանց հատուկ պատրաստվածության դիմորդները կարող էին դրական շեմը հաղթահարել։ Մինչդեռ մարդիկ գալիս են քննության և 80 հարցից գոնե 5-ին չեն կարողանում ճիշտ պատասխանել։ Սա խոսում է այն մասին, որ լուրջ չեն վերաբերվում քննություններին։
Նշենք, որ «Մաթեմատիկա» առարկայից թե՛ հիմնական, թե՛ լրացուցիչ փուլերում դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների մոտ 67 տոկոսը, ինչը, ըստ քննությունների կազմակերպիչների, նշանակում է, որ և՛ երկու փուլերի թեստերն են համարժեք, և՛ դիմորդների մակարդակն է նույնը։ Նշենք, որ «Ֆիզիկա» առարկայից լրացուցիչ փուլում բացասական գնահատական է ստացել դիմորդների մոտ 80 տոկոսը։
Այս տարի բավականին լայն է շրջանավարտների աշխարհագրությունը։ Մեծ թվով դիմորդներ կան Ջավախքից, Ռուսաստանի Դաշնությունից, նաև Հնդկաստանից, Թաիլանդից, Ռումինիայից, Իսպանիայից։ Ոչ միայն բուհ ընդունվել ցանկացողների աշխարհագրությունն է բազմազան, այլև բավականին լայն է տարիքային ցենզը. եթե ամենաերիտասարդ դիմորդը 18 տարեկան է, ապա ամենամեծը 60-ն անց է։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ տեղեկացրեց, որ ԳԹԿ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի հաջորդ ուսումնական տարվանից սկսած միասնական քննություններն անցկացվեն շտեմարանային համակարգով: «Շտեմարաններ ստեղծելու աշխատանքներով ԳԹԿ-ն զբաղվում է շուրջ 2 տարի: Կենտրոնը հավաքել է առաջադրանքների բազա, բայց պահանջվող քանակը լրացնելու համար մենք դիմել ենք նաև կրթության և գիտության նախարարությանը, որ իրենք էլ օգնեն։ Նախարարությունն էլ իր հերթին դիմել է դպրոցներին, որպեսզի նրանք օգոստոսին ներկայացնեն առաջադրանքների բազա՝ յուրաքանչյուր առարկայից: Դրանից հետո համապատասխան մասնագետները կուսումնասիրեն դրանք, կընտրեն լավագույնները, որոնք համապատասխանում են դպրոցական ծրագրերին և կընդգրկվեն շտեմարանում»,- ասաց ԳԹԿ տնօրենը։ Նա նաև հույս հայտնեց, որ դպրոցները կներկայացնեն անհրաժեշտ որակի թեստեր։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ