Մայրաքաղաքում, փոստային բաժանմունքներից բացի, մինչև հիմա կենսաթոշակ կարելի էր ստանալ նաև կենսաթոշակային ֆոնդի վճարման ծառայությունից, որն արդեն լուծարված է: Հունվարից թոշակների հետ կապված գործառույթներն անցան, այսպես կոչված, վճարահաշվարկային կազմակերպություններին, որոնցից թերևս ամենախոշորը հայտնի «Հայփոստն» է: Նրանից բացի, ևս չորս կազմակերպություն թոշակները կանխիկ բաժանելու մասին պայմանագիր է կնքել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Գործընթացին միանալու հնարավորություն է տրվել նաև բանկերին: Նպատակադրված էր, որ թոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը պետք է բարելավվի, նրանց հնարավորություն տրվի իրենց ուզած տարբերակով ստանալու թոշակը:
Իրականում գործընթացն ամենևին էլ հարթ չեղավ. հունվարի վերջին պարզվեց, որ բազմաթիվ կենսաթոշակառուներ` ավելի քան 4000 մարդ, չեն ստացել իրենց հասանելիք թոշակը: Ակնհայտ էր, որ կենսաթոշակային ֆոնդի վճարումների ծառայությունից «ժառանգած» կենսաթոշակառուների ցուցակները բազմաթիվ անճշտություններ ունեին, ինչն էլ, պատասխանատուների պնդմամբ, տարվա սկզբին փոստային բաժանմունքներում բազմաթիվ հերթերի պատճառ դարձավ։ Կառավարության ղեկավարը նման իրողությունն անընդունելի համարեց` պահանջելով արագ արձագանքել քաղաքացիների արդարացի դժգոհություններին, շտկել իրավիճակը և պարզել պատճառները:
Փետրվարն այդ առումով թեև խաղաղ սկսվեց, սակայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, վարչապետի հանձնարարականով, դեռ վերլուծում են հունվարյան խառնաշփոթի պատճառները: Փոխնախարար Արտեմ Ասատրյանը նշում է, որ ցուցակների անճշտությունն առաջին հերթին գալիս է վճարող կազմակերպության փոփոխությունից, սակայն ներկայումս նախարարությունը խնդիր է դրել շտկելու ցուցակային շփոթը: Պարզում են նաև, թե ինչու այդքան մեծ թվով մարդիկ թոշակ չստացան: Համադրում են անձնագրային և վիզաների վարչության ու ՔԿԱԳ-ի տվյալները. արդյոք այդ մարդիկ բացակայո՞ւմ են հանրապետությունից կամ ժամանակավորապես այլ վայրում են բնակվում, թե՞ մահացել են:
Մյուս կողմից էլ` վճարող կազմակերպության` «Հայփոստի» հետ ցուցակների տրամաբանական ձևաչափ են մշակել, բոլոր թոշակառուներին դասդասել են ըստ շենքի ու մուտքի, որ և՛ փոստատարը, և՛ բաժանմունքի օպերատորը հեշտությամբ գտնեն թոշակառուի տվյալները:
«Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը փետրվար ամսին ևս չի բացառում «ցուցակային խնդիրները», բայց աշխատանքային խումբ է կազմվել, որն ընթացիկ բոլոր հարցերը տեղում է լուծելու:
Հերթեր այլևս չեն լինի, կենսաթոշակառուներին որակյալ ծառայություն մատուցելու նախադրյալներ կան, վստահեցնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Երևանում, օրինակ, 17 վճարային կետերի փոխարեն թոշակառուներին սպասարկում է «Հայփոստի» 90 մասնաճյուղ, գործընթացին մասնակցելու հնարավորություն է տրվել նաև այլ վճարահաշվարկային ընկերությունների ու բանկերի: Արտեմ Ասատրյանի խոսքով` դաշտն ազատականացվում է, ովքեր որակյալ ծառայություն կմատուցեն, նրանք էլ ավելի շատ շահառու կունենան:
Աշխարհը քաղաքակրթվում է, նոր տեխնոլոգիաներն ու ծառայությունները մուտք են գործել նաև կենսաթոշակային ոլորտ: Ինչպես արդեն նշեցինք, պետությունը թոշակառուներին իրենց գումարն ստանալու այլընտրանքային հնարավորություններ է տալիս. փոստերից ու փոստատարներից բացի, առնչվել նաև բանկային ծառայությունների հետ:
«Արարատբանկը» մարտ ամսից սպասարկելու է իր առաջին թոշակառու հաճախորդներին, ովքեր, իրենց ցանկությամբ, գումարները կստանան բանկի մասնաճյուղերից կամ բանկոմատներից` քարտերի միջոցով: Ալվարդ Մանուկյանը մինչ այժմ կենսաթոշակին սպասում էր տանը, բայց հաճախ էր լինում, որ գումարն ուշանում էր: Այս տարբերակով գումարը կհավաքվի, ինքն էլ երբ կուզի, որքան կուզի կկանխիկացնի: Իսկ Ստեփան Ստեփանյանը մինչ այժմ ծանոթ էր բանկային քարտին, իր աշխատավարձն էլ ստանում էր բանկից: Բանկում նրան ասացին, որ եթե որոշի թոշակը կուտակել, ապա տարվա կտրվածքով գումարի վրա որոշ տոկոս կավելանա։ Բանկի վարչության նախագահի տեղակալ Արթուր Հակոբյանը նշում է, որ թոշակառուներին լավ աչքով են նայելու. արտահերթ սպասարկում` առանձին պատուհանից:
Համաձայն կարգի` կենսաթոշակառուն բանկային հաշիվ է բացում` բանկ ներկայացնելով անձնագրի և սոցիալական քարտի պատճենները: Միևնույն ժամանակ իր տեղափոխման մասին պետք է տեղյակ պահի այն վայրում, որտեղից մինչ այդ թոշակ էր ստանում: Բանկային քարտը տրամադրվում է անվճար, սպասարկումը ևս անվճար է: Քարտի սպասարկման գումարը` 360 դրամ, փոխանցվում է բյուջեից: Անկանխիկ թոշակ ստանալու դեպքում թոշակառուն տարին մեկ անգամ պետք է վերակնքի պայմանագիրը բանկի հետ, այսպես կոչված, «մեռած հոգիները» բացառելու համար:
Հանրապետության տասներկու առևտրային բանկ արդեն ներգրավված է այս գործընթացում: Ըստ կենսաթոշակային նոր կարգի` ամեն ամսվա 1-ից մինչև 20-ը առևտրային բանկերը կշարունակեն ընդունել հայտերը, որոնք կսպասարկվեն հաջորդ ամսվա սկզբից: Ընդ որում, յուրաքանչյուր բանկ թոշակառուներին շահա-գրգռելու իր տարբերակն է մշակել` տարեկան չծախսված գումարի վրա տոկոս է ավելանում, կիրառվում զեղչային քաղաքականություն:
Մի խոսքով, արդարացի մրցակցություն է, ինչը լավ են հասկանում այս դաշտի բոլոր խաղացողները: «Հայփոստում», որի շահառուները հիմնականում թոշակը կանխիկ ստանալ ցանկացողներն են, գիտակցում են, որ իրենց հաճախորդներից շատերը հնարավոր է դիմեն այլ կազմակերպությունների ու բանկերի, սակայն առողջ մրցակցությանը պատրաստ են:
Փոստը տեղեկացնում է, որ այսուհետ, ամեն ամսվա առաջին շաբաթվա ընթացքում, այն թոշակառուները, ովքեր օր առաջ կցանկանան ստանալ իրենց կենսաթոշակը, կարող են գալ բաժանմունք, իսկ ահա հաջորդ շաբաթվանից փոստատարներն իրենք կգնան համապատասխան հասցեներով, ընդ որում, մինչև ամսի 20-ը նրանք առնվազն երկու անգամ, ժամը 9-16 ժամանակահատվածում, կայցելեն բնակարան։ Եթե թոշակառուն ու փոստատարն այդ տարբերակով միմյանց չհանդիպեն, մնում է գալ փոստ ժամը 16-18-ին, տեղում ստանալ գումարը: Կարգը հստակ է ու փակցված տեսանելի տեղում:
Իսկ ի՞նչ է սպասում լուծարված վճարային ծառայության 265 աշխատակիցներին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ նրանց վերջնահաշվարկներն արդեն վճարված են, և, խոստման համաձայն, նրանք աշխատանքի կանցնեն «Հայփոստում» և վճարահաշվարկային ընկերություններում: Մեր տվյալներով` նրանցից 200-ն աշխատանքի առաջարկ արդեն ստացել է:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ