Բոստան եմ դրել վեր էնա դարին,
Աստված շեն պահի էս տարվա տարին.
Չեղավ մեկ շամամ ուղարկեմ յարին,
Սրտիս դարդերը կերին, խորովին։
Այսպես երգել են մեր պապերն իրենց երիտասարդ և սիրո հասակում։ Երգել են և աշխատել, աշխատել են ու երազել, որ իրենց վաստակի պտուղը հասցնեն սիրեցյալին։
Զարմանալիորեն շատ են հայոց մեջ աշխատանքային երգերը. գրեթե ամեն մի աշխատանքի և արհեստի առնչվող երգ է հորինել մեր ժողովուրդը, սակայն ամենահուզիչն ու առավել բանաստեղծականը հողի մշակի երգերն են։ Այդ երգերում մարդու` որպես անհատի, հոգու և զգացմունքների հորդումն է, որ, անհատ առ անհատ միանալով, դարձել է մի ողջ ժողովրդի հոգուց բխած կենարար աղբյուր, որը ջրարբի և բերրի է դարձնում խոպանն անգամ։
Բարեբախտաբար, աստվածընծա մեր հայրենիքի հողը պարարտ է եղել ու բերքառատ, արգավանդ ու պտղաբեր, և մեր պապերի արդար քրտինքը, կենարար ջրին խառնված, հրաշքներ է գործել Էրգրում։
Նախորդ հրապարակումներից («Իրատես de facto», թիվ, թիվ 20, 24) մենք իմացանք և մտովի, շոշափելիության աստիճանի ասես տեսանք մեր հայրենիքում մշակված բարձրորակ ցորենն ու գարին, և դրանցից թխած հացի բուրմունքը տարածվեց մեր շուրջը։
Մեր մտքի երևակայության ուժով կարծես տեսանք և համտեսեցինք դրախտային երկրի օրհնված մրգերը` իրենց չքնաղ տեսքով և անմահական համ ու բուրմունքով։
Հիմա տեսնենք, թե ինչ էին ցանում մեր պապերն իրենց «վեր էնա դարի» բոստաններում։
Բարո՛վ երթանք երկիր` մեր պապ ու տատերի բնօրրան։
Բանջարաբուծությունը, հողագործության մյուս ճյուղերի հետ, համարվում է ժողովրդի նստակեցության երաշխավորը։ Արևմտյան Հայաստանում բանջարաբուծական մշակաբույսերն առանձնանում էին իրենց բազմազանությամբ, որակային բարձր հատկանիշներով և առատությամբ։ Մեր երկրի ամեն մի շրջանում աճեցվում էր տվյալ բնակլիմայական պայմաններին համապատասխան բանջարեղեն։
Գր. Արծրունին իր ուղեգրության մեջ գրում էր. «Դիարբեքիրի (Տիգրանակերտի) նահանգում հռչակված են ձմերուկն ու սեխը։ Ասում են, որ եթե 8-10 տարեկան երեխա նստի ձմերուկի վրա, ոտքերը գետնին չեն հասնի։ Այստեղի ձմերուկն ու դդումն ունենում են մինչև 25-30 կգ քաշ (Գր. Արծրունի, «Թուրքաց հայերի տնտեսական դրությունը», Թիֆլիս, 1894 թ.)։ Իսկ Մշո դաշտում` հատկապես Ջրիկ գյուղում, ըստ ականատեսի վկայության, «այնպիսի մեծության և համեղ են լինում ձմերուկը, սեխը, վարունգը, կաղամբն ու կարտոֆիլը, որ չեմ հանդիպած նույնիսկ Ռուսաստանում, ուր այնքան առաջ է գնացել դրանց մշակությունը» («Մշակ», 1886 թ., հոկտ. 16, թ. 116)։
Մինչդեռ այսօր Հայաստանում ամբողջովին վերացել է խոշորակորիզ, չափերով մեծ մեր տեղական ձմերուկի տեսակը։ Ինչ-որ մարդկանց թեթև ձեռքով ողջ Հայաստանում աճեցվում է ամերիկյան փոքրածավալ, մանրակորիզ և օճառի նման լպրծուն ձմերուկ, որը հաճախ է դառնում թունավորումների պատճառ։ Ո՞Ւր են մեր հայկական քաղցր, պտղամիսը փխրուն ձմերուկները։ Նույն ճակատագրին արժանացան ոսկեհատ խաղողը, լոլիկը, կարտոֆիլը։ Զարմանալիորեն շատ հեշտ ենք մոռանում մեր լավագույնը և ընդօրինակում օտարածին անարժեքը։ Խորհել է պետք։
Փոխվում էին ժամանակները, փոխվում էր նաև գյուղացու մտածողությունը։ Արևմտյան Հայաստանի գյուղերն աստիճանաբար բնամթերային գյուղատնտեսությունից անցնում էին գյուղարտադրանքի. ընդարձակվում էին հողի մշակման տարածքները, և մեծացվում էր մշակաբույսերի բազմազանությունը։ Բանջարաբոստանային արտադրանքը դառնում էր ապրանք: 1882 թ. մի հաղորդման մեջ ասվում է. «Մի քանի տարի առաջ Խնուս ձմերուկ ալ չէր հասցներ, բայց հիմա գրեթե Մշո հավասար ձմերուկ կհասցնե թե՛ մեծությամբ և թե՛ քաղցրությամբ» («Մասիս», 1882 թ., 6 մարտի)։
Բանջարաբոստանային մշակաբույսեր էին աճեցնում նաև Խարբերդի ենթաշրջանի Մուլ, Քարջունճ և Ծովք գյուղերում։ Նրանց աճեցրած սեխն ու ձմերուկը մոտիկ քաղաքներում և ավաններում աշնանը ամենասպասված և հագեցնող ուտելիքն են եղել։ Մինչդեռ Բալուն իր մշակած բանջարեղենն օգտագործում էր բացառապես սեփական սպառման համար։
Բարեբեր Խարբերդի նահանգի Քեսերիկ գյուղը հայտնի էր իր բանջարանոցային մշակաբույսերի առատությամբ և «անհավատալի էժանությամբ կլեցնեին Մեզիրեի, Խարբերդ քաղաքին, գյուղերուն և նույնիսկ շրջակա քաղաքներուն հրապարակները։ Կենդանիների համար ծախված խոտն ավելի սուղ էր Խարբերդում, քան քեսերիկցիներու բանջարեղենը։ Անոնց արտադրած քաղցր կաղամբը մեծ համբավ կվայելեր (Մ. Ճիզմեճյան, «Խարբերդը և իր զավակները», Կալիֆոռնիա, 1955 թ.)։
Ահա, այսպես հայ մարդն իր հայրենիքում, բայց օտար զավթիչի պետության մեջ մեծ ջանք է թափում, որ հողն անմշակ չմնա. նրա տված բերք ու բարիքով էլ և՛ իր գերդաստանն ապրի, և՛ պետության հարկերը վճարի։
Բրինձը Հայաստանում բնիկ մշակաբույս չի համարվում։ Այն դեռևս հին ժամանակներում մեր երկիր է բերվել «Մետաքսի ճանապարհով» և իր արժանի տեղն է գտել հողագործ հայ մարդու գյուղարտադրանքների ցանկում։ Մեր պապերի հոգատար ձեռքերում բրնձի մշակությունը դարձել է սիրելի և բնիկ։
Հայաստանի հարթավայրային տաք շրջանները շատ բարենպաստ են եղել բրնձի մշակման համար։ Մեզ հասած պատմա-տնտեսական տեղեկություններից իմանում ենք, որ Արևմտյան Հայաստանում բրնձի ընդարձակ ցանքատարածություններ կային Էրզրումի նահանգի Թորթումի ենթաշրջանում, Վանի Ջուլամերկի ցածրադիր շրջաններում (Տիգրանակերտի Մծբինի ենթաշրջանում, Սեբաստիայի նահանգի Ամասիայի դաշտավայրային հատվածներում, Բիթլիսի նահանգի (Բիթլիսը պատմական Բաղեշն է և Վիլյամ Սարոյանի հայրենիքը։ Այսուհետ ես կհիշատակեմ պատմական անվանումը) Մուշի ենթաշրջանում և Խարբերդի դաշտում)։
Բրնձի մշակման այսպիսի տարածվածությունը և բարձր որակը լիովին բավարարում էին ներքին շուկայի պահանջարկը։
Խորհրդային Հայաստանում նույնպես մինչև 50-ական թվականները զբաղվել են բրնձի մշակմամբ, և այդ բրինձը ժողովրդի մեջ կոչվում էր դնգի բրինձ։ Հիմա Հայաստանում, կարծեմ, բրինձ չեն մշակում։
Բնակլիմայական բազմազանությամբ աչքի ընկնող Արևմտյան Հայաստանի նահանգներում և գավառներում մեր պապերը, բացի սնունդ ապահովող գյուղարտադրանքից, մշակում և արտահանում էին նաև արդյունաբերական նշանակություն ունեցող մշակաբույսեր` բամբակ, ծխախոտ, վուշ, յուղատու բույսեր, իսկ շերամապահությունը շատ շրջանների համար եղել է որպես աշխատանքային հիմնական զբաղմունք։
Մեր երկրի հարթավայրային շրջաններում մեծ արդյունավետությամբ մշակվել է բամբակ, որը համարվել է գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերից։ Բամբակը հիմնականում կիրառվել է սեփական կարիքների համար, սակայն որոշ շրջաններում բերքն այնքան շատ էր լինում, որ այն արտահանվում էր մեծ ծավալներով։
Բարեբեր Խարբերդի հարթավայրային շրջաններում արդեն 1880-ականներին բամբակի արտադրությունը տարեկան հասնում էր մինչև 20 հազար փթի (1 փութը=մոտ 16 կգ), որի մի մասը մշակվում էր տեղում, իսկ մյուսն արտահանվում էր։ 1885 թ. բամբակի արտադրության ծավալը հասնում է 24-25 հազար փթի, որից 12 հազարը արտահանվել է (ԽՏս՚ոՈՍՌվ Ը. Ծ., «ԾՈՑպՐՌՈսօ Պս ՉՏպվվՏ-րՑՈՑՌրՑՌփպրՍՏչՏ ՏոՏջՐպվՌ ԸջՌՈՑրՍՏռ ՁցՐՓՌՌ», ՁՌՒս. 1891 չ., Ց 3)։
Կոլյուբակինի վկայությամբ` հայերը բամբակից պատրաստում էին գործվածք` բյազ, և վաճառում էին քրդերին ու թուրքերին։
Բամբակի մշակումն ու արտադրությունը որոշ շրջաններում դարձել էին շատ շահավետ։ Խարբերդում 1905 թ. արտադրվել է 50-60 հազար լիտր (1 լիտրը=8 կգ) բամբակ, որի մեծ մասը սպառվում էր տեղում։ 1906 թ. Խարբերդի բամբակի արտադրությունը հասնում է 70 հազար լիտրի։ «Խարբերդի բամբակը մեծ պատիվ կը վայելե Սեբաստիայի, Կարինի, Դիարբեքիրի (Տիգրանակերտի) և Բաղեշի հրապարակներուն վրա» («Բյուզանդիոն», 1905 թ., հունիս 17, 1906 թ., ապրիլ 27)։
Բամբակագործությունն ապրանքային բնույթ է ստացել նաև Մալաթիայի ենթաշրջանում և մոտակա գյուղերում։ Դեռևս 1870-ականների կեսերին այստեղ տարեկան 10 հազար թուրքական ոսկու բամբակ է արտահանվել Եվրոպա (Թորոս Ազարյանի արխիվ)։
Բամբակի մշակման և արտահանման հիմնական շրջաններն էին Բաղեշի նահանգի Բերդակ ենթաշրջանը, Էրզրումի նահանգում Երզնկայի հարթավայրային գյուղերը, Խարբերդի նահանգի Խարբերդ և Չարսանջակ ենթաշրջանները, Բալու և հատկապես Մազրատ գավառները։ Այս շրջաններում բամբակի մշակությունը դրված էր լիարժեք արտադրական մակարդակի վրա և արտահանվում էր մեծ ծավալներով։ Խարբերդի հարթավայրային շրջաններում բամբակի դաշտերը զբաղեցնում էին պիտանի հողերի 30-90 տոկոսը։ Բամբակի մշակությամբ զբաղվում էին գերազանցապես հայերը։ Բամբակի մշակումը թեև ծանր և աշխատատար էր, սակայն նաև եկամտաբեր էր։ 19-րդ դարի վերջերից մինչև Առաջին աշխարհամարտի սկսվելը Արևմտյան Հայաստանից բամբակի խոշոր ծավալներ էին արտահանվում Եվրոպա։
Ի դեպ, այսօր մեր գործարարները Թուրքիայից բամբակ են ներմուծում և 50 գրամը 100-120 դրամով վաճառում։
Հայտնի է, որ բամբակի մշակմամբ զբաղվել են նաև Խորհրդային Հայաստանում։ 1930-ականներին բամբակի ցանքատարածությունները հասել են մինչև 27 հազար հեկտարի։ Հետագա տարիներին նվազել են բամբակի մշակության ծավալները, իսկ 1969-ից Հայաստանում այլևս բամբակ չի մշակվել։
Գյուղատնտեսության արդյունաբերական ճյուղերից մեկը` շերամապահությունը, Հայաստանում հայտնի է եղել վաղնջական ժամանակներից։
Արևմտյան Հայաստանում շերամապահության գլխավոր կենտրոնները եղել են Խարբերդի, Սեբաստիայի և Տիգրանակերտի նահանգները։
Շերամապահությամբ զբաղվում էին նաև Բաղեշի նահանգի հատկապես Սասուն ենթաշրջանում, իսկ Խիանք և Ղալփ գյուղերում որոշ շերամապահներ տարեկան մինչև 100 լիտր շերամ էին ստանում, Սասունի Տալվորիկի ձորում «բավականաչափ երկհարկանի տներ կան, որոնց վերին հարկի սենյակները հատկացված են շերամապահության» (Ա-Դո, «Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները», Երևան, 1912 թ.)։
Սեբաստիայի շերամապահության գլխավոր շրջանը Ամասիան էր, և 1910 թ. այն «առաջնակարգ դիրք մը կգրավե»։ Մեզիրե քաղաքում գործող երկու մետաքսագործական ֆաբրիկաների ստեղծումով բարձրանում է և բոժոժի գինը, հետևաբար նաև` շրջակա գյուղերում և քաղաքներում շերամապահությամբ զբաղվողների թիվը։ Արդեն 1879 թ. Արևմտյան Հայաստանի շերամաբուծական կենտրոններից բոժոժ էր արտահանվում Կովկաս, Կ. Պոլիս և Եվրոպա։
Շերամաբուծությունը ապրանքա-դրամային հարաբերություններում իր հաստատուն տեղն ուներ և մասնակցում էր շուկայում գնագոյացմանը։ 1912 թ. բոժոժի (խոզակ) արտադրությունը նախորդ տարվա համեմատ նվազել էր 30 տոկոսով, և «Մշակի» թղթակիցը գրում է. «Սակայն խոզակի գները 25 տոկոսով ավելին եղան, որովհետև տեղական ֆաբրիկատորները, իրենց պետքը հոգալու համար, սովորական գինեն ավելի տալով` իրենց պետք եղած խոզակը ձեռք բերելու աշխատեցան. անցյալ տարի, որ խոզակը 12-20 ղուրուշ կծախվեր, այս տարի 15-25-ի ծախվեցավ. ընդհանուր բերքը 35 հազ. քիլո հազիվ եղավ»։
Մինչդեռ մեզանում այսօր հումքն ընդունողն է որոշում գինը, այլ ոչ թե արտադրողը։ Սա տնտեսագիտական հիմնական օրենքի կոպիտ խախտում է, որը կործանարար կլինի գյուղատնտեսության համար` ընդհանրապես, և արտադրող գյուղացու համար` մասնավորապես։
Ես միտումնավոր ամբողջ հատվածը մեջբերեցի, որ ցույց տամ, թե շուկայական ինչպիսի ճկուն հարաբերություններ են եղել հենց մեր հայրենակիցների միջև։
Ծխախոտը` որպես գյուղատնտեսական մշակաբույս, երկար պատմություն չունի Հայաստանում։ Արևմտյան Հայաստանում ծխախոտի արտադրությունն ապրանքային բնույթ է ստացել հատկապես 19-րդ դարի 60-70-ականներին։ Ծխախոտագործության գլխավոր շրջաններն էին` Բաղեշի նահանգի Բաղեշ և Մուշ ենթաշրջանները, Վանի նահանգի Հեքեարի ենթաշրջանը, Ջուլամերկ և Շամդինա գավառները, Էրզրումի նահանգի Էրզրում և Երզնկա ենթաշրջանները։ Գր. Արծրունին գրում էր. «Բիթլիսը (Բաղեշը) հայտնի էր ծխախոտով, բայց մանավանդ Մուշը, որի ծխախոտը պակաս չէ «Սամսուն» ասած տեսակից» («Թուրքաց հայերի տնտեսական դրությունը», Թիֆլիս, 1894 թ.)։
Ծխախոտ էին մշակում նաև Խարբերդի Կապան-Մադեն ենթաշրջանում, Դերսիմում, Վանի Ոստանա հովտում և Սեբաստիայի Թոքատ և Ամասիա ենթաշրջաններում։ 1860 թվականին Արևմտյան Հայաստանից Անդրկովկաս է արտահանվել 7089 ռուսական ռուբլու ծխախոտ։ Իսկ 1871 թ.` 43 հազար ռուբլու։
Արտադրության և արտահանման ծավալների այսպիսի աճը վկայում է ճյուղի շահութաբերությունը։ Բայց հետագայում` 1883 թ., ֆրանսիական «Ռեժի» ծխախոտի ընկերությունն իր ձեռքն է վերցնում ամբողջ Թուրքիայի, բնականաբար նաև Արևմտյան Հայաստանում ծխախոտի առևտուրը։ Սա ոչ թե խթանում, այլ նվազեցնում է ծխախոտի արտադրությունն ու ապրանքայնությունը։
Թվում է, թե հակառակը պետք է լիներ։ Շուկա էր մտել «քաղաքակիրթ» Եվրոպայի առևտրային մի ընկերություն, որը զինված էր առևտրա-արդյունաբերական նոր և կատարելագործված օրենքներով և նպատակ պիտի ունենար զարգացնելու տեղական հումքի արտադրությունը։ Սակայն նրանց և եվրոպական այլ ընկերությունների հետագա գործունեությունը Արևմտյան Հայաստանում մասնավորապես, իսկ Թուրքիայում` ընդհանրապես, ապացուցում են, որ նրանց նպատակը գերշահույթ ստանալն է եղել և շուկայում իրենց մենաշնորհը հաստատելը։ Ի՞նչ էր անում «Ռեժի» առևտրային ընկերությունը։ Տեղական իշխանությունների միջոցով արգելում էր հայ գյուղացիներին ծխախոտ ցանել առանց իր թույլտվության, սահմանում էր ծխախոտի ցանքատարածությունների չափը, որոշում էր տեսակը, գինը և այլն։ «Ռեժին» գյուղացիներին պարտադրում էր ծխախոտը վաճառել իրենց սահմանած գնով և արտահանել իրենց մատնանշած վայրը։ «Ռեժիի» թույլտվությունը ստանալու համար գյուղացիները ստիպված էին ամիսներով գնալ-գալ, բախել կազմակերպության ներկայացուցիչների դռները` հաճախ առանց արդյունքի վերադառնում էին և մնում անորոշության մեջ։ «Բյուզանդիոն» թերթը 1898 թ. գրում է. «Այսօր գնա, վաղն եկուր, գալ շաբթու «եկուր»-ները կշարունակվին. մեկ-երկու ամիս անցնելե վերջն գյուղացին օր մը ալ կիմանա, թե իր աշխատությամբ և ծախսերով երևան բերած բերքին «Ռեժիի» կողմե 20 փարա կամ 1-2 ղուրուշ գին կտրվի»։
Դա չնչին գումար է եղել, և գյուղացին հազիվ ծախսածածկում է արել։
Կարծում եմ` ընթերցողը զուգահեռներ կանցկացնի «Ռեժիի» և երկու տասնամյակ Հայաստանում գործող մեկ այլ ֆրանսիական ընկերության միջև։ Գործունեության սկզբունքների նմանությունն ակնհայտ է, միայն թե, բարեբախտաբար, մեզանում ստեղծվեցին նաև արտադրական այլ ընկերություններ և գոնե մենաշնորհից զրկեցին նրան։
Ես տնտեսագետ չեմ, բայց մի բան հաստատ գիտեմ (տնտեսագիտական գրվա՞ծ, թե՞ չգրված օրենք է սա, չգիտեմ), որ նույն ապրանքն արտադրող գործարանը չի կարելի վաճառել մրցակցին, մանավանդ, երբ այն շուկայում առաջատար դիրք ունի։ Նոր տերը երբեք շահագրգռված չի լինի, որ նախկին որակը պահպանվի։ Մրցակցության օրենքն է դա, ցավոք։
Արևմտյան Հայաստանում ծխախոտագործության արտադրության և արտահանման ծավալների մասին մոտավոր պատկերացում կազմելու համար բերեմ մի քանի տվյալ. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Գավաշ, Ջուլամերկ, Բեդելշաբաբ, Ոստան և այլ գյուղերն ամեն տարի արտադրում էին 200 հազ. կգ բարձրորակ ծխախոտ, Հեքեարի ենթաշրջանը` 400 հազար կգ ծխախոտ, իսկ ծխախոտի արտադրության առաջատար Շամդինան միայն 1909 թ. արտահանել է 900 հազար ռուսական ռուբլու ծխախոտ։ Հայտնի է, որ մինչև հեղափոխությունը ռուսական ռուբլու փոխարժեքը, հետևաբար նաև գնողունակությունը, շատ բարձր է եղել։
Արևմտյան Հայաստանը մինչ 1915 թ. եղեռնը եղել է հայերի բնօրրանն ու հայրենիքը, որտեղ նրանք, հազարամյակների փորձով հարստացած, վարել են հողը, ցանել և բերք են ստացել։ Իրենք են ապրել դրանով և ուրիշներին էլ բաժին հանել իրենց վաստակի արդյունքից։
Փորձենք ամփոփել։
Մեր պատմական հայրենիքում ապրել ու աշխատել են մեր պապերը, նյութական բարիքներ են ստեղծել և իրենց վաստակից հարկեր են մուծել օտար պետությանը և հարստացրել ու հզորացրել այն։
Մտածե՞լ ենք, արդյոք, որ եթե երբևէ կորցրած չլինեինք մեր պետականությունը, և մեր հայրենիքի մեծ մասը, ապա որքա՜ն բարեկեցիկ և ապահով կապրեինք մեր հզոր և հարուստ երկրում, որը նաև մեր ստեղծած պետությունը կլիներ։
Եկե՛ք բոլորս միասին մտածենք և փնտրենք նաև մեր մեղքով կորցրած հայրենիքին տեր կանգնելու ուղիները։ Ամեն մի գործ նախ մտքում է ծնվում, ապա թղթի վրա դառնում է ծրագիր, հետո` գործ։
Ի գործ, սիրելի՛ հայեր։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ