Միասնական քննությունների առաջին փուլի ավարտին մնացել է ընդամենը երկու քննություն. հունիսի 14-ին դիմորդներն ուժերը կփորձեն «Օտար լեզու» առարկայից, իսկ հունիսի 17-ին՝ հայոց պատմությունից և ֆիզիկայից։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ տեղեկացրեց, որ բոլոր քննական կենտրոնների ղեկավարներն ընտրվում են քննության նախորդ օրը։ Քննություններն այս տարի փոքր ծավալով են անցկացվում, և բոլոր կազմակերպիչները ԳԹԿ ներկայացուցիչներն են։ ԳԹԿ տնօրենը տեղեկացրեց, որ մարզերում քննությունները հանգիստ են ընթանում։
«Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայից միջին միավորն այս տարի 12,8 էր (նախորդ տարի՝ 11,4)։ 17,5-20 միավոր մայրենիից ստացել է քննությանը մասնակցած 509 դիմորդների 6,1 տոկոսը, 13,5-17,5 միավոր հավաքել է 39,9 տոկոսը, 7,5-13,5 միավոր՝ 49,1 տոկոսը։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 4,9 տոկոսը։ ԳԹԿ տնօրենը տեղեկացրեց, որ այս առարկայի թեստերում հայտնաբերվել են որոշ վրիպակներ, որոնք կուղղվեն, և միավորները կբարձրացվեն, ինչի հետևանքով ևս 7-8 դիմորդ կհաղթահարի դրական միավորի շեմը։ Նկատենք, որ «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայից քննությանը չէր ներկայացել 100 հայտագրված դիմորդ։ Ի դեպ, այս տարի մինչ այժմ հանձնած քննություններից ամենաբարձր միջին միավորը հենց հայոց լեզվից է։ Հետաքրքիր է, որ այս առարկայի քննությունից հետո մասնագիտական վեճեր չարձանագրվեցին (ինչպես նախորդ տարիներին), թեև թեստերում կային թերացումներ, որոնք, ԳԹԿ տնօրենի հավաստմամբ, կշտկվեն և դիմորդի գնահատականի վրա չեն անդրադառնա։ Հավանաբար, կրկնուսույցներն այս տարի դիմորդներ չեն ունեցել, ուստի չկա նաև նրանց առաջ արդարանալու խնդիր։
Ինչպես նշեց գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպչական բաժնի պետ ԿԱՐՈ ՆԱՍԻԲՅԱՆԸ, այս տարվա քննաշրջանը տարբերվում է նախորդներից. որոշակի բարդություններ են առաջացել ԳԹԿ-ի համար։ «Եթե նախկինում դիմորդները հիմնականում ավարտական դասարանի շրջանավարտներ էին, և դպրոցները կարողանում էին օգնել, սովորեցնել ապագա դիմորդներին լրացնելու ձևաթղթերը, ապա այս տարի ունենք քննություն հանձնողներ, ովքեր ընդհանրապես չեն տեսել պատասխանի ձևաթուղթ, չգիտեն դրա լրացման ձևը։ Եվ մենք բավականին շատ աշխատանք ենք տանում քննասենյակում, բոլոր քննություն հանձնողներին զգուշացրել ենք, որ եթե հարցեր ունենան, դիմեն ԳԹԿ ներկայացուցիչներին»,- նշեց նա, միաժամանակ բացառելով, որ այս տարվա ցածր միավորները պայմանավորված կլինեն նաև ձևաթուղթը լրացնելու չիմացությամբ, քանի որ գանգատարկումների ընթացքում թեստը ճիշտ գրելու և այն ձևաթղթում սխալ փոխանցելու վերաբերյալ բողոք չի ստացվել։
Նշենք, որ Կարո Նասիբյանը նոր է վերադարձել Վրաստանից, ուր գործուղվել էր վրացական քննակարգին ծանոթանալու համար։ Ինչպես ինքը տեղեկացրեց, միասնական քննություն Վրաստանում չկա, այսինքն, դպրոցի ավարտական և բուհական ընդունելության քննությունները միասին չեն։ Այս տարի մտցրել են ավարտական ստուգարքներ, դրանք հաղթահարելուց հետո շրջանավարտն իրավունք ունի բուհ դիմելու։ Վրաստանում քննությունները լսարանային ձևաչափով չեն անցկացվում, ինչպես մեզ մոտ։ Յուրաքանչյուր դիմորդ նստում է համակարգչի մոտ, համակարգիչը տալիս է առաջադրանքը, լուծման համար հստակ ժամանակ է սահմանված, որը լրանալուն պես առաջադրանքը փոխվում է։ Ընդ որում, սենյակը, որտեղ կատարվում է այս ամբողջ գործընթացը, վերահսկվում է և՛ տեսախցիկներով, և՛ ձայնային սարքերով։ Կարո Նասիբյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանում նույնպես հնարավորություն կունենանք նմանատիպ քննություններ անցկացնելու։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ