38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՉԿԱ՞ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՇՏ, ՈՒՐԵՄՆ ՉԿԱ և ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ

ՉԿԱ՞ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՇՏ, ՈՒՐԵՄՆ ՉԿԱ և ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ
05.11.2010 | 00:00

Այսօր մեր կրթական համակարգում ամենից շատ շոշափվող թեման կրթության որակն է: Տարբեր ամբիոններից, մասնագիտական, թե ոչ, հաճախ ենք լսում, որ մեր հանրապետությունում կրթության որակը ցածր է և չի բավարարում արդի պահանջները:
Բոլորը` մեծից փոքր, խոսում են կրթության որակից: Սակայն դեռ ոչ ոք չի ասել, կամ չի կարողանում ասել, թե, ի վերջո, ի՞նչ ասել է կրթության որակ, կամ ի՞նչ ենք հասկանում այդ անվան տակ:
Անկեղծ ասած` կրթությունը տարողունակ ու բարդ հասկացություն է: Նախ` ժամանակի փոփոխությունների հետ միաժամանակ նրան ներկայացվող պահանջները նույնպես փոխվում են: Մյուս կողմից` յուրաքանչյուր երկրի կրթական համակարգ ունի իր առանձնահատկություններն ու խնդիրները:
Եթե մեր հանրապետության հանրակրթությունում թերևս (ոչ ամբողջովին) շոշափելի է կրթության որակը, ապա բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում կրթության որակի մեր ըմբռնումն ու պատկերացումը դեռևս մշուշոտ ու անորոշ են: Նույնիսկ դեռ չի երևում այս անորոշության որոշակիությունը, ինչպես Պ. Սևակը կասեր` «Գոնե այս անորոշությունը լինի որոշակի անորոշություն»: Եթե մենք չգիտենք, թե որն է մասնագետի մեր մոդելը, և ինչ որակներ պետք է ունենա բուհի շրջանավարտը` ինչու հատկապես այս որակը և ոչ թե այն որակը, ապա ինչպե՞ս ենք ենթադրություններ անում, որ մեր որակը դեռ հեռու է պահանջվող մակարդակից և չի բավարարում եվրոպական կրթության չափորոշիչները: Եվ մեր բուհական կրթության որակի վերաբերյալ ինչպե՞ս կարող ենք գնահատականներ տալ, եթե շուրջ 180 մասնագիտությունների գծով մեր բուհերի շրջանավարտների 80 %-ը մասնագիտական գործունեությամբ չի զբաղվում: Զբաղվածության դեպքում էլ ոչ մի գործատու, ձեռնարկության կամ հաստատության տնօրեն չի կարող ասել, որ բուհի այս շրջանավարտը, մասնագետն իր մոտ աշխատում են որպես բակալավր կամ մագիստրոս:
Այո, մենք որպես զուտ բակալավր կամ մագիստրոս աշխատող մասնագետ դեռ չունենք: Այդ սահմանագիծը մեզ մոտ դեռ չի երևում: Ապագայում էլ դեռևս այն չի կարող երևալ, չնայած յուրաքանչյուր մասնագիտության պետական չափորոշիչում հստակ թվարկվում են բակալավրի և մագիստրոսի մասնագիտական գործունեության ոլորտներն ու պարտականությունները:
Օրինակ` Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն արդեն տալիս է մանկավարժ-բակալավր և մանկավարժ-մագիստրոս աստիճանի շրջանավարտներ:
Ովքե՞ր են այսօր դպրոցներում աշխատող բակալավր ուսուցիչները և մագիստրոս ուսուցիչները: Մենք կարո՞ղ ենք դպրոցում զանազանել նրանց կարգավիճակը և գործունեության ոլորտները, ասենք, բակալավրը կարո՞ղ է ավագ դպրոցում դասավանդել, թե՞ նա պետք է աշխատի միայն հիմնական դպրոցում: Աշխատանքային գործունեության ընթացքում երևո՞ւմ են նրանց պարտականություններն ու լիազորությունները, իհարկե ոչ: Եվ եթե չեն երևում, ուրեմն մենք իրականում չունենք ո՛չ բակալավր ուսուցիչ, ո՛չ էլ մագիստրոս ուսուցիչ: Այդ տարբերությունը երևում է միայն ու միայն նրանց դիպլոմներում նշված որակավորումներով: Քանի դեռ դպրոցում մատնացույց չենք անում, որ նա բակալավր ուսուցիչ է, իսկ մյուսը` մագիստրոս ուսուցիչ, խոսել մանկավարժական համալսարանի կրթության որակի մասին և գնահատականներ տալ, թե ինչպես անել, որ մանկավարժական կրթության որակը բավարարի այսօրվա պահանջները, պարզապես ժամանակավրեպ և անիմաստ գործունեություն է:
Եվ այս իրավիճակն է իշխում հանրապետության գրեթե բոլոր ոլորտներում:
Եթե մինչև այժմ չգիտենք, թե ինչ երկիր ենք կառուցում, և որն է մեր տնտեսության զարգացման հայեցակարգը, նրա սյուներն ու կառույցները, և որոնք են մեր տնտեսության զարգացման գերակա ուղղություններն ու ոլորտները, ապա ինչպե՞ս կարող է ձևավորվել մասնագիտական շուկա և բազմաթիվ մասնագիտությունների գծով, ըստ պետական չափորոշիչների, ունենալ շրջանավարտների մասնագիտական գործունեության դաշտ:
Առանց մասնագիտական դաշտի` ինչքան էլ ստեղծվեն կրթության որակին միտված բուհական և միջբուհական համապատասխան կառույցներ, անցկացվեն այդ հիմնախնդիրներին նվիրված «լուրջ» սեմինարներ և գրքերի շնորհանդեսներ, միևնույն է` գործը տեղից չի շարժվի և «որակյալ մասնագետ» հասկացությունը կմնա օդից կախված: Հետևաբար, Բոլոնիայի` մեզ համար առայժմ խորթ գործընթացն այժմ միայն խոչընդոտում և շեղում է մեր կրթական համակարգն իր բնականոն զարգացման հունից: Կրթական համակարգն այն համակարգն է, որը չի «սիրում» պարտադրանք: Այն, ինչպես կենդանի օրգանիզմը, ունի զարգացման իր ներքին օրինաչափությունները, և պահանջում է անհրաժեշտ «մթնոլորտ» ու պայմաններ:
Ամբողջ անհեթեթությունն այն է, որ առանց հիմնական խնդիրները (մասնագիտական դաշտ, աշխատաշուկա, մասնագիտական որակի սահմանում և այլն) լուծելու, փորձ է արվում մշակելու մեխանիզմներ, թե ինչպես բարձրացնել բուհական կրթության որակը և, հետևաբար, մտնել եվրոպական կրթական տարածք:
Հարգելի բուհական մասնագետներ և նորաստեղծ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն», որպեսզի կարողանաք «շոշափել» մասնագետին և կարողանաք նրա որակի մասին համապատասխան հետևություններ անել, անհրաժեշտ է, նախ մասնագիտական գործունեության դրսևորման համար ապահովել համապատասխան մասնագիտական դաշտ: Եվ առանց այդ դաշտի ձևավորման ու կայացման ոչ ոք բարոյական իրավունք չունի խոսելու որակի որևէ խնդրի մասին և հասարակությանը բոլոնիաներով գցելու թյուրիմացությունների մեջ: Եվ կրթության որակի հետ առնչվող այն ամենը, ինչ արվում է, հիշեցնում է զուտ ինքնագործունեություն ու սիրողական մակարդակ և ոչ ավելին:
Մասնագիտական չափորոշիչներում նկարագրվում է մասնագետի կարողությունների ու հմտությունների շրջանակը: Եթե ապագա մասնագետն ուսումնառության ընթացքում համապատասխան դաշտ չլինելու պատճառով չի անցել ուսումնական, արտադրական, ինչպես նաև նախադիպլոմային պրակտիկա, և նրա մեջ չեն ձևավորվել գործնական գիտելիքներ ու համապատասխան կարողություններ, ապա ինչպե՞ս կարելի է խոսել բուհի մասնագիտական որակների մասին:
Այո, մեր բարձրագույն կրթական համակարգն այսօր իսկապես ճգնաժամի մեջ է. առաջ գնալ չենք կարող, որովհետև դեռ չի երևում մեր տնտեսության զարգացման պատկերը, հետևաբար և` աշխատաշուկայի ձևավորումն ու մասնագիտական դաշտը: Հետ գնալ էլ չենք կարող, որովհետև մեր ուսերին նստած է Բոլոնիայի հռչակագիրը:
Շուկան է, որ պետք է թելադրի, թե ինչ և ինչպիսի որակի մասնագետ է մեզ անհրաժեշտ: ՈՒստի քանի դեռ մեր երկրում ներկրման ծավալները զգալիորեն գերազանցում են ներքին արդյունքը (այն էլ շատ սահմանափակ արտադրատեսակով), և հանրապետության տնտեսությունը «նստած է» ընդամենը մի քանի ճյուղերի վրա (բացակայում են տնտեսության դիվերսիֆիկացիան ու մրցունակությունը), ու միաժամանակ կայացած չէ գիտություն-պետություն-բիզնես եռանկյունին, ապա մոտ ապագայում իսկապես դժվար է կանխատեսել աշխատաշուկայի մի վիճակ, որ մեր բուհերի շրջանավարտները կարողանան իրենց գիտելիքներն ու կարողություններն ամբողջովին դրսևորել հայրենական արտադրության մեջ: Այսօր մեր շրջանավարտների գերակշիռ մասը կամ հեռանում է երկրից, կամ էլ, զբաղվելով ինչով ասես, սպասում է մասնագիտական դաշտի ձևավորմանը: Եթե երիտասարդը որպես մասնագետ մինչև 30 տարեկան իրեն չի դրսևորում, ապա նա հասարակության համար պարզապես կորչում է:
Բուհի գործունեությունը չպետք է լինի ինքնանպատակ և պետության խնդիրներից ու իրական կյանքից մեկուսացած: Պետությունը հստակ խնդիրներ է առաջադրելու բուհին: Բուհն էլ իր հերթին պետք է ունենա իր մասնագիտական ուղղությունների ու մասնագիտությունների ցանկը:
Ի՞նչ երկիր ենք կառուցում` գյուղատնտեսակա՞ն, արդյունաբերակա՞ն, բարձր տեխնոլոգիաների՞ ու տեղեկատվական տեխնոլոգիաների՞, տեսաբան գիտնականների՞, թե՞ դա կարևոր չէ, ինչպես թելադրի կյանքը, ասել է` շուկան:
Մասնագետը նախ և առաջ պետք է իմանա և կողմնորոշվի` ինչ երկրում է ապրում և, որպես մասնագետ, ինչքանո՞վ է պաշտպանված: ՈՒսումնառության ընթացքում նա պետք է հստակ տեսնի ուսուցման վեկտորը (և՛ ուղղությունը, և՛ մեծությունը) և այն դաշտը, որտեղ ինքը երևալու և գործելու է:
ՈՒրախությամբ պետք է արձանագրել, որ մեր բուհերի սովորողները, ի տարբերություն աշխարհի շատ համալսարանների ուսանողների, ստանում են բարձր ակադեմիական ու մասնագիտական գիտելիքներ և հրաշալի տեսնում են վեկտորի կիրառման կետը: Ցավոք, մասնագիտական դաշտի բացակայության պատճառով չեն տեսնում վեկտորի ուղղությունը:
Այո, աշխատաշուկայի թերզարգացածության պայմաններում մեր բուհերում մոտ 180 մասնագիտությունների գծով պատրաստվող մասնագետների միայն փոքր տոկոսն է գտնվում մասնագիտական դաշտում: Հիմնական մասը բաժին է ընկնում համակարգչային և հաղորդակցական տեխնոլոգիաների և, այսպես կոչված, «էլիտար» մասնագիտությունների գծով մասնագետներին: Մնացած մոտ 100 և ավելի մասնագիտությունների գծով հանրապետության մասնագիտական դաշտը մնում է դատարկ: Իսկ յուրաքանչյուր մասնագիտություն ենթադրում է տնտեսության, գիտության և արվեստի որոշակի ճյուղի ուսումնասիրություն ու զարգացում:
Այսօր գտնվելով այս իռացիոնալ դաշտում և միաժամանակ հետևելով աշխարհին համաքայլ գնալու հրամայականին` մենք երբեք բուհական կրթության «ճիշտ» պատկերը չենք ստանա:
Կարծում ենք, որ այժմ բուհական խորհուրդները, որոնք կոչված են օգնելու բուհի կառավարմանը, իրենց իրատեսական ու թափանցիկ գործունեությամբ լուրջ հետևություններ կանեն բուհական կյանքը բնականոն զարգացման հիմքերի վրա դնելու առումով: Կեղծ որակական գնահատականներ տալով` այսօր մենք ավելի շատ վնասում ենք բուհական համակարգը, քան օգնում նրան:
Բուհական խորհրդի այսօրվա ամենագլխավոր խնդիրը պետք է լինի. ինչպե՞ս բուհը կառավարության հետ համագործակցությամբ իր մասնագիտությունների գծով ձևավորի համապատասխան մասնագիտական դաշտ, և ի՞նչ անել, որ շրջանավարտն զգա իր մասնագիտության «զարկերակն ու շնչառությունը»:
Հարկ եմ համարում նաև ասել, որ միայն այս խնդիրների լուծումից հետո կարելի է դատողություններ, հետևություններ, եզրակացություններ անել և գնահատականներ տալ բուհական կրթության որակի վերաբերյալ: Մյուս հանգամանքը, որ անմիջաբար առնչվում է կրթության որակին, բուհերի հավատարմագրման ողջ գործընթացն է, այն է` պետության կողմից պետական կրթական չափորոշիչներին մասնագետների պատրաստման որակի համապատասխանության ճանաչումը:
Ինչպես 2001-2002 թթ., այսօր նույնպես դեռ վաղ է սկսել բուհերի հավատարմագրման գործընթացները (թերևս հավատարմագրման առաջին ինքնագնահատման փուլը կարող է «աշխատել»): Այդ տարիներին մենք ընդհանրապես չունեինք (բացառությամբ մեկ կամ մի քանի մասնագիտությունների) բուհական մասնագիտությունների պետական չափորոշիչները, սակայն 30-ից ավելի ոչ պետական բուհեր այլևայլ ճանապարհներով ու կեղծիքներով հավատարմագրվեցին: Այժմ էլ արդեն բոլոր մասնագիտությունների գծով չափորոշիչների առկայությամբ բուհերի հավատարմագրումը դարձյալ կկրի զուտ ձևական ու կեղծ բնույթ, քանի դեռ (ինչպես բազմիցս արդեն նշվել է) չունենք այն մասնագիտական դաշտը, ուր, ըստ պետական չափորոշիչների, գնահատվելու են մասնագետի մասնագիտական որակները:
Այսպես` կոչ եմ անում բուհերի ռեկտորներին, հատկապես Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին, կրթության որակի գնահատման և, հետևաբար, բուհերի հավատարմագրման գործընթացներում չշտապել (ինչպես նախորդ դեպքերում), քանի դեռ մեր «ափի մեջ» չէ մասնագիտական դաշտը:
Ըստ այդմ էլ, նկատի ունենալով բուհական խորհուրդների լիազորությունները և «Բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջները, առաջադրվում են գործողությունների հետևյալ քայլերը.
1. Արդյունաբերական և ոչ արդյունաբերական ոլորտների համար մասնագետների պատրաստումը կատարել ըստ իրատեսական պետական պատվերի կամ էլ ուղղակի պատվիրատուի հետ կնքված պայմանագրի հիման վրա:
2. Մասնագետների նպատակային պատրաստման և վերապատրաստման համար պետական և մասնավոր արդյունաբերական ձեռնարկությունների հետ բուհի կապի (պայմանագրերի և համաձայնագրերի) ուժեղացումը և էլ ավելի սերտացումը:
3. Բուհի ընդգրկումն այլ գիտահետազոտական աշխատանքների ոլորտ:
4. Մասնագետների պատրաստման միջազգային և միջպետական համագործակցության շրջանակի ընդլայնումը:
5. ՈՒսումնագիտաարտադրական համալիրների ստեղծման միջոցով ուսումնական գործընթացի մի մասն արտադրություն տեղափոխվելու առաջադիմական պրակտիկայի ընդլայնումը` ամբիոնների մասնաճյուղերի, գիտահետազոտական լաբորատորիաների, փորձառական տեղամասերի ներառմամբ:
6. Լրջագույն ուշադրության ապահովում ուսանողների ինքնուրույնության ձևավորմանը, նրանց վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացմանը:
7. Ժամանակակից մտածողությամբ օժտված բարձրորակ պրոֆեսորա-դասախոսական կադրերով բուհերի համալրում:
8. Բուհերի աշխատանքային, ֆինանսական և նյութական միջոցների բաշխման առկա կառուցվածքի վերանայում: Դրանք առաջին հերթին ուղղել «հետազոտություն-մշակում-ներդրում» եզրափակիչ փուլին:
9. Հիմնարար հետազոտությունների զարգացման համար պետական բյուջեից հատկացումների խոշորացում:
10. Բուհերի գիտահետազոտական խմբերում գիտատեխնիկական առաջադիմության արագացման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար պատասխանատվության և պահանջկոտության մթնոլորտի ստեղծում և շահագրգռության բարձրացում:
Նշված գործողությունները, ինչ խոսք, գտնվում են բուհերի կառավարման լիազորությունների շրջանակում, սակայն որոշ դեպքերում պետք է դրանց տրվեն իրավական հիմնավորումներ և մշակվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտեր:
Անցումային այս փուլում աշխատաշուկայի ձևավորումը, այո՛, պետության հոգածության խիստ կարիք ունի: Առանց դրա ցանկացած քայլ կամ նախաձեռնություն, որքան էլ լավ մշակված ու հիմնավորված լինի, կմնա կես ճանապարհին:
Բուհը կարող է, չէ՞, պետությանը հարց ուղղել. ինչո՞ւ իմ մասնագետը չի ապահովվում աշխատանքով, ո՞վ է պաշտպանելու մասնագետին:
«ՀՀ մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության զարգացման հայեցակարգային մոտեցումները» ծրագրում, որն իրականացնում է ՄԱԿ-ի փորձագիտական խումբը, արտացոլված է. «Եթե իրավունք է տրված, ուրեմն պատասխանատվություն էլ պետք է ունենալ: Նախարարության և կառավարության հետ բուհը ևս պետք է ուսանողի ճակատագրով հետաքրքրվի: Ե՛վ իրավունք, և՛ պատասխանատվություն, թե չէ «անարխիա» կստացվի: Օրենքը պետք է սիմետրիա պահպանի նաև»:
Այո, 21-րդ դարում մրցունակ և առաջադիմական տնտեսության ապահովումը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, թե պետությունը որքանով է նեցուկ բուհական համակարգի հզորացմանը:
Ռոմեն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Ֆիզմաթ. գիտ. թեկնածու

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ