38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵՎԻՃԱԿԻ ՎՐԱ

ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵՎԻՃԱԿԻ ՎՐԱ
25.02.2011 | 00:00

Հայաստանում սեռական խնդիրների մասին բացահայտ խոսելն ընդունված չէ, սակայն բժիշկների դիտարկումները ցույց են տալիս, որ բազում տղամարդիկ և կանայք, ունենալով այդպիսի խնդիր և այն լուծելու պոտենցիալ հնարավորություն, այդուհանդերձ, գերադասում են լռության մատնել այն: Ավելին, շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց սեռական կյանքում կա իրական խնդիր, որը հղի է ընդհանուր առողջությունը վնասելու վտանգով:
Այդուհանդերձ, Հայաստանում վերջերս սկսել են ավելի հաճախ դիմել սեքսոպաթոլոգների օգնությանը. մարդիկ կարևորում են իրենց սեռական կյանքի այս կամ այն որակական հատկանիշի դերն ընտանեկան կյանքում: Սեռական կյանքի փսիխոհիգիենայի հարցերին հասարակության տեղեկացվածության բարձրացումը նպաստում է այն բանին, որ մարդիկ սկսել են քննադատորեն մոտենալ իրենց սեքսուալ կյանքի այս կամ այն դրսևորմանը: Անչափ կարևոր է այն փաստը, որ ամուսինները փորձում են ավելի հագեցած, բազմաբովանդակ և ներդաշնակ դարձնել իրենց սեքսուալ կյանքը:
Ինչպես նշում է սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի ասիստենտ ՆԱՐԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, սեքսոպաթոլոգիայի կլինիկա դիմողների 60 տոկոսը տղամարդիկ են, այնուհետև՝ ամուսնական զույգերը և կանայք։ Ընդ որում, վերջին 5 տարիների վիճակագրությունը վկայում է, որ կանանց դիմելիությունը մոտ 5 անգամ ավելացել է։
Սեռական խանգարումները, որոնք կանխում են սեռական հարաբերության կայացումը, բուժելի են։ Միայն բժիշկ-սեքսոլոգի օգնությամբ կարելի է վերականգնել սեռական առողջությունը և կանխել լուրջ նևրոտիկ բարդությունների զարգացումը։
Կանայք, տղամարդիկ, ամուսնական զույգերը դիմում են սեքսոլոգին ամենատարբեր գանգատներով։ Կանանց հիմնական խնդիրը վագինիզմն է (հեշտոցամուտքի ակամա կծկումներ), անօրգազմիան (հեշտանքի հետ կապված խնդիրներ), վախը սեռական հարաբերություններից։ Տղամարդկանց հիմնական պրոբլեմը կապված է էրեկցիայի, սեռական թուլության, սերմնաժայթքման խանգարումների հետ։
Նշենք, որ սեքսոպաթոլոգիայի կլինիկան մասնագիտացած է տղամարդկանց անպտղության հարցերով։ Հայտնի է, որ անպտղության 50 տոկոսի պատճառը տղամարդիկ են։ Ընդ որում, տղամարդկանց անպտղության պատճառը սեռական խանգարումներն են (12 տոկոս)։
Ինչպես նշում են սեքսոլոգները, սեռական խանգարումները բուժելի են։ «Արդյունավետ բուժումը կախված է սեռական խանգարման վաղ հայտնաբերումից։ Սակայն ավելորդ բարդույթները ստիպում են մարդկանց ապրելու սեռական խանգարումներով, ինչից տուժում են և՛ կյանքի որակը, և՛ միջանձնային հարաբերությունները, և՛ ինքնագնահատականը։ Ավելին, սեռական կյանքում առկա խնդիրներն անպայման ազդում են մարդու հոգեվիճակի վրա. խուսափում են շփումից, բարդույթավորվում են, ընկճվում, առաջանում են երկրորդային նևրոտիկ երևույթներ, որոնք երկար շարունակվելու դեպքում կարող են մարմնական դրսևորումներ ունենալ»,- ասում է Նարինե Ներսիսյանը։ Մինչդեռ սեռական առողջությունը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը հարստացնում է անձի ներաշխարհը և նպաստում նրա ինքնառեալիզացիային և ընդհանուր առողջության ամրապնդմանը:
Սեքսոլոգները նշում են, որ երեխաների սեռական դաստիարակությունը պետք է սկսել շատ վաղ տարիքից։ Սեռական դաստիարակությունը սեռերի վերաբերյալ գիտելիքների փոխանցումն է երեխային, գիտելիքներ, որոնք առնչվում են սեռերի դերին հասարակության մեջ, սեռական փսիխոհիգիենային, սեփական սեռական ֆունկցիայի, սեռական օրգանների կառուցվածքի ճանաչմանը։ Եվ այդ գիտելիքների փոխանցումը նախ ծնողների, ապա մանկավարժների պարտականությունն է։ Մանկական հասակում ստացած սեռական դաստիարակության բացերն իրենց կնիքը կարող են թողնել հետագա սեռական կյանքի, հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների վրա։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2108

Մեկնաբանություններ