ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հունիսի 15-ի` ՀՀ պետական խորհրդանշանների օրվա մասին է խոսքը։ Խորհրդանշաններ, որոնց առնչվում են ամեն օր և բոլորը՝ փոքրից մինչև մեծ, և այն, ուզեն, թե չուզեն, տպավորվում է մարդկանց ենթագիտակցության մեջ։ Ասել կուզի` յուրաքանչյուր ազգի դրոշն ու զինանշանը չափազանց մեծ նշանակություն ունեն մարդու համար։
Դրանց կարևորությունը ճանաչելու նպատակով հարկ է, որ պատմական անցյալ վերադառնանք և դրանց ծագումն ու նշանակությունն իմանանք։
Սկսենք դրոշի խորհրդաբանությունից. այն, որպես ազգ ու ժողովուրդ ներկայացնող խորհրդանիշ կամ միջոց, դեռ հազարավոր տարիներ առաջ էր հայտնի։ Այդ մասին մեզ հուշում են ոչ միայն ազգերի պատմությունները, այլև Աստվածաշունչը։ Օրինակ, Սողոմոն թագավորը, ով շատ լավ գիտեր դրոշակի կարևորությունը, իր քնարական «Երգ երգոց»-ում նույնպես օգտագործել է դրոշի խորհուրդը, այն էլ շատ յուրովի.
«Թերսայի պես գեղեցիկ ես, ով իմ սիրուհիս,
Երուսաղեմի պես հաճելի ես,
ՈՒ դրոշակակիր զորքերի պես ահարկու ես։
Թեքիր աչքերդ ինձնից,
քանզի դրանք սիրով հարբեցրին ինձ»։
Ամեն ազգ ու ժողովուրդ իր դրոշի գույնն ու խորհրդաբանությունը ստեղծում է, կարելի է ասել, իր ազգային էությունից ու ճաշակից ելնելով։ Եթե դիտելու լինենք ազգերի դրոշները, կարելի է ինչ-որ տեղ նաև բնութագրել տվյալ ազգին։
Հայոց ազգային դրոշն իր վրա տարբերանշան-սիմվոլ չի կրում, ինչպես շատ ազգերի դրոշներ, այլ կազմված է երեք գույների համադրությունից։ Նման եռագույն համադրություն բազմաթիվ ազգեր ունեն, և ամեն մեկը յուրովի է մեկնաբանում ընդունված գույների նշանակությունը։ Բայց ահա հայկական եռագույնը հոգևոր ու զարմանալի խորհուրդ է պարունակում: Եթե Հին ուխտը կարդացել եք, ապա հանդիպած կլինեք հետևյալ տողերին. «Նրբահյուս բեհեզից, կապույտ, ծիրանի և կրկնակի կարմիր կտավից տասշերտանի վարագույրով խորան կպատրաստես» (Ելք 26.1): Այստեղ խոսքը վերաբերում է Աստծո պաշտամունքի շարժական առաջին խորանին, որի վարագույրի գույներն ու նկարագիրը անձամբ Տիրոջից են տրվում Մովսես մարգարեին։ Այդ վարագույրը հետագայում կախվում է Սողոմոնի կառուցած Աստծո տաճարի Սրբություն սրբոցի առջև, որտեղ մահկանացուներից ոչ ոք իրավունք չուներ մտնելու, բացի այդ տարվա քահանայապետից, այն էլ նախապես զոհի արյամբ քավություն անելով: Ահա այդ վարագույրի գույները (մեր դրոշի վրա նարնջագույնը իրականում ծիրանագույնն է), չգիտեմ, թե ինչպես, հայտնվել է հայոց եռագույնի վրա, խորհրդանշելով այն, որ Սրբություն սրբոցը անդատապարտ կարող են ներս մտնել միայն նրանք, ովքեր Հիսուսի Արյան միջոցով քավություն են ընդունել իրենց մեղքերին: Իսկ ազգերից ովքե՞ր առաջինը մտան այդ եռագույն վարագույրից ներս. հայերը, որոնք այժմ էլ իրենց դրոշի վրա կրում են դրա խորհուրդը, որի հոգևոր իմաստը այսպես է բացատրվում. կապույտը երկնքի խորհուրդն է, ծիրանին՝ Աստծո սիրո, իսկ կրկնակի կարմիրը՝ Քրիստոսի քավչարար սուրբ Արյան: Հին ուխտում այդ երեք գույները նորից են հիշատակվում հրեական քահանայապետի լանջապանակի պատրաստման ժամանակ (Ելք 39. 8): Այն իրենից ներկայացնում է զուտ ոսկու թիթեղի վրա, կապույտ, ծիրանի և կարմիր կտավով պատրաստված մի թզաչափ երկարությամբ և նույն լայնությամբ լանջապանակ, որի վրա ամրացնում էին տասներկու թանկագին ակնաքարեր, որոնց վրա Իսրայելի տասներկու ցեղերի անուններն էին փորագրված: Ծիսական արարողությունների ժամանակ քահանայապետն այն ամրացնում էր իր կրծքամասում։ Երբ Իսրայելի ցեղերից մեկը մեղանչում էր Տիրոջ առաջ, ապա լանջապանակի այդ ցեղի անունով քարը խամրում էր, ինչից իմանում էր, որ այդ ցեղը մեղքի մեջ է ընկել, ու զոհերով և ողջակեզներով քավություն էր անում: Բայց երբ Իսրայելը մերժեց երկնային Քահանայապետին՝ Հիսուսին, այդ բոլոր քարերն իսպառ խամրեցին, իսկ հայերն առաջինն ընդունեցին Նրան և իրենց պետության դրոշի եռագույնով հաստատեցին, որ իրենք են այժմ Նոր Իսրայելը, որ առաջինն անցան Հին ուխտի վարագույրից ներս:
Մեր հարևան վրացիները մի քանի տարի առաջ նույնպես եռագույն դրոշ ունեին, բայց վերջին իշխանափոխությունից հետո նրանք իմաստություն բանեցրին ու նոր ազգային դրոշ ընդունեցին ճերմակ պաստառը` հինգ խաչերով զարդարված։ Դա Երուսաղեմը ներկայացնող քրիստոնեական սիմվոլն է, որտեղ մեջտեղի Խաչը ներկայացնում է Հիսուս Խաչյալին, իսկ մնացած չորս փոքրիկ խաչերը չորս ավետարանների ու աշխարհի չորս ծագերի խորհուրդն է, ուր տարածվեց ավետարանի բարի լուրը։ Ըստ իս, վրացական դրոշն աշխարհի մնացած ազգերի դրոշներից ամենագեղեցիկն է։ Ռուսները նույնպես, հասկանալով ազգային խորհրդանշանի կարևորությունը, նույնիսկ իրենց դրամանիշի (ՍՏտպռՍՈ) վրա են զետեղել սուրբ Գևորգի պատկերը։ Նույնը հանդիսանում է նաև Մոսկվայի գերբի խորհրդանիշը, քանզի սուրբ Գևորգը չարին հաղթող մեծագույն սրբերից է համարվում։ Իսկ Սուրբ խաչը կունենա ազգապահպան զորություն։ Պարոն նախագահ, այս տողերը գրելով` նաև ուզում եմ բարի նախանձախնդրության մղել մեր ազգի հոգևոր պատասխանատուներին ու մարմնավոր իշխանավորներին, որ մեր դրոշի վրա նույնպես Քրիստոսի պահպանիչ Խաչի խորհրդաբանությունն ընդունեն։ Թե չէ ազգերին ներկայանում ենք որպես առաջինը քրիստոնեությունն ընդունող ազգ, բայց Քրիստոսի Խաչանշանը չունենք ո՛չ դրոշի, ո՛չ էլ մեր զինանշանի վրա։ Առաջարկում ենք մեր տարբերակը։
Արժե խորհել այս մասին։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ