«Մանկություն իմ ոսկեծամ». Վանա այգեստաններում անցկացրած մանկական օրերը երանությամբ հիշում էր Գուրգեն Մահարին: 20-րդ դարի առաջին կեսին: 21-րդ դարի առաջին կեսին ապրած իր մանկությունը հիշելիս երևանաբնակ ու հայաստանաբնակ ապագա բանաստեղծը լիովին կարող է գրել` «Մանկություն իմ թրքախոս»: Երանությամբ ու առաջին տպավորություններին հատուկ անանցությամբ հիշելով, որ աշխարհը ճանաչել, հասկանալ ու զգալ իրեն օգնել է հարևան ժողովուրդը` գիտակցության ու ենթագիտակցության մեջ սեփական մենթալիտետը ներմուծելով:
Ամենացավալին` որ ապագայի հայ բանաստեղծը գոնե մի կեսբերան շնորհակալություն չի ասի իր նկատմամբ դրսևորած հոգատարության համար` ո՛չ հայրենակիցներին, ո՛չ հարևաններին: Հայրենակիցների նկատմամբ, իհարկե, այդ վերաբերմունքը, մեղմ ասած, երախտամոռություն է, որ ներելի չէ նույնիսկ բանաստեղծին: Ախր հայրենակիցները կաշվից դուրս են գալիս, որ ծնված հատուկենտ երեխաների մանկությունը հայախոս չլինի: Օրենքներ են ընդունում, գրենական պիտույքները քանի տասնամյակ թուրքական արտադրության են պահում, հայերեն մանկական հեռուստաալիքը փակեցին, փոխարենը թրքականը հրամցրին: Երեխան ի՞նչ անի, որ օտարալեզուն չնայի, երբ «մեծական» ալիքներով առավոտից իրիկուն կամ անկապ դյադյաներ ու տյոտյաներ են անընդհատ գոռգոռում ու ծիծաղում, կամ նույն դյադյաներն ու տյոտյաները նույնքան անկապ գոռգոռում ու ողբում են: Առաջին դեպքում մեծերն ասում են` շոու, երկրորդ դեպքում` սերիալ: Ապագայի հայ բանաստեղծը, հուսանք, որ մանկության օրերին նրանց չի նայի, այլապես շիզոֆրենիկ կմեծանա, որովհետև սպանությունների, բռնության, ցինիզմի ու գռեհկության այն հեղեղը, որ ամեն օր եթեր են լցնում հեռուստաալիքները, ոչ միայն մանկական, մեծի ներաշխարհն է վտանգում: Ռեալ հոգեխանգարմունքը: Տաք եղանակին էլի փողոցը փրկում է. առավոտից իրիկուն ֆուտբոլը կա, «գործագործը», բռնոցին, հեչ որ չեղավ` ֆռֆռոցին... Բա ձմե՞ռը:
Երբ «Հայրենիք» հեռուստաալիքը փակեցին, շնորհակալություն ՀՌԱՀ-ի դյադյաներին մանկական ու պատանեկան հեռուստալսարանի հանդեպ գիտակից վերաբերմունքի ու աննախադեպ հոգատարության համար, թվում էր, որ ինչպես մյուս փակված հեռուստաալիքների հաղորդումներն են գործող ալիքների վրա բաշխվել, այնպես էլ «մանկականը» տեղը կգտնի: Հունվարի կեսից, փետրվար ու արդեն մարտի կես` դեռ չի գտել: Փոխարենը հայկական հեռուստաեթերում թուրքական ալիքներ են հայտնվել, այս անգամ մանկական` «Չոջուխլար», որ հաճույքով նայում են սահմանի այս կողմի «գյավուր» «չոջուխները», նաև` մեծ գյավուրները:
«Հայաստանում երեխաներ լինում են միայն հունիսի 1-ին». սա է միակ եզրակացությունը, երբ որևէ մանկական հաղորդում ես որոնում որևէ հեռուստաալիքով: Նոր տեխնոլոգիանե՞րը: Իհարկե, համակարգիչ, ինտերնետ, մանկական հետաքրքիր սայթեր: Աշխարհում ամեն ինչ էլ կա, բայց ամեն երկիր իր լեզվով է իր հարցերը լուծում: Ահա և նոր տեխնոլոգիաները բերում են ամեն ինչ, բայց ոչ հայի մանկություն հայ երեխային: Հայկական մուլտերը քաղաքական են և ուղղված են մեծերին, մանկական հայկական վերջին ֆիլմը երևի «Գիքորն» է եղել` անցյալ դարում: Մի ելք է մնում` ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում օրական մեկ ժամ հայերեն հեռուստահաղորդումներ հեռարձակելու համաձայնություն ձեռք բերել թուրքական «Չոջուխլարի» հետ: Ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի պետական քաղաքականության մեջ լավ էլ տեղավորվում է առաջարկը: Հատկապես ընտրություններից առաջ: Ի՞նչ չես անի հանուն երեխաների:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ