1988-ի ձմեռը Երևանում ավելի տաք ու թեթև էր, քան 2010-ի ձմեռը: Փետրվարյան զանգվածային ընդվզման օրերին գրեթե բոլորը կրում էին գարնանային-աշնանային թեթև վերարկուներ ու բաճկոններ: Ոչ միայն արևն էր ջերմացնում, այլև մթնոլորտի շերտերում թանձրացող մարդկային ոգու էներգիան: Ջրամբարի խորտակված պատնեշից հորդացող ջրհեղեղի պես բացվել էին մարդկանց հոգիներում մի քանի սերունդ կապանքված դարպասները, ու մարդկային հոծ զանգվածները` կոլեկտիվներով ու խմբերով, շտապում էին Օպերայի հրապարակ, հավաստիացնելու, որ իրենք էլ ազատամիտների ու պահանջատերերի հետ են:
Ցույցերի 3-րդ թե 4-րդ օրը հրապարակի հարթակից հանրաճանաչ հեռուստահաղորդավար Կոնստանտին Տեր-Հովհաննիսյանն ընթերցեց Հեռուստառադիոպետկոմի (ՀՌՊԿ) կոլեկտիվի կոչը ցուցարարներին և իր համերաշխությունը համազգային պահանջով ոտքի ելած մարդկանց պայքարին: Այդ տարիներին մեծ հեղինակություն էր վայելում ՀՌՊԿ-ն: Պետական-կուսակցական շատ գործիչներ ու չինովնիկներ նախընտրում էին հեռանալ կուսակցությունից ու պաշտոնից, քան ՀՌՊԿ եթերից հասարակական պարսավանքի ենթարկվել որպես բյուրոկրատ, առավել ևս` որպես կաշառակեր: Այն ժամանակ էլ էին տնտեսության տարբեր ոլորտներում գործում ընդհատակյա մաֆիաներ, որոնք ավելի շատ սարսափում էին ոչ թե օրինապահ մարմիններից, այլ հեռուստատեսությունից ու ռադիոյից: Հասարակությունն անչափ վստահում էր եթերում հնչած խոսքին ու ցուցադրված պատկերին: Այլ ատյաններում իր արդարացի խնդիրները չլուծելու դեպքում մարդիկ դիմում էին ՀՌՊԿ-ի օգնությանը: Այնպես որ, ՀՌ պետկոմի երեք հազարից ավելի աշխատակազմ ունեցող կոլեկտիվի դիրքորոշումն ինքնին քաղաքական մեծ ընդվզում էր:
Շատ չանցած ԽՍՀՄ Հեռուստառադիոպետկոմի ղեկավարությունը հատուկ առաքելությամբ Երևան գործուղեց դիտորդի, որն օպերատիվ տեղեկություններ պետք է հաղորդեր Մոսկվա, քանի որ Հայաստանի կոմիտեի ղեկավարության և գրաքննիչների «աչք փակելու» դիրքորոշումը հնարավորություն էր տալիս երբեմն-երբեմն եթերում հնչեցնելու կուսակցական-պետական քարոզչությանը հակասող ելույթներ, ճշմարտացի տեղեկություններ Հայաստանում զարգացող իրադարձությունների մասին, որի պատճառով էլ կուսակցության կենտրոնական կոմիտեից ՀՌՊԿ-ի ղեկավարները ստանում էին սպառնալի նախազգուշացումներ: Պարզ է, վերջիններս էլ իրենց հերթին «լափ» էին թափում հեղինակների ու հաղորդման պատասխանատուների գլխին: Ինքնըստինքյան հասկանալի էր. բոլոր ժամանակներում պետական պաշտոնյաները, քիչ բացառությամբ, իրենց ժամանակների գերին են, իշխող գաղափարախոսության ցերբերյան գամփռները: ՈՒզեին-չուզեին, նրանք պարտավոր էին իրենց գործը կատարել, նույնիսկ եթե ամբողջ հոգով դեմ լինեին:
Թերևս, բոլորն էլ հիշում են, որ համազգային ցույցերը սկսվեցին որպես բնապահպանական բողոքի արտահայտություն: Հենց այդ օրերին էլ նախատեսված էր իմ հեղինակային «Մարդը և բնությունը» հեռուստահանդեսը` նվիրված Երևանի մթնոլորտային հարցերին: Այն ուղիղ եթեր էր հեռարձակվելու ահագնացող ցույցերի առաջին օրերին: ՈՒստի պետք չէ զարմանալ, որ անընդմեջ խմբագրություն էին զանգահարում հաղորդման մասնակիցները` խոշոր գործարանների տնօրեններ, մասնագետ-գիտնականներ, փորձագետներ, և հրաժարվում մասնակցությունից: Միայն Հայաստանի կանաչների միության նախագահ Սանասարյանը չհրաժարվեց քննարկմանը մասնակցելուց: Նա այդ օրերին արդեն երբեմն-երբեմն հայտնվում էր Օպերայի հրապարակի հարթակում և մարդկանց հորդորում պայքարել մայրաքաղաքի մթնոլորտի մաքրության համար:
Երեք ամիս առաջ ծրագրված, ամսվա ծրագրով հաստատված իմ եթերաժամը, որի մասին ինֆորմացիա էր տրված նաև «Եթերում է Երևանը» շաբաթաթերթում, հեռարձակվելուց մեկ օր առաջ հանվեց եթերային ծրագրից` Մոսկվայից «կարևոր հաղորդագրություն» ընդունելու պատրվակով: Հենց այդ օրը Օպերայի հրապարակում (որն արդեն անվանում էին «Ազատության») ճառախոսներից մեկը հայտարարեց, թե ադրբեջանցի ազգայնական խաժամուժը, ի պատասխան երևանյան ցույցերի, բռնի կարգով Սումգայիթից արտաքսում է մեր հայրենակիցներին: Եղան դատապարտող ելույթներ, նաև պատրաստակամություն` նույն կերպ վարվելու Հայաստանում բնակվող ադրբեջանցիների հետ։
Տեղի ունեցածի հաջորդ օրն իսկ, «Մարդը և բնությունը» հանդեսի հերթական թողարկման մեջ պակասող 10-րոպեանոց թեման նկարելու նպատակով, խնդրեցի ինձ գործուղել Կամո (այժմ` Գավառ): Նկարահանող խումբը` 7 հոգի, 3 օրով մեկնեց Կամո։
Տարվա այդ շրջանում անմարդաբնակ են թվում ոչ միայն գյուղերը, այլև հանգստյան տները, պանսիոնատները։ ՈՒստի անսպասելի էր, երբ ամայի տարածքում միայնակ բազմած «Դիպոլ» գործարանի պանսիոնատի մոտ, մայրուղու եզրին, բազմաթիվ մարդատար ավտոմեքենաներ էին շարված, իսկ դրանց մոտ` համազգեստավոր մարդիկ: Վարորդ Հարութը դանդաղեցրեց «ՌԱՖ»-ի ընթացքն ու դարձավ մեզ.
-Կառավարական հյուրեր են երևի, ճաշկերույթի են բերել, լավ էլ տեղ են ընտրել` աչքից ու փորձանքից հեռու: Կառավարական շիշկա կա հետները, տեսա՞ք` ավտոյի դեմի համարը չկար: Երկու հատ էլ թԸԼ ուղեկցող մեքենա կար։
...Կամոյի հյուրանոցը նույնպես անմարդաբնակ շինություն էր հիշեցնում։ Հյուրանոցի երկարամյա տնօրեն Կուռոյանն ուրախությամբ մոտեցավ մեզ, բարևեց ու ծիծաղելով դիմեց ինձ.
-Էնպիսի տաք սենյակներ տամ, որ էլ քաղխորհրդի նախագահին չբողոքես համարների սառնությունից: Կառավարականը և կողքինը:
-Չէ, ընկեր Կուռոյան, եթե կառավարականն ես տալիս, շատ ընդարձակ սենյակներ են, բոլորս կտեղավորվենք:
-Ոնց կուզես։
Տղաներն իջան առաջին հարկ` սուրճ խմելու, իսկ ես ռեժիսոր Ներսես Հարությունյանի հետ ուղևորվեցի 100 մետրի վրա գտնվող քաղխորհրդի շենքը, նախագահի հետ ճշտելու նկարահանումների մեր ծրագիրը, մասնակիցներին։ Անսովոր լռություն էր շենքում այդ ժամի համար: Փակ էին աշխատասենյակի դռները:
-Վաղը առավոտ շուտ կգանք,- ասաց Ներսիկը,- մարդ է, երևի գործ ունի, մյուսներն էլ օգտվել են հանգամանքից: Հո չե՞նք սպասելու:
Վերադարձանք հյուրանոց: Տղաներն արդեն տեղավորվել էին ու նարդի էին խաղում:
Փորձեցի զանգահարել վաղեմի ընկերոջս: Երկար սպասելուց հետո լսեցի ծանոթ ձայնն ու բարևեցի:
-Համլե՞տ, դո՞ւ ես: Երևանից ե՞ս զանգում։
-Չէ՛,- ասացի,- Քյավառից, հյուրանոցից։ Նկարահանումների ենք եկել։ Գնացի գործկոմի նախագահի մոտ, տեղում չէր։
-Նա պանսիոնատում է, Վլադիմիր Մովսիսյանն է եկել, Ադրբեջանի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի, թե ինչ-որ մինիստրի հետ: Քյավառի ամբողջ ղեկավարությունը պանսիոնատում է: Ես էլ մի քիչ առաջ պանսիոնատից եկա։
-Հարսանի՞ք է, թե՞ բարձրաստիճան ճաշկերույթ։
-Ի՞նչ քեֆ-ուրախություն, գիշերը Սումգայիթից մի հարյուրի չափ փախստականներ ենք ընդունել, տեղավորել պանսիոնատում: Հիմա էդ ադրբեջանցի մինիստրը եկել է, որ համոզի, հետ տանի: Տեսնես ինչ վիճակում են էդ խեղճերը` լացդ կգա։
-Իսկապե՞ս: Հիմա մենք կգնանք պանսիոնատ, հանդիպելու։
-Թույլ չեն տա, ուժեղացված պահակախումբ կա Երևանից ու մերոնցից, նույնիսկ տարածք չեն թողնի,- հայտնեց ընկերս` Ռաֆիկ Դաբաղյանը, որը Կամոյի շրջանի միլպետի տեղակալն էր:
-Ոչի՛նչ, կփորձենք համոզել, սա էլ է՞ պետական կամ ռազմական գաղտնիք:
-Ճիշտն ասած, լավ միտք է, բայց կասկածում եմ, թե հաջողվի։ Համենայն դեպս, մի՛ շտապիր, ուղեկցող կուղարկեմ, հյուրանոցում սպասեք, գուցե հաջողվի։ Վերջացնելուց հետո զանգ տուր, տանը կսպասեմ։
-Մենակ չեմ, 7-8 հոգի ենք։
-Բոլորդ կգաք, կսպասեմ, - առարկություն չընդունող տոնով ասաց Ռաֆիկն ու անջատեց հեռախոսը:
Տղաներին խնդրեցի արագ պատրաստվել: Մինչ նրանք կպատրաստվեին, առանց թակելու, դուռը բացվեց ու ներս մտավ թիկնեղ, մարզիկի կազմվածքով մի երիտասարդ, լայն ժպիտը դեմքին բարևեց ու պատվի առնելով, զինվորականի պես զեկուցեց.
-Կապիտան Հարությունը, ձեր պահանջով, ներկայացել է:
Հանպատրաստից անբռնազբոսիկ կատակը միանգամից ջերմ մթնոլորտ ստեղծեց։
-Ազատ,- զինվորական հրահանգ տվեց ռեժիսոր Ներսիկը` ձեռքը դեպի գլուխը տանելով։
…Ես ու Ներսիկը նստեցինք Հարութի «Ժիգուլին»: «ՌԱՖ»-ը շարժվեց մեր հետևից: Արդեն մթնշաղ էր։
Պանսիոնատի մոտ, մայրուղու եզրին, 2-3 միլիցիոներ էր կանգնած: Հեռվից ճանաչեցին ավտոմեքենան: Հարութն իջեցրեց ապակին ու խաղարկային-պաշտոնական հանդիսավորությամբ դիմեց մոտեցող միլիցիոներին, որը հետաքրքրությամբ դիտում էր մեզ` անծանոթ ուղևորներիս ու մեր հետևից եկող «ՌԱՖ»-ը.
-Տելեվիզորից հատուկ նկարահանող խումբ է, շեֆերը տեղյակ են: Դաբաղյանի հրահանգով ես եմ ուղեկցում: Պահակախմբի տղաներին հայտնիր, որ ավելորդ հետաքրքրություն չլինի:
Միլիցիոները հավանաբար լավ էր ճանաչում կատակասեր Հարութին, քանի որ կանոնակարգով պատվի առավ.
-Լսում եմ ընկեր… շտաբի կապիտան. բոլորին ներս թողնել, ոչ մեկին դուրս չթողնել։
Երկրորդ հարկի ընդարձակ միջանցքը մարդաշատ էր: Շատերը` տղամարդ թե կին, բրդյա հաստ ծածկոցներով էին փաթաթվել: Խուլ ժխոր էր։ Մեծահասակների արանքով վազվզում էին երեխաները, իրար ձայն տալիս և ուրախ ծլվլում։ Հարութը, մեզ թողնելով, մոտեցավ պատուհանի մոտ կանգնած մի խմբի ու քիչ անց ձեռքով նշան արեց, որ մոտենանք իրենց: Մոտեցանք ես ու Ներսիկը: Կապիտան Հարությունը մեզ ներկայացրեց շրջկոմի առաջին քարտուղար Զարգարյանին և երկրորդ քարտուղար Վահագն Հակոբյանին:
-Երևի փախստականների հետ ուզում եք զրուցել,- հարցրեց առաջին քարտուղարը։
-Այո, պատահմամբ իմացանք։
-Ճիշտն ասած, չգիտեմ, արժե՞ թարմ վերքերը բորբոքել, վերհիշեցնել այն սարսափները, վախը, գազանությունները, որ 2 օր առաջ ապրել են այդ դժբախտները: Պատկերացնո՞ւմ եք, շատերը, տարվա այս եղանակին, առանց տաք հագուստի, տնային զգեստներով, հողաթափերով են հասել Հայաստանի սահման։ Իրենց ասելով` բազմաթիվ հայեր են սպանվել խոշտանգումներից։
Քարտուղարը հուզված էր, գրպանից հանեց ծխախոտատուփը, հետո նորից գրպանը դրեց ու մեղավոր ժպտաց` ցույց տալով պատին փակցված զգուշացումը` «Այստեղ չեն ծխում»: Հետո իր շքախմբով մի կողմ քաշվեց: Հարութն էլ էր նրանց հետ: Քիչ հետո նա մոտեցավ մեզ.
-Տղերք, որոշվեց, որ նկարահանումները կատարեք 12-ից հետո, քանի որ հազիվ թե մինչև այդ ժամը Ադրբեջանի մինիստրը մեկնի: Նրա հետ մեկնելու է նաև Վլադիմիր Մովսիսյանը: Լավ կլինի, որ նրանք ձեզ չտեսնեն: Կուզեք` մնացեք այստեղ` սենյակում, կուզեք` գնանք: Ինձ թվում է` գնալն է ճիշտ: Դաբաղյանը ձեզ սպասելու է: Առանց այն էլ հոգնած ու սոված կլինեք: Ես, որ առավոտից ոչինչ չեմ կերել, երեկ գիշերվանից ոտքի վրա եմ, չեմ էլ քնել: Նախորդ գիշեր տագնապով անձնակազմին հավաքեցին։
-Եթե ճիշտը գնալն է, գնանք: Բայց կեսգիշերին թույլ կտա՞ն պանսիոնատ մտնել,- կասկածեցի ես:
-Ամեն ինչ հրահանգված է, բոլորը տեղյակ կլինեն: ՈՒզեք` մինչև լույս կմնաք,- հավաստիացրեց Հարությունը:
Դեռ երեկոյան 8-ն էլ չկար: Ամբողջ 4 ժամ կար մինչև կեսգիշեր։ Պետք է հարմարվեինք իրադրությանը:
Դրսում պարզ, աստղազարդ երեկո էր: Լճից թույլ, բայց սառը քամի էր փչում: Ավտոմեքենայի թափքում էլ ցուրտ էր: Հարութը նորից կատակեց.
-Բա մեր ջանը քա՞ր ա, էս ինչ ցուրտ ա, էս ա 10 րոպեից կհասնենք, մի երկու բաժակ կթալենք, կտաքանանք: Բա էդ խեղճերն ի՞նչ ասեն, կիսամերկ են Հայաստան հասել: Էսօր լավ էին, աշխուժացել են, խոսում են, անիծում, լացում։ Փա՜ռք Աստծո, բժիշկները բոլորին զննեցին, լուրջ բան չհայտնաբերվեց: Անհավատալի էր ուղղակի։ Չես հասկանում, էդ Ադրբեջանում խորհրդային կարգեր չկա՞ն, միլիցիա չկա՞, զորամաս չկա՞, ղեկավարություն չկա՞։ Բա դրանք չե՞ն հասկանում, որ Հայաստանում էլ իրենց հայրենակիցներն են ապրում։ Հիմա, եթե մի քսան հոգի հավաքեմ, գնամ Բասարի թուրքերին քոչեցնեմ, մեզ հազար ու մի հոդվածով չե՞ն դատի։ Ոչ միայն մեզ, մեր ազգ ու տակին էլ կաքսորեն։ Ճիշտ չե՞մ ասում։
-Դժվար է գուշակել, թե հետագայում ինչ ընթացք, ինչ զարգացումներ կունենան այս դեպքերը, թե Մոսկվան ինչ դիրք կգրավի Ղարաբաղի հարցում։ Առայժմ երևանյան ցույցերը Գորբաչովը համարում է մի խումբ անջատողականների ցույց, որոնք իշխանության են ձգտում: Հիմա էլ չտեսնելու են տալիս Սումգայիթի դեպքերը, մինչև այսօր ոչ մի լուրջ տեղեկություն ո՛չ կենտրոնական հեռուստատեսությունն է տվել, ո՛չ էլ կենտրոնական մամուլը։ Միայն Օպերայի հրապարակում են հնչում մասնավոր մարդկանց պատմածները Սումգայիթի ջարդերի մասին։- Երևի շարունակեի մենախոսությունս, եթե Հարութը կտրուկ չարգելակեր մեքենան։
-Հասանք, Ռաֆիկենց տունն է։ Վերադասի ասածը մեզ համար օրենք ա: Ասաց` տղերքին մեր տուն կբերես, բերեցի: Իջե՛ք։
…Հավանաբար խոհանոցում դեռ ինչ-որ ուտեստ էր պատրաստվում, սակայն հսկա սեղանը ծանրաբեռնված էր տոնականորեն: Նույնիսկ սեղանի կենտրոնում թարմ ծաղկեփունջ կար։ Հարութը կռացավ, հոտոտեց ծաղիկներն ու դարձավ մեզ.
-Ա՛յ, քյավառցիք էսպես են դիմավորում իրենց թանկագին ընկերներին։ Համա լավ կլիներ, ընկեր Դաբաղյան, էտու տեղ մե շտոֆ օրաղ ըլներ տրուկ, ավելի անուշ կբուրեր։
-Օրաղը փակ բոթուլներով եմ դրե, որ չասեն ջուր եմ խառնե, - իր հերթին հումորով պատասխանեց Ռաֆիկը:
-Իմ բաժին բոթուլը տուր տանեմ, 36 ժամ ա չեմ քնե, - լուրջ-լուրջ ասաց Հարութն ու ձեռքն առավ օղու շիշը:
-Չէ՛, ախպեր, խմել կա, տանել չկա, պակասություն կանի, նստի:
Իսկապես քնկոտ դեմք ուներ Հարութը: Շիշը բացեց, իր բաժակը լցրեց:
-Դե, ձեզ բարի ախորժակ: Կներեք, որ ձեզ հետ չեմ կարող գալ պանսիոնատ։ Ավել-պակաս կներեք,- ասաց, խմեց ու, բարի գիշեր ասելով, դուրս եկավ:
…Գիտակցելով սպասվող հանդիպման լրջությունը, տղաները սակավապետություն ցուցաբերեցին, զոհ չգնալով տանտիրոջ հորդորներին: Չնկատեցինք էլ ինչպես է մոտեցել կես գիշերը:
(շարունակելի)
Համլետ ՄԱՆՈՒԿՅԱՆ