38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԸՆԵՆՑ ՄԻ ԿՈՒԿԼԱ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՍԱՐՔԵԼ...»

«ԸՆԵՆՑ ՄԻ ԿՈՒԿԼԱ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՍԱՐՔԵԼ...»
06.09.2011 | 00:00

«Շատ կարևոր և անհրաժեշտ գործ է արված, որի նպատակն էր արդիականացնել և բարձրացնել բնակչության բուժսպասարկման որակը, սակայն..»,- մեզ հետ զրույցում նշում էին Իջևան քաղաքի երիտասարդները, իսկ տատիկներն ու պապիկները չէին թաքցնում իրենց ոգևորությունը. «Վի՜, ընենց մի կուկլա հիվանդանոց են սարքել, ապրի նախարարի արևը, մեր ժողովրդի մասին մինն էլ ա մտածըմ չի: Էն ա, կարելի ա ասել, որ մենակ հիվանդանոցն ա, որ բարեկարգված ա, բայց...»: Կարելի է ասել, որ Իջևանի բժշկական կենտրոնը այն հազվադեպ թեմաներից էր, որի շուրջ բնակչության բոլոր խավերի տեսակետը համընկնում էր: Միևնույն ժամանակ նկատենք, որ մեր զրուցակիցների «սակայն»-ներն ու «բայց»-երը կարմիր թելի նման ընդգծվում էին զրույցների ընթացքում: Թե ինչ կար դրանց տակ, կխոսենք քիչ ուշ:
Առաջին հերթին կապվեցինք Իջևանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ: Նշելով, որ ինքն արձակուրդում է, պարոն Ներսիսյանը, այնուամենայնիվ, սիրով համաձայնեց աշխատանքային օրերին հանդիպել մեզ հետ: Սակայն երբ բանը հասավ գործին, մեր հույսերը չարդարացան: Երևի թե գլխավոր բժիշկը շաբաթ-կիրակի օրերին վատ երազ էր տեսել: Երբ նա տեղեկացավ, որ պատրաստվում ենք հոդված գրել, ասաց. «Դա ինձ պետք չէ»: Հիշեցնենք գլխավոր բժշկին, որ լրագրողի համար ցանկացած պատասխան, անգամ լռությունը, պատասխան է և նյութի առարկա, և լրագրողը չի սպասում, թե ում և երբ ինչ է պետք: Մեզ մնում էր տեղում ուսումնասիրություն կատարել:
Իջևանի բժշկական կենտրոնը, որը հիմնանորոգվել և վերակառուցվել է ՀԲ-ի և կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում, դարձել է բնակչության հպարտության առարկան: Շենքն ամբողջությամբ համապատասխանում է արդի բուժծառայության պահանջներին: Արդիականացված է ոչ միայն ջեռուցման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգը, այլև գործում է բժշկական թափոնների տեղափոխման հարցը: 76 մահճակալ ունեցող բժշկական կենտրոնն ունի վիրաբուժական, ստոմատիկ և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ, որոնցում տարանջատված են թերապևտիկ, ինֆեկցիոն, տրավմատոլոգիական, մանկաբուժական, վերակենդանացման մահճակալներն ու ախտորոշիչ-լաբորատոր մասը: Երբ բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ ՆԱՐԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հետ շրջում էինք բաժանմունքներով, ասաց. «Նախկինում նման բժշկական սարքավորումներ չունեինք, իսկ այժմ հետազոտությունները կատարում ենք բարձրտեխնոլոգիական սարքավորումներով: Հաջորդ կարևոր քայլը, որ կատարվել և իրականացվում է, մասնագետների վերապատրաստումն է»: Այն, որ երկու վիրահատական սրահների, անհետաձգելի բուժօգնության, ռենտգեն և մյուս ծառայությունների բուժսարքավորումներին կարող էին նախանձել մայրաքաղաքի որոշ հիվանդանոցներ, փաստ է: Այստեղ գործում է նաև հատուկ կապ՝ մոնիտորի միջոցով Իջևանի բժիշկները կարող են կոնսիլիում կազմակերպել մայրաքաղաքի առաջատար կլինիկաների մասնագետների հետ:
Բնականաբար, մարզային առողջապահության զարգացման հիմնական նպատակը տեղերում բուժծառայության որակի և մատչելիության բարձրացումն է, որի միջոցով կկանխվի հիվանդների արտահոսքը դեպի մայրաքաղաքի կլինիկաներ: Տիկին Թումանյանի գնահատմամբ՝ բժշկական կենտրոնի վերակառուցումից և վերազինումից հետո դրական արդյունքը նկատելի է. «Զգալիորեն ավելացել է հիվանդների թիվը: 2011-ի առաջին կիսամյակում 3-4 տոկոսով ավելացել է հիվանդների թիվը՝ 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս տարվա հուլիսին զգալիորեն նվազել է ծննդաբերողների թիվը, սակայն օգոստոսին նկատվեց զգալի աճ՝ 56 ծնունդ հուլիսի 20 ծնունդի դիմաց»: Թե ինչով է պայմանավորված ծննդաբերողների թվի նվազումը, նա չմանրամասնեց: Սակայն պետք է նկատենք, որ գինեկոլոգիական բաժանմունքը միակն էր, որ մեզ չներկայացվեց: Պատճառը շատ տարօրինակ էր: Սկզբում գլխավոր բժշկի տեղակալը նշեց, որ առանց խալաթի իրավունք չունենք ներս մտնելու, բայց երբ զարմացանք, թե ինչու մեզ խալաթ չեն կարող տրամադրել, նա մանրամասնեց. «Աշխատակիցն արդեն տուն է գնացել»: Չենք ուզում մեկնաբանել այս զարմանալի պատճառաբանությունը, պարզապես կարծում ենք, որ անհրաժեշտ է խոսել բնակչության արտահայտած «բայց»-երի մասին:
Այն, որ հուլիսին ծնունդների թիվը նվազել է, բնակչությունը բնական է համարում, քանի որ, ինչպես նրանք նշեցին, «ծննդկանները նախընտրում են ծննդաբերել Դիլիջանի հիվանդանոցում, քանի որ մասնագետներն ավելի գիտակ են»: Հաջորդ խնդիրը, որ նրանք բարձրացրին, այն է, որ շտապօգնության վարորդները կանչի ժամանակ 3-6 հազար դրամ են պահանջում, բայց ոչ թե իրենց, այլ բժիշկների համար: Նշում էին նաև, որ շատ դեպքերում շտապօգնության բժշկի փոխարեն կանչին բուժքույր է գնում, գանգատվում էին նաև վճարովի ծառայությունների բարձր գներից, ընդգծելով, որ աշխատանք չունեցող բնակչության համար այն անհասանելի է: Այս խոսակցությունները մեզ հետ զրույցում տիկին Թումանյանը հերքեց. «Շտապօգնության ծառայությունն անվճար է, իսկ եթե որևէ մեկը դրամ է պահանջում, ապա պետք է խնդրեմ, որ ոչ թե վճարեն, այլ մեզ տեղյակ պահեն: Ծննդաբերողների խնդիրը, կարծում եմ, պայմանավորված է ոչ թե մասնագետների խնդրով, այլ սոցիալական հենք ունի: Ինչ վերաբերում է բժշկի փոխարեն բուժքրոջը կանչի ուղարկելուն, ապա տեղեկությունը ճիշտ չի ներկայացված: Հարցն այն է, որ ընտանեկան բժիշկներն աշխատում են մինչև 16.00-ն, և եթե մինչև այդ ժամը ճնշման բարձրացման կամ այլ ոչ հրատապ դեպքերի համար շտապօգնությանն են դիմում, ապա ճիշտ ենք համարում, որ նման դեպքերում դիմեն իրենց ընտանեկան բժշկին»: Գուցե և նման քաղաքականությունը պայմանավորված է ֆինանսների տնտեսմամբ, սակայն, կարծում եմ, բժշկական կենտրոնը ոչ թե ֆինբաժին է, այլ մարդու առողջության ապահովման ծառայություն: Իսկ այն, որ ճնշման բարձրացումը բժիշկը դիտարկում է որպես, ասենք, հարբուխ, սա արդեն տարօրինակ է: Ինչևէ:
Օգոստոսի սկզբին Իջևանի բժշկական կենտրոնում հոսպիտալացված հիվանդների թիվը 19 էր: Ըստ տիկին Թումանյանի, 2010-ին ընդհանուր առմամբ եղել է 1419 հիվանդ, 300-ը ստացել են վճարովի ծառայություն: Նշենք, որ ընդունարանի պատին առողջապահության նախարարության հաստատած պետպատվերի, համաֆինանսավորման ցուցանակի կողքին փակցված էր նաև վճարովի ծառայության գնացուցակը, որը, ի դեպ, չի հաստատում առողջապահության նախարարությունը: Այնպես որ, եթե Իջևանի բնակչությունը դժգոհություն ունի վճարովի ծառայության գներից, ապա, կարծում ենք, գիտի, թե ում պետք է դիմի, և ով ում բարեկամն է: Գուցե և բնակչության բարձրացրած այս խնդիրներն էին պատճառը, որ գլխավոր բժիշկ Հրաչյա Ներսիսյանը չէր ուզում, որ հոդված պատրաստվի:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ