38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՈՒՏՈՒՄ

Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՈՒՏՈՒՄ
15.04.2011 | 00:00

Վերջին տարիներին շատ է խոսվում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) վնասի մասին։ Դրանք մուտք գործեցին մեր կյանք 1990-ականներին։ Առաջին տրանսգենային բույսը` ծխախոտը, որից ցանկացել են հեռացնել նիկոտինի գենը, ստացվել է 1983-ին, իսկ 1996-ից սկսած` ԳՄՕ-ն աճեցնում են վաճառքի համար։ Բույսերը, որոնք պարունակում են միջատների, բակտերիաների, ձկների և այլ կենդանի օրգանիզմների գենային հատվածներ, սկսեցին ցանվել խոշոր ցանքատարածքներում:
Որպեսզի ավելի պատկերավոր դառնա, թե ինչ է ԳՄՕ-ն, բերենք մի օրինակ. կարտոֆիլի մեջ ներարկվում է կարիճի գեն, և ստացվում է մի սննդամթերք, որը չի ուտում ոչ մի միջատ։
ԳՄՕ-ներն օրգանիզմներ են, որոնց ժառանգական ապարատում ներդրված են օտարածին գեներ` նոր որակների կամ նոր ֆունկցիաների ստացման նպատակով: Բարձր բերքատվությամբ բուսական կուլտուրաներ և բարձր մթերատվությամբ կենդանիներ (որոնք դիմացկուն են տարբեր ազդեցությունների նկատմամբ) ստանալու համար ձևավորվել են բնության մեջ չխաչասերվող օրգանիզմների հիբրիդներ` առանց նախապես հաշվի առնելու ապագայում սպասվող արդյունքները: Այլ բույսի, կենդանու, միջատի, բակտերիայի և նույնիսկ մարդու գեները ներդրվում են բույսերի, ձկների և կաթնասունների քրոմոսոմներում` դոնորի կառուցվածքի վրա այդ գեների ներգործության նպատակով, ինչի արդյունքում ձևավորվում են կենդանի օրգանիզմների նոր` գոյություն չունեցող ձևեր, որոնք անցյալում հնարավոր չէր պատկերացնել: Ոչ ազգակցական տեսակների գեների ընտրության ճանապարհով կարելի է ստանալ ցանկացած արդյունք՝ ստեղծելով տրանսգենային օրգանիզմներ, որոնք ժառանգաբար փոխանցում են իրենց փոփոխված հատկությունները:
ԳՄՕ-ների ստեղծման հիմնական նպատակը մոլորակի աճող բնակչությանը սովից փրկելն է։ ԳՄՕ-ի ներդրման կողմնակիցները պնդում են, որ դրանց օգտագործումը շահույթ կբերի աղքատ ֆերմերներին և կօգնի ապագայում բավարարելու զարգացող երկրներում սննդամթերքի պահանջը:
Հատկապես տարածված են եգիպտացորենի, սոյայի, բրնձի, շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի և պոմիդորի գենային մոդիֆիկացիաները: Շնորհիվ գենային ինժեներիայի, լավացել են կուլտուրաների արտաքին տեսքը, կազմը և համային հատկանիշները, բարձրացել է դիմացկունությունը հիվանդությունների, բույսերի պաշտպանության քիմիական միջոցների, անբարենպաստ կլիմայական պայմանների նկատմամբ: Գենային ինժեներիայի ևս մեկ առավելություն է նոր տեսակների ստացման համար անհրաժեշտ ժամանակահատվածի կրճատումը: Սելեկցիայի 10 և ավելի տարիների փոխարեն բիոտեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստանալու նոր կուլտուրաներ 2-3 տարում: Օրինակ` մոդիֆիկացված պոմիդորները, ելակը` ներդրված ցրտադիմացկուն ձկան գենով` ցրտահարությունից պաշտպանվելու համար, կարտոֆիլի որոշ տեսակներ և եգիպտացորեն` բակտերիաների գեներով և այլն: Փորձարկումներ են արվում հակաքաղցկեղային խնձորների ստացման ուղղությամբ և այլն: Դոլլի ոչխարին կլոնավորած գիտնականները փորձարկումներ են կատարում հավի վրա, որի ձուն պարունակում է քաղցկեղի բուժման ժամանակ կիրառվող պրոտեիններ:
Այս նոր բույսերն ունեն բավականին բարձր բերքատվություն, ինչը, ԳՄ տեխնոլոգիաների կողմնակիցների կարծիքով, կօգնի լուծելու պարենային դեֆիցիտի պրոբլեմը զարգացող երկրներում: Բիոտեխնոլոգիական կորպորացիաներն ազդարարում են, որ իրենց նոր արտադրանքի շնորհիվ կհաղթահարվի համաշխարհային սովը, կվերանան համաճարակները, կբարելավվեն հասարակության առողջության ցուցանիշները:
Սակայն մասնագետների մի ստվար հատված էլ կարծում է, որ բնական օրենքներին, կանոններին անթույլատրելի միջամտությունը հղի է վտանգավոր հետևանքներով բոլոր կենդանի օրգանիզմների համար:
ԳՄՕ-ի օգտագործմամբ խախտվում է էկոհամակարգի հավասարակշռությունը, քանի որ ներմուծված օտարածին գեների պատճառով նրանք հայտնվում են առավել նպաստավոր վիճակում և դուրս են մղում վայրի կուլտուրաները, որոնց արդեն հարմարվել էր տվյալ միջավայրը: Սակայն գլխավոր պոտենցիալ վտանգը հենց իր` բույսի մեջ տեղադրված գենի (գեների) վարքագծի անորոշությունն ու անկանխատեսելիությունն է, ինչպես նաև այն, որ այդ գենը սննդի միջոցով կարող է հայտնվել մարդու և կենդանիների օրգանիզմում: Հայտնի է, որ այլածին գեների ներդրումներն անկայուն բնույթ ունեն: Օտար գենը կարող է առաջացնել բջջի կենսունակության խախտում: Օրինակ` աճի հորմոնի գենը, որը տեղադրվել է թառափի գենում, հանգեցրեց ոչ միայն ձկան չափսերի արագ մեծացմանը, այլև նրա գունավորման փոփոխությանը:
Մասնագետները կարծում են, որ ԳՄՕ-ների օգտագործումը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիաների։ Օրինակ, Միացյալ Նահանգներում, որտեղ ԳՄ մթերքներն առատորեն օգտագործվում են սննդի մեջ, ալերգիայից տառապում է բնակչության մոտ 70 տոկոսը։ Շվեդիայում, որտեղ նման մթերքներն արգելված է վաճառել, ալերգիաներից տառապողների թիվն ընդամենը 7 տոկոս է։ ԳՄՕ-ով սննդամթերքը կարող է նվազեցնել մարդու իմունիտետը, ինչպես նաև խախտել նյութափոխանակությունը։
Նշենք, որ արտահանվող ամերիկյան սննդի 80 տոկոսը պարունակում է ԳՄՕ, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խուսափել ամերիկյան ընկերությունների արտադրանքից։ «Նեսթլեի» արագ նախաճաշերը, «Սնիկերսը», «Դանոն» յոգուրտը և այլն Գրինփիսի սև ցուցակում են։ Բացի այդ, թեյի և սուրճի 30 տոկոսը պարունակում է ԳՄՕ։ Տրանսգենային սոյան օգտագործվում է արագ սննդի, խտացրած կաթի, կետչուպի մեջ։ Խուսափեք նաև պահածոյացված եգիպտացորենից (կամ էլ ընտրեք հունգարականը, որտեղ ԳՄՕ-ն արգելված է)։
Մասնագետները կարծում են նաև, որ ԳՄՕ-ի օգտագործման հետևանքներն անկանխատեսելի են: Եթե մեկ անգամ տրանսգեները բաց թողնվեն շրջակա միջավայր, դրանք հետագայում հնարավոր չէ վերահսկել և մանավանդ՝ վերադարձնել: Ինչպես բոլոր կենդանի օրգանիզմները, ԳՄՕ-ն ընդունակ է բազմանալու, ինչը հնարավորություն է տալիս փոխանցել այդ բույսերի գենետիկական նյութը նրանց աճեցման համար հատկացված դաշտի սահմաններից դուրս, մասնավորապես` թռչունների և կենդանիների միջոցով: Աշխարհում տրանսգենային մշակաբույսերն այսօր զբաղեցնում են մոտ 100 մլն հա հողատարածք, որի 66 տոկոսը՝ ԱՄՆ-ում, 22 տոկոսը՝ Արգենտինայում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5906

Մեկնաբանություններ