38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՊԱՏԱՍԽԱՆ «ԴԱՎԱԳՐԳԻՌ» ԲԱՐԲԱՋԱՆՔԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ

ՊԱՏԱՍԽԱՆ «ԴԱՎԱԳՐԳԻՌ» ԲԱՐԲԱՋԱՆՔԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ
25.03.2011 | 00:00

«Իրատես de facto» թերթի մարտի 22-ի համարում (թիվ 19) տպագրված նյութն ինձ ակամա հիշեցրեց տարիներ առաջ հրապարակած մի գրախոսությանս վերնագիրը` «Որքան անտեղյակ, այնքան համարձակ, որքան տգետ, այնքան հանդուգն» («Հայաստանի Հանրապետություն», 1998, 6 հունիսի):
Այս անգամ, սակայն, գործ ունենք բարբաջանքի այն տեսակի հետ, երբ տգիտությունը շաղախված է փրփրած նախանձի հետ, և որի գրիչ վերցնելու դրդիչ միակ ուժը քրջոտ վարագույրի հետևից պարզ տեսնվող «Ես եմ, իմն է» նշանաբանն է:
Ամիսներ առաջ «Լեոնիդ Շադունց» կեղծանունով ցածրոգի մեկը երևանյան թերթերից մեկում 1937-ի ոգով մի հերյուրանք-նամակ էր տպագրել, որին մենք արդեն առիթ ունեցել ենք պատասխանելու: Այսօր արդեն ինքն իրեն կրծող զրպարտիչը հանդես է եկել առանց դիմակի:
Մարդ, որին իր աշխատանքում ողջունելով, մի ամբողջ կյանք փորձել ենք օգնել, նաև երբևէ իր չայցելած հուշարձանների վերաբերյալ հարյուրներով չափագրություններ և լուսանկարներ տրամադրել, աղբյուրներ հուշել, տպագրությունից առաջ անգրագիտության աստիճանի բազում սխալները մատնանշել-շտկել (նույն կերպ վարվել են նաև ընկերներս` ճարտարապետներ Արտակ Ղուլյանն ու Մանվել Սարգսյանը), որպեսզի «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» վերնագիրը կրող գրքերը` սկսած 1985-ի լրացված երկրորդ հրատարակությունից (քանի որ 1980 թ. ինքնուրույն հեղինակած առաջին հրատարակությունն ավելի քան սիրողական էր), գոնե ինչ-որ չափով լույս տեսնեին ավելի բովանդակալից և նվազ սխալներով, ընդ որում` մշտապես աչք ենք փակել իրեն տրամադրված հեղինակային աշխատանքների ոչ պատշաճ օգտագործման կամ ավելի ճիշտ է ասել՝ յուրացման բազում փաստերի վրա: Մարդ, որը խաբեությամբ տիրացավ, իրականում գողացավ և տևական պայքարից հետո, ի վերջո, չվերադարձրեց Հյուսիսային Արցախի լուսանկարների մեր հավաքածուն (երկրամաս, որտեղ երբևէ ոտք չէր դրել) և գողոնը (79 լուսանկար) տպագրեց «Արցախի գանձեր» գրքում՝ վերջին էջում, ինչպես խեղկատակ, նշելով, թե դրանք իրեն «սիրով» տրամադրել էր Ս. Կարապետյանը:
Անշուշտ, այս տեսակ վերաբերմունքը, ի վերջո, առաջ բերեց հիասթափություն, որի պատճառով ես (նաև ընկերներս) դադարեցինք կեղծավոր ավազակի էությամբ գործող և անցած տասնամյակների ընթացքում գավառական գիտակի մակարդակից այդպես էլ կես սանդղակ վեր չբարձրացած, ինքն իրեն «արցախագետ» տիտղոսով զարդարած Շահեն Մկրտչյանին նյութեր տրամադրելուց:
Ափսոս, բայց ինչ արած...
Տարիներ անցան: Ի տարբերություն այլոց հրամցրած նյութերի հիման վրա «աշխատություններ» հեղինակելու գործին վարժված «արցախագետի», մենք շարունակել ենք և այսօր էլ շարունակում ենք Արցախի բնակավայրերի պատմությանն ու հուշարձաններին առնչվող երկրամասի ողջ տարածքում իրականացվող ուսումնասիրությունները, որոնք ուղեկցվում են պատրաստ աշխատանքների հրատարակումով, և որոնք էլ պարբերաբար արժանանում են տարբեր մրցանակների (Նախագահի, Եղիշեի անվան և այլն), ինչպես նաև կարևորվում և ծառայեցվում են քարոզչական նպատակներով, ըստ հարկի օգտագործվում երկրի արտաքին քաղաքականության մեջ:
2010 թ. ՀՀ մշակույթի նախարարության և Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հովանավորությամբ լույս տեսան Արցախին վերաբերող մի քանի հրատարակություններ, այդ թվում՝ մի գրքույկ՝ նվիրված հայ իրականության մեջ ցարդ հանիրավի անտեսված (այդ թվում` «արցախագետի» կողմից) հայ ճարտարապետության այն հուշարձաններին, որոնք ստեղծել են 14-րդ դարից ի վեր Արցախ ներթափանցած կամ առժամանակ տիրապետություն հաստատած մահմեդական ցեղերը կամ ազգերը (նյութն առավելաբար վերաբերում է թուրքմենական կարակոյունլու ցեղից ավանդված և իրենց ցեղապետերի գերեզմանների վրա կառուցված դամբարաններին, որոնք, պայմանավորված կրոնական պատկանելության հանգամանքով, գիտական շրջանակներին ցարդ հրամցվել են որպես զուտ ադրբեջանական հուշարձաններ), ժառանգություն մնացած այն կառույցներին, որտեղ, ի դեմս հայ քարգործ վարպետների մասնակցության, ակնառու է հայ ճարտարապետության հորինվածքային, ոճական, կառուցողական և գեղարվեստական առանձնահատկությունների դրոշմը:
Ելնելով շրջանառվող նյութի էությունից՝ գրքույկն էլ կրում է բովանդակությունը հստակ ներկայացնող վերնագիր, այն է` «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները»:
Գրքույկը հանրությանը ներկայացվեց տարբեր առիթներով (բազմաթիվ հարցազրույցներ, մամլո ասուլիս, հեռուստաեթեր, ռադիոհաղորդումներ և այլն): Հրատարակությունը ողջունեցին մի շարք հայտնի մասնագետներ, այդ թվում՝ ճարտարապետության տեսաբան, դոկտոր Մուրադ Հասրաթյանը: Լույս տեսան մի քանի հոդվածներ, գրախոսություններ (օրինակ` «Հայոց աշխարհ», 2010, 24 և 25 դեկտեմբերի): Անհրաժեշտ մեկնաբանություններով և ծանոթություններով հրատարակության մասին նյութեր զետեղվեցին քսանից ավելի հայերեն և անգլերեն կայքերում, և դրանցից ոչ մեկում սխալ հասկացողություն գոյություն չունի (տե՛ս անգլերեն` www.armtown.com, www.hayernaysor.am, www.armenion.com, www.times.am, www.raa.am, www.panarmenian.net, www.karabakh.travel, հայերեն` www.tert.am, www.armradio.am, www.1in.am, www.yerevaklur.am, www.araxmag.blogspot.com, www.panorama.am, www.mediagid.am, www.hotlist.am, www.hetq.am, www.armworld.am, www.cdaily.am, www.armar.am, www.nt.am, www.mardik.am, www.hhpress.am, www.news.aravot.info, www.esthaylraber.ucoz.ru, www.aysor.am, www.mediaforum.am և այլն): Այլ խոսքով, գրքույկը շատ արագ իր վրա սևեռեց (սպասվածից անհամեմատ ավելի) ողջ լրագրողական և մասնագիտական դաշտի ուշադրությունը, բայց որի արդյունքում հրապարակի վրա եղած ոչ մի մեկնաբանության մեջ նյութի սխալ ըմբռնում կամ անհասկացողություն չնկատվեց:
Ելնելով սույն փաստից՝ մենք բնավ չենք կամենում անդրադառնալ «արցախագետի»` «Գիտագաղափարաքաղաքական առումով մի դավագրգիռ գրքույկ-կատալոգի և հարակից հարցերի մասին» ճռճռան վերնագրի ներքո շարադրված, ըստ էության, մոլագար նախանձի և անհուն տգիտության արգասիք բարբաջանքին, քանի որ արդեն մի քանի ամիս է` հրապարակի վրա են ամենքին մատչելի գրքույկի նպատակն ու առաքելությունը լայնորեն լուսաբանած թե՛ էլեկտրոնային և թե՛ տպագիր բազում նյութեր, մանավանդ որ, փաստորեն, դա պետք է անել ըստ էության միայն մեկ անձի` «արցախագետ» Շադունց-Մկրտչյանի համար...
Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ
Հ. Գ.- Ի դեպ, ս. թ. ապրիլի 22-ին, ժամը 14.00-ին Ազգային գրադարանում, տնօրեն Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, տեղի կունենա մեր վերջին մի շարք հրատարակությունների, այդ թվում` նշյալ գրքույկի շնորհանդեսը:

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ