Հուլիսի 15-ից սկսվել են բուհերի ընդունելության բանավոր քննությունները։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ռուսաց լեզվի բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Լիլյա ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ, այս առարկայից քննություն է հանձնել 36 դիմորդ։ Դիմորդների գիտելիքները, ըստ տիկին Բալասանյանի, մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ ռուսերենի իմացության մակարդակը հանրապետությունում խիստ ցածր է։ «Ցավալի է, որ այն քիչ թվով աշակերտները, որոնք շատ լավ տիրապետում են ռուսերենին, հետագայում այլ մասնագիտություն են ընտրում»,- նշում է ռուսաց լեզվի բանավոր քննության հանձնաժողովի նախագահը։
Ի տարբերություն ռուսերենի՝ այլ օտար լեզուների (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն) քննական արդյունքները շատ ավելի բարձր են։ Տիկին Բալասանյանն այս հանգամանքը բացատրում է հետևյալ կերպ. «Ըստ իս՝ վերջին 15-20 տարիներին շատ դպրոցների տնօրեններ, գայթակղվելով օտար լեզուներով, շատ լրջորեն զբաղվեցին այդ առարկայի դասավանդմամբ, ինչն ուրախացնող է. երեխան պետք է մի քանի լեզվի տիրապետի, բայց դա չպետք է կատարվի այլ լեզվի հաշվին։ Մենք չպահպանեցինք այն լավ ավանդույթները, ինչ ունեինք։ Իսկ մենք ունեինք ռուսերենի բավականին բարձր մակարդակ։ Հրաշալի է, որ օտար լեզուների նկատմամբ վերաբերմունքն այդքան լուրջ է, բայց դա չպետք է լինի ռուսերենի հաշվին։ Ընդ որում, այլ լեզուների տիրապետումը երբեք չի տալիս այն հնարավորությունները, ինչ ռուսերենինը։ Ես աշխատում եմ ուսանողության հետ և դա շատ լավ տեսնում եմ։ Երիտասարդները, հասկանալով ռուսերենի կարևորությունը, այսօր ռուսերենի մասնավոր պարապմունքներ են անցնում։ Ռուսաց լեզուն գիտության լեզու է։ Այսօր դուք չեք կարող մագիստրատուրա, ասպիրանտուրա ավարտել առանց այդ լեզվի իմացության. գրականության մեծ մասն այդ լեզվով է։ ՈՒսանողությունն այսօր շատ է խեղճանում այդ հարցում՝ փորձելով եղած բացը լրացնել, սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է, քանի որ բազային կրթությունն այլ բան է և ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքում»։
Լիլյա Բալասանյանը նշում է, որ Հայաստանում կան կենտրոններ, որտեղ դասավանդվում է ռուսաց լեզու, նույնիսկ կան ճամբարներ, որտեղ կամավորները պարապում են ռուսերեն։ Այսօր բազմաթիվ ծնողներ, կարևորելով ռուսերենի նշանակությունը, իրենց երեխաներին տանում են այդ կենտրոններ։
Իսպաներենի հանձնաժողովի նախագահ Մերի Սուքիասյանը գոհ էր դիմորդների մակարդակից։ Քննություն հանձնած երկու դիմորդներից (երկուսն էլ՝ տղա) մեկը 17 միավոր էր ստացել, մյուսը՝ 19։ Տիկին Սուքիասյանը տեղեկացրեց, որ պետական դպրոցներում իսպաներենը որպես օտար լեզու չի դասավանդվում։ Այս առարկայից քննություն հանձնողները լեզուն սովորում են կա՛մ մասնավոր դպրոցներում, կա՛մ մասնավոր պարապողների մոտ, կա՛մ էլ՝ Իսպանիայում։ Հանձնաժողովի նախագահը նկատեց նաև, որ վերջին շրջանում մեծացել է հետաքրքրությունն իսպաներենի նկատմամբ, ինչը նա պայմանավորում է աշխարհում այս լեզվի մեծ տարածվածությամբ և իսպանախոս մեծ հայկական համայնքով։ Աշխարհում 460 միլիոն իսպանախոս բնակչություն կա, հիմնականում Իսպանիայում, Արգենտինայում, ՈՒրուգվայում, Գվատեմալայում։ Մերի Սուքիասյանը նշում է նաև, որ Հայաստանն ունեցել է իսպաներենի դասավանդման ավանդույթներ, ինչն այսօր փորձում են պահպանել ու զարգացնել։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ