1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմում պարտված Թուրքիան պարտավորվել էր հայ բնակչության համար կատարել զգալի բարեփոխումներ, մինչև անգամ մեծ ինքնավարություն տալ։ Ժամանակն անցնում էր, բայց Թուրքիան ոչ միայն չէր իրականացնում իր խոստումները, այլև ճնշումներ, կեղեքումներ և զանգվածային ջարդեր կազմակերպելով հայ ժողովրդին հասցրել էր աղքատության և բնաջնջման եզրին։ Իսկ 1915 թ. Հայոց մեծ եղեռնի կազմակերպումը թուրքական կառավարության կողմից աննախադեպ ոճրագործություն էր մարդկության պատմության մեջ։
Այդ ամենի նկատմամբ չէին կարող անտարբեր մնալ այն ժամանակվա հասարակության առաջադեմ ներկայացուցիչները, որոնցից շատերն ականատես էին եղել կատարվող հանցագործություններին կամ իրազեկ դարձել սկզբնաղբյուրներին։
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի և այլ երկրների հասարակական հայտնի դեմքերը ժամանակին հանդես են եկել արևմտահայերի անմխիթար ճակատագրի նկարագրությամբ և բռնակալական լծից նրանց ազատագրման կոչերով։ Նրանք դատապարտում էին թուրքական կառավարության հայաջինջ քաղաքականությունը և դիմակազերծ անում կոտորածների կազմակերպիչներին, պաշտպանելով հայերի իրավունքներն ու ազատագրական պայքարը։
Սակայն մեծ տերությունները, որոնք կարող էին ազդել Թուրքիայի վրա, անտարբեր ու կույր գտնվեցին հայերի դառը ճակատագրի նկատմամբ և թողեցին, որ թուրքերը մինչև վերջ կատարեն իրենց սև գործը։
Նրանք երկար ժամանակ լռեցին և խուսափեցին ցեղասպանության փաստի մասին խոսելուց կամ հայտարարություններ անելուց, և միայն վերջին տարիներին վերջապես որոշ երկրներ հասկացան և ընդունեցին ճշմարտությունը` դատապարտելով եղեռնի կազմակերպիչներին։ Դրան մեծապես նպաստեցին հայ և օտարազգի մտավորականների ու հասարակական քաղաքական գործիչների ներկայացրած իրականությունը փաստող ծավալուն տեղեկատվությունները։ Անհրաժեշտ է այսուհետ ևս վճռական հաստատակամությամբ շարունակել նման գործունեությունը, որպեսզի միջազգային հանրությունն է՛լ ավելի լավատեղյակ դառնա ցեղասպանության բոլոր մանրամասներին, մանավանդ որ թուրքերը, փորձելով ծածկել կատարվածը, ոչնչացրել են բազմաթիվ փաստաթղթեր, աշխարհը հեղեղել պատմական կեղծիքներով և անամոթաբար շարունակում են դա անել նաև մեր օրերում։ Նման կեղծիքների մասին շատ դիպուկ է արտահայտվել Սերվանտեսը. «Պատմության կեղծարարներին պետք է կախել, ինչպես դրամանենգներին»։
Հայկական ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հրատարակված և անտիպ նյութեր կան տարբեր երկրներում, որոնք անհերքելի վկայություններ և մեղադրականներ են պարունակում` կատարված հանցագործությունները փաստելու և դատապարտելու համար։ Որպեսզի դրանք չմոռացվեն կամ չկորչեն, մենք կրկին ու կրկին ի հայտ պիտի բերենք այդ ամենը և ներկայացնենք Հայ դատի պաշտպանությանը։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։
Ակադեմիկոս, պատմաբան Ե. Վ. Տառլեն, ժամանակին զբաղվելով հայկական հարցով, արել է հետևյալ լուսաբանությունը. «Պետք է նշել, որ թուրքական կառավարությունը հսկայական մասշտաբներով ծավալեց հայ ժողովրդի բնաջնջման գործը, որպեսզի վերջնականապես և դարերով իրեն ապահովի Կովկասից եկող վտանգից և ռուսների պահանջից»։ Բազմաթիվ փաստաթղթեր ուսումնասիրելով` նա հանգել է այն մտքին, որ մեծ վեզիր Թալեաթը և ռազմական նախարար Էնվերն են իրագործել հայ ժողովրդի բնաջնջման նախօրոք մշակված եղերական ծրագիրը։ Նա բացահայտել է նաև եվրոպական դիվանագիտության ներգործությունները և ստորությունները, որոնք նպաստեցին, որպեսզի ժողովուրդը ենթարկվի մեծագույն աղետի։ Մեծ պատմաբանը ժամանակին անդրադարձել է եղեռնը կազմակերպողներին պատասխանատվության ենթարկելու և հայերին փոխհատուցում տալու խնդրին։
Նշանավոր արևելագետ, ակադեմիկոս Վ. Ս. Գորդլևսկին, որը 1916 թ. ականատես է եղել դեռևս շարունակվող ջարդերին, «Հայերը և պատերազմը» աշխատությունում և շատ ուրիշ հոդվածներում գրել է. «Հայերի կոտորածն իրականացվում էր որոշակի շաբլոնով. բնակչությանը տեղափոխում էին ամայի վայրեր, ամենից հաճախ ձորեր և այնտեղ սպանում կամ ենթարկում սովամահության։ Մուշի մոտ գտնվող կամրջի վրա երևում են այն հետքերն ու շերտերը, երբ գետն արյունից բարձրացել էր... Այսպես զոհվել են ավելի քան մեկ միլիոն հայեր»։
Պրոֆեսոր Յու. Վեսելովսկին «Արևմտյան Հայաստանի ողբերգությունը» գրքույկում գրել է. «Երբ մենք կարդում ենք հայերի հալածանքների մասին, դրանք կարող են թվալ ոչ լրիվ ու ստույգ, չափազանցված ու միակողմանի։ Բայց ավաղ, այն, ինչ մենք գտնում ենք գրական երկերում, զարմանալիորեն համընկնում են դիվանագիտական փաստաթղթերի մեջ, կապույտ գրքում, դեսպանների ու հյուպատոսների զեկույցներում, հանձնաժողովների արձանագրություններում»։
Հայկական հարցերին բազմաթիվ արձագանքներ են տվել նաև Մ. Գորկին, Վ. Բրյուսովը և շատ ուրիշ նշանավոր ռուս գործիչներ։
Արևմտահայերի ողբերգությունների նկատմամբ անտարբեր չեն եղել նաև Ֆրանսիայի մեծ զավակները` Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը, Ռոմեն Ռոլանը, Անրի Բարբյուսը և ուրիշներ։
Անատոլ Ֆրանսն ընդգծում է թուրքական ռեժիմի դաժանությունը և շեշտում, որ «սուլթանի ծրագրերի իրագործումն արգելելու ամենաազդեցիկ միջոցն ամբողջ աշխարհին թուրքերի մտադրությունների մասին տեղեկացնելն է` կոտորածներն անհնարին դարձնելու համար։ Եթե Եվրոպայի կառավարություններն արդարացումներ չեն փնտրում, թե «իրենք անտեղյակ էին», մենք ամբողջ տիեզերքով կհայտնենք հայերին սպառնացող վտանգի մասին»։
1915-ի աշնանը Լոնդոնում լույս է տեսնում անգլիացի երիտասարդ հրապարակախոս Թոյնբիի «Մի ազգի բնաջնջումը» գիրքը, հայկական նահանգների քարտեզով, որի վրա նշված էին կոտորածների վայրերը և աքսորի երթուղիները։ Նա նաև նշել է, որ կոտորածների մասին հրահանգ է եղել կենտրոնից և տեղում կատարվել ճշտությամբ։
Գերմանական խորհրդարանի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի ղեկավարներից մեկը` Կառլ Լիբկնեխտը, նշել է, որ հայերի կոտորածների համար մեղավոր է նաև Գերմանիան, քանզի թուրքական կառավարությունը ղեկավարում էին գերմանական սպաները։
1915 թ. ամերիկյան թերթի թղթակից Ջոն Ռիդը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատանը հայկական ջարդերի մասին ասել է հետևյալը. «Երբ հայերը դիմում էին դեսպաններին` օգնություն խնդրելով, նրանք հրաժարվում էին թուրքական գազանությունները լրջորեն արգելելուց` հայտարարելով, թե իրենք շատ գույք ունեն Թուրքիայում և չեն ուզում նեղացնել թուրքերին»։
Իսկ արաբ գրող Ֆայեզ Ղոսեինը «Ջարդերը Հայաստանի մեջ» գրքույկում ասում է. «Գրածներս դժբախտ հայ ազգի հանդեպ թուրքերի գործադրած գարշատեսիլ անգթությունների մի չնչին մասն են... Իմ պարտքն եմ համարում հրատարակել այս գրքույկը` ծառայելու համար ճշմարտությանը և այն ազգին, որը թուրքերի կողմից խոշտանգվեց»։
Ֆրիտյոֆ Նանսենը խորապես վերապրեց արևմտահայության աղետը և մեծ ջանքեր գործադրեց հայ գաղթականներին օգնելու համար։ Նա դատապարտում էր եվրոպական դիվանագետներին, ասելով. «Վայ հայ ժողովրդին, որ խճճվել է Եվրոպայի քաղաքականության մեջ։ Նրա համար լավ կլիներ, եթե հայ ժողովրդի անունը երբեք չհիշատակվեր եվրոպական դիվանագետների շուրթերով»։
Տարիներ առաջ հայ ժողովրդի նկատմամբ թուրքերի կատարած ոճրագործությունները հաստատող բազմաթիվ այլ հիշատակումները, լուսանկարներն ու պահպանված վավերագրական կադրերը, դիվանագիտական տարբեր փաստաթղթերը, ականատեսների վկայությունները և ձայնագրությունները հիմնավոր մեղադրանքներ են, որպեսզի մարդկային ու պատմական արդարության, հայ ժողովրդի հոգեբանական իրավունքների ոտնահարման, ազգային արժեքների ոչնչացման, ունեցվածքի կողոպտման և յուրացման, պատմական բնօրրանի բռնազավթման համար միջազգային դատարանին հանձնեն ցեղասպանությունը կազմակերպած օսմանյան կառավարության իրավահաջորդներին` պահանջատիրական հայց ներկայացնելով կատարված բոլոր վնասների փոխհատուցման համար, նկատի ունենալով, որ հանցագործությունը վաղեմություն չունի, և այն միշտ պիտի դատապարտվի։
Անելով այդ, մենք, ազգային արժանապատվության խոր զգացումով, մարդկային հարգանքի տուրք կմատուցենք նահատակված մեր բոլոր նախնիներին` խնկարկելով նրանց անմեղ հոգիների համար։
Դերենիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ